ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ՈՒՂԻՆ Է» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

25.12.2012, Իրավունք

Դեկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության Ընդունելությունների տանը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ` Արտաշես Գեղամյանի «Եվրասիական Միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսից հետո մեր թղթակիցը հարցերով դիմեց Ա. Գեղամյանին:

ԼՐԱԳՐՈՂ - Պարոն Գեղամյան, տարեսկզբին մենք ճիշտ այս սրահում հրավիրված էինք Ձեր «Եվրասիական միությունը մեր ապագան է» գրքի շնորհանդեսին: Ինչո՞ւ եք այդքան կարևորում Եվրասիական միության դերը Հայաստանի ապագայում: Չէ՞ որ Հայաստանն իր ապագան կարող է արարել նաև Եվրամիության հետ…

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Ձեր հարցը շատ արդիական հնչեղություն ունի. փորձեմ համառոտ անդրադառնալ խնդրո առարկայի վերաբերյալ մոտեցումներիս:

Ունենալով Թուրքիայի և Ադրբեջանի նման հարևաններ, որոնք արդեն իսկ 20-րդ տարին է շրջափակման են ենթարկում Հայաստանի Հանրապետությունը, ավելին` վերջինս նաև սպառնում է պատերազմով, բնական է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորինս զորանա տնտեսապես և երաշխավորված լինի նրա անվտանգությունը: Տնտեսական զարգացման համար Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը` ի դեմս ՀՀ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի, ըստ իս, որդեգրել է հեռանկարային և հավասարակշռված, ապագային միտված արտաքին քաղաքականություն: Դատեցեք ինքներդ. ՀՀ Ազգային ժողովը արդեն իսկ վավերացրել է Հայաստանի` ԱՊՀ երկրների հետ «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագիրը, դրան զուգահեռ հաջողությամբ ընթանում են Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի բանակցությունները: Խնդիր է դրված, որ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2013 թ. աշուն ամբողջությամբ կկատարի ստանձնած պարտավորությունները, և այդ պայմանագիրը կվավերացվի Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում հրավիրվելիք գագաթաժողովում:

 

ԼՐԱԳՐՈՂ - Բայց չէ՞ որ օրերս Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Խրիսթեան հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական միության և Եվրամիության միջև:

Ա.ԳԵՂԱՄՅԱՆ - Ես ծանոթ եմ այդ հայտարարությանը, ինչպես նաև ծանոթ եմ Եվրահանձնաժողովի արտաքին կապերի գծով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշտոնի մամուլի խոսնակ Մայա Քոչիյանչիչի կողմից  ներկայացված խնդրո առարկայի շուրջ Եվրամիության պաշտոնական տեսակետի հետ: Տիկին Քոչիյանչիչը հայտարարել էր, որ «Եթե Հայաստանը որոշի անդամակցել Մաքսային միությանը, ապա դա կդառնա անհամատեղելի Հայաստանի և Եվրամիության միջև կնքված երկկողմանի պայմանագրի հետ` խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ: Գործն այն է, որ Մաքսային միությունը ունի ընդհանուր արտաքին առևտրի քաղաքականություն, և առանձին երկրներ, որոնք մտնում են այդ միության մեջ, արդեն իսկ իրականացվող արտաքին քաղաքականության մեջ ինքնիշխան չեն»: Ինչ խոսք, բերված փաստարկները մտորելու տեղիք են տալիս: Սակայն երբ ուշադիր ընթերցում ես դեռ 1992 թ. Եվրոպական տնտեսական համագործակցության հիման վրա ստորագրված Եվրամիության ստեղծման մասին Մաաստրիխտի պայմանագրի հիմնադրույթները և համեմատում դրանք 2011 թ. նոյեմբերի 18-ին ստորագրված Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին դեկլարացիայի հիմնադրույթների հետ, ապա և ոչ մի անհաղթահարելի, իրարամերժ հակասություններ այդ փաստաթղթերի մեջ չես գտնում: Ուստիև պետք չէ հակադրել Հայաստանի ինտեգրումը Եվրասիական միությանը, Հայաստանի և Եվրամիության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի հետ: Այդ մասին գրքի շնորհանդեսի ժամանակ ունեցած իր ելույթում առավել մանրամասն անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

ԼՐԱԳՐՈՂ - Ես իմ ձեռքի տակ ունեմ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի ելույթը: Այն ամբողջությամբ ստորև ներկայացեմ ընթերցողների դատին.

Մեծարգո պարոն նախագահ, գործընկերներ, բարեկամներ:

Դեռ մեկ տարի էլ չի անցել Արտաշես Գեղամյանի «Եվրասիական միությունը մեր ապագան է» գրքի շնորհանդեսի օրվանից: Այսօր հեղինակը ներկայացրել է իր նոր, հետաքրքիր աշխատանքը` «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» վերնագրով հոդվածների և ելույթների ժողովածուն: Այն թեմայի շարունակությունն է՝ նոր աղբյուրներով, ներկա գործընթացների և տեսանելի ապագայում դրանց զարգացման մասին խոր մտքերով: Ժողովածուում ի մի են բերված հետաքրքիր հոդվածներ և ելույթներ` տնտեսական, ներքին և արտաքին քաղաքական թեմաների վերաբերյալ, վերլուծված են գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հետ կապված հիմնախնդիրները, լայնորեն ներկայացված են աշխարհաքաղաքականության հարցերը: Հոդվածների և ելույթների տարբերակիչ առանձնահատկությունը դրանց խոր գիտական հիմնավորվածությունն է, նյութի պրոֆեսիոնալ տիրապետումը։ Գիրքն արդեն լայն արձագանք է գտել Հայաստանում և Ռուսաստանում, ինչը վկայում է դրա պահանջվածության մասին:

Ժողովածուում մեծ տեղ է տրվել արդի և արագ փոփոխվող աշխարհում Հայաստանի դիրքավորման մասին մտորումներին: Արտաշես Գեղամյանը նրա ապագան տեսնում է ինքնիշխան պետությունների՝ Ռուսաստան-Ղազախստան-Բելառուս միությունում` Եվրասիական միությունում:

Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ թեման խիստ արդիական է։ Այն բանավիճային է, հասկանալի է՝ ունի իր կողմնակիցներն ու հակառակորդները, և դրանում եմ ես տեսնում Արտաշես Գեղամյանի աշխատանքի նշանակությունը: Նա չի հակադրում Եվրասիական միությունը Եվրոպական միությանը, այլ ընդհակառակը՝ ամենայն մատչելիությամբ ցույց է տալիս դրանց փոխլրացյալությունը: Հայաստանը տեսնում է որպես կամուրջ, որը միավորում է եվրոպական և եվրասիական քաղաքակրթությունները: Հայ հայրենասեր քաղաքական գործչի դիրքերից է հիմնավորում Հայաստանի համար Եվրասիական միության գաղափարների բացարձակ կիրառելիությունը, գաղափարներ, որոնք արտահայտել է Վ.Պուտինն իր «Ռուսաստանը և փոփոխվող աշխարհը» հոդվածում։ Կարծում եմ՝ և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար միևնույնը չէ, թե ինչպես կզարգանան գործերը մեծ Եվրոպայում: Գործնականում տեղի կունենա՞ արդյոք Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս միասնական տնտեսական և մարդկային տարածքի ստեղծումը: Արտաշես Գեղամյանն այս ամենի հանդեպ անտարբեր չէ: Ես` նույնպես: Կարծում եմ՝ Հայաստանի շահերից է բխում իր տեղն այդ ընդարձակ տնտեսական դաշտում զբաղեցնելը, և ավելի ճիշտ կլինի իրապես մասնակցել դրա ստեղծմանը, քան թե մխիթարվել եվրոպական տարածքում նման կարգավիճակ ստանալու հույսով, ինչպես դա անում է, օրինակ, Թուրքիան արդեն 50 տարի:

Արտաշես Գեղամյանի նոր գիրքը, անշուշտ, մեծ հաջողություն կունենա ոչ միայն Հայաստանում, այլև ռուսական քաղաքական հանրության լայն շրջանակներում: Դրանում ընթերցողը Հայաստանի Հանրապետության առջև կանգնած և նրա քաղաքացիներին հուզող հրատապ հարցերի սպառիչ պատասխանները կգտնի։

Ելույթիս ավարտին կուզենայի հայրենասեր, քաղաքական հայտնի գործիչ, ռուս-հայկական ռազմավարական գործընկերության նախանձախնդիր Արտաշես Մամիկոնի Գեղամյանին մաղթել մեծ հաջողություններ իր հիրավի օգտակար, խիստ արդիական և մեծ աշխատանքում՝ ի բարօրություն իր Հայրենիքի, ի բարօրություն ռուս-հայկական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման:

 

ՎՅԱՉԵՍԼԱՎ ԵՎԳԵՆԻԻ ԿՈՎԱԼԵՆԿՈ

ԼՐԱԳՐՈՂ – Պարոն Գեղամյան հոբելյանական 10-րդ գրքի շնորհանդեսին ե՞րբ սպասենք:

Ա. ԳԵՂԱՄՅԱՆ – Եթե Բարձրյալը կամենա, ավանդույթը չխախտելով` 2013 թ. դեկտեմբերին:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր