ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ ԳԼՈԲԱԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՒԺԻ ՆՈՐ, ԱՐԴԱՐԱՑԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՔՆ Է»

 09.04.2013, Իրավունք

Մոտ օրերս՝ ս.թ. ապրիլի 11-ին, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում, սանկտպետերբուրգյան պետական համալսարանի՝ Համալսարանների եվրասիական ասոցիացիայի տնտեսագիտական համալսարանների գլխավոր կազմակերպությունում տեղի կունենա «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային համաժողովը։ Չեմ թաքցնի, Պետական դումայի նախագահ, տնտեսագիտության դոկտոր Սերգեյ Եվգենիի Նառիշկինի հրավերը՝ մասնակցելու համաժողովի աշխատանքին, լրջորեն մտահոգեց ինձ, և ահա թե ինչու։ Կիպրոսյան ճգնաժամը հաստատեց, որ արդի ֆինանսաբանկային համակարգը, որն ստեղծվել է Բրետոն-Վուդյան համաձայնագրի (1944թ.) շրջանակներում և զարգացում ստացել Ջամայկայի արժութային համակարգին (1976թ.) անցմամբ, սպառել է իրեն։ Այն նպատակ ուներ պետությունների տրամադրության տակ դնել ռեսուրսներ արտաքին առևտրային և վճարային հաշվեկշիռներում առկա ժամանակավոր դժվարություններին դիմակայելու համար, ավելին՝ զերծ պահել երկրները ֆինանսական ճգնաժամերից, սակայն ի վիճակի չեղավ պաշտպանել անգամ առանձին վերցրած երկրի՝ Կիպրոսի բանկային համակարգը, որը հիմնվել և գործում էր Ջամայկայի համաձայնագրերի համապատասխան։ Եվ դա՝ մի երկրում, որը Եվրամիության անդամ է և մտնում է եվրոյի՝ աշխարհում երկրորդ պահուստային արժույթի գոտի։ Եվրոպական Կենտրոնական բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրամիության՝ Կիպրոսի բանկերը փրկելուն անհրաժեշտ միջոցների որոնման արմատական միջոցները գործնականում հանգեցվեցին ԵՄ պետություններից մեկում մասնավոր սեփականության անձեռնմխելիության ինստիտուտի փլուզմանը, ընդ որում՝ ցինիկաբար փող բռնագրավվեց այն պահումներից, որոնք պարտադիր են երկրում բոլոր հաշիվներ ունեցողների համար։ Այս արարքն ամենայն հստակությամբ ցույց տվեց, որ Արևմուտքի երկրների տնտեսությունների գործունեության հիմքում դրված նեոլիբերալ տնտեսական մոդելն իրեն լրիվ սպառել է։ Այսինքն՝ հաստատվեց ռուս հայտնի տնտեսագետ գիտնականների՝ ՌԳԱ ակադեմիկոս, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի, «Նեոկոն» քոնսալթինգային ընկերության նախագահ Միխայիլ Խազինի եզրահանգումն այն մասին, որ համաշխարհային տնտեսությունը հայտնվել է այնպիսի պայմաններում, երբ սպառված են աշխարհում գոյություն ունեցող տեխնոլոգիական կարգի տեխնոլոգիական հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, ակնհայտ դարձավ, որ համաշխարհային տնտեսությունը, համարժեք միջոցներ չձեռնարկելու դեպքում, կրկին լճացման մեջ կընկնի։

 

Այս պայմաններում հրատապ է դառնում այն հարցը, թե ինչ միջոցներ են մտադիր ձեռնարկել Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, աշխարհի մյուս առաջատար տնտեսությունները՝ կանխելու համար տնտեսության մեջ գործընթացների զարգացման նման ընթացքը։ Իհարկե,Կիպրոսում փորձարկված հարկային շորթումը չի կարող վերահաս ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նոր լուծում հանդիսանալ, որը, եթե համաշխարհային չդառնա էլ, ապա, անկասկած, շատ երկրներ կընդգրկի։ Եվ դա անխուսափելի է, քանի որ տնտեսական և ֆինանսական խնդիրների արմատը կուտակված գլոբալ անհավասարակշռությունների մեջ է։ Մասնավորապես, ԵՄ մի շարք պետությունների, ինչպես նաև ԱՄՆ սոցիալական բարեկեցությունը պայմանավորված է նրանով, որ սպառումը զգալիորեն գերազանցում է այդ երկրների ՀՆԱ իրական արտադրությունը։ Այս առնչությամբ հարկ է նշել, որ Եվրախումբը Կիպրոսում յուրօրինակ հարցում է անցկացրել եվրոգոտու այլ երկրներում համանման միջոցների գործադրման հանդեպ բնակչության հնարավոր արձագանքի վերաբերյալ, եթե նրանց ֆինանսական համակարգի առողջացման անհրաժեշտություն ծագի՝ նպատակ ունենալով, առաջին հերթին, նրանց բանկային համակարգերի և վճարային հաշվեկշռի դեֆիցիտը լրացնելը։ Կասկած չկա, որ այն երկրների ցանկը, որոնցում նման միջոցներ կկիրառվեն, կհամալրվի։ Նման եզրակացության հանգելու համար մի քանի տվյալներ ներկայացնենք 2012թ. առանձին երկրների կանխատեսելի պետական պարտքի վերաբերյալ։ Այսպես,  Եվրամիության կանխատեսելի պետական պարտքը 2012թ. վերջին ՀՆԱ 83,6%-ն է (2011թ.՝ 82,3%), Հունաստանում՝ 189,1% (2011-ին՝ 165,6%), Իտալիայում՝ 121,4% (2011-ին՝ 121,1%), Պորտուգալիայում՝ 111,8% (2011-ին՝ 106%), Իսպանիայում՝ 70,1% (2011-ին՝ 67,4%)։

Հատկանշական է, որ խնայասեր այնպիսի երկրի պետական պարտքը, ինչպիսին ԳԴՀ-ն է, 2012թ. եղել է 81,9%-ի մակարդակին (2011-ին՝ 82,6%), Ֆրանսիայինը՝ 89,4% (2011-ին՝ 86,8%), Մեծ Բրիտանիայինը՝ 84,8% (2011-ին՝ 80,8%), ԱՄՆ-ինը՝ 105,3% (2011-ին՝ 100,05%), Ճապոնիայինը՝ 238,4% (2011-ին՝ 233,1%)։ Նշենք, որ ՀՆԱ-ի հանդեպ տոկոսներով կանխատեսելի պարտքի այս ցուցակը հիմնված է ԱՄՀ՝ 2011թ. սեպտեմբերին հրապարակված տվյալների վրա։

2013թ. փետրվարի 12-ին ամերիկացիներին հղած ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, մասնավորապես, ասաց, որ իր նոր տնտեսական գծի գլխավոր նպատակներից մեկը տրանսատլանտյան շուկայի կազմակերպումն է Եվրոպայից ԱՄՆ և ԱՄՆ-ից Եվրոպա կապիտալների ազատ շրջանառման համար։ Մտածենք՝ ինչի՞ կվերածվի սա Եվրամիության երկրների համար և ինչպե՞ս կանդրադառնա առհասարակ համաշխարհային ֆինանսական համակարգի վրա։ Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ համաշխարհային արժութային պահուստների կառուցվածքը ս.թ. հունվարի 1-ի դրությամբ հետևյալ պատկերն ուներ. արտասահմանյան արժութային պահուստներում ԱՄՆ դոլարով միջազգային կուտակումները կազմել են 62,1%, եվրոյով՝ 25%, անգլիական ֆունտ ստեռլինգով՝ 3,9%, ճապոնական իենով՝ 3,7%, շվեյցարական ֆրանկով՝ 0,1%, մյուս արժույթներին բաժին է ընկել 5,1%։ Կարելի է չկասկածել, որ կիպրական բանկային ճգնաժամից հետո ԱՄՆ դոլարի բաժինն ինչպես համաշխարհային արժութային պահուստներում, այնպես էլ համաշխարհային հաշիվներում աճելու է։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Եվրոպայի առաջատար աշխարհամասային երկրներն ի վիճակի չեն լինի դիմակայել համաշխարհային ֆինանսական շուկաներում ԱՄՆ դոլարի արդեն չափից ավելի ուժեղացման միտումին, մանավանդ Բարաք Օբամայի տրանսատլանտյան շուկայի կազմակերպման գծի իրականացման պայմաններում։ Եվ դա տեղի կունենա այնպիսի իրավիճակում, երբ արդեն այսօր, վստահության արժանի փորձագետների գնահատականներով, ԱՄՆ սպառողական պահանջարկը տարեկան կտրվածքով գերազանցում է բնակչության եկամուտները 3 տրլն դոլարով։ Նման իրավիճակն անխուսափելիորեն կհանգեցնի ԱՄՆ դոլարի նոր, մեծածավալ թողարկման։ Բնականաբար, կարելի է ենթադրել, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը թողարկված փողերի մի մասը կապիտալների ազատ շրջանառման շրջանակներում կուղղի եկամտաբեր իրական ակտիվների ձեռքբերմանը, առաջին հերթին՝ Եվրամիության, ինչպես նաև բնական պաշարներով հարուստ երկրներում։ Այստեղ, իհարկե, էմիսիոն ծավալման գրավիչ թիրախ կդառնան բնական պաշարներով հարուստ Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը...

    Ահա համաշխարհային տնտեսության, ֆինանսական և բանկային ոլորտներում ստեղծված բավական բարդ այս իրադրությունում է գումարվում «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային համաժողովը։ Վերը շարադրվածի համատեքստում, կարծում եմ, միջազգային համաժողովը հատուկ պատասխանատվություն է դնում մասնակիցների վրա և հրատապ դարձնում զեկուցողներին և ելույթ ունեցողներին ԱՊՀ անդամ երկրների առջև ծառացած գլոբալ սպառնալիքների վերլուծությանն ուղղորդելու խնդիրը։ Ընդ որում՝ հարկ է ելնել այն իրողությունների գիտակցումից, որ գրեթե անհնար է միայնակ դիմակայել գլոբալ մարտահրավերներին և սպառնալիքներին։ Դրանք կարելի է այսօր հաղթահարել՝ հստակ որոշելով Մաքսային միության մեջ մտնող և անդամագրվել հավակնող երկրների տնտեսական տեղը։ Եվ դա պետք է անել ստեղծվող տնտեսական նոր կարգի հաշվառմամբ՝ միաժամանակ հանդես գալով նրա ճարտարապետների և պիոներների դերում։ Նոր տեխնոլոգիական կարգ, որը կոչված է փոխարինելու տեխնոլոգիական հնարավորություններն սպառած ներկայիս տնտեսական համակարգին։ Այս աշխատանքն սկսելիս հարկ է պարտադիր կարգով հաշվի առնել մի կողմից՝ Ռուսաստանի, Եվրասիական միության, մյուս կողմից՝ Եվրոպական միության միջև նոր մակարդակի երկխոսությունն արագացնելու անհրաժեշտությունը։ Բնական է, որ այս աշխատանքը հարկ է անցկացնել նաև ԲՐԻԿՍ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) շրջանակում, ս.թ. մարտի 25-27-ին ԲՐԻԿՍ Դուրբանի գագաթաժողովում ընդունված համաձայնագրերի համատեքստում։ Հարկ է նշել նաև, որ եվրատլանտյան ինտեգրման հեռանկարը չի կարող չանհանգստացնել առաջատար տնտեսությունների, Եվրամիության լոկոմոտիվներ ԳԴՀ-ի և Ֆրանսիայի քաղաքական ղեկավարությանը։ Այս հանգամանքն, իհարկե, պետք է հաշվի առնվի Եվրասիական տնտեսական ծրագրերը մշակելիս։ Այո, ես չսխալվեցի՝ Եվրասիական տնտեսական ծրագրեր ասելով։ Ուստի, ըստ իս, շատ կարևոր է ոչ միայն շարունակել, այլև արագացնել ԵՄ-ի և Մաքսային միության երկրների միջև երկխոսության հետագա խորացումը։ Եվ դա պետք է անել՝ հաշվի առնելով Ռուսաստանի կառավարության և Եվրահանձնաժողովի նիստի (որը տեղի է ունեցել 2013թ. մարտի 21-22-ին Մոսկվայում) արդյունքներով ձեռք բերվածը։ Այս նպատակով, կարծում ենք, հրատապ է Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունների պայմանագրային-իրավական բազան արդի իրողություններին համապատասխանեցնելը՝ ելնելով այն բանից, որ Եվրամիության և Ռուսաստանի կողմից գործընկերության և համագործակցության համաձայնագրի (ուժի մեջ է մտել 1.12.1997թ., 10 տարի ժամկետով, և 2007-ից ամեն տարի երկարաձգվում է) կնքումից հետո էական փոփոխություններ են կատարվել։ Այսպես, Ռուսաստանը միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ստեղծվել է Մաքսային միությունը, ձևավորվում է Միասնական տնտեսական տարածքը, լիազորությունների մի մասը փոխանցվել է վերազգային մակարդակ։ Այս ամենն առաջին պլան է մղում Համագործակցության և գործընկերության մասին նոր համաձայնագրի (ՀԳՀ) ընդունման անհրաժեշտությունը։ Նոր ՀԳՀ ընդունումը նոր դինամիզմ կհաղորդի ԵՄ-ի և Մաքսային միության մեջ մտնող երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին։ Ընդ որում, եթե այսօր Եվրամիությունը Ռուսաստանի համար արտաքին առևտրային շրջանառության մոտ կեսն է (արտահանման ավելի քան 50 և ներմուծման մոտ 40%), ինչպես նաև էներգետիկ հումքի իրացման կարևորագույն արտաքին շուկան (նավթի արտահանման ընդհանուր ծավալի 75%-ը, բնական գազի՝ 70, ածխի՝ 50%-ը), ապա ՀԳՀ-ին Ղազախստանի և Բելառուսի միացմամբ ԵՄ-ի և Մաքսային միության երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակ կունենա։ ԱՀԿ կանոնների վրա հիմնված նոր ՀԳՀ-ն ենթադրում է ԱՀԿ իրավասության և նրա սահմաններից դուրս գտնվող հարցերի ավելի խոր մշակում։ Այն պետք է հաշվի առնի Կիպրոսի իրադարձությունների դասերը, ներդրումների, այդ թվում՝ բանկային ավանդների փոխադարձ պաշտպանություն երաշխավորի, առավելագույնս հաշվի առնի ներդրողների շահերը։

Կարևոր ենք համարում նաև, որպեսզի նոր ՀԳՀ-ն չհակասի Մաքսային միության հիմքում ընկած պայմանագրաիրավական բազային, չխոչընդոտի նրա հետագա ընդլայնմանը։ Իրադարձությունների նման զարգացումը դրական ազդեցություն կունենա Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի առանձին մասնակից երկրների՝ Մաքսային միությունում ինտեգրման գործընթացների արագացման վրա։ Ավելին, նոր ՀԳՀ ընդունումը հիմնականում կհանդարտեցնի բորբոքված կրքերը Մաքսային միություն հետխորհրդային առանձին երկրների անդամագրվելու (հետագայում Միասնական տնտեսական տարածքին նրանց միանալու հեռանկարով) շուրջ։ Օրինակ, Բրյուսելը մերթընդմերթ նախազգուշացնում է անկախ Հայաստանի Հանրապետությանը, թե անհնար է համատեղել իր մասնակցությունը Մաքսային միությունում Ասոցիատիվ համաձայնագրի հետ, ներառյալ նրա այն մասը, որը վերաբերում է ԵՄ-ի հետ ազատ առևտրի խոր և համընդգրկուն գոտի ստեղծելուն։ Որպես փաստարկ եվրոպացի գործընկերները նշում են, որ այդ երկու համաձայնագրերը (Մաքսային միության մասին և Ասոցիատիվ համաձայնագրերը) իրավաբանորեն հակասում են միմյանց։ Միևնույն ժամանակ, չգիտես ինչու, չեն մտածում այն մասին, որ ցանկացած իրավաբանական հակասություն կարող է լիովին վերացվել, եթե անկյունաքարային համարվի ԵՄ-ի և Ռուսաստանի, «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցների միջև գոյություն ունեցող հարաբերությունների հայտարարված բովանդակությունը։ Իսկ այդ համաձայնագրերի բովանդակությունը գործընկերային, ռազմավարական հարաբերությունների խորացումն է ինտեգրացիոն այդ գործընթացներում ներգրավված երկրների միջև։ Ընդ որում՝ նշենք, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից պետություններից և ոչ մեկը չի հայտարարել, թե խզում է ռազմավարական գործընկերային հարաբերությունները, դադարեցնում է իր մասնակցությունը «Արևելյան գործընկերություն» ծրագրին։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, նշենք, որ նշված նախագծերում Հայաստանի մասնակցության անհնարինության մասին վերջերս հայտարարել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոքը «Ազատություն» ռադիոյին տված հարցազրույցում. «Եվրամիությունը չի կարող ստորագրել Ազատ առևտրի խոր և համընդգրկուն գոտու մասին պայմանագիրը մի երկրի (Հայաստանի- Ա.Գ.) հետ, որը Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միության անդամ է։ Իրավաբանորեն դա անհնար է։ Անհրաժեշտ է ընտրություն կատարել, և այդ ընտրությունը պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլև «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից մյուս երկրները, որոնք նույնպես ձգտում են միանալ Եվրոպական միության առաջարկած ազատ առևտրի գոտուն»։ Առանձնապես հատկանշական է այն, որ սա եվրոպական խորհրդարանականի պատասխանն է Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր միանալուն վերաբերող հարցին։ Թղթակցի այդ հարցին պարոն Էլմար Բրոքը պատասխանել է այսպես. «Այդ դեպքում այդ երկրի հետ ԵՄ հարաբերությունները կլինեն այնպես, ինչպես Ռուսաստանի հետ»։ Խորհելով ասվածի մասին՝ ակամա հիշում եմ այն հայտարարությունը, որն արվել է մարդու իրավունքներին նվիրված կոնֆերանսի (2012թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակ, Դուբլին) կուլուարներում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից։ Այն ժամանակ նա ասել էր. «Գոյություն ունի տարածաշրջանը խորհրդայնացման տանող շարժում։ Դա հենց այդ անունը չի կրի։ Դա կկոչվի Մաքսային միություն, դա կկոչվի Եվրասիական միություն և էլի նման մի բան։ Այս հաշվով մոլորության մեջ չենք ընկնի։ Մենք գիտենք, թե որն է նպատակը, և մենք կփորձենք մշակել արդյունավետ միջոցներ, թե ինչպես դանդաղեցնենք կամ կանխենք դա»։ Ես բնավ էլ պատահականորեն չհիշատակեցի ամերիկյան վարչակազմի և ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների, մեղմ ասած, նախանձախնդիր վերաբերմունքը Մաքսային միությանը, իսկ հետագայում՝ Միասնական տնտեսական տարածքին ու Եվրասիական միությանն «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների միանալու հարցին։ Այս առնչությամբ տեղին եմ համարում ներկայացնել որոշ պաշտոնական տվյալներ, որոնք վերջերս հրապարակել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։ Այսպես, սկսած 1988թ. մինչև 2012 թվականը ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանի տնտեսության մեջ կազմել է 7 մլրդ 936 մլն դոլար, որոնցից Ռուսաստանի բաժինը կազմում է 3 մլրդ 292 մլն դոլար կամ ներդրումների ընդհանուր ծավալի 41,49%-ը։ Մեր երկրի տնտեսությունում ներդրումների ծավալով երկրորդ տեղում Եվրամիության երկրներն են, որոնց ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ 276,7 մլն դոլար (28,7%)։ Երրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 393 մլն դոլար (4,95%) ներդրումներով։ Թվում էր, թե արդարացի կլիներ ԵՄ և ԱՄՆ մեր հարգարժան գործընկերների հռետորաբանությունը հարաբերակցել Հայաստանի տնտեսության զարգացման մեջ այդ երկրների կոնկրետ ներդրման հետ։ Այս ֆոնին, լիովին հակադիր են հնչում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումները, որոնք ներկայացրել է «Ռուսաստանը և փոփոխվող աշխարհը» նախընտրական հոդվածում (հրապարակվել է 2012թ. փետրվարի 27-ին, «Մոսկովսկիե նովոստի»-ում)։ Նշելով Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում եվրոպական գործոնի դերի մասին՝ Վ.Պուտինը գրում է. «Ռուսաստանը Մեծ Եվրոպայի, եվրոպական լայն քաղաքակրթության անքակտելի, օրգանական մասն է։ Մեր քաղաքացիներն իրենց եվրոպացի են զգում։ Մենք ամենևին էլ անտարբեր չենք, թե ինչպես են ընթանում գործերը միավորված Եվրոպայում։ Ահա թե ինչու Ռուսաստանն առաջարկում է շարժվել դեպի Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս միասնական տնտեսական և մարդկային տարածքի, մի ընդհանրության ստեղծում, որը ռուսաստանյան փորձագետներն անվանել են «Եվրոպայի միություն», որը միայն կամրապնդի Ռուսաստանի հնարավորություններն ու դիրքերը դեպի «նոր Ասիա» նրա տնտեսական շրջադարձում»։

Ամենևին էլ պատահական չէ, որ մեջբերեցի Վլադիմիր Վլադիմիրովիչի այս միտքը, քանի որ այն արտահայտում է Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի իրականացրած արտաքին քաղաքական գծի բովանդակությունը՝ 2008թ. փետրվարին նրա Հայաստանի նախագահ ընտրվելու առաջին իսկ օրվանից։ Արագ փոփոխվող աշխարհի պայմաններում տարատեսակ կանխակալ քաղաքական գործիչները սեփական թերհասության պատճառով և իրենց ծալապակաս հուշարարների թելադրանքով փորձում են ապակայունացնել իրավիճակը Հայաստանում և հաճախ ծիծաղելի են թվում։ Նրանք փոխնիփոխ քննադատում են Հայաստանի նախագահին կամ արևմտամետության, կամ ռուսամետության համար։ Խանդաղատանք, բայց և թախիծ է առաջացնում այն, որ տեղեկատվական պատերազմը Սերժ Ազատովիչի դեմ գլխավորում են Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Ընդ որում, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները դա անում են անթաքույց, ոչ գաղտագողի, ապա, ի տարբերություն նրանց, Ռոբերտ Քոչարյանը գործում է դրածոների և իր շրջապատի կողմից ֆինանսավորվող էլեկտրոնային ԶԼՄ-ների միջոցով։ Գործող իշխանություններին, ՀՀ նախագահին աջակցող քաղաքական գործիչներին սևացնելու համար նրանք դիմում են ամենակեղտոտ միջոցների. սկսած իրենց ենթակա էժանագին էլեկտրոնային ԶԼՄ-ներում զրպարտչական հոդվածներ հրապարակելուց, վերջացրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ջահել ու անփորձ քաղաքական գործիչներին Հայաստանի Հանրապետական կուսակցության (որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը) երիտասարդ քաղաքական գործիչների դեմ լարելով։ Նշենք, որ մինչև 2012թ. մայիսը ԲՀԿ-ն իշխող կոալիցիայում էր։ Վերը նշվածով նախկին նախագահ Ռ.Քոչարյանն, իհարկե, չի բավարարվում։ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին նա ԲՀԿ ընտրացուցակում երկրորդ համարի տակ ներդրեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին։ Հիմա արդեն միանշանակորեն պարզ է, որ դա արվել է բնավ ոչ պատահականորեն, այլ մի քանի նպատակ է հետապնդել։ Նախ՝ շրջել ԲՀԿ արտաքին քաղաքական վեկտորը ռուս-հայկական ռազմավարական գործընկերության խորացմանը հավատարիմ դիրքորոշումից դեպի Արևմուտքի, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ի ուղղություն։ Հետագայի համար նախատեսվում էր, որ նախկին նախարարը կդառնա արմատական ընդդիմության և ԲՀԿ միասնական թեկնածուն Հայաստանի նախագահի փետրվարյան (2013թ.) ընտրություններում։ Ես արդեն գրել եմ այն մասին, որ Ռ.Քոչարյանի ու արտասահմանյան բավական ազդեցիկ կառույցների սույն ծրագիրը, շնորհիվ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ու նրա տնօրեն Գորիկ Գուրգենի Հակոբյանի պրոֆեսիոնալիզմի, շռնդալից կերպով տապալվեց։ Բացահայտվել են Վ.Օսկանյանի քրեորեն պատժելի արարքներն իր ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամում։ Այս անախորժ պատմությանն ավելի մանրամասն ծանոթանալուց հետո տպավորություն ստեղծվեց, թե Ռ.Քոչարյանն օգտագործել է Վ.Օսկանյանին որպես ռուսական իշխանություններից վրեժ լուծելու ինքնատիպ միջոց, որոնք, հավանաբար, չեն արդարացրել նրա ինչ-ինչ հույսերը հանրապետությունում կարևոր պաշտոն զբաղեցնելու հարցում։ Ավելին, ապակայունացնելով իրավիճակը Հայաստանում՝ երկրորդ նախագահին թվում էր, թե պահանջված կդառնա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի կողմից՝ հանդես գալով որպես քաղաքական գործիչ, որն ի վիճակի է կարգավորել իրադրությունը Հայաստանում։ Չէ՞ որ Ռ.Քոչարյանը հիանալի հասկանում էր, որ ապակայունացման աղբյուրը հենց ինքն է։ Ավելին, ԲՀԿ-ում իր տրոյական ձիու վրա անվերապահ ազդեցություն ունենալով՝ Ռ.Քոչարյանն ավելի հեռուն գնաց։ Նրա հուշմամբ և Վ.Օսկանյանի անմիջական մասնակցությամբ մի երկու շաբաթ առաջ Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնվեց ԱՄՆ, ԳԴՀ, Շվեյցարիայի, Լեհաստանի դեսպանների, Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոսի, Հայաստանում ԵՄ քաղաքական հարցերով պատվիրակության պատասխանատուի քաղաքական դեմարշը՝ կապված Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործի հարուցման հետ, որը մինչև քրեական գործի հարուցումը ղեկավարում էր «Սիվիլիթաս» հիմնադրամը։  Բանն այնտեղ հասավ, որ նշված դիվանագետները բացահայտորեն փորձեցին ճնշում գործադրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վրա։

Իհարկե, Հայաստանում լավ հայտնի է, թե ով է իրականում կանգնած և ում ականջներն են ցցված դրա հետևում։ Դրա համար բավական է ծանոթանալ Ռ.Քոչարյանին ենթակա էլեկտրոնային ԶԼՄ-ների մեկնաբանություններին։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ կարելի է հաշված ժամերի ընթացքում քրեական գործեր հարուցել մասնավորեցման այն գործարքների հետ կապված, որոնք կնքվել են Ռ.Քոչարյանի նախագահության օրոք և ակնհայտ կոռուպցիոն աստառ ունեն։ Նշենք, որ ՀՀ բյուջեն միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հայկական էլեկտրացանցերի կրկնակի սեփականաշնորհումից միլիոնավոր դոլարներ չի ստացել։

Վերադառնալով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների առանձին ղեկավարների կողմից դիվանագիտական հարաբերությունների Վիեննայի կոնվենցիայի (1961թ.) 41-րդ և 42-րդ հոդվածների աննախադեպ խախտումների հարցին՝ մի քանի խոսք ասենք Ռուսաստանի դեսպանի աշխատանքի մասին։ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Եվգենիի Կովալենկոն, այս ֆոնին, իր հղկված պրոֆեսիոնալիզմով, հայ ժողովրդի պատմության և հայկական քաղաքակրթության խորագիտակությամբ, հյուրընկալած երկրի օրենքների հանդեպ հարգալիր վերաբերմունքով նորովի է ընկալվում հայ հանրության կողմից։ Այսպես, մեր երկրում գտնվելու երեքուկես տարիների ընթացքում Վ.Կովալենկոյի գործուն մասնակցությամբ կազմակերպվել են Ռուսաստանի նախագահի Հայաստան և Հայաստանի նախագահի Ռուսաստան կատարած պետական այցերը։ Մեր երկրների գործադիր և օրենսդիր իշխանությունների ղեկավարները փոխայցելություններ են կատարել, որոնց արդյունքներն առարկայորեն են անդրադարձել Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ներդրումների վրա։ Ռուսաստանի դեսպանության բոլոր բարի գործերը մեկ հոդվածում չես թվարկի։ Իսկ մեր ժողովուրդների եղբայրությունը, Ռուսաստանի և Հայաստանի մարտական եղբայրությունը խորհրդանշող հոգևոր պսակն էր «Պատվո բլրի»՝ զինվորական գերեզմանատան և Սբ Միքայել հրեշտակապետի ժամատան վերականգնումը։ Այստեղ հանգչում են ռուսական բանակի 156 սպաներ, որոնք զոհվել կամ մահացել են ռուս-թուրքական 1853-1856 և 1877-1878թթ. պատերազմներում ստացած վերքերից, այդ թվում՝ գեներալներ Պյոտր Կովալսկին, Միխայիլ Գրաբբեն, Իլյա Չելոկաևը և իշխան Գագարինը։ Հուշահամալիրը բացվեց 2010թ. օգոստոսին, Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որը բացման արարողության ժամանակ արտասանած իր խոսքում ասաց. «Խորհրդային տարիներին գաղափարախոսական պատճառներով ճակատագրի քմահաճույքին թողնված «Պատվո բլուր» զինվորական գերեզմանոցի վերականգնումը դարձավ պատվի խնդիր` արժանի հայ-ռուսական հարաբերությունների մակարդակին»: Ամփոփելով մեր իրողություններին դեսպանների մոտեցումների մասին մտորումներս՝ կուզենայի մեր արևմտյան գործընկերներին ու բարեկամներին որպես ուղերձ հղել Վյաչեսլավ Եվգենիի Կովալենկոյի՝ REGNUM լրատվական գործակալությանը 2012թ. նոյեմբերի 8-ին տված հարցազրույցից մի մեջբերում. «Կան պատմականորեն տոկուն և քայքայված, անհետացած, դարերում կորած, ագրեսիվ ու հանդուրժող, հպարտ, ազատասեր ու վասալային հարաբերություններին հակված ժողովուրդներ։ Հայ ժողովուրդը տառապանքով է հասել պետականության իր անսասան ձգտմանը, պահպանել պատմության ոլորաններում ճիշտ լուծումներ գտնելու և ճիշտ ընտրություն կատարելու իր բարձր մտավոր կարողությունը։ Այս հարցում նրան մեկ անգամ չէ, որ օգնել է պատմական հիշողությունը։ Ես վստահ եմ, որ այս բոլոր հիանալի հատկանիշները թույլ կտան հայ ժողովրդին ինքնուրույն, առանց որևէ մեկի խրատաբանության որոշել սեփական ճակատագիրը»...

Ընթերցողների ուշադրությունը հրավիրելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի որոշակի դժվարությունների վրա՝ կուզենայի հուսալ, որ Հայաստանի ղեկավարության բացառիկ շրջահայացությունն ինտեգրացիոն գործընթացներին մեր երկրի մասնակցության հարցերում ըմբռնում կունենա (ՀԱՊԿ և Եվրամիության գծով մեր գործընկերների կողմից)։ Միևնույն ժամանակ, նպատակահարմար եմ համարում մտորումներս գալիք «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային համաժողովի հետ կապված՝ ավարտել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցին անդրադարձով, որի ընթացքում՝ 2013թ. մարտի 11-ին, նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ։ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնակցին հրավերի, շնորհավորանքների և ջերմ խոսքերի համար։ Նա միանգամայն օրինաչափ է համարել, որ ընտրություններից հետո իր առաջին այցելությունը կատարել է Ռուսաստանի Դաշնություն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, և դրանով, ըստ էության, ամեն ինչ ասված է»,- Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի սղագրական հաշվետվությունից արված այս մեջբերումը լիովին բնութագրում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը։ Մեր նախագահի վերոնշյալ խոսքերով ավարտելով հոդվածս՝ վստահություն եմ հայտնում, որ միջազգային համաժողովի աշխատանքը հաջող կընթանա՝ համոզված լինելով, որ Եվրասիական տնտեսական հեռանկարը գլոբալ աշխարհում ուժի նոր, արդարացի կենտրոնի հիմքը կհանդիսանա։     

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության և «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ (www.amiab.am)

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր