«ԱՐԿԱԴԻԱ՛, ԽԵԼՔԻԴ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՔԻ, ԳԼԽԻԴ ԴՈՒՌ ԴԻՐ»
14.12.2012, Իրավունք
«Ազգային միաբանություն» կուսակցությունում եկել էինք փոխադարձ համաձայնության` չարձագանքել Էրմյոնա Օհան Կզիի, նույն ինքը` Արմինե Օհանյանի թերթոնի հրապարակումներին: Որոշումը պայմանավորված էր արդեն իսկ բոլորի համար ակնհայտ դարձած իրողությամբ. դրսից ֆինանսավորվող, պատվիրված եւ վճարված հոդվածներին արձագանքելը կարող է դիտվել իբրեւ յուրովի գովազդ, ուստիեւ դրանց անդրադառնալն ի սկզբանե անշնորհակալ գործ է:
Առավել եւս «Իրավունք» թերթի ս.թ. հոկտեմբերի 23-ի համարում Արտաշես Գեղամյանի հեղինակած «Էրմյոնա Օհան Կզի խանումը ղզղնել է կամ քնարական ասք Արմինե Օհանյանի մասին» հոդվածում հստակ ձեւակերպված էր, որ «Ազգային միաբանություն» կուսակցությանն ու նրա առաջնորդ Արտաշես Գեղամյանին քննադատում, անվանարկում է մեր հասարակության թափոնը` ի դեմս թալանչիների, սեռական շեղումներով արատավորների, իշխանության վերադառնալու անհագուրդ ձգտում ունեցողների եւ տարբեր այլ սրիկաների:
Սակայն մենք հաշվի չէինք առել եւս մեկ նողկալի կատեգորիայի տարրերին` ալֆոնսներին, ովքեր կանանց նկատմամբ ունեցած իրենց զգացմունքները պայմանավորում են վերջիններիս կողմից «սիրո» դիմաց վարձատրության չափով կամ ինչպես ժամանակակից կինորավեստում են նրանց անվանում` ժիգալոներին: Դրանում համոզվեցինք, երբ «Հրապարակ» թերթոնում երեկ կարդացինք տխրահռչակ, ինքն իրենից նեղացած ու խռոված Արկադիա Վարդանյանի հարցազրույցը: Իսկ ո՞վ է այդ անվան տակ թաքնված: Եվ, այսպես, Արկադիա Վարդանյան` «Արմենպրես» տեղեկատվական գործակալության նախկին աշխատակից, որը մեքենայությունների համար դեռ Խորհրդային Հայաստանի մայրամուտին դատվել էր: Բանտարկությունից հետո Արկադիան Աստրախանի մարզում ազատ աքսորի էր դատապարտված: Ահա այստեղ է, որ ճակատագիրը ժպտաց նրան: Բարձրահասակ, հաճելի արտաքինով, չափավոր փքված մեր Արկադիա-փուչիկը շատ շուտ իրեն գտավ, երբ սկսեց սիրահետել նույն ազատ աքսորում հայտնված` մի չափից ավելի «ընդունակ» իրավախախտ, նախկինում իրավապահ մարմիններում աշխատած եւ հանցագործությունների համար դատապարտված, կրիմինալ աշխարհում հայտնի մի տիկնոջ հետ: Արկադիան լինելով կամազուրկ, անդեմ երեւույթ, զուրկ չէր սեփական շահը գիտակցելու ունակությունից: Նա գերեց դատապարտված կնոջ սիրտը, որը, ականատեսների վկայությամբ, անգամ իսկ մայրական զգացումներ էր տածում բարձրահասակ, գրագետ, թմբլիկ մախինատոր Արկադիայի նկատմամբ: Նրանք մտերմացան, Արկադիան շատ շուտ ձեռք գցեց սույն տիկնոջ բիզնեսը, ախր, նա ե՛ւ իրեն, ե՛ւ տիկնոջը համոզել էր, թե «Կեկելին շատ ի սիրում»: Լինելով խիստ սիրահարված` նա էլ ավելի հմտացավ մեքենայությունների մեջ եւ … հարստացավ: Տարիները գնում էին, տիկինը մեծանում էր, եւ մեր Ալֆոնսն արդեն իսկ կլորիկ մի գումար հետ գցելով` մեկ էլ հասկացավ, որ դժվար է իր Ալֆոնս-ժիգոլոյի պարտականությունները կատարում: Սակայն ամենակարեւոր առաքելությունը նա արդեն արել էր` հնարավոր մաքսիմումը քաղել էր այդ քոքված, հետն էլ դյուրահավատ տիկնոջից: Զույգերը բաժանվեցին: Արդեն իսկ ունենալով ֆինանսական որոշակի կուտակումներ (օժիտ էր ստացել իր յարից)` Արկադիա Վարդանյանը հետեւեց ճիշտ եւ ճիշտ հայտնի բրիտանացու` Սեմուել Ջոնսոնի թեւավոր դարձած եզրակացությանը. «Սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է»:
Ասել, որ նա վերջնականապես բացահայտվեց որպես էժանագին Ալֆոնս, արդարացի չէր լինի: Նա թեկուզեւ անազնիվ ճանապարհով ձեռք բերած գումարների մի չնչին մասը հատկացնում էր Արցախի ազատամարտի զոհված ուղղաթիռավարների ընտանիքներին (չէ՞ որ պետք էր հայրենասերի շղարշ քաշել իր ժիգոլոյի դեմքին): Բնականաբար, այդ բարեգործության մասին պարբերաբար հրապարակումներ էին լինում հայաստանյան թերթերում: Մարդկանց մոլորեցնելու նախապատրաստական աշխատանքները կատարելուց հետո` նա ձեռնամուխ եղավ «հեղափոխական» բուռն գործունեություն ծավալելու գործին: Ճիշտ այդ նույն ժամանակաշրջանում հեղափոխական ակտիվ գործունեություն էր ծավալվում թե՛ ՌԴ-ի Հյուսիսային Կովկասի հանրապետություններում, թե՛ Հարավային Կովկասում: Այդ գործընթացները զուրկ չէին որոշակի ընդհանրություններից: Այդ բոլոր տարածքներում զարմանալի զուգադիպությամբ, երբ գործը հասնում էր արյունահեղության, մեկ էլ հայտնվում էր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Բորիս Բերեզովսկին եւ, ասես թե, կախարդական փայտիկի շարժումով կրքերը հանդարտվում էին: Ահա այդ սցենարը պետք է կիրառվեր նաեւ Հայաստանում, իսկ նորընծա հայաստանյան հեղափոխական Տրոցկու պատմուճանն իր վրա էր քաշելու Արկադիա Վարդանյանը: Բնականաբար, դա չէր կարող վրիպել մեր Ազգային անվտանգության ծառայության մարմինների ուշադրությունից: Մեր հերոսին փակեցին: Հավանաբար, ԱԱԾ մեկուսարանում նա չկարողացավ հաղթահարել իր անհագուրդ կարոտը… ո՛չ, հարգելի ընթերցող, ոչ թե հարազատ-մերձավորների նկատմամբ, այլ տավարի պոչի խաշլամայի բուրմունքն ու կարոտն էին նրան մտատանջում: Չորս ամիսները եւ անսահման կարոտը դեպ պոչի խաշլամա` կատարեցին իրենց գործը: Օրինակելի վարքի եւ նախաքննության հետ սերտորեն համագործակցելու համար (գյումրվա բարբառով ասած` «երգելու») վերջինիս կարճ ու կոնկրետ հրահանգեցին` փասա-փուսաներդ հավաքի ու հայտնի երթուղով` «ԺՈՉՈռ ՊՏ րՉՌՊՈվՌÿ», ինչ ասել է` ռադդ քաշի: Նա այդպես էլ վարվեց: Բնական է, այն ժամանակ նա չբողոքարկեց պատկան ծառայությունների կողմից իր նկատմամբ թույլ տրված «ապօրինությունները», չպահանջեց նոր դատաքննություն: Չէ՞ որ նա շատ լավ հասկանում էր, թե դրան ինչ է հաջորդելու: Ընդամենը կպահանջվեր նրա մեկ-երկու ցուցմունքները հրապարակել եւ դուրս գրված ժիգոլո-կեղծ հայրենասերի դիմակը վերջնականապես կպատռվեր:
Անցան տարիներ, Արկադիան մտածեց, որ իր ինչ լինելու մասին Հայաստանում արդեն մոռացած կլինեն եւ սկսեց ծղրտալ, բնական է, կրկին դրսից պատվեր կատարելով: Մենք հասկանում ենք, որ Արտաշես Գեղամյանի հեղինակած «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» հոդվածը, որը տպագրվել էր 2012 թ. դեկտեմբերի 8-ին ՌԴ-ի REGNUM լրատվական գործակալության կայք-էջում, չէր կարող անարձագանք մնալ: Որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության թշնամիները շատ են, մենք գիտեինք, որ նրանք անպայման պետք է գտնեին որեւէ անբան մեկին, ով կփորձեր վիճարկել ոչ թե հոդվածում բերված համոզիչ փաստարկները, այլ քննարկումները տեղափոխել անվանարկումների ոլորտ, դա էլ գիտեինք: Բայց մտածում էինք` դա «Իրավունքում» հիշատակված մարդկային տականք, ո՞ր տեսակին կհանձնարարվի, ո՞վ է լինելու պատասխան հոդվածի հեղինակը` թալանչին, իշխանության վերադառնալու անհագուրդ ձգտում ունեցողների զինակիցը, սեռական շեղումներով արատավորվածը, թե երկդիմի լարախաղաց պաշտոնյան… Իսկ թե որ լրատվամիջոցում կլինի անդրադարձը, մեզ հայտնի էր. ծախու, անսկզբունք, օտարի շահերը պաշտպանող, ղզղնած խմբագիր ունեցող լրատվամիջոցը: Ահա այստեղ պետք է խոստովանենք, որ երբեւէ չէինք մտածի, որ այդ անշնորհակալ գործը իր վրա կվերցնի Սիսիանի ազնիվ լեռնաշխարհի միգուցե եզակի անբանը` Արկադիա Վարդանյանը: Դե ինչ. Արտաշես Գեղամյանի քննադատների շարքերը համալրվեց նոր կատեգորիայի գրչակով` Ալֆոնս-ժիգոլոյով: Բարով համալրեք նողկանքների հինգերորդ շարասյունը` Արկադիա Վարդանյան: Բայց «Ազգային միաբանություն» կուսակցության մասով զգուշացեք, հալներովդ մնացեք: Դուք լավ էլ գիտեք` ինչքան եք խոցելի: Արկադիա՚, խելքիդ մնացորդները հավաքի, գլխիդ դուռ դիր: Պապանձվի, Արկադիա, պապանձվի:
Առայժմ այսքանը:
ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Պահեստի գնդապետ, Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության անդամ, Շիրակի մարզային կառույցի ղեկավար