«ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՇԱՏ ՕՐԻԳԻՆԱԼ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է»

17.07.2012, Իրավունք

Վերջին շրջանում ներքաղաքական իրադարձությունների հետ կապված մի քանի հարցեր ուղղեցինք ԱԺ պատգամավոր, ԱՄ կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ:

-Պարոն Գեղամյան, «Հարսնաքարի» դեպքերի հետ կապված, խորհրդարանում նախաձեռնվեց ստորագրահավաք կազմակերպել ընդդիմադիր կազմի ներկայացուցիչների կողմից, այդ թվում նաեւ այլընտրանքային ուժ ներկայացնող ԲՀԿ-ի, որտեղից ընդամենը 7 հոգի համաձայնեցին տալ իրենց ստորագրությունը: Ի՞նչ եք կարծում, արդյոք տեսակետների բաժանո՞ւմ է տեղի ունենում ԱԺ ԲՀԿ խմբակցությունում:

- Իմ կարծիքով, այսօր Հայաստանի Հանրապետության առջեւ շատ ավելի լուրջ եւ շատ ավելի պատասխանատու խնդիրներ են դրված, որպեսզի մենք ձեզ հետ միասին նման պարապ հարցերին անդրադառնանք:

- Ինչպե՞ս եք վերաբերվում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն խոստովանությանը, որ վերը նշված ստորագրահավաքը պարզապես քաղաքական խաղի էլեմենտ էր ՀԱԿ-ի կողմից:

- Պետք է բարձր գնահատեմ Լեւոն Զուրաբյանի ազնվությունը եւ միաժամանակ դատապարտեմ ցինիկությունը:

- Ի՞նչ կասեք այն մասին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ երկու կանայք` Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը, սկսել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներսում շպիոններ ման գալ, կարծելով, որ նախկին ժառանգականները ավելի հեղինակավոր էին, որոնք դուրս մնացին, իսկ այժմյանները հատուկ հանձնարարականներով են եկել, կամ որ «Ժառանգություն» կուսակցության հետ ԲՀԿ-ն չպետք է գործ ունենա:

 

- Եթե որեւէ մեկը փորձի կանանց քայլերը մեկնաբանել կամ ցույց տալ, թե նա հասկանում է նրանց, կնշանակի նա վիրավորում է մեծն Ռոմեն Ռոլանին, Գի դը Մոպասանին, Օնորե դը Բալզակին եւ կանանց մնացած գիտակներին: Ես ինձ այդ մարդկանց շարքին չեմ դասում:

- Պարոն Գեղամյան, այդյոք Լեւոն Զուրաբյանի այն քայլը, ով ՀՀԿ-ից եւս ակնկալում էր ստորագրություններ «Հարսնաքարի» դեպքի հետ կապված, սա չի՞ նշանակում, որ նրանք կարոտել են երկխոսությանը ՀՀԿ-ի հետ:

- Լեւոն Զուրաբյանը շատ օրիգինալ անձնավորություն է, եւ, իմ կարծիքով, այնքան, ինչքան, մենք անդրադարձանք իր անձին այս հարցազրույցում, դեռ մի երեք ամիս էլ բավական է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր