ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԼԻՆԵԼ ԱՎԵԼԻ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ԵՎ ՈՒԺԵՂ…
08.02.2013, Իրավունք
Քաղաքական յուրաքանչյուր գործիչ, առավել ևս մտավորական քաղաքացի ` հանրապետության համար ճակատագրական այս օրերին, երբ ՀՀ նախագահական ընտրություններին շատ կարճ ժամանակ է մնացել, չի կարող անտարբեր լինել: Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական լարված իրավիճակը, երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պարտավորեցնում են բոլորիս լինել աչալուրջ, անաչառ և իրատես, ճիշտ և օբյեկտիվ գնահատել ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերը: Ուստի պարտքս եմ համարում մեր հայրենակիցներին և ընտրողներին ներկայացնել ՀՀ գործող նախագահ և ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Ազատի Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» վերնագրով նախընտրական ծրագրի որոշ դրույթների վերաբերյալ իմ ընկալումներն ու մեկնաբանությունները:
Սկսեմ նրանից, որ ՀՀ նախագահ և նախագահի թեկնածու մեծարգո Սերժ Սարգսյանի նախընտրական ողջ ծրագիրն ամենից առաջ ուղղված է ապահով հայրենիք ունենալու նպատակին, հայրենիք, որի կայունության, անվտանգության և զարգացման կարևորագույն հենքը ապահովված ընտանիքն է: Այո՛, հազարամյակների փորձություն անցած ամուր հայ ընտանիքը մեր կարևորագույն արժեքն է: Եվ պատահական չէ, որ նախընտրական ծրագրի սոցիալական ոլորտը ներկայացված է «Սոցիալապես պաշտպանված ընտանիքներ» վերնագրի տակ:
Նախընտրական ծրագրում նախատեսվում է արմատապես փոխել մոտեցումն աղքատության խնդրին: Կյանքը ցույց տվեց, որ նպաստներով, սոցվճարներով աղքատությունը հաղթահարել հնարավոր չէ, պետք է վերացվեն աղքատությունը ծնող պատճառները: Եվ դրա համար առաջարկվում է անցում կատարել թիրախային, հասցեական սոցիալական քաղաքականության: Ուստի, պատահական չէ, որ առաջին հերթին պահանջ է դրվում, որ յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա աշխատանք, որով էլ կկարողանա ապահովել իր բարեկեցիկ կենցաղը: Եվ ահա այստեղ է, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքը պետք է զգա պետության իրական աջակցությունն ու օժանդակությունը: Այդ կարևորագույն և առաջնային խնդիրը լուծելու համար նախընտրական ծրագրում առաջարկվում է ներդնել սոցիալական համալիր ծառայությունների համակարգ: Նման համակարգի ներդրումը նշանակում է համապատասխան մարմինների կողմից նոր որակի ծառայությունների տրամադրում, շահառուի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների և մեխանիզմների կիրառում:
Որպեսզի այս մոտեցումն ավելի պարզ ու բացված լինի, բերենք մի քանի կոնկրետ օրինակ: Այսպես, եթե սոցիալական ծառայությունն ուսումնասիրել և պարզել է, որ ընտանիքում կա հմուտ մասնագետ կամ մասնագետներ, ապա ծառայությունը պետք է ակտիվ աշխատի այդ անձանց համապատասխան որակյալ աշխատանքով ապահովվելու ուղղությամբ: Կամ՝ ընտանիքն ունի տաղանդավոր, շնորհաշատ և ուսումնատենչ երեխաներ, ծառայությունը պետք է ապահովի նրանց ուսման հնարավորությունը: Եթե ընտանիքում կա վատառողջ, առողջապահական շտապ միջամտություն պահանջող անձ, ծառայությունն իր ադմինիստրատիվ և նյութական հնարավորությունն ուղղելու է ընտանիքի այդ անդամին բժշկական կոնկրետ օգնություն ցուցաբերելուն, և այսպես շարունակ:
Նախընտրական ծրագրում, մասնավորապես նախատեսվում է սոցիալական պաշտպանության ոլորտում անցում կատարել դեպի նախաձեռնողական ակտիվ քաղաքականության իրականացմանը, որի շրջանակում հետևանքները վերացնելուն միտված պասիվ ծրագրի (դրամական վճարումներ, արտոնություններ) հաշվին ընդլայնվելու են սոցիալական անբավարարվածություն (սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն) ծնող պատճառները վերացնելուն և կանխարգելելուն միտված ծրագրերը: Արդյունքում՝ սոցիալական պաշտպանության ոլորտը զուտ վերաբաշխման գործառույթ կատարելու փոխարեն նպաստելու է մարդկային կապիտալի զարգացման միջոցով տնտեսական աճի ապահովմանը: Եվ ըստ ՀՀ նախագահ ու ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ «Նշված անցումը ենթադրում է նաև շահառուին տրամադրվող սոցիալական ծառայությունների տեսակների ընտրության հիմքում ընդունել համապարփակ վերլուծության արդյունքում բացահայտված շահառուի կոնկրետ կարիքը»:
Ծախսային առաջնահերթություն են լինելու կենսաթոշակների չափերի շարունակական բարձրացումները՝ նպատակ ունենալով հասնելու սպառողական նվազագույն զամբյուղի չափին, որպես թիրախ ընտրելով ցածր եկամուտներ ունեցող կենսաթոշակառուներին: Դա միտված է ոչ միայն ապահովելու կենսաթոշակառուի կենսական պահանջմունքները, այլև սպառողական սանդղակը բարձրացնելուն զուգընթաց նպաստելու է տնտեսական աճին, նաև աշխատատեղերի ավելացմանը: Հետագայում կուտակային համակարգի ներդրմամբ կենսաթոշակային ապահովության խնդիրը կստանա հիմնարար լուծում:
Նախընտրական ծրագրում հիմնարար տեղ է հատկացված հաշմանդամություն ունեցող անձանց՝ նրանց զբաղվածության առումով: Ցանկության դեպքում հաշմանդամը առաջնահերթության կարգով պետք է ունենա հարմարեցված աշխատանք:
ՀՀ նախագահ ու ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում նախատեսվում է լուծել պետության համար ֆինանսական առումով դժվարին, բայց և չափազանց կարևոր բարոյական նշանակություն ունեցող հետևյալ հարցը: Կարճ ժամկետներում պետք է լուծվի ու ավարտվի զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային ապահովվածության խնդիրը, նաև հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների ապահովվածության հարցը:
Մեր հասարակությանը հուզող հաջորդ կարևորագույն ոլորտը առողջապահությունն է: Վերջինս նախընտրական ծրագրում ներկայացվում է դարձյալ հիմք ունենալով ընտանիքը՝ «առողջ ընտանիքներ» վերնագրով: Ծրագրում նախագահ Սերժ Սարգսյանը հարցը դնում է ավելի լայն շեշտադրմամբ՝ համահունչ առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումներին, այն է՝ «Առողջություն բոլորի համար» կարգախոսը: Իհարկե, ճշմարիտ է այն կարծիքը, որ առողջապահությունը առողջության լայն և ընդգրկուն հասկացության ընդամենը մի հատվածն է, այո՛, շատ կարևոր հատվածը: Եվ ՀՀ նախագահի մեր թեկնածուն շեշտը դնում է հիվանդությունների կանխարգելման վրա՝ առողջ կենսակերպի համար պայմաններ ստեղծելու միջոցով: Ըստ էության, հանրապետությունում նախորդ տարի կիրառվեցին ապահովագրական առողջության փորձնական տեղադրումներ, 120 հազար հանրային ոլորտի աշժխպատողների համար գործեց սոցիալական փաթեթը. խոսքը մանկավարժների, որոշ մասնագիտությունների և պետծառայողների համար կիրառված ապահովագրական ծրագրերի կազմակերպումն էր, որն ընդգրկում էր ինչպես առողջության վերականգնումը, հիվանդությունների ընդհանուր ախտորոշումը, այնպես էլ հանգստի կազմակերպումը: Այս ոլորտում ապագան, անկասկած, լինելու է ապահովագրական առողջապահության ինստիտուտի խորացումն ու ընդլայնումը, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են: Ըստ այդմ, առաջին հերթին պետական պատվերի շրջանակներում որոշ հիվանդությունների տեսակների և սոցիալական անապահով խավերի համար ներդրվելու է բժշկական ապահովագրության ինստիտուտը:
Ելնելով հանրապետության ժողովրդագրական իրավիճակից՝ շարունակվելու է վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունների մատչելիության ապահովումը: Հայաստանի ողջ տարածքով ձևավորվելու է այնպիսի միջավայր, որտեղ մայրանալու ապահով լինելը հասարակական համոզմունք կդառնա: Ծնելիությունը խթանելու նպատակով ներդրվելու է մայրական կապիտալի համակարգ: Չի կարող չգոհացնել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում արտացոլված հոգատար վերաբերմունքը բազմազավակ ընտանիքների նկատմամբ: Այսպես, երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում տրվող միանվագ նպաստի չափը պետք է լինի խրախուսական, իսկ 5-րդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում պետության կողմից տրվող աջակցությունը էապես կնպաստի բազմազավակ ընտանիքների կյանքի պայմանների բարելավմանը: Բազմազավակ ընտանիքները դիտարկվելու են որպես ապահով հասարակության կարևորագույն օղակ: Ծրագրում կարևորագույն տեղ է տրված բժիշկների պարտադիր վերապատրաստմանը, այդ թվում՝ աշխարհի լավագույն կլինիկաներում: Շարունակվելու է հանրապետության ողջ տարածքում գործող և գործարկվելիք կլինիկաների հետևողական զարգացումը, ընդ որում՝ շեշտը դրվելու է ոչ թե հիվանդանոցների հզորությունների բարձրացմանը ըստ մահճակալների քանակի, այլ առաջավոր բուժական տեխնալոգիաների ւ հետվիրահատական վերականգնման գրագետ կիրառման վրա: Եվ սա հնարավորություն է ստեղծում կիրառելու առաջավոր երկրներում քննություն բռնած պրակտիկան, մասնավորապես, Շվեյցարիայում լայն տարածում գտած պոլիկլինիկաներին կից քիչ քանակի ստացիոնար բուժման պալատների և ընտանեկան բժիշկների հսկողության տակ տնային պայմաններում ստացիոնար բուժման մեթոդի կիրառմանը: Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքացիների համար առաջին անգամ երաշխավորվելու է սրտի անհետաձգելի վիրահատությունը: Ակնհայտ է պետպատվերի շրջանակներում կատարվող հիվանդությունների և հիվանդացությունների գների ռեալականացման և ռեալ ֆինանսական տեղադրման անհրաժեշտությունը:
Նախընտրական ծրագրում ընդգծվում է Հայաստանը դարձնել առողջապահության գերազանցության տարածաշրջանային կենտրոնի գաղափարը և դրա իրականացմանը միտված քայլերը: Մասնավորապես, դրանցում ներառվում է նաև ուռուցքաբանության հայկական կենտրոնի շարք մտնելը: Արյունաբանության հիվանդանոցը (ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական լաբորատոր ախտորոշման և բուժման տեխնոլոգիաների կիրառմամբ): Փոքր քիմիայի զարգացման ծրագրերի շրջանակում պետականորեն ձևավորվելու է եզակի դեղանյութերի և դեղամիջոցների ստեղծման, արտադրման ու արտահանման գործընթացը:
Ցանկանում եմ անդրադառնալ նաև բնապահպանական մի քանի խնդիրների: Մեր գողտրիկ Հայաստանն ամբողջ հայությանն է պատկանում, և ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ակտիվ աշխատանքը Սփյուռքի հետ տվեցին իրենց պտուղները: 2012 թ. տարեվերջին ստեղծվեց համահայկական բնապահպանական ճակատը, որը միտված է պահպանելու և սերունդներին փոխանցելու մեր երկրի բնական հարստությունները: Նկատենք, որ շրջակա միջավայրի, բնական ռեսուրսների պահպանումն ու վերարտադրությունը միշտ էլ եղել է Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում: Հիշենք մեր հանրապետության էկոլոգիական հարցերի հարց Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման խնդիրը, որի համար ՀՀ նախագահին կից 2009 թ. սկսեց գործել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման համալիր և տարեկան ծրագրերի իրականացման հատուկ հանձնաժողովը, որը, անկասկած, իր ավարտին կհասցնի Սևանա լճի մակարդակի բարձրացումը մինչև նախանշված նիշը` 1903,5 մետր: Կիրականացվի մեր հանրապետության հիմնական ջրային ռեսուրսի փրկության ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ հանդիսացող խմելու ջրի պահպանման հարցը:
Հետևելով ՀՀ նախագահի մյուս թեկնածուների նախընտրական ծրագրերին՝ պետք է դրական համարել ուշադրության արժանի մի շարք առաջարկություններ, որոնք արվում են նրանց կողմից: Սակայն անհրաժեշտ է նշել, որ դրանք կրում են հատվածական բնույթ և կարող են լուծել միայն լոկալ խնդիրներ: Արված առաջարկությունները չունեն այն գլոբալ ամբողջական կոնցեպցիոն բնույթը, որն առաջարկում է ՀՀ գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր «Դեպի ապահով Հայաստան» նախընտրական ծրագրում: Ավելին, ծրագրի ցանկացած դրույթից նաև բխում են իրագործման ենթակա բազմաթիվ նոր ծրագրեր: Հատուկ նշենք, որ դրանք իրագործելու համար միաժամանակ անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ կարողություններով օժտված կադրեր, պատասխանատվության մեծ զգացում ունեցող թիմ: ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի իրականացումը պահանջում է կոնսոլիդացիա, պատրաստակամություն և մտածող, համապատասխան ոլորտում փորձառություն ունեցող հանրապետության ցանկացած քաղաքացու ակտիվ մասնակցությունը:
Սիրելի հայրենակիցներ, ես միայն հակիրճ անդրադարձ կատարեցի ՀՀ գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի ընդամենը երեք ոլորտներին և այսքանն էլ համոզիչ վկայությունն է այն բանի, որ անպայման ունենալու ենք հզոր, բարեկեցիկ և ապահով Հայաստան, իսկ դրա իրականացումը հնարավոր է միայն կայունության և խաղաղության պայմաններում, որի ապացուցված երաշխավորն իր հավասարակշռված, ազգանպաստ քաղաքականությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է: Գործող նախագահի շուրջ համախմբվելը և նախագահական առաջիկա ընտրություններին նրան սատարելն այսօրվա հրամայականն է: Մենք պարտավոր ենք ՀՀ նախագահական այս ընտրություններից դուրս գալ ավելի համախմբված և ուժեղ:
ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
«Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ,
ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,
տեխնիկական գիտությունների թեկնածու