ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ

26.12-27.12.2012, Իրավունք

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների համաձայն՝ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմել է 1 մլն 440 հազար 900 մարդ։ Զբաղվածների թիվը՝ 1 մլն 175,1 հազար մարդ։ Գործազրկության պաշտոնական մակարդակը 2011թ. վերջին կազմել է 18,4%։ Գործազրկության առավել բարձր մակարդակը գրանցվել է Երևանում՝ 30,2%, Շիրակի և Կոտայքի մարզերում՝ 19,3%, Լոռու մարզում՝ 18,4%։ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ գործազուրկների ընդհանուր թիվը կազմել է 265 հազար 800 մարդ։ Եթե նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված վճռական քայլեր չձեռնարկվեն, ապա գործազուրկներից շատերը կհամալրեն հանրապետությունից արտագաղթողների շարքերը՝ հեռանկարում ունենալով նաև այն, որ Հայաստանը կլքեն նաև նրանց ընտանիքների անդամները։ Այսպես, ընթացիկ տարվա 10 ամիսների արդյունքներով երկրից մեկնել է 1 մլն 880 հազար մարդ, վերադարձել է 1 մլն 771 հազարը, միգրացիայի բացասական սալդոն կազմել է 88 հազար 241 մարդ (ՀՀ Միգրացիոն ծառայության 2012թ. նոյեմբերի 19-ի տվյալներով)։ Նշենք, որ 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ բացասական սալդոն ավելացել է 6700 մարդով։

 

Հարկ է ընդգծել, որ աճող արտագաղթի հետևանքով կրճատվում է բնակչության ընդհանուր վճարունակ պահանջարկը։ Դա հանգեցնում է ապրանքների և սպասարկումների ընդհանուր առաջարկի կրճատմանը, ինչն իր հերթին գործարարների առջև իրենց արտադրությունը սեղմելու խնդիր է դնում։ Արդյունքում՝ ունենք գործազուրկների թվի ավելացում, ասել է թե՝ պոտենցիալ արտագաղթողներ։ Աշխատունակ բնակչության հեռանալը երկրից լուրջ սպառնալիք է ՀՀ ինչպես տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգության համար, ինչը Ղարաբաղյան հակամարտության չլուծվածության պայմաններում կարող է Հայաստանին իրապես սպառնալ պետականության կորստով։

Վերն ասվածը  ամենակարևոր պետական խնդրի մակարդակի է բարձրացնում նոր աշխատատեղերի ստեղծման հարցը։ Արդի պայմաններում աշխատատեղերի բացումը հնարավոր է կա՛մ նոր արտադրությունների ստեղծմամբ ու բնակչությանը մատուցվող սպասարկումների ծավալների ընդլայնմամբ, կա՛մ առկա արտադրությունների ու ծառայությունների ոլորտի ընդլայնմամբ, կա՛մ էլ այս երկու մոտեցումների միաժամանակյա իրագործմամբ։

Շուկայական տնտեսության պայմաններում անհրաժեշտ է մանրակրկիտ վերլուծել նոր ձեռնարկություններում և կազմակերպություններում թողարկվող ապրանքների, այդ թվում և սպասարկումների ոլորտում մատուցվող սպասարկումների իրացման հնարավորությունները։ Այս պահանջի հաշվառմամբ՝ հարկ է նշել, որ ՀՀ-ն ամեն տարի ներմուծում է 1,3 մլրդ դոլարի ապրանքներ և ծառայություններ, ինչը կարելի էր կազմակերպել Հայաստանում։ Օրինակ, 2011թ.[1] ներմուծվել է 781,2 մլն դոլարի պարենամթերք (2012թ. առաջին կիսամյակում ներմուծվել է 388,3 մլն դոլարի պարեն), այդ թվում՝ 102 մլն դոլարի մսեղեն և կաթնեղեն, 111,9 մլն դոլարի հացահատիկ, 74,8 մլն դոլարի ոգելից և ոչ ոգելից խմիչքներ և այլն։ Հարկ է նշել, որ նշված արտադրանքի ներմուծումը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ ՀՀ գյուղնախարարի գնահատմամբ՝ հանրապետության վարելահողերի մոտ 30%-ը չի մշակվում։ Դա ՀՀ կառավարության առջև խնդիր է դնում մշակել Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրում ներդրումների կատարման նպատակային ծրագիր։ Այս խնդրի լուծումը ենթադրում է վարկային միջոցներ տրամադրել գործող ջրամբարների վերականգնման, էլիտար սերմացուի արտադրության մասնագիտացված տնտեսությունների, ցեղային անասնապահական տնտեսությունների ստեղծման, հանրապետությունում պարարտանյութերի արտադրության կազմակերպման և այլ հարցերի կարգավորման համար։ Լավ մտածված ներդրումային քաղաքականությունը գյուղատնտեսության ոլորտում, պարենային անվտանգության բարձրացմանը զուգընթաց, դրական ազդեցություն կունենա գյուղբնակչության կայունության վրա և զգալիորեն կկրճատի նրանց արտահոսքը գյուղից։ Վերջնարդյունքում էապես կավելանան գյուղատնտեսական արտադրության ծավալները, շոշափելիորեն կաճի գյուղտնտվերամշակման արտադրանքի արտահանումը, իսկ գյուղատնտեսության ոլորտում վերադարձելիության էական բարելավումն օբյեկտիվորեն առաջին պլան կմղի հանրապետությունում գյուղտնտարտադրանքի մշակման նոր ձեռնարկությունների ստեղծման և գործող ձեռնարկությունների հզորությունների ընդլայնման խնդիրը։ Վերը նշված միջոցների իրագործման արդյունքում մեծ քանակությամբ նոր աշխատատեղեր կբացվեն։

Նոր աշխատատեղերի ստեղծման էական պաշարներ կան նաև հանքարդյունաբերության ոլորտում։ Այս ճյուղի դրոշակակիրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է (ԶՊՄԿ), որն աշխատում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից մատակարարվող հանքաքարով, որի պաշարները գնահատվում են 150 տարով։ 2011թ. կոմբինատը մշակել է 15 մլն տոննա հանքաքար և արտադրվել է մոտ 90 հազ. տոննա պղնձի խտանյութ՝ 26,5% պղնձի միջին պարունակությամբ, և մոտ 9100 տոննա մոլիբդենի խտանյութ՝ 49% մոլիբդենի պարունակությամբ։ 2012թ. նախատեսված է արտադրել մոտ 120 հազար տոննա պղնձի և ավելի քան 10 հազար տոննա մոլիբդենի խտանյութ։ Եթե մոլիբդենի խտանյութը վերամշակվում է հանրապետությունում, ապա պղնձի խտանյութի ընդամենը 30-35%-ն է վերամշակվում Հայաստանում, իսկ 65-70%-ը Վրաստանի և Իրանի տարածքներով մատակարարվում է Եվրոպային։ Եթե պղնձի խտանյութն ամբողջովին վերամշակվեր ՀՀ-ում, ինչը հնարավոր է նոր պղնձաձուլական հզորությունների կառուցման դեպքում, մեր երկրի ՀՆԱ-ն էական հավելում կստանար։ Ավելին, նոր պղնձաձուլական գործարանի շահագործումը թույլ կտար զգալի քանակությամբ նոր աշխատատեղեր ստեղծել։ Փաստարկները, թե պղնձաձուլական արտադրության շահավետության համար պետք է զգալիորեն բարձրացնել մշակվող պղնձի խտանյութի ծավալները, կարող են վիճարկվել ԶՊՄԿ-ում պղնձի խտանյութի արտադրության աճի պոտենցիալ հնարավորությունների հաշվառմամբ, մանավանդ Թեղուտի պղնձահանքի շահագործման հետ կապված։ ՀՀ հանքարդյունաբերության մեջ կատարվելիք ներդրումները թույլ կտան զգալի քանակությամբ նոր աշխատատեղեր ստեղծել և դրական ազդեցություն կգործեն համապատասխան շրջանների ենթակառուցվածքի զարգացման վրա առհասարակ։

Նոր աշխատատեղերի ստեղծման մեծ պաշարներ կան նաև Հայաստանի քիմիական արդյունաբերության ոլորտում։ Հանրապետության քիմիական արդյունաբերության առաջատարի՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի արդիականացումը թույլ կտա վերականգնել նրան հարակից մոտ տասը ձեռնարկությունների աշխատանքը, և կրկին զգալի քանակությամբ աշխատատեղեր կբացվեն, ինչն իր հերթին թույլ կտա շոշափելիորեն կրճատել պլաստմասսայե (2011թ. ներմուծման գումարը կազմել է 126 մլն 685 հազար դոլար), կաուչուկե իրերի, ռետինի և ռետինե իրերի (2011թ. ներմուծվել են 46 մլն 132,9 հազար դոլարի իրեր), օճառի, լվացամիջոցների, քսուքների և այլնի ներմուծումը (2011թ. ներմուծվել են 39 մլն դոլարի չափով)։ Ավելին, դա թույլ կտա զգալիորեն ավելացնել նշված անվանատեսակների ապրանքների արտահանումը։ Այսպես, քլորոպրենային կաուչուկի արտադրության մեջ մասնագիտացած «Նաիրիտն» արտադրանքի 50%-ն արտահանում էր ԵՄ երկրների շուկաներ, 30%-ը՝ Ռուսաստան, 12%-ը՝ ԱՄՆ։ Հարկ է նշել, որ քլորոպրենային կաուչուկի տարբեր տեսակների կողքին «Նաիրիտը» թողարկում էր նաև մեծ պահանջարկ վայելող արտադրանք։ Այսպես, գործարանի արտադրանքի անվանացանկում էին կաուստիկ սոդան, սինթետիկ աղաթթուն, ռետինատեխնիկական ապրանքներն ու խառնուրդները, սպիտակեցնող և վարակազերծիչ հեղուկները, գազանման և հեղուկ ազոտը, հեղուկ քլորացված կալցիումը և կողմնակի այլ ապրանքներ։ Պետք է նշել, որ վերոնշյալ արտադրանքը ելակետային հումք է այն ձեռնարկությունների վերագործարկման համար, որոնք թողարկում են բազմաթիվ իրեր, որոնց պահանջարկը կա ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում։ Ներդրումները «Նաիրիտ գործարան»-ում կարող են լրջորեն լուծել մի շարք խնդիրներ, այն է՝ քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների վերագործարկման, ողջ ենթակառուցվածքի վերակենդանացման և, ի վերջո, Երևանի հարյուր և հազարավոր բնակիչների աշխատատեղերով ապահովման խնդիրները։

Նոր աշխատատեղերի ստեղծման չօգտագործված շատ պաշարներ կան հանրապետության թեթև արդյունաբերության ոլորտում։ Այսպես, 2011թ. ներմուծվել են 85,8 մլն դոլարի տրիկոտաժե ապրանքների (պատրաստի հագուստ և օժանդակ իրեր) տարբեր տեսակներ, 32 մլն դոլարի կոշիկ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ոչ վաղ անցյալում Հայաստանի թեթև արդյունաբերության ապրանքները, հատկապես կոշկեղենը, մեծ պահանջարկ ուներ ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ արտասահմանում։

Կարծում ենք, որ թեթև արդյունաբերությունում նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված նպատակային ներդրումային քաղաքականության անցկացումը (շեշտը դնելով ապրանքների և սպասարկումների՝ ներմուծմանը փոխարինող արտադրության վրա), թույլ կտար զգալիորեն ավելացնել ՀՆԱ արտադրությունը և մեղմել գործազրկության հիմնախնդիրը Երևանում, Գյումրիում, Վանաձորում և ընդհանրապես ողջ հանրապետությունում։

Վերը բերված օրինակները վկայում են, որ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, քիմիական և թեթև արդյունաբերության վարկավորման հարցերի լուծումը թույլ կտար 3-5 տարվա ընթացքում էապես կրճատել գործազրկության մակարդակը, լավ հիմք ստեղծել տնտեսության համակողմանի դինամիկ զարգացման և հասունացած սոցիալական հիմնախնդիրների լուծման համար։

 

[1]Այստեղ և այսուհետ նշված բոլոր տվյալները բերվում են Ազգային վիճակագրական ծառայության տեղեկագրքերից։

 

Արտաշես Գեղամյան, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության և «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ (www.amiab.am)

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր