ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԵԱՀԿ ԽՎ ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԸ ԵՎ G-8–Ի ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ ԿՈՄՅՈՒՆԻԿԵՆ

26.06.2013, Իրավունք

Ընթացիկ տարվա հունիսը, հիրավի, հագեցած էր իրադարձություններով։ Դրանց թվում կուզենայի առանձնացնել երեք նշանակալի միջոցառում. առաջինը հունիսի 18-ին մեծբրիտանական Լոհ Էրնում կայացած «Մեծ ութնյակի» (G-8) պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումն էր, երկրորդը՝ հունիսի 22-22-ին կայացած Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ) և երրորդը՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ)՝ հունիսի 29-ին Ստամբուլում մեկնարկելիք ամենամյա՝ քսաներկուերորդ նստաշրջանը։ Ինչո՞վ են հատկանշական միջազգային կյանքի հենց այս երեք իրադարձությունները, արդյո՞ք նրանց միջև կապ, փոխադարձ պայմանավորվածություն կա։ Փորձենք պարզել։

Եվ այսպես, «Մեծ ութնյակի» առաջնորդների ամփոփիչ հայտարարությունը, թերևս, եզակի է նրանով, որ գուցե առաջին անգամ առաջատար տերությունների ղեկավարները բացահայտորեն խոստովանեցին մարդկության առջև ծառացած գլոբալ խնդիրների բարդությունն ու արտառոցությունը։ Միայն այն փաստի ընդունումը, թե՝ «Մեր հանդիպումն (նկատի ունի G-8-ը- Ա.Գ.) անցավ համաշխարհային տնտեսությունում պահպանվող անորոշության ֆոնին։ Մեզ համար անհետաձգելի գերակայություն է տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման խթանումը, մասնավորապես՝ երիտասարդության և մշտապես գործազուրկների համար», համաձայնեք, ինչ ասես արժե։ Հայտարարությունում իրենց արտացոլումն են գտել գլոբալացվող տնտեսությանն ու միջազգային ֆինանսներին վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնց լուծումը հրատապ է դառնում բոլոր երկրների համար։ Եվ եթե այս դիրքերից դիտարկենք 2013թ. Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի արդյունքները, ապա, անշուշտ, կարելի է փաստել, որ այն արդարացրեց իր հետ կապված բոլոր հույսերը։ Եվ կասկածելու հարկ չկա, թե առաջիկա ամիսների ընթացքում ՊՄՏՀ մասնակիցների աշխատանքի արգասիքն ու առաջարկությունները դրական ազդեցություն կունենան գլոբալ տնտեսության հեռանկարների որոշման և համաշխարհային տնտեսությունն անորոշության վիճակից դուրս բերելու համատեղ գործողությունների մշակման վրա։ Այս համատեքստում մենք իրավունք ունեինք սպասելու, որ ԵԱՀԿ ԽՎ ամենամյա՝ քսաներկուերորդ ստամբուլյան նստաշրջանը վերլուծլու է արդիականության՝ Լոհ Էրնում G-8-ի ղեկավարների նշած գլոբալ մարտահրավերները և մատնացույց է անելու դրանց հաղթահարման ուղիները, կարվեն գործնական առաջարկություններ՝ հաշվի առնելով Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդի՝ 1975թ. օգոստոսի 1-ին ընդունված Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները։ Մենք իրավունք ունեինք հուսալու, որ զարգացումներն այս հունով կընթանան, քանի որ ԵԱՀԿ ԽՎ քսաներկուերորդ նստաշրջանն անցկացվում է «Հելսինկի՝ գումարած 40» կարգախոսով։

 

Ավաղ, կարդալով ԵԱՀԿ ԽՎ երեք ընդհանուր կոմիտեների (քաղաքական հարցերի և անվտանգության; ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի; տնտեսական, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի կոմիտեներ)՝ առաջին հայացքից բարեխղճորեն կազմված զեկույցները՝ ստիպված ենք փաստել, որ դրանք կրում են հռչակագրային, նկարագրական բնույթ։ Դրա համեմատ էլ կազմված են համապատասխան բանաձևերի նախագծերը։ Ցավոք, քննարկման համար առաջարկվող զեկուցումներում ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար կարևոր խնդիրները վերլուծված չեն գլոբալ տնտեսության և քաղաքական հարցերի, ինչպես նաև ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության ապահովման հիմնախնդիրների հետ փոխկապակցության մեջ։ Բայց չէ՞ որ G-8-ի առաջնորդների լոհէրնյան հայտարարությունն իբրև նշանակետ ուներ հենց նման մոտեցումը։ Եվ թվում էր, թե ԵԱՀԿ ԽՎ կայանալիք նստաշրջանի գլխավոր խնդիրը պետք է լիներ այդ կազմակերպության անդամ երկրների համագործակցության մեխանիզմների մշակումը, կրկնում եմ՝ քաղաքականության, անվտանգության, տնտեսության և հումանիտար ոլորտներում որոշակի խնդիրների համատեղ լուծման ուղղությամբ։ Ավաղ, ԵԱՀԿ ԽՎ քննարկմանը ներկայացված զեկուցումները նման լիցք չեն պարունակում։

Չեմ ուզում հաշտվել այն մտքի հետ, թե Ստամբուլի նստաշրջանը կարող է դառնալ պարզապես «արձանագրվելու համար իրականացված» հերթական միջոցառում, որը բուռն բանավեճերի տեղիք չի տա, ապագայի խոստումնալի հույսեր չի արթնացնի ԵԱՀԿ ողջ տարածքում, որտեղ մոտ 1 միլիարդ մարդ է ապրում։ Այս զգացողությունից ձերբազատվելու հույսով՝ ես ուշադիր ուսումնասիրեցի Ստամբուլի նստաշրջանի օրակարգում ներառված բանաձևերի նախագծերի 29 լրացուցիչ կետերը։ Այդ փաստաթղթերի իմաստավորումն ինձ մղեց տագնապալի խորհրդածությունների, և ահա թե ինչու։ Կրկին մտովի վերադառնալով լոհէրնյան հայտարարությանը, Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի բարձրացրած հրատապ խնդիրներին և խորամուխ լինելով բանաձևերի 29 նախագծերի տողերում՝ տպավորություն ստացա, թե ապրում ենք երկու տարբեր աշխարհներում։ Մի դեպքում՝ աշխարհ, որտեղ սթափ գնահատում են արդիականության գլոբալ մարտահրավերները, փորձում գտնել դրանց հաղթահարման համարժեք ուղիներ, մյուսում՝ մի ինչ-որ վիրտուալ աշխարհ, որտեղ ավելի մեծ ուշադրություն է դարձվում այն հարցերին, որոնք, անկասկած, արժանի են ուշադրության, բայց, իհարկե, որպես արդիականության ավելի խոր հիմնախնդիրների բաղադրյալներ, ածանցյալներ, հետևանքներ։

Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, մի քանի լուրջ դրսևորումներ նշեմ։ Ս.թ. հունիսի 21-ին, ելույթ ունենալով ՊՄՏՀ շրջանակում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բավական տագնապալի տվյալներ նշեց. «Մտահոգում են գործազրկության թվերը։ Աշխարհում տնտեսապես ակտիվ բնակչության թվից մոտ 200 մլն մարդ գործազուրկ է։ Եվրոպայի առանձին երկրներում գործազրկությունն անցնում է 25%-ը։ Իտալիայում և Պորտուգալիայում երիտասարդության շրջանում գործազրկությունն ավելի քան 40% է, Իապանիայում՝ 56%, Հունաստանում՝ ավելի քան 60%»։ Կարծում եմ, որ գործազրկության հիմնախնդիրը պետք է դառնար ԵԱՀԿ ԽՎ բոլոր երեք կոմիտեների քննարկումների կարևորագույն թեմաներից մեկը։ Դե, եթե Եվրոպայում գործազրկության հիմնախնդիրը դուրս է մնացել երեք կոմիտեների զեկուցողների տեսադաշտից, ապա ճիշտ կլիներ, որ այն գոնե ընդգրկվեր ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի օրակարգում որպես լրացուցիչ կետ։ Բայց չէ՜, հավանաբար մեր եվրոպացի գործընկերներից ոմանց շատ ավելի հրատապ են թվում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը Ռուսաստանի Դաշնությունում։ Իմիջիայլոց, ասենք, օրինակ, որ գործազրկությունը ՌԴ-ում 5%-ի էլ չի հասնում։ Եվ պարզվում է, որ «հանրային բողոքները 2011թ. դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո և դրանց մասնակիցներին, ներառյալ՝ ընդդիմության ղեկավարներին ձերբակալելու և դատի տալու որոշումը (ի դեպ, վաղուց արդեն ազատության մեջ են- Ա.Գ.) տակավին չեն կորցրել իրենց ակտուալությունը։ Այս առիթով բանաձևի նախագծի հեղինակը «խոր ափսոսանք է հայտնում»։ Եվ այս էլ որերորդ անգամ «սենսացիոն փաստեր» չունենալու պատճառով մեր եվրոպացի գործընկերներն արտահայտում են իրենց «խոր ափսոսանքը Ռուսաստանի Դաշնությունում օրենքի գերակայության հանդեպ պահպանվող սպառնալիքի առիթով, որը կրկին ակնհայտ դարձավ Միխայիլ Խոդորկովսկու...., ինչպես նաև Սերգեյ Մագնիտսկու գործերի հետ կապված...»։ Նստաշրջանից նստաշրջան, տարեցտարի ՌԴ-ի վերաբերյալ կրկնվող բանաձևերը կարծես ԵԱՀԿ ԽՎ պարտադիր տարրն են դարձել։ Հատկանշական է և այն, որ մեր գործընկերներին անհանգստացնում է նաև ոչկառավարական կազմակերպությունների հետ Ռուսաստանի իշխանությունների աշխատանքը, ուստիև նրանք «համառորեն կոչ են անում իշխանություններին կառուցողական երկխոսություն սկսել այդ կազմակերպությունների հետ՝ ի շահ իրենց օրենսդրության ոչդեմոկրատական տարրերի բարեփոխման»։ Նշենք, որ ս.թ. ապրիլի 5-ին, պատասխանելով ԳԴՀ առաջատար հեռուստաընկերություններից մեկի՝ АRD-ի թղթակցի հարցին, ՌԴ նախագահ Վ.Պուտինը հետաքրքիր վիճակագրություն ներկայացրեց ոչկառավարական կազմակերպություննների մասին. «Ռուսաստանում 654 ոչկառավարական կազմակերպություն է գործում, դրանց ֆինանսավորման համար վերջին չորս ամսում (2013թ. հունվար-ապրիլ- Ա.Գ.) արտասահմանից 1 միլիարդ դոլար է ստացվել»։ Բայց չէ՞ որ այդ փողերով կարելի էր մի քանի հազար աշխատատեղ բացել եվրոպական մի շարք երկրների գործազուրկ երիտասարդության համար։ Պատահական չէ, որ բերեցի այս տվյալները։ Չէ՞ որ սա միայն հումանիտար նշանակության հարց չէ։ Եթե ավելի խոր նայենք, այն սերտորեն շաղկապվում է գլոբալ տնտեսության և քաղաքականության հիմնախնդիրների, ինչպես նաև ներքին ու արտաքին անվտանգության հարցերի հետ։ Բայց փոխպայմանավորված այս հիմնախնդիրների դիտարկումը, չգիտես ինչու, դուրս է մնում ԵԱՀԿ ԽՎ տեսադաշտից։ Բնականաբար, ընթերցողը կարող է առարկել ինձ, թե, իբր, գործընկերներին քննադատելու փոխարեն վերցնեիր ու բանաձևի նախագիծ առաջադրեիր, որում իրենց արտացոլումը կգտնեին այս բոլոր, ըստ իս՝ մտահոգիչ հարցերը։ Կարծում եմ, մակերեսային մոտեցման պարագայում նման կշտամբանքը կարող է տեղին թվալ, բայց բնավ այդպես չէ։ Նման նախաձեռնության անօգուտ լինելն, ավաղ, կանխորոշված է։ Ահա արդեն քսան տարի ԵԱՀԿ անդամ Թուրքիան և Ադրբեջանը շրջափակման են ենթարկել ԵԱՀԿ անդամ Հայաստանը։ Այս հարցը ԵԱՀԿ ԽՎ բարձր ամբիոնից քանիցս բարձրացվել է նաև ձեր խոնարհ ծառայի կողմից։ Ավելին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աննախադեպ համարձակ, պետական խոշոր գործչին վայել որոշում կայացրեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ։ Սակայն, որպես ձայն բարբառո հանապատի, հայկական կողմի կառուցողական դիրքորոշումը հարևանների հանդեպ առայսօր մնում է անտեսված։ Բայցև սրա վրա չարժե զարմանալ, քանզի  դա արմատացել է նաև ԵԱՀԿ ԽՎ աշխատաոճում։ Օրինակներ՝ որքան ասես։ Ս.թ. հունիսի 18-ին, օրինակ, Լոհ Էրնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները հանդես եկան Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հերթական՝ հինգերորդ համատեղ հայտարարությամբ։ Դրանում, մասնավորապես, նշված է. «Մենք վճռականապես կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին մեկ անգամ ևս հաստատել իրենց հավատարմությունը հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Մենք նաև հորդորում ենք նրանց զերծ մնալ գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են տարածաշրջանում սրել լարվածությունն ու բերել հակամարտության սրման: Ղեկավարները պետք է պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության, ոչ թե պատերազմի»: Մինչդեռ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր բոլոր հրապարակային ելույթներում ուղիղ հակառակն է անում։ Նրա ռազմատենչ հռետորաբանությունը, նրա կողմից Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքների անտեսումը՝ բացի միակողմանիորեն մեկնաբանվող տարածքային ամբողջականության սկզբունքից, շարունակում են գլխավոր արգելակը լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում։ Ադրբեջանական ղեկավարության այսօրինակ դիրքորոշումը չի դատապարտվում ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից։ Ավելին, ԵԱՀԿ մեր եվրոպացի գործընկերների՝ ադրբեջանական և հայկական իշխանությունների գործունեության միջև հավասարության նշան դնելու ձգտումը երբեմն անհարմար վիճակի մեջ է գցում ամեն տեսակ զեկույցների ու բանաձևերի հեղինակներին։

Օրինակ, Քաղաքական հարցերի և անվտանգության ընդհանուր կոմիտեի քննարկմանը ներկայացվող բանաձևի նախագծի 15-րդ կետում կարդում ենք. «Այս առնչությամբ (ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը- Ա.Գ.) կրկնում է իր հանձնարարականը՝ վերականգնել ԵԱՀԿ նշանակալի ներկայությունը Վրաստանում և պահպանել ու ամրապնդել ԵԱՀԿ Բաքվի և Երևանի գրասենյակները...»։ Թվում է, թե ԵԱՀԿ ԽՎ ղեկավարությունը պետք է տեղյակ լիներ, որ ԵԱՀԿ Երևանի գրասենյակը լավ էլ բեղմնավոր աշխատում է ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ քաղաքական կուսակցությունների հետ՝ լինեն դրանք իշխանամետ, թե ընդդիմադիր։ Ընդ որում՝ բոլորի հետ շատ հանդուրժողաբար է աշխատում, համագործակցության, Հելսինկիի ոգով, ասել է թե՝ ամրապնդման կարիք չունի, ինչը չես ասի ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի աշխատանքի պայմանների մասին։ Այդ մասին բազմիցս գրվել է մամուլում և այլ լրատվամիջոցներում։ Սակայն, չարաբաստիկ ավանդույթի համաձայն՝ Հայաստանում և Ադրբեջանում ԵԱՀԿ կառույցների գործունեությունը կրկին գնահատվում է նույն տեսանկյունով։ Նման մոտեցումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աշխատանքի (ընդ որում՝ օգտակար) խեղաթյուրում։

ԵԱՀԿ ԽՎ Ստամբուլի նստաշրջանի օրակարգի լրացուցիչ կետերին անդրադառնալով՝ չի կարելի ուշադրություն չդարձնել նաև «Իրադրությունը Ղազախստանում» և «Բելառուս» հարցերին։ Խորանալով օրակարգի այս լրացուցիչ կետերի մասին բանաձևերի նախագծերում՝ ակամա հարցի առջև ես կանգնում. մի՞թե այսօր ԵԱՀԿ տարածաշրջանում շարունակում են այդքան արդիական մնալ 2011թ. դեկտեմբերին Ղազախստանի Մանգիստաուսի մարզի Ժանաոզեն քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները։ Մի՞թե Ղազախստանի իշխանությունների արձագանքն այդ ողբերգությանը համարժեք չէր։ Ժանաոզենի ողբերգության նյութերին ծանոթանալիս, ողբերգություն, որը 16 մարդու մահվան հանգեցրեց, հարկ է լինում փաստել, որ իշխանությունը մասամբ իր վրա է վերցրել մարդկանց մահվան պատասխանատվությունը։ Դատապարտվել են երկու Ակիմ (մարզպետ), Մանգիստաուսի մարզպետի (Ակիմի) առաջին տեղակալը, վեց ոստիկան, ներառյալ մարզի ներքին գործերի վարչության ղեկավարությունը։ Հատկանշական է, որ այս պաշտոնյաները շատ ավելի մեծ պատժաչափ են ստացել (10-15-ական տարի), քան զանգվածային անկարգությունների կազմակերպիչներն ու մասնակիցները։ Կասկածից դուրս է նաև այն, որ Ղազախստանի իշխանությունները քրտնաջանորեն աշխատելու են Ժանաոզենի ողբերգության վերքերն ապաքինելու ուղղությամբ։ Սակայն արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ ներկայիս Ղազախստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարական փոփոխությունների ուղով, ինչը չես ասի՝ կարդալով բանաձևի նախագիծը։ Բայց չէ՞ որ դա է ամենագլխավորը։ Ինչ վերաբերում է Ստամբուլի նստաշրջանի օրակարգում Բելառուսի վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ բանաձևի հերթական նախագծին, ապա այն ինձ համար միանգամայն սպասելի էր։ Չէ՞ որ Ռուսաստանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված հարցերը, Ղազախստանի և Բելառուսի իրադրությունը նկարագրելով բանաձևերի նախագծերում նշված տագնապալի երանգներով՝ ԵԱՀԿ ԽՎ-ում ներկայացված ազգային պատվիրակությունների ներկայացուցիչների, ԵԱՀԿ անդամ պետությունների քաղաքական վերնախավի գիտակցության մեջ կարող են միանգամայն որոշակի զուգորդումներ առաջանալ։ Այն է՝ կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, թե Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը, որտեղ, իբր, գործերն ամենավատթարն են մարդու իրավունքների և հումանիտար հարցերում, ամենևին էլ պատահաբար չեն միավորվել Մաքսային միությունում՝ ապագայում Միասնական տնտեսական տարածքի և Եվրասիական միության ստեղծման հեռանկարով։ Հետագայում, կարելի է վստահաբար պնդել, որ կսկսվի տեղեկատվական խաչակրաց արշավանք այդ միության դեմ։ Այսինքն՝ առանձին թերությունները մեր աչքը մտցնելով, որոնք քիչ չեն զարգացած ժողովրդավարությամբ երկրներում, համաշխարհային քաղաքականության ուժի հայտնի կենտրոնների քաղտեխնոլոգներն ուզում են սկզբից ևեթ Եվրասիական տնտեսական միության բուն գաղափարը վարկաբեկող միջազգային հանրային կարծիք ձևավորել։ Նրանք, հավանաբար, երկյուղում են, թե այն, ժամանակի ընթացքում, կվերածվի արդի մարտահրավերներին դիմակայող գործուն, ինքնաբավ քաղաքական միավորման։ Այդ տեղեկատվական պատերազմի ճարտարապետները, թերևս, թերագնահատում են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ժողովուրդների հզոր արարող ներուժը, նրանց առաջնորդների մտածողության մասշտաբայնությունը։ Գուցե նրանց տագնապեցնում է նաև այն, որ Միասնական տնտեսական տարածքի և Եվրասիական միության գաղափարն ավելի ու ավելի հրապուրիչ է դառնում հետխորհրդային պետությունների համար։ Օրինակ, GALLAP International սոցիոլոգիական կազմակերպությունը Հայաստանում վերջերս հրապարակել է հարցման արդյունքները, որի համաձայն՝ հայերի 61%-ը դրական կարծիք ունի Եվրասիական միությանն անդամակցելու վերաբերյալ։ Եվ սա՝ այն պայմաններում, երբ կողմնակալ և շռայլորեն արտասահմանից սնվող ԶԼՄ-ները գիշերուզօր զրպարտում են Ռուսաստանին և նրա դաշնակիցներին։

Միևնույն ժամանակ, խիստ անհասկանալի կլիներ, եթե հանկարծ ԵԱՀԿ ԽՎ Ստամբուլի նստաշրջանի օրակարգում չհայտնվեր մարդու իրավունքների պաշտպանության հարցն արդեն ամենուր խցկված ԼԳԲՏ (լեսբոսուհիներ, գեյեր, բիսեքսուալներ և տրանսսեքսուալներ) անձանց վերաբերյալ։ Հենց այս խնդրին է նվիրված «Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հանդեպ մարդու իրավունքների իրականացման Ջոկյակարտայի սկզբունքների ճանաչման» հարցը։

Կարելի է, իհարկե, շարունակել ԵԱՀԿ ԽՎ Ստամբուլի նստաշրջանի օրակարգում ներառված հարցերի թռուցիկ վերլուծությունը։ Մասնավորապես, խորամուխ լինելով «Հումանիտար ճգնաժամը Սիրիայում» բանաձևի նախագծի տողերում՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե սիրիական բանակը կռվում է լոկ իր իսկ երկրի քաղաքացիական անձանց, ծերերի, կանանց, երեխաների դեմ, և միայն ինքն է մեղավոր սիրիացի ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ։ Հետևաբար և՝ զինված ընդդիմությունը, գրոհայինները խաղաղարարներ են, որոնք մարտնչում են այդ երկրում ժողովրդավարական փոփոխությունների համար։ Իսկ մարդակերության փաստերը սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի կոալիցիայի մեջ մտնող ավազակային խմբավորումների շարքերում, որոնք նույն հանցագործությունները կատարել էին Լիբիայում, ըստ երևույթին, բանաձևի հեղինակի համար այնքան էլ կարևոր չեն։ Թվում էր, թե այնպիսի զգայուն թեմայի անդրադառնալիս, ինչպիսին է քաղաքացիական պատերազմը Սիրիայում, բանաձևի հեղինակը պետք է որ բացառիկ կշռադատված մոտեցում ցուցաբերեր՝ մանավանդ հաշվի առնելով այն, որ ընդունվող փաստաթուղթը լինելու է ոչ թե թուրք խորհրդարանականի, այլ ԵԱՀԿ ԽՎ անունից։ Եվ այստեղ կուզենայի ուշադրություն հրավիրել G-8-ի ղեկավարների և սույն դեպքում՝ թուրքական կողմի (որն էլ նախաձեռնել է Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագծի ներառումը Ստամբուլի նստաշրջանի օրակարգում) մոտեցումների սկզբունքային տարբերության վրա։ G-8-ի ղեկավարների համատեղ հայտարարության 7-րդ կետում գրված է. «Մենք վճռականապես պաշտպանում ենք կոնֆերանս հրավիրելու առաջարկությունը՝ Սիրիայում ողբերգական ձևեր ընդունող հակամարտության քաղաքական լուծման հասնելու նպատակով, 2012թ. Ժնևի հայտարարության լիածավալ իրականացման ճանապարհով։ Մենք էական հատկացումներ կտրամադրենք ի պատասխան ՄԱԿ-ի՝ Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու վերջերս արված հորդորի։ Մենք ամենավճռական ձևով դատապարտում ենք քիմիական զենքի ցանկացած գործադրում և մարդու իրավունքների ցանկացած ոտնահարում Սիրիայում»։ Եվ այս դեպքում ստիպված ենք ցավով արձանագրել, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի որոշ անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ ականջ չեն դնում G-8-ի ղեկավարների կոչերին, և իզուր։

Կարծում եմ, որ վերոշարադրյալը հրատապ է դարձնում ԵԱՀԿ ԽՎ քննարկմանը ներկայացվող զեկույցների և բանաձևերի ինտելեկտուալ մակարդակի բարձրացման խնդիրը։ Ընդ որում՝ հրատապ է դառնում նաև այն խնդիրը, որ հարկ է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի օրակարգ մտնող հարցերն ավելի սերտորեն փոխկապակցել արդիականության կարևոր մարտահրավերների հետ։ Համոզված եմ, որ նման մոտեցումն, անկասկած, կապահովի ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների պատվիրակությունների շահագրգիռ համագործակցությունը։ Եվ դա շատ կարևոր է, քանի որ ԵԱՀԿ ԽՎ Ստամբուլի նստաշրջանն անցկացվում է «Հելսինկի՝ գումարած 40» կարգախոսով։

Այսօր՝ 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունումից 38 տարի անց, մենք կարող ենք վերստին փաստել, որ Հելսինկյան համաձայնագրերը 20-րդ դարի ակնառու միջազգային իրադարձություններ էին, որ նշանավորեցին «ուժի դիրքից» միջազգային խնդիրների լուծման կարծրատիպերի փլուզումը, լայն հեռանկարներ բացեցին Եվրոպայում և ողջ աշխարհում քաղաքական մթնոլորտի փոփոխման համար և սկզբնավորեցին Արևելքի ու Արևմուտքի միջև երկխոսության ու բանակցությունների պատմական գործընթացը, որը պահպանեց ԵԱՀԿ տարածաշրջանն արյունահեղ խոշոր պատերազմներից։ Կարծում եմ, որ այսօր արդեն սուր անհրաժեշտություն կա իմաստավորելու արդիականության գլոբալ սպառնալիքները, զգալիորեն ակտուալացնելու ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանների օրակարգը, ապահովելու քննարկվող հարցերի բովանդակային լիցքն ու խորությունը։ Միայն այսպիսի մոտեցման պարագայում ԵԱՀԿ ԽՎ-ն կկարողանա լավ հիմք նախապատրաստել Հելսինկյան ոգու վերածննդի համար նոր՝ 21-րդ դարի իրողություններում։ Այլընտրանքը ԵԱՀԿ ԽՎ աստիճանական խորասուզումն է բյուրոկրատիայի ճահճում, իսկ աշխարհը կգլորվի քաոսի ու պատերազմների սարդոստայն։  

Արտաշես Գեղամյան, Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության և «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ (www.amiab.am)

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր