Արտաշես Գեղամյան. «Մեր նախագահը բացառապես հայամետ քաղաքական գործիչ է»
(Արտաշես Գեղամյանի հարցազրույցը “Вечерний Новосибирск” թերթի քաղաքական մեկնաբան Վլադիմիր Կուզմենկինին, տպագրված 17.01.2013 թ. «Աշխարհը և մենք» միջազգային տեղեկատվա-բանավեճային ինտերնետ-պորտալում)
22.02.2012, Իրավունք
- Արտաշես Գեղամյանը հանրապետությունում ճանաչված քաղաքական գործիչ է։ Եվ բանն այն չէ, որ նա խոսքի տակ մնացող չէ. քաղաքական մեծ փորձառություն ունի նա։ Դժվար ժամանակներում եղել է Երևանի քաղաքապետ, ահա արդեն չորրորդ անգամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է։ Ստեղծել է «Ազգային միաբանություն» կուսակցությունը, յոթ տարի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում եղել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում, ներկայումս գլխավորում է Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում։
Մեր զրույցը հանրապետությունում գալիք նախագահական ընտրությունների օրակարգի մասին է։
- Իմ կարծիքով՝ խնդրի էությունն այն է, որ ճակատագրի բերումով և իր աշխարհագրությամբ Հայաստանը հայտնվել է շատ բարդ տարածաշրջանում։ Պետական սահմանի ընդամենը մի փոքր հատվածն է մեծ կապում Իրանի՝ մեզ ավանդաբար բարեկամ այդ պետության հետ։ Մեր կողքին են Թուրքիան՝ իր չափից դուրս մեծ նեոօսմանյան նկրտումներով, և Ադրբեջանը, որն իր նախագահի բերանով հայտարարում է, թե ադրբեջանցի ժողովրդի թշնամին ոչ միայն մեր երկիրն է, այլև համայն հայությունը։ Հարևաններից մյուսը Վրաստանն է՝ Ռուսաստանի հետ հարաբերություններով պայմանավորված իր հայտնի արտաքին քաղաքական խնդիրներով ու դրանց բացասական հետևանքներով, որը մեր ռազմավարական գործընկերն է, մերձավորագույն դաշնակիցը տարածաշրջանային քաղաքականությունում։
Եվ երբ նման պայմաններում հանկարծ ծանոթանում ես այնպիսի գործիչների կարծիքներին, որոնք, հավակնելով ծանրակշիռ տեսք ունենալ քաղաքականության մեջ, սկսում են զբաղվել անաչառ քաղաքականամոլությամբ, այն էլ՝ տարածաշրջանի հիմնական աշխարհաքաղաքական առանձնահատկություններից կտրված, ապա պարզապես վհատվում ես։ Քանի որ մի բան ակնհայտ է. արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանի ողջ ներքաղաքական կյանքը պետք է ծառայեցվի մեն-մի գլխավոր նպատակի՝ հայ ժողովրդի համախմբմանը։
- Այլապե՞ս։
- Այլապես տեղի կունենա քաղաքական էլիտայի և առհասարակ հայ հասարակության պառակտում, ինչը հետագայում անխուսափելիորեն կհանգեցնի պետականության կորստի։ Եթե քաղաքական գործիչը իրոք պատասխանատու է, ապա չի կարող չգիտակցել ասածս, ուստիև չի կարող չսատարել Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանին։
- Ի՞նչ կարող եք ասել նրա մասին՝ որպես քաղաքական գործչի։
- Դե, նախ և առաջ, և միաժամանակի, որ հատկապես կարևոր է, հանդուրժող մարդ է։ Դատելով նախագահի պաշտոնում նրա գործողություններից՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունը. նա զգում է իր պատասխանատվությունը հայկական պետության և ժողովրդի առջև, Պատմության առջև... Հաճախ նրան հանիրավի քննադատում և նույնիսկ վիրավորում են, բայց եթե նա, պետության ղեկավարը լինելով, լիապես իշխանությանը տիրապետելով, տեսնի, որ իր միանգամայն օրինական գործողությունները ի վերջո հանգեցնում են հանրապետության առջև ծառացած գլխավոր խնդրի լուծմանը՝ մեր ժողովրդի և հանրության համախմբմանը, ապա կարող է մի կողմ նետել ամեն անձնականը։ Սա էլ՝ երկրորդ հերթին: Մի բան, որն անշուշտ, վկայում է ղեկավարի, առաջնորդի խորունկ ներաշխարհի և հոգևոր հարստության մասին։
Եթե որևէ մեկն իրեն քաղաքական գործիչ է համարում, ապա պարտավոր է հասկանալ սա, և այդ դեպքում, բնականաբար, նա պարզապես չի կարող չսատարել Սերժ Սարգսյանին, քանի որ բանը ոչ թե կոնկրետ անձին սատարելն է, այլ այն, որ արտաքին սպառնալիքներից պաշտպանենք և շարունակենք պահպանել ոև այսուհետ էլ զարգացնել մեր պետությունը։
- Իսկ ո՞վ է քաղաքական ասպարեզում դիմակայում նախագահ Սարգսյանին։
- Բանն այն չէ, թե ով է դիմակայում, այլ այն, որ մենք ունենք մարդկանց որոշակի մի տեսակ, որոնք, չգիտես ինչու, իրենց անվանում են քաղաքագետներ և իրենց իմացությունը քաղում են լավագույն դեպքում թերթերից։ Եվ չունեն քաղաքական և պատմական ընթացքի խորքային ըմբռնում գլոբալացման ժամանակակից բարդ փուլում, ընդհանրապես զուրկ են արդի աշխարհի բոլոր ոլորտների գլոբալ փոփոխությունների մասին ծայրահեղորեն պահանջվող գիտելիքներից։ Նրանք չգիտեն, թե ինչքան են համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոնները, չեն հասկանում, թե որպիսին է դրանց ազդեցությունն աշխարհի և, մասնավորապես, մեր տարածաշրջանի իրադարձությունների վրա։
Նրանք պարզապես պատկերացում չունեն, թե ինչ է Մեծ Մերձավոր Արևելքը, թե ինչ ռազմավարություն է այսօր իրականացվում այդ տարածաշրջանում համաշխարհային քաղաքականության ուժայինյ կենտրոնների կողմից, և թե դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հարավային Կովկասի երկրների համար։ Ավելին, ես վստահ չեմ` արդյոք նրանք գիտե՞ն այնպիսի պարզ թվացող իրողություններ, որ, օրինակ, Հայաստանի ապրանքաշրջանառության 30%-ն իրականացվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով, իսկ 70%-ը՝ Վրաստանի։ Նրանք ի՞նչ կարող են ասել այս մասին։ Այնինչ, այս ամենն իմանալը շատ ու շատ անհրաժեշտ է։ Որպեսզի ասածներս մերկապարանոց չհնչեն, միայն մի փաստ ներկայացնեմ, որը շատ պերճախոս է։ Այսպես, 2008թ. օգոստոսին, արդեն վրաց-հարավօսական պատերազմի ավարտից հետո, Վրաստանի տարածքում «անհայտ ուժերի» կողմից պայթեցվեց միայն մի կամուրջ, և Հայաստանի ու Վրաստանի հաղորդակցությունը խզվեց, ու 17 օր կամուրջը չէր նորոգվում։ Դա յուրատիպ նախազգուշացում էր հայկական կողմին առ այն, որ Հայաստանը չմտածի անգամ հայաբնակ Ջավախքի անջատական տրամադրությունները պաշտպանելու մասին, թեև իրականում մենք երբեք մեր վրացի հարևաններին նման երկյուղներ ունենալու առիթ չենք տվել։ Կարծում եմ, այս օրինակը խոսուն վկայում է, թե աշխարհագրական առումով որքան խոցելի է Հայաստանը։ Ավաղ, սա փաստ է, բայց դա նաև չի նշանակում թե, գտնվելով, մեղմ ասած, այսչափ անհարմարավետ պայմաններում, կարող ես քաղաքական արկածախնդիր լինել և այնպիսի գործողություններ թույլ տալ, առավել ևս՝ երկրում ինչ-որ քաղաքական հաշվեհարդարներ կազմակերպել, որոնք կարող են սասանել հայոց պետականությունը։ Դա և՛ անլուրջ է, և՛ բնավ չի պատշաճում նրան, ով Հայաստանի համար այսքան բախտորոշ ժամանակաշրջանում իրեն նվիրել է քաղաքականությանը։
- Այսինքն՝ քաղաքական գործիչն իրեն պետք է պետական ա՞յր զգա։ Բայց արդյոք ձեր ուզածը չափազանց չէ՞։
- Իրոք լուրջ քաղաքական գործիչը, եթե իսկապես հավակնում է այդպիսին լինել, պարտավոր է իր գործունեության անկյունաքարը դարձնել այն հարցերը, որոնց լուծումը կնպաստի պետականության ամրապնդմանը։ Հենց սա պետք է առաջ մղի նրան իր քաղաքական գործունեության մեջ։ Ի դեպ, սա ամենադժվար, բայց, միևնույն ժամանակ, ամենաշահեկան ճանապարհն է: Իհարկե, շահարկելով քաղաքացիների տրամադրությունները` կարելի է ինչ-որ այսրոպեական հաջողությունների հասնել բնակչության որոշակի շերտերի շրջանում, կարելի է անգամ հանրահայտ դառնալ այդտեղ, սակայն և միաժամանակ հարկ է հասկանալ, որ, ի վերջո, պոպուլիզմը կարող է քեզ քաղաքական խեղկատակի պատվանդան բարձրացնել։ Հայտնի բան է` ջրի բերածը ջուրն էլ տանում է, մինչդեռ պետության շահերը մշտակա են։
- Ուրեմն, ի՞նչ պետք է անեն այսօր Հայաստանի քաղաքական գործիչները ։
- Սկսենք նրանից, որ այս պարզ, այբբենական քաղաքական ճշմարտությունները, ցավոք, բոլորը չէ, որ հասկանում են. այստեղ ավելի շատ ինքնազմայլանք, չափից դուրս մեծ հավակնություններ կան, ցուցադրանք։ Դա մենք տեսնում ենք նաև մեր խորհրդարանում՝ լսելով առանձին հռետորների։ Իսկ սկսել պետք է նրանից, որ հստակ որոշվեն պետության գերակա նպատակները։ Դրանից հետո անհրաժեշտ է ձևակերպել այն խնդիրները, որոնց լուծումը կերաշխավորի առաջադրված նպատակներին հասնելը։ Այնուհետև, հարկավոր է հաշվարկել երկրի ներքին և արտաքին այն ռեսուրսները, որոնք կպահանջվեն առաջադրվող խնդիրները լուծելու համար։ Միևնույն ժամանակ, իհարկե, պետք է հաշվի առնել երկրի արտաքին քաղաքական և ռազմաստրատեգիական հնարավորությունների ողջ համախումբը, գնահատել դրանց համարժեքությունն ծրագրված նպատակներին։ Եվ երբ այս ամենն արված լինի, հարկավոր է համակարգել իշխանության բոլոր ճյուղերի` նախագահական, օրենսդիր, գործադիր և մամուլ, գործունեությունը՝ քաղաքականությունը ամբողջապես ծառայեցնելով պետության առջև կանգնած գլխավոր խնդիրների իրագործմանը։
Հայ քաղաքական գործիչների իմաստնությունն այն կլինի, որ հասկանան Հայաստանի առջև կանգնած խնդիրների բարդության աստիճանը և կուռ համախմբվեն՝ հստակ դերաբաշխմամբ։
- Դրա համար թիմ է հարկավոր...
- Միանգամայն ճիշտ է։ Եվ այդ թիմը պետք է զբաղվի ոչ թե քաղաքականություն խաղալով, այլ պետության շահերի պահանջած քաղաքականությամբ։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է բոլոր քաղաքական ուժերի առարկայական տարաբաշխումը։ Օրինակ, ես խորհրդարան եմ անցել իշխող Հանրապետական կուսակցության ցուցակով և, բնականաբար, պարտավոր եմ հետևել նրա նախընտրական ծրագրին։ Դրա հետ մեկտեղ, որպես «Ազգային միաբանություն» քաղաքական կուսակցության ղեկավար՝ ես կարող եմ թույլ տալ ինձ հնչեցնել այս կամ այն նախընտրական խնդրի լուծման իմ պատկերացումը, ինքնուրույն գիծ վարել ընդհանուր մտահղացման պայմաններում։ Կարծում եմ, սա ճիշտ գիծ է։ Ամենագլխավորն այն է, որ ես կարող եմ իմ ձևակերպումներում և գնահատականներում ավելի կոշտ լինել, քան իմ գործընկերները, կրկնում եմ՝ նախընտրական խնդիրների իրագործման պայմաններում։
Դե, իսկ թիմն ընդհանուր առմամբ այնքան ավելի ուժեղ կլինի, որչափ ավելի լուրջ կընկալվի պատմական պահը։
- Փետրվարին կայանալիք ընտրություններում «Ազգային միաբանությունը» սատարելու է Սերժ Սարգսյանի՞ն։
- Ես շատ լավ եմ հիշում Հին Կտակարանի հայտնի պատվիրանը` քեզ կուռք մի արարիր... Փորձում եմ հետևել դրան։ Բայց այսօր Հայաստանում միանգամայն չեզոք, բայցև կենսական իրողություններից չկտրված որևէ մեկը չի կարող իրեն հաշիվ չտալ, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը` ՀՀ Սահմանադրությամբ լինելով երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, օբյեկտիվորեն պահանջված է հայկական պետության կողմից։ Պարզապես այսօրվա դրությամբ Հայաստանում չկա նման մեկ այլ քաղաքական գործիչ, ինչպես Ռուսաստանում են ասում՝ «քաղաքական ծանրքաշային», որն ի վիճակի լինի համախմբել քաղաքական վերնախավն ու ազգը։
- Նախագահ Սարգսյանի քաղաքական գծի այլընտրանքը արևմտամետ գի՞ծն է։
- Ես այլ կերպ կասեի. մեր նախագահը բացառապես հայամետ քաղաքական գործիչ է։ Անգամ նրանք, ովքեր, չգիտես ինչու, իրենց քաղաքական գործիչ են համարում, որոնց փողի քանակությունը զգալիորեն գերազանցում է նրանց «գորշ նյութի» քանակությունը, մտավոր կարողությունները, չեն կարող չհասկանալ դա։ Իսկ առանձին գործիչների՝ Հայաստանի քաղաքական դաշտում սեփական բացառիկությունը հռչակելու փորձերի առումով նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչ անեմ` լա՞մ, թե՞ խնդամ։
- Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների թեման շատ բարդ է։ Ով ինչ էլ ասելու լինի՝ միևնույն է, Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը երբեք չի մոռացվի։ Պատմությունը միշտ ազդում է քաղաքականության վրա, բայց, պարզվում է, անգամ ամենադժվար իրավիճակում կարելի է պրագմատիկ քաղաքականություն վարել՝ զանց չառնելով ազգային շահերը։ Ի՞նչ կարող եք ասել: Այսօր երկու հարևան երկրների հարաբերությունների և դրանք պայմանավորող գործոնների մասին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ մշտական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։Եկեք սկսենք «ֆուտբոլային դիվանագիտությունից»։ Տեղեկությունը, թե Հայաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպելու են իրենց ֆուտբոլի հավաքականների խաղերին, իսկական սենսացիա էր։ Հե՞շտ էր արդյոք Հայաստանի նախագահի համար նման քայլի դիմելը։
- Դա չափազանց բարդ և չափազանց պատասխանատու որոշում էր։ Ես միշտ ջերմորեն եմ վերաբերվել Սերժ Սարգսյանին, թեև ժամանակին քիչ չենք վիճել, բայց պետք է ասեմ, որ Հայաստանի նախագահի այդ որոշումն ինձ վրա ուժեղ տպավորություն գործեց. դա իսկական պետական այրի արարք էր։ Դուք իրավացի եք, պատմական հիշողությունը միշտ ազդում է պետությունների քաղաքականության վրա, բայց պետական այրերի իմաստնությունն էլ հենց այն է, որ ճիշտ դասեր քաղեն սեփական պատմությունից և վարվող արտաքին քաղաքականությունը ծառայեցնեն ազգի և պետության բարօրությանը։ Նման մոտեցման դեպքում, անգամ ամենաբարդ իրավիճակում, այո, կարելի է պրագմատիկ քաղաքականություն վարել՝ զանց չառնելով ազգային շահերը։ Հիշենք բրիտանացի իմաստուն վարչապետ լորդ Փալմերսթոնի թևավոր խոսքը, որը մեր օրերում ևս չի կորցրել իր այժմեականությունը. «… ես հաստատում եմ, որ անհեռատեսություն է այս կամ այն երկիրն Անգլիայի անփոփոխ դաշնակից կամ հավերժական թշնամի համարելը։ Մենք չունենք անփոփոխ դաշնակիցներ, մենք չունենք հավերժական թշնամիներ։ Միայն մեր շահերն են անփոփոխ և հավերժական, և մեր պարտքն է հետևել դրանց»:
ՀՀ նախագահը կրակն իր վրա վերցրեց և սուր քննադատության ենթարկվեց՝ չէի ասի, թե ոչ հայրենասերների կողմից, բայց, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները,այդ քաղաքագետները այնքան էլ հեռատես չէին։ Քննադատություն հնչեց նաև սփյուռքի կողմից։ Բայց նախագահը գիտակցաբար իր վրա վերցրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ողջ պատասխանատվությունը։ Հետագայում նախագահի գործողությունները հարյուրապատիկ ծառայեցին հայկական պետության շահերին։ Այսօր Հայաստանն այս հարցում իրեն դրսևորել է որպես տարածաշրջանում խաղաղության ճակատագրի համար պատասխանատու վեհանձն պետություն, որը պետական իմաստնություն, համարձակություն և հեռատեսություն ունեցավ և չհրաժարվելով 20-րդ դարասկզբի իր ողբերգական պատմության և ոչ մի էջից՝ հանուն ապագա սերունդների ստանձնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքական գիծը։
- Բայց կա այսպիսի մի տեսակետ, թե այդ նույն «ֆուտբոլային դիվանագիտությունը» ոչինչ չտվեց. շոշափելի ոչ մի արդյունք չկա...
- Նա, ով այդպես է պնդում, բացարձակապես չի հասկանում աշխարհաքաղաքականության հարցերը, արհեստականորեն մեկուսացնում է Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գլոբալ գործընթացներից։ Այսօր Հայաստանի նախագահը լրիվ բարոյական իրավունք ունի հանդես գալու ազգային առաջնորդի դիրքերից, որը ոչ թե խնդրում, այլ համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոնների առաջնորդներից պահանջում է համարժեք ներգործություն թուրքական իշխանությունների վրա, որոնք, ինչպես ժամանակը ցույց տվեց, պատրաստ չեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Նա իրավունք ունի ասելու. Միացյալ Նահանգների մեր հարգարժան ընկերներ և գործընկերներ, դուք միշտ պնդում էիք, որ Հայաստանն անի անհնարինն ու գնա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով, և մենք այդ քայլն արեցինք։ Եվրամիությունը նույնպես հետևողականորեն Հայաստանին մղում էր դեպի այդ գործողությունները, և Ռուսաստանն էլ դեմ չէր։ Բայց ի՞նչ ենք տեսնում այսօր։ Ինչո՞ւ Թուրքիայի իշխանությունները ձեր լռության պայմաններում հետագայում անտեսեցին ձեր իսկ նախաձեռնած քաղաքականությունը։ Ինչո՞ւ դուք դավեցիք մեզ:
Ես, իհարկե, ժամանակին ձեռնպահ մնացի և Հայաստանի նախագահին չպատմեցի այն զրույցի մասին, որը հիմա կներկայացնեմ ձեզ։ Բանն այն է, որ մի շատ հետաքրքիր հանդիպում եմ ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Մոնակոյի նստաշրջանում, նախագահ ընտրվելուց հետո, նա հրավիրեց, որպեսզի ծանոթանա ինձ հետ՝ որպես Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարի։
Եվ երբ նրա նախաձեռնությամբ խոսք բացվեց Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին, ես ասացի հետևյալը. Եվրամիությունը և ԱՄՆ-ը պետք է գլխի ընկնեին և Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներ ներկայացնեին երկու նախագահի՝ Հայաստանի և Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանին և Աբդուլա Գյուլին։ Որովհետև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նրանց սկսած գործը տղամարդու արարք էր։ Չէ՞ որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո ոչ ոք չգիտեր, թե ինչի կարող է դա վերածվել և ինչի հանգեցնել... Ինչպես նման դեպքերում ասում են Ռուսաստանում՝ бабушка надвое сказала… Եթե Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհեին մեր երկրների նախագահներին, Գյուլը պարզապես այլ բան չէր ունենա անելու, քան թուրքական խորհրդարանի կողմից Ցյուրիխյան արձանագրությունների վավերացմանը հասնելուց և իբրև Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացման ջատագով հանդես գալուց բացի։
Պարոն Միլյորին ի պատասխան ասաց, որ դա շատ հետաքրքիր գաղափար է, բայց հարկավոր էր, որ մենք ավելի վաղ հանդիպեինք։ Ես էլ ասացի, թե դեռ ուշ չէ...
- Այնուամենայնիվ, հուշարձանը Կարսում, թեկուզև ոչ այնքան գեղեցիկ, բայց քանդեցին։ Եվ բոլորը դրանում նշան տեսան։
- Այո, հուշարձանն, իհարկե, անտաղանդ էր, բայց այստեղ կարևոր է առաջին հերթին արարքի փիլիսոփայությունը։ Վանդալիզմի հերթական դրսևորումը թուրքական իշխանություններն, իհարկե, վերագրեցին «սլաքավարին», որի դերում հայտնվեց Կարսի քաղաքապետը։ Բայց մենք հո հիանալի հասկանում ենք, թե ինչպես են նման բաներն արվում։ Էությունն այն է, որ Թուրքիան դրանով թե՛ իր քաղաքացիներին, թե՛ արտաքին քաղաքական գործընկերներին ցույց տվեց իր իսկական դիրքորոշումը։ Ընդ որում՝ դա այնպես արեց, որ ոչ մեկը որևէ կասկած չունենա։
Քանի որ խոսեցինք նշանների մասին, ուզում եմ այստեղ նշել այն ուրույն քայլը, որն արեց Ռուսաստանը։ Այն նույն օրերին, երբ Վլադիմիր Պուտինը՝ այն ժամանակ դեռ ՌԴ վարչապետ, Թուրքիայում հանդիպում էր իր պաշտոնակցի՝ Ռեջեփ Էրդողանի հետ, Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեր նախագահ Սերժ Սարգսյանի հետ 2010թ. Գյումրիում մասնակցում էր «Պատվո բլրի» (Ռուսական կայսրության՝ ռուս-թուրքական պատերազմներում զոհված սպաների թաղման վայրում կառուցված հուշահամալիր, սբ. Միքայել Հրեշտակապետի ժամատնով) բացման հանդիսավոր արարողությանը։ Այդ հուշահամալիրը գտնվում է հայ-թուրքական սահմանից ոչ հեռու։ Մարտական փառքի այդ հուշարձանը հիմնվել է 1856թ., Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Մուրավյովի հրամանով։ Հետո այն շատ տարիներ գտնվել է ցավալի վիճակում, և ահա վերջապես վերականգնված է։ Հուշահամալիրը փառաբանում է ռուսական խիզախությունն ու հայ-ռուսական մարտական բարեկամությունը։ Մենք մշտապես միասին ենք խփել թուրքերին, իսկ ռուս-թուրքական պատերազմները, հիշեցնեմ, տասներկուսն են եղել։
- Տագնապալի իրադարձություններ են տեղի ունենում Մերձավոր Արևելքում։ Խոսքն, առաջին հերթին, իհարկե, Սիրիայի մասին է։ Ձեզ չի՞ թվում արդյոք, որ Թուրքիան իրեն որմն ժանդարմի պես է պահում, որը չգիտես ումից ուրիշի երկրում կարգուկանոն հաստատելու լիազորություններ է ստացել։
- Բանն այն է, որ Էրդողանն ուզում է ներկայանալ որպես նեոօսմանիզմի ինչ-որ նորահայտ առաջնորդ։ Ըստ էության, նա ուժեղ առաջնորդ է Թուրքիայի համար։ Նրան կարելի է համեմատել Թուրղութ Օզալի հետ, որին թունավորեցին ցայսօր անհայտ հանգամանքներում։ Չէի ուզենա թերի ու կիսատ բաներ ասել, բայց Օզալը գրեթե պատրաստ էր ճանաչել Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, բայց դա կապված չէ նրա թունավորման վարկածների հետ։ Կա վարկած, թե նա ուզում էր պայմանավորվել քրդերի հետ՝ նրանց հոծ բնակեցման տարածքներին լայն ինքնավարություն տրամադրելու առումով, որին կտրականապես դեմ էին բարձրաստիճան շատ զինվորականներ և քաղաքական գործիչներ։ Այսօր հարկ է փաստել, որ Էրդողանն ակտիվորեն գործում է միջազգային ասպարեզում, նույնիսկ այնտեղ, ուր նախկինում Թուրքիան ոչ մի կերպ չէր ազդում իրադարձությունների վրա։ Օրինակ` դարձավ Լիբիայի արյունալի իրադարձությունների ակտիվ հրահրիչը, միջամտեց Եգիպտոսում կատարվող իրադարձությունների ընթացքին։ Հիմա ողջ իսլամական Արևելքը, թվում է, քաոսի վիճակում է։ Բայց իրականում այդ քաոսը կառավարելի է և կառավարվում է Արևմուտքի կողմից։ Շատ հեղինակավոր փորձագետների կարծիքով՝ այդտեղ վճռական դեր են խաղում ԱՄՆ-ը, Անգլիան և Ֆրանսիան, որոնք, ըստ էության, Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում նոր աշխարհակարգի կայացման ուղեղային կենտրոնն են հանդիսանում։ Այնինչ, Թուրքիայի վարչապետը շատ լավ հասկանում է, որ այդ տարածաշրջանի մուսուլմանները հաշվի կնստեն միայն այն առաջնորդների հետ, ովքեր ուղղադավան մահմեդականներ են։ Եվ ահա այստեղ օբյեկտիվորեն առաջ է գալիս նման առաջնորդի պահանջարկ։ Ինչպես ասում են, դատարկ տեղը մի բանով պետք է լցվի, ու հենց այստեղ է, որ հայտնվում է մի այդպիսի քաղաքական գործիչ, որն իր վրա է վերցնում թե՛ կատարվածը բացատրելու, թե՛ նոր կարգախոսներ առաջադրելու պարտականությունը։ Հենց դա էլ անում է Էրդողանը։
Նրա ձայնը կլսվի, չէ՞ որ նա տնտեսության առումով միանգամայն հաջող երկրի առաջնորդ է։ Անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Թուրքիան շատ դինամիկ է զարգանում, տնտեսական աճ գրանցում։ Իսկ ինչ վերաբերում է Իսրայելի հետ հակամարտությանը՝ կապված իսրայելական ռազմածովային ուժերի կողմից թուրքական «Մավի Մարմարա» նավի զավթման հետ, որը փորձում էր ճեղքել Գազայի շրջափակումը 2010թ. մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը, ապա մի շարք աղբյուրներ կարծում են, որ այդ հակամարտությունը հրահրվել էր հենց թուրք քաղաքական գործիչների կողմից և միտումնավոր բնույթ էր կրում, որի նպատակն էր սրել հարաբերություններն Իսրայելի հետ և հանդես գալ պաղեստինցի ժողովրդի շահերի պաշտպանի դերում, իսկ հետագայում էլ ստացած դիվիդենդներն օգտագործել արյունահեղություններից ջլատվող Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրենց ազդեցությունը ուժեղացնելու համար։ Ռեջեփ Էրդողանն իրեն արդեն տեսնում է տարածաշրջանային առաջնորդի դերում, ավելին՝ նրա ստահակությունն ու լկտիությունն այնտեղ են հասնում, որ հրապարակավ երախտագիտություն է հայտնում Ռուսաստանին, որ վերջինս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ճանաչել է Պաղեստինի անկախությունը։ Տեսեք՝ Էրդողանն արդեն երախտագիտություն է հայտնում նաև պաղեստինցի ժողովրդի անունից։ Արդյո՞ք սա նեոօսմանիզմի կրկնություն չէ։ Նա իրեն արդեն մի ինչ-որ մոդերատոր` այդ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներն ուղղորդող է զգում ։ Նման բաները, պետք է ձեզ ասեմ, շատ հեռագնա թիրախ ունեն։ Սա հաշվի առնելով՝ այն ամենն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում և նրա շուրջ, առանձնահատուկ իմաստ է ձեռք բերում։ Չէ՞ որ հիմա ինչ էլ որ ասելու լինեն Սիրիայի մասին, Բաշար Ասադն, այնուամենայնիվ, արդեն մեկ տարի ութ ամիս դիմակայում է ոչ թե զինված կազմավորումներին, որոնք, չգիտես ինչու, ընդդիմադիր են անվանվում, այլ համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոնների բավականին հզոր շրջանակներին, ինչպես նաև, մասնավորապես, Թուրքիային։ Սիրիան նախավերջին հենակետն է նեոօսմանյան նկրտումների առաջմղման ճանապարհին։ Նրանք ուզում են հնազանդեցնել Սիրիան, ավելի ճիշտ՝ այնտեղ կառավարելի քաոս ստեղծել։ Օրինակի համար հեռուն գնալ պետք չէ. մեկ տարի առաջ Եգիպտոսում, Թահրիր հրապարակում պահանջում էին կախել Մուբարաքին, իսկ այսօր պահանջում են նույնն անել Մուրսիի հետ։ Արյունահեղության շարունակումը Սիրիայում, այդ երկրի հետագա փլուզումը կհանգեցնեն այն բանին, որ Իրանը կհայտնվի կատարյալ մեկուսացման մեջ։ Կուզենայի հիշեցնել, որ այդ դեպքում բացառիկ ռազմավարական կարևորություն կստանա հայ-իրանական 46 կիլոմետրանոց սահմանը Մեղրու շրջանում, ինչպես նաև մոտ 110 կիլոմետրանոց սահմանն ազատագրված տարածքի պարագծով, որը վերահսկում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը։ Այսպիսով, հասկանալի է դառնում, որ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ վճռվում է ոչ թե մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման, այլ աշխարհի ճակատագիրը։
- Վերլուծաբաններ կան, որոնք կանխագուշակում են, որ եթե երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի, ապա դա տեղի կունենա հենց այստեղ...
- Երբ Վլադիմիր Պուտինը վերջերս աշխատանքային այցով Թուրքիայում էր, նա այնտեղ շատ կոշտ մի բան ասաց։ Իրեն հատուկ հումորով և հանդարտությամբ, նա հասկանալ տվեց, որ ամերիկյան «Փեթրիոթ» հրթիռային համալիրներն արդի ռուսական տեխնիկայի համեմատ արդեն կարգին հնացել են... Այսինքն՝ Ռուսաստանի նախագահը հասկանալ տվեց, որ չարժե սահմանի մոտ «Փեթրիոթներ» տեղադրել. դա ամենևին էլ պատնեշ չի հանդիսանա, եթե հանկարծ հարկ լինի չեզոքացնել Թուրքիայի հակաօդային պաշտպանության համակարգը։ Այնպես որ, կարծում եմ, Թուրքիան հիմա չի համարձակվի նոր ռազմական արկածախնդրությունների դիմել։ Չարժե մոռանալ նաև արդի Թուրքիայի համար խիստ սուր քրդական խնդիրը։ Ի՞նչ եք կարծում, պատահակա՞ն էր արդյոք, որ մեկ-երկու ամիս առաջ Մոսկվայում էին Իրաքի նախագահը և Իրաքյան Քրդստանի նախագահ, Քրդստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մասուդ Բարզանին։ Բոլոր այս նրբությունները, և այստեղ կասկած չկա, արդեն մանրամասն վերլուծվել են թուրք քաղաքական գործիչների կողմից։ Մանավանդ որ ԱՄՆ-ը հիմա շատ ավելի զգույշ և շրջահայաց է գործում, քան Ջորջ Բուշ-կրտսերի օրոք՝ նրա կովբոյական անխոհեմություններով հանդերձ։
- Նման իրավիճակը Հայաստանի համար շատ բարդ է։
- Այո, Մեծ Մերձավոր Արևելքում ստեղծված արտաքին քաղաքական իրավիճակը բավական բարդ է։ Հարկավոր է պետական իմաստնություն ունենալ՝ Եվրամիության հետ գործընկերային, ԱՄՆ-ի հետ՝ շատ լավ, Վրաստանի հետ՝ նորմալ, Իրանի հետ՝ բարիդրացիական և, իհարկե, Ռուսաստանի հետ՝ դաշնակցային ու եղբայրական հարաբերություններ ունենալու համար։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը հենց նման հարաբերություններ է հաստատել վերոնշյալ երկրների հետ։ Դե, իսկ Թուրքիայի մասին մենք արդեն խոսեցինք...