ԴԻՄԵՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՍԱԾ «ՈՒՐԻՇ ՄԱՍՆԱԳԵՏԻ»

28.09.2012, Իրավունք

Արդեն իսկ դառնում է օրինաչափություն, որ հանրապետության նախագահը հանդես է գալիս մեր կյանքի ստվերոտ կողմերի բացահայտմամբ եւ դատապարտմամբ, ըստ որում դա արվում է հրապարակավ` ուղղորդելով ճշգրիտ հանձնարարականներով, որոնց ուղղությամբ արդեն իսկ մենք ականատեսն ենք, որ հանրապետության դատախազությունը ձեռնարկում է գործնական քայլեր ՀՀ պետբյուջեի միջոցները մսխողների, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Մենք ականատեսն ենք դառնում յուրահատուկ մի իրավիճակի: Խոսքը ՀՀ նախագահի սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունում անցկացված խորհրդակցությանը հաջորդած զարգացումների  մասին է: Դրան հաջորդեցին մասնավորապես «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի, ինչպես նաեւ որոշակի թերթերի կողմից հնչեցված եւ հրապարակված («Իրավունք». «Հայոց աշխարհ», «Նովոյե վրեմյա») լուրջ վերլուծական հոդվածները:

 

Թվում էր, թե առանձին լրատվամիջոցներ, որոնք իրենց հորջորջում են  հայրենասիրական կամ չեզոք, նույնպես հանդես կգային Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից մեկնարկած կոռուպցիայի, կաշառակերության, պետական բյուջեի միջոցների մսխողների դեմ պայքարը համակարգային դարձնելու գործընթացին: Սակայն  այս վճռական օրերին շատերի դիմակը պատռվեց: Մասնավորապես` «Հրապարակ» թերթում հանդես եկող պանծալի դաշնակցական Էդիկ Անդրեասյանի նյարդերը տեղի տվեցին: Սույն գրչակը, չգիտես ինչու, ամեն ինչ խառնեց իրար` այն  աստիճանի, որ Արտաշես Գեղամյանի եւ Հայկ Բաբուխանյանի հոդվածներից հետեւություն արեց առ այն, որ դրանք, ինչպես նաեւ հարգարժան Վիկտոր Դալլաքյանի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակելու եւ ՀՀ նախագահի ԱԺ ներկայացուցիչը լինելու փաստը... ուղղված են ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի 2008թ. մարտի 1-2-ի դեպքերով պատասխանատվության ենթարկելու գործընթացի վերսկսմանը: Ըստ որում, զարմանք ես ապրում, թե ինչ ճիզվիտությամբ է լրագրողը ձեռնամուխ եղել ապաշնորհ այս տեղեկատվությունը հրապարակ բերելու գործին: Այստեղ իրավամբ կարելի է ասել, որ պարոն Քոչարյանին բացարձակապես անհրաժեշտություն չկա, որ քննադատի ՀԱԿ-ը, «Ազգային միաբանությունը», ՍԻՄ-ը եւ այլ քաղաքական ուժեր` նրան վարկաբեկելու համար: Բավական է, որ գտնվի Էդիկ Անդրեասյանի նման մեկը, որ գովերգի, էլ չենք ասում` պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին, ինչպես դա անում է տխրահռչակ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը:

Երբ «Հրապարակ» թերթում  կարդացինք Էդիկ Անդրեասյանի «գլուխգործոցը», հստակ իմանալով թերթի ֆինանսավորման աղբյուրը, մտածեցինք, որ դա հատուկ է արվում  Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ-ի անունները մարտի 1-ի դեպքերի հետ կապելու նրբին հաշվարկով: Ինչու նրբի՞ն, որովհետեւ, ըստ էության, Էդիկ Անդրեասյանը ինքն է հրապարակ նետում վերջիններիս կապը 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետ: Զարմանալիորեն դա փորձում է վերագրել ուրիշներին, հետո ինքն էլ աշխատում է հերքել իր իսկ տեղեկատվությունը: Լրագրողական այդ պարզունակ հնարքի արդյունքում մարդկանց ենթագիտակցության մեջ տպվում է Ռ. Քոչարյանի եւ Գ. Ծառուկյանի կապը այդ դեպքերի հետ: Այ, այ, այ, Էդիկ, Էդիկ բա քեզ` պանծալի դաշնակցականիդ, սազե՞ց նման խաղեր տալ, այսպես ճղճղալ ամոթ է Էդիկ, ամոթ...

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից որդեգրած այն քաղաքականությանը, ըստ որի` նա առաջնորդվում է պետության հասու ղեկավարին բնորոշ գործելակերպով առ այն, որ հանրապետությունը շենացնելու գործի համար պահանաջված են մարդիկ, ովքեր իրենց գիտելիքներով, աշխատանքային փորձով, հայրենիքին նվիրվածությամբ կարող են օգտակար լինել հենց իր իսկ` ՀՀ նախագահի  ծրագրերի իրագործման գործում: Այո°, ի տարբերություն իր նախորդի, Սերժ Սարգսյանը շատ ավելի վեր է դասում պետական շահը, քան  ժամանակին իրեն քննադատողներից վրեժ լուծելու, հաշվեհարդար տեսնելու` առաջին եւ երկրորդ նախագահներին ներհատուկ ճղճիմ գործելաոճը: Մենք հասկանում ենք նրանց եւ նրանց թիմակիցների դժկամությունն ու անհանգստությունը, բայց իրենց ոչնչով չենք կարող օգնել, թող դիմեն Ռոբերտ Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետին»:

Մեզ պարզապես հետքրքրեց մի հարց. արդյոք «Հրապարակ» թերթը ֆինանսավորողն արդեն իսկ իրեն դո՞ւրս է գրել ՀՀ նախագահի թիմից, որ հովանավորում եւ ֆինանսավորում է Էդիկ Անդրեասյանի եւ նմանատիպ գրչակների` ՀՀ նախագահի եւ նրա թիմակիցների դեմ ուղղված հոդվածների հրապարակումը «Հրապարակ» թերթում:

Չէինք ցանկանա, որ այդպես լիներ...

 

ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ`

«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ, «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահության անդամ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր