ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՉ ԹԵ ՔՆՆԱԴԱՏԵԼ, ԱՅԼ ՕԳՆԵԼ Է ՊԵՏՔ

01.11-04.11.2013, Իրավունք 

01.11-02.11.2013, Հայոց աշխարհ

Եվ այսպես, ծանր և երկարատև լռությունից հետո մեր հանրությունն արդեն երկու օր է ըմբոշխնում է Լևոն Տեր-Պետրոսյանի (ԼՏՊ) ոսկեղենիկ հայերենով լույս սպրդած հերթական վերլուծական գոհարը: Ի՞նչ է ավետում «մեծն» Լևոնը, և ինչո՞ւ է հենց հիմա ավետում: Փորձենք նախ վերլուծել նրա կողմից ասվածը, հետո անել հետևություններ:

Ի հակակշիռ ԼՏՊ-ի թիվ 1 եզրահանգման նշեմ, որ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվենկատ, սկզբունքային և ծանրակշիռ արտաքին քաղաքականության իրագործման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է բացառիկ մի իրավիճակում, երբ մեր թե՛ Եվրամիության, թե՛ Մաքսային միության գործընկերները կարող են հավատարիմ մնալով իրենց իսկ կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցված հայտարարություններին` իրագործել աշխարհաքաղաքական բեկումնային քայլեր, հենվելով մեր երկրի օրինակի վրա: Պարզեմ միտքս: Գաղտնիք չէ, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը կոչված էր Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի` խարսխված Եվրամիությանը ներհատուկ ժողովրդավարական, մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի կատարելագործման, քաղաքացիական հասարակարգի դերի բարձրացման հիմքի վրա: Ինչ վերաբերում է Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը, որը խոստանում էր Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի տարեկան առումով 146 մլն եվրոյի հավելաճ, ապա, ինչ խոսք, դա էլ էր կարևոր, սակայն ոչ բախտորոշ մեր երկրի համար: Դրա հետ մեկտեղ, միայն ծույլերը կարող են թերագնահատել այն պատմական որոշումը, որը հնչեցրեց նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, այն է` որ Հայաստանը ցանկություն է հայտնում անդամակցել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի Մաքսային միությանը: Ուշագրավ է, որ ճիշտ վերջերս  մեր երկրի նախագահի հայտարարությունը գործնական շարունակություն ունեցավ հոկտեմբերի 24-25-ին Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որտեղ քննարկման էր ներկայացվել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության անդամակցության նախապատրաստման վերաբերյալ երեք փաստաթուղթ: Դրանք էին` Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը:

Ինքնին հասկանալի է, որ այս հույժ կարևոր և հաստատված փաստաթղթերի իրագործումը լայն հեռանկարներ կբացի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար, որի արդյունքները չեն կարող համեմատվել Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրով ակնկալվող դրական տեղաշարժերի հետ: Իսկ այն հանգամանքը, որ անկարելի է գործնականորեն մասնակցել անվտանգություն ապահովող ռազմաքաղաքական մի դաշինքի` Հայաստանի պարագայում` ՀԱՊԿ-ի, իսկ տնտեսապես լինել այլ միջազգային կառույցում այնքան տրամաբանական է, որ հավելյալ պարզաբանումների անհրաժեշտություն չկա: Այս համառոտ պարզաբանումները հավելենք այն փաստի արձանագրմամբ, որ մեր ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանը Եվրամիության հետ իր համագործակցության առանցքն է համարել չորս ընդհանուր ուղղություն` էկոնոմիկայի ոլորտ, ազատության և արդարադատության, արտաքին անվտանգության պրոբլեմներ, գիտահետազոտական և կրթական գործունեություն: Բնականաբար, համագործակցությունը հիշատակված բնագավառներում բացարձակապես չի հակասում Հայաստանի հետ Եվրամիության ասոցացման համաձայնագրի ոգուն: Եվ հենց այս իրողություններն են, որ հնարավորություն են ընձեռում Եվրամիությանը և Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի հետ մեկտեղ և Հայաստանի օրինակով ապացուցել, որ Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության լիդերները հավատարիմ են քանիցս հնչեցված կարգախոսին` անհրաժեշտ է Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ստեղծել միասնական քաղաքակրթական և ազատ տնտեսական գոտի: Այնպես որ Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությունը պետք  է ընկալել միմիայն այս տեսանկյունից, եթե առաջնորդվում ենք ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի, այլ մեր երկրի շահերով: Բնականաբար, եթե զարգացումներն ընթանան այս ուղիով, իսկ մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդպես էլ լինի, ապա մոտ ապագայում կարձանագրենք` այս քաղաքականությունն ունեցել է միանգամայն արգասավոր հետևանքներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի համար: Իսկ այս պարագայում հետևանքները աղետալի կլինեն ադրբեջանաթուրքական ռազմավարների համար:

Ինչ վերաբերում է ԼՏՊ-ի 2-րդ «տագնապին», ապա, կարծում եմ, լրջմիտ վերլուծաբանները թե Եվրամիությունում և թե Ռուսաստանի Դաշնությունում  կհամոզվեն մի պարզ ճշմարտության մեջ` նախագահ Սերժ Սարգսյանը իր գործունեությամբ եղել է անկեղծ և հրապարակային: Բավական է «մոռացկոտներին» հիշեցնել թեկուզ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու  հետ Սերժ Սարգսյանի այս տարվա հունիսի 25-ին Վարշավայում տված համատեղ մամուլի ասուլիսի հետևյալ խոսքերը. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը որևէ մեկի համար գաղտնիք չէ: Մենք շատ տարիներ երկար ապրել ենք հարևանությամբ, իսկ մի տևական ժամանակ էլ՝ ընդհանուր պետության մեջ: Եվ դարերի ընթացքում ձևավորվել են բարեկամական լավ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, ունենք ընդհանուր պատմություն և հպարտանում ենք այդ պատմությամբ: Հայաստանը և Ռուսաստանը հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկրներ, մենք Ռուսաստանի հետ ունենք շատ ընդլայնված ռազմատեխնիկական և խորը տնտեսական հարաբերություններ: Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, և այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են: Եվ մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ և չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի: Մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք և մեր նպատակն է զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա: Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է: Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում»: Կարծում եմ, վստահելի գործընկերոջը բնորոշ այսօրինակ առավել շիտակ և ազնիվ դրսևորմամբ` հանդեպ Եվրամիությունը և Ռուսաստանի Դաշնությունը, Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված որևէ այլ երկրի նախագահ, երբևիցե չի արտահայտվել: Անշուշտ, նման սկզբունքային դիրքորոշումը, անտարակույս, բարձրացնում է Հայաստանի Հանրապետության վարկը որպես լուրջ գործընկերոջ: Հակառակը կարող են պնդել սոսկ իրականությունից կտրված, չէի ասի` իդեալիստ, ընդհակառակն` ցինիկ, նախկինում «իդեալիստ եվրոբյուրոկրտների» պատգամները ստրկորեն կատարող, Արցախը մատաղացու դարձնելու պատրաստ գործիչները:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին իբր ցուգցվանգային իրավիճակի մեջ մխրճելուն, ապա դա իրականում բացահայտում է նման պատրանքներ փայփայողի հոգեվիճակը, երբ կպչուն մտքի պես փորձում են ցանկալին իրականության տեղ սղղացնել: Իսկ այն սքանչելի միտքը, թե «ցուգցվանգի մեջ հայտնված պարկեշտ շախմատիստը պարզապես հանձնվում է, իսկ անպարկեշտը խաղատախտակը տալիս է մրցակցի գլխին», ապա հարկ է նկատել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, թեև 1998 թ. վարվեց որպես պարկե՜շտ շախմատիստ, ապա իր հետագա գործունեությամբ ցույց տվեց, որ դրանից հետո, այնուամենայնիվ, գլխի շրջանում հարվածներ ստացել է (հակված եմ մտածել` ոչ լոկ շախմատի խաղատախտակով), հակառակ դեպքում նման պարզունակ եզրակացություններ չէր անի:

Ինչ վերաբերում է ԼՏՊ-ի թիվ 4 մտավարժանքին, ապա այստեղ թերևս դրականն այն է, որ հավատարիմ է մնացել իր հին հռետորական ոճին, այն է` սկզբից հրապարակ նետել իրականաության հետ և ոչ մի աղերս չունեցող պնդում, հետո պայքարել իր իսկ պնդման դեմ: Ակնհայտ է ևս մեկ` ԼՏՊ-ին բնորոշ առանձնահատկություն` նրա համար շատ կարևոր է, որ Հայաստանի իշխանություններն իրենց արտաքին քաղաքականությամբ հասնեն ԼՏՊ-ի «գերնպատակին»` ամեն գնով դուր գան դրսի ուժերին, ծառայեցնեն նրանց քաղաքականությանը, որ վերականգնեն «վստահելի ու պատասխանատու գործընկերոջ համարումը»: Չգիտես ինչու` ԼՏՊ-ն այս հարցում ինքնադրսևորովում է որպես «իդեալիստ հայ բյուրոկրատ», փորձելով  ամեն գնով սիրաշահել եվրոպական չինովնիկների այն խավին, որը նույնիսկ վերջերս Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները բնութագրեց որպես մեծ առաջընթաց քայլ ժողովրդավարության հաստատման գործում:

Ինչ վերաբերում է ԼՏՊ-ի 5-րդ հայտնությանը, ապա դրան անդրադառնանք «լևոնավարի». 5. քաղաքական այն ուժերը, հասարակական կազմակերպությունները, այսպես կոչված` «անկախ» վերլուծաբանները, մամուլի միջոցները և մտավորականության ներկայացուցիչները, ովքեր տարիներ շարունակ առաջնորդվում են իրենց գրանտատու «պապաների» շահերով, եթե  չեն հասկանում ԼՏՊ-ի` իրականությունից ակնհայտորեն կտրված չարագուշակությունների բուն նպատակը, այն է` թուլացնել Հայաստանի Հանրապետության դիրքերը Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններում, չեն ընկալում արժանապատվորեն Մաքսային միության երկրներին միանալու ձգտումը, անտեսում են Եվրամիության հետ Ասոցացված համաձայնագրի ստորագրմանն ուղղված քայլերը, առավել ևս խոսքով և գործով շարունակում են ջուր լցնել ԼՏՊ-ի քարոզչական ջրաղացին, կամա-ակամա դառնում են Հայաստանի և Արցախի ապագան վտանգողի հանցակիցը:

ԼՏՊ-ի «արար 6-ի» կապակցությամբ հիշեցնեմ, որ 1998-ից ի վեր, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կամավո՜ր հրաժարական տվեց, ապա նա քաղաքական վենդետայի չենթարկվեց: Ըստ իս` դա ճիշտ քայլ էր, քանի որ անցած տարիները կատարելապես բացահայտեցին Հայաստանի Հանրապետության 1-ին նախագահի «պերճանքն ու թշվառությունը», և այսօր նա իրավ օգնության և գթասրտության կարիք ունի: Նման եզրահանգման հանգեցի, երբ հոկտեմբերի 27-ին ականատես եղա, թե ինչ որակի գռեհիկ և անկիրթ հհշ-ական բետեէռ կին-համախոհներով է շրջապատված այդ, թերևս, շնորհալի գիտնական-ասորագետը: Եվ… թշվառ քաղաքագետը:

Միավորելով Լևոնի «արձագանքի» 7-րդ և 8-րդ կետերը` շեշտեմ, որ ես ևս  անձնական շահադիտության մեջ չմեղադրվելու նկատառումով նույնպես հարկ եմ համարում հավաստել, որ հերթական նախագահական ընտրություններում, 2018-ին ես իբրև թեկնածու առաջադրվելու մտադրություն չունեմ: Ինքնըստինքյան հասկանալի է, որ եթե ոչ այլ, ապա թեկուզ հենց միայն 1992 թ. «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթին տված հարցազրույցից հետո բացառված է նաև Տեր-Պետրոսյանի առաջադրումը:

Ավարտելով խոսքս` հարկ եմ համարում ասել. այ Լևոն, եթե դու ինքդ, քո բզկտված քաղաքական թիմի հետ հայտնվել ես ցուգցվանգի մեջ, ապա ինչպես Ներոնին ասել է նրբագեղության արբիտրոս Պետրոնիուսը, մենք կարող ենք մոռանալ քո ապաշնորհ իշխանության տարիները, բազում անարդարությունները, երկրում ծայր առած ալան-թալանը, սակայն մի ստիպիր մեզ հանդուրժել քո ժամանակ առ ժամանակ առկայծող մտքի ոչինչ չասող զեղումները, մի ստիպիր ժողովրդի, երկրի համար բախտորոշ այս ժամանակներում ականջ դնել քո տափակ ու վնասաբեր մտամոլորություններին:

Արտաշես Գեղամյան

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր