«ԱՐԳԵԼՎԱԾ ՉԷ, ՈՐ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻՆ ՍԱՏԱՐԵՆ»
11.11.2011, Իրավունք
Որքան մոտենում է մայիսը` հերթական խորհրդարանական ընտրությունների ամիսը, այնքան Հայաստանի ներքաղաքական դաշտում լարվածությունը շատանում է: Ոմանք, մասնավորապես ՀՀԿ-ն արդեն ձեւավորում է նախընտրական շտաբը, ոմանք դեռեւս փնտրտուքի մեջ են, իսկ, օրինակ, ՀԱԿ-ը, շարունակելով անորոշ հայտարարություններ անել արտահերթ ընտրությունների վերաբերյալ, նույնպես սկսել է նախապատրաստվել հերթական ընտրություններին: Ամենայն հավանականությամբ, նրանք որոշ ժամանակ էլ կխոսեն արտահերթ նախագահական ընտրությունների մասին` ձեռքի հետ նախապատրաստվելով հերթական ընտրություններին: Ինչ որ է, ժամանակը ամենքին ու ամեն ինչ իր տեղը կդնի, իսկ մինչ այդ մենք ցանկացանք իմանալ մի քանի կուսակցության կարծիքը առաջիկա ընտրությունների համամասնական ցուցակների, մեծամասնական ընտրակարգով հնարավոր առաջադրումների եւ այլնի վերաբերյալ:
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ ԻՐ ՏԵՂԸ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱ»
Իսկ այժմ ներկայացնում ենք «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ կարծիքը:
- «Ազգային միաբանությունը» արդեն որոշե՞լ է` խորհրդարանական ընտրությունների միայնա՞կ է գնալու, թե՞ դաշինքով:
- «Ազգային միաբանություն» կուսակցությունը մինչեւ նոյեմբերի վերջը, դեկտեմբերի առաջին տասը օրերի ընթացքում կգումարի իր համագումարը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, կլինեն նաեւ առաջիկա համապետական ընտրություններին մեր մասնակցության խնդիրները: Թե ինչպիսին կլինի համագումարի որոշումը, դժվարանում եմ ասել, բայց ակնհայտ է այն, որ «Ազգային միաբանություն» կուսակցության այսօրվա դիրքորոշումը, որը պայմանավորված է մեր նախագահության որոշումների անմիջական իրագործման հետ, այն է, որ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ բազում խնդիրներ են առաջացել հայոց պետականության առջեւ, մենք, ինչպես միշտ, լինելով պետականամետ դիրքորոշում ունեցող կուսակցություն, սատարելու ենք հայոց պետականության հիմնախնդիրներին միտված դրսեւորումները: Իսկ այսօր, ըստ մեր խորը համոզմունքի, դրանց արտահայտիչը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է:
- Այսինքն` Դուք հնարավոր համարում եք ՀՀԿ-ի հետ դաշինք կազմե՞լը:
- Մենք համոզմունք ունենք առ այն, որ հայոց պետականության ամրապնդումը, մարտահրավերներին դիմակայումը յուրաքանչյուր քաղաքական ուժի, առավել եւս` կուսակցության հիմնախնդիրը եւ հիմնահարցը պետք է լինի, ու այդ համոզմունքին համահունչ մենք գործելու ենք: Եվ երբեք ու երբեք մենք չենք ցանկանա անձնավորել մեր այդ դիրքորոշումը: Այլ խնդիր է, որ այսօր, մեր համոզմամբ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ինքը այդ մարտահրավերների հաղթահարման եւ այդ հարցերի լուծման դրոշը վերցրել է իր ձեռքը, ու մենք, իհարկե, այսօր հրապարակավ ասում ենք, որ մենք այդ հարցում սատարելու ենք Հանրապետության նախագահին:
- Ինչպե՞ս եք նայում համամասնական ցուցակներում օլիգարխների, մեծահարուստների ընդգրկմանը:
- Խորը համոզմունք եմ տածում, որ օլիգարխները, մեծահարուստները, ովքեր օլիգարխ եւ մեծահարուստ են դարձել ոչ մրցակցության պարագայում, պետք է գոնե հիմա հետին թվով խոհեմություն ունենան, հեռատես գտնվեն եւ սատարեն Հանրապետության նախագահին, որն ամենեւին շահագրգռված չէ կուլակաթափությամբ, այլ միայն եւ միայն, համաձայն իր վերջին գործողությունների եւ վերջին քաղաքական վճիռների, ասես թե գլխի է գցում նրանց` ինչ արել եք, չեք արել, ինչ ղալաթներ թույլ եք տվել ձեզ, ոչինչ, ձեզ եզակի հնարավորություն եւ շանս է տրվում հիմա սատարել ոչ թե նախագահին, այլ հայոց պետականությանը եւ ձեր հավելյալ, ոչ միշտ օրինաչափ հարստությունը նպատակամղել հայոց պետականության ամրապնդմանը: Եվ դրան են ուղղված, ըստ իս, օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնցով հանդես է գալիս ՀՀ կառավարությունը: Եթե կգիտակցեն, եթե կհասկանան եւ կցանկանան գոնե այս պարագայում ու այս իրավիճակում հայրենասիրական դիրքորոշում ունենալ, ուրեմն փառք ու պատիվ նրանց: Իսկ եթե ոչ, ապա թող նրանք անպայմանորեն իրենց աչքի առաջ ունենան այն, որ հայ ժողովուրդը այլեւս երբեք ու երբեք չի հանդուրժի իր հաշվին հարստացած այն տարրերին, որոնք հետո փշրանք են վերադարձնում եւ մեծ բարերարի ակնկալիքներ են իրենց համար փայփայում: Ես ներքուստ համոզված եմ, որ հատկապես, այսպես կոչված, օլիգարխների համազգային սթափություն տեղի կունենա: Նրանք պետք է իրենք օրը ցերեկով եւ մութ գիշերով մոմ վառեն հանուն Հանրապետության նախագահի, որն ամենեւին չի ուզում, բառիս իսկական առումով, ազգային համերաշխություն եւ համընդհանուր հավասարություն դրսեւորել օլիգարխներին կուլակաթափ անելու ճանապարհով: Մինչդեռ այդ բոլոր հնարավորությունները եւ լծակները նա ունի:
- Այսինքն` նրանք երեւի չպետք է մասնակցեն նաեւ խորհրդարանական ընտրությունների՞ն:
- Ամեն իրենցից կախվածը պետք է անեն, որ հերթական խորհրդարանական ընտրություններն ընթանան օրենքի տառին, ոգուն համաձայն, իսկ Սահմանադրության համապատասխան հոդվածը հստակ ձեւակերպումներ ունի առ այն, թե ԱԺ պատգամավոր ով կարող է դառնալ: Ուրիշ բան, որ արգելված չէ, որ օլիգարխները այս կամ այն քաղաքական ուժին սատարեն:
- Այսպես ասած` լոբբինգով զբաղվեն:
- Լոբբինգով, այո°, հրապարակավ իրենց դիրքորոշումները հայտարարելով: Այդ գիտակցումը նրանց մոտ կլինի, կնշանակի` մենք քաղաքակիրթ նոր մակարդակով կկարողանանք կազմակերպել ԱԺ ընտրությունները: Եթե չհաջողվի, ես կարծում եմ` Հանրապետության նախագահը նրանցից յուրաքանչյուրին իր տեղը ցույց տալու բոլոր իրավունքները կունենա թե° օրենսդրական, թե° բարոյական առումներով: Եվ այդ գործում, համոզված եմ, մենք կսատարենք Հանրապետության նախագահին: Համոզված եմ նաեւ, որ ՀՀ նախագահին կսատարի նաեւ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը:
Պատրաստեց
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ