ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՇՏԵՑՈՒՄԸ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐ
21.10.2011, Իրավունք
Քաղաքական աշունը Հարավային Կովկասի երկրների համար խիստ հագեցած էր արտաքին քաղաքական իրադարձություններով, որոնք իրենց դրոշմը թողեցին ներքաղաքական գործընթացների վրա: Ընթացիկ աշնան նշանակալի քաղաքական միջոցառումների շարքում հարկ է հատկապես առանձնացնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաեւ նրա կարճաժամկետ այցելություններն ու հանդիպումները Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Ինչո՞վ է հիշարժան Ֆրանսիայի նախագահի այցը մեր տարածաշրջան: Մինչ այս հարցին պատասխանելը` բերենք մի քանի մեջբերում Նիկոլա Սարկոզիի հայտարարություններից եւ հարցազրույցներից:
Այսպես, 2011թ. նոյեմբերի 6-ին «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերին, ասաց. «Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենախոր վիշտն անգամ կարելի է մեղմացնել, որ նույնիսկ ամենախոր ատելությունը կարելի է հաղթահարել, որ նույնիսկ իրենց պատմության ամենածանր պահերին ժողովուրդները կարող են հաշտվելու ուժ գտնել: Առաջին աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիան եւ Գերմանիան պատերազմել են անասելի դաժանությամբ: Սարսափներով ու դաժանություններով լի Երկրորդ աշխարհամարտի փլատակների վրա մեր երկրները ուժ գտան հաշտվելու եւ հավասարը չունեցող բարեկամություն կառուցելու: Այդ բարեկամությունը այսօր դարձել է եվրոպական շինարարության անկյունաքարը»: Հատկանշական է, որ այս խոսքերը Ֆրանսիայի նախագահն արտաբերեց Արեւելյան գործընկերության Վարշավյան գագաթաժողովից (սեպտեմբերի 29-30) մեկ շաբաթ անց: Երկրորդ գագաթաժողովից հետո ԵՄ անդամ երկրների, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի (Բելառուսը ներկա չէր գագաթաժողովին) ղեկավարները եւ ներկայացուցիչները համատեղ Հռչակագիր ընդունեցին, որում, մասնավորապես, ասվում էր, որ Վարշավյան գագաթաժողովի մասնակիցներն «ընդունում են եվրոպական ձգտումները, որոշ գործընկերների եվրոպական ընտրությունը եւ ամուր ու կայուն դեմոկրատիա կերտելու նրանց պատրաստակամությունը»: Հատկանշական է, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, որը ս.թ. սեպտեմբերի սկզբին ողջունել էր Վրաստանին եւ Մոլդովային` այնպիսի ռեֆորմներ իրականացնելու համար, որոնք նրանց անհրաժեշտ են Եվրամիություն մտնելու նպատակով, գագաթաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ սույն փուլում անհնար է արդարացնել Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հույսերը, որոնք Վարշավյան գագաթաժողովից «սպասում էին ԵՄ-ին անդամակցության հստակ հեռանկար»: Միեւնույն ժամանակ, Վարշավյան գագաթաժողովի համատեղ Հռչակագրում ասվում էր, որ «ձեռք է բերվել լավ առաջընթաց ասոցացված համաձայնագրի շուրջ Մոլդովայի Հանրապետության հետ բանակցություններում, եւ զգալի առաջընթաց է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Վրաստանի հետ»: Այսպիսով, Արեւելյան գործընկերության Վարշավյան գագաթաժողովի Հռչակագիրը, Երեւանում Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները վկայում են Եվրամիության` Հարավային Կովկասի տարածաշրջանում ավելի մեծ դեր խաղալու մտադրության լրջության մասին, ավելին` ընդգծում են Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների ռազմավարական կարեւորությունը: Այսինքն` Վարշավայում կրկին հաստատվեց, որ Արեւելյան գործընկերությունը նպատակաուղղված է իրականացնելու «հին» Եվրոպայի` ԱՄՆ-ից հետխորհրդային տարածքի «յուրացման» առաջնությունը խլելու պլանների իրագործմանը` Ռուսաստանից ԱՊՀ արեւելաեվրոպական եւ հարավկովկասյան երկրները պոկելու միջոցով: Ինչպես եւ նախկինում, Արեւելյան գործընկերության մասնակից երկրների համար որպես «խթան» ծառայեցին անհրավերք ռեժիմ մտցնելու, ազատ առեւտրի գոտի ստեղծելու առաջարկությունները: Օգտագործելով այս լծակները` Բրյուսելն իր կողմից բացարձակապես ոչ մի պարտավորություն` ԵՄ-ին այդ երկրների ինտեգրման առումով, չի ստանձնում, ինչը չի խանգարում ԵՄ-ին ներկայանալ օրենսդրի եւ ուղեկցորդի, առաջատարի դերում Արեւելյան գործընկերություն ծրագրի մասնակից երկրների հետ երկխոսությունում, ընդ որում` նրանք դատապարտված են լսելու ԵՄ գործընկեր երկրների խրատները, ավելին` պարտավորվել են կատարել դրանք: Թերեւս միակ բացառությունը, թվում էր, հաստատված այս ընդհանուր կանոնից Վարշավյան գագաթաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթն էր, որը մեղմ, բայց դրանից ո°չ ամենեւին անդեմ ու ոչ լղոզված ձեւով ԵՄ ուշադրությունը հրավիրեց գործընկերների հանդեպ իրենց սեփական պարտավորությունների վրա: Այսպես, 2011թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ նախագահը Արեւելյան գործընկերության Վարշավյան գագաթաժողովի իր ելույթում նշեց. «Կարծում եմ, որ, որպես Հարավային Կովկասում անվտանգության եւ խաղաղության ջատագովի, ԵՄ քաղաքականությունը պետք է նպաստի տարածաշրջանում համաչափ զարգացմանը, հետեւաբար հավասարակշռության պահպանմանը: Մենք, անշուշտ, կողմ ենք, որպեսզի տարածաշրջանը ներգրավված լինի համաեվրոպական նշանակության նախագծերում, ինչն իր հերթին կամրապնդի Հարավային Կովկասի եւ ԵՄ-ի միջեւ առկա հարաբերությունները: Սակայն նման նախագծերի իրականացումը չպետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան որեւէ երկրի հայտնվել առավել նպաստավոր դիրքերում, մանավանդ, երբ այդ կապիտալը օգտագործվում է ի վնաս տարածաշրջանային անվտանգության: Կարծում եմ, ԵՄ-ն քաջ գիտակցում է տարածաշրջանում առկա փխրուն իրավիճակը: Չի կարելի թույլ տալ, որ Հարավային միջանցքը դառնա նոր պատերազմի սնուցման աղբյուր»:
ԵՄ-ի եւ, մասնավորապես, Ֆրանսիայի ու մեր տարածաշրջանի երկրների միջեւ ստեղծված հարաբերությունների պատկերի ամբողջականության համար, կարծում եմ, անհրաժեշություն կա բերել եւս երկու մեջբերում Երեւանում, «Մեդիամաքսին» տված հարցազրույցում Նիկոլա Սարկոզիի արած հայտարարություններից: Այսպես, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությանը` նա ասաց. «Ոչ մի երկիր Ֆրանսիայից լավ չի կարող հասկանալ, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար: Բայց այդքան մահ սփռած եւ այդքան վիշտ պատճառած պատերազմից 17 տարի անց ժամանակն է լուծել հակամարտությունը եւ գտնել հաշտեցման ուղին: Այս նույն հորդորը կփոխանցեմ նախագահ Ալիեւին Բաքվում, ուր պետք է մեկնեմ Երեւան իմ այցից հետո»: Լեռնային Ղարաբաղի նշանակության մասին Ֆրանսիայի նախագահի այս խոսքերն անսահման մոտ են ողջ աշխարհի հայության սրտին, բայց ինչպե՞ս մենք ՀՀ-ում ընկալենք բարեկամական Ֆրանսիայի այդքան հարգարժան առաջնորդի այս արտահայտությունները: Որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի բացառիկ դերի հաստատման հա՞յտ: Իսկ գուցե դրանք ընդունել որպես վկայություն այն բանի, որ Եվրամիությունն արդեն կողմնորոշվել է, թե ինչպես լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Գուցե այս փուլում Եվրամիությունը խնդիր է դնում կոտրել հանրային կարծիքը ՀՀ-ում` հետապնդելով հետեւյալ նպատակը. համոզել հայերին, որ չպետք է հանձին Ռուսաստանի տեսնել խաղաղության եւ անվտանգության երաշխավորին Հարավային Կովկասում, այլ հանձին Ֆրանսիայի եւ ԵՄ-ի: Կարելի է նաեւ բազմաթիվ այլ հարցեր էլ առաջադրել, սակայն ակնհայտ է, որ առաջիկայում պետք է սպասել ԵՄ դերի հետագա ակտիվացմանը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներում: Միանգամայն օրինաչափ էր, որ ԵՄ այդօրինակ ակտիվացումը չէր կարող չնկատվել տարածաշրջանային այնպիսի խոշոր դերակատարի կողմից, ինչպիսին է Իրանի Իսլամական Հանրապետությունը, որի հակազդեցությունը երկար սպասեցնել չտվեց: Այսպես, ս.թ. հոկտեմբերի 13-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Ռամին Մեհմանփարասթը Կազանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց. «Սահմանային վեճերը սովորաբար ծագում են հարեւան երկրների միջեւ... ոչ տարածաշրջանային երկրները ջանում են վեճերն օգտագործել այն բանի համար, որ միջամտեն տարածաշրջանային հարցերին»: Ավելին, ս.թ. հոկտեմբերի 14-ին, ինչպես տեղեկացնում է Tehran Times-ը, Թաթարստանի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուհամեդշինի հետ հանդիպման ժամանակ Մեհմանփարասթն ընդգծեց, որ Իրանը եւ Ռուսաստանը կարող են էական դեր խաղալ տարածաշրջանում հավասարակշռության պահպանման գործում:
Եվ վերջապես, հարկավոր է պարզաբանել նաեւ Նիկոլա Սարկոզիի ոչ պակաս հետաքրքիր հայտարարությունը` նույնպես հնչած նրա` Հայաստան կատարած պետական այցի ժամանակ: Այսպես, հանդես գալով Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ հավաքված լրագրողների առջեւ` Նիկոլա Սարկոզին իր օբյեկտիվությամբ եւ պատմականությամբ շատ համարձակ հայտարարություն արեց. «Հայերի ցեղասպանությունը պատմական փաստ է, որը ճանաչում է Ֆրանսիան: Ցեղասպանության հավաքական մերժումն արժանի է ավելի մեծ դատապարտման, քան անհատականն է: Եթե Թուրքիան վերանայի իր պատմությունը բոլոր մութ ու լուսավոր կողմերով, ապա Հայոց ցեղասպանության ճանաչումը բավարար կլինի: Բայց եթե Թուրքիան չանի դա, ապա, անշուշտ, մենք հարկադրված կլինենք ավելի հեռուն գնալ»: Ֆրանսիայի նախագահի այս հայտարարությունն իր նշանակությամբ դուրս է գալիս մեր տարածաշրջանի շրջանակներից: Այո, ակնհայտ է, որ ի թիվս այլ բաների` այն հետապնդում է նաեւ ներքաղաքական նպատակներ, չէ՞ որ Ֆրանսիայի նախագահի հիմնական թեկնածուներն արդեն հայտնել են իրենց պատրաստակամությունը` աջակցել ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ժխտողականությունը քրեականացնող օրինագծի ընդունմանը, այլ նաեւ պարտավորվել են օժանդակել հայամետ այլ նախաձեռնություններին եւս: Այստեղ պակաս կարեւոր չեն Նիկոլա Սարկոզիի հայտարարության արտաքին քաղաքական ասպեկտները: Մի կողմից` դա կարելի է ընկալել որպես Ֆրանսիայի, ասել է թե` ԵՄ-ի անթաքույց ճնշում պաշտոնական Անկարայի վրա, որը վերջին ժամանակներս շատ բան է վերցնում իր վրա: Վերցնենք թեկուզ օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կրկնակի հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան կսառեցնի հարաբերությունները Եվրամիության 27 անդամ երկրների հետ, եթե 2012թ. հուլիսին ԵՄ նախագահող պետությունը դառնա Կիպրոսը, ինչի մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը: Միեւնույն ժամանակ, հանուն արդարության նշենք, որ համաձայն թուրքական զանգվածային լրատվամիջոցների տարածած տեղեկատվության` Երեւան կատարած այցելությունից անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահի խորհրդական Դավիդ Լեւիտը Ելիսեյան պալատում Ֆրանսիայում Թուրքիայի Հանրապետության դեսպան Թահսին Բուրջուօղլուին հավաստիացրել է, որ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը ճիշտ չի մեկնաբանվել Թուրքիայում, եւ Ֆրանսիան չի ընդդիմանա Թուրքիային այդ հարցում: Ավելին, նա հավաստիացրել է թուրք դեսպանին, որ Ֆրանսիան Թուրքիան համարում է մեծ եւ ուժեղ տերություն եւ մեծ նշանակություն է տալիս նրա հետ բարեկամական հարաբերություններին:
Արտաքին քաղաքական խիստ հետաքրքիր այս իրադարձությունների ֆոնին պակաս հետաքրքրական չեն այն գործընթացները, որոնք ծավալվում են ներքաղաքական ասպարեզում, մասնավորապես` Հայաստանում եւ Ադրբեջանում: Այսպես, օրերս Բաքվի «Պոլիգոն» պարբերականը, հղում կատարելով թուրքական պաշտոնական շրջանակների աղբյուրներին, տեղեկատվություն է տարածել ադրբեջանական ընդդիմությանն աջակցելու պլանների մասին: Հատկանշական է, որ մինչ այդ ադրբեջանական ընդդիմությանն աջակցելու մտադրության մասին հայտարարել էին թուրքական ընդդիմադիր կուսակցությունները` ձախ կենտրոնամետ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը եւ Ազգայնական շարժում ուլտրաաջ կուսակցությունը: Շատ փորձագետներ թուրքական քաղաքական շրջանակների (ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր) վերաբերմունքի փոփոխությունն Ադրբեջանի իշխանությունների եւ պաշտոնական Բաքվի հանդեպ` պայմանավորված ընդդիմադիրներին աջակցելու քաղաքականությամբ, հակված են բացատրել տարածաշրջանի վերջին իրադարձություններով: Դրանց թվին պետք է դասել Թուրքիայի եւ Իսրայելի լարված հարաբերությունները եւ այդ ֆոնին, ընդհակառակը, Ադրբեջանի եւ Իսրայելի ամրապնդվող գործընկերային կապերը: «Ինչո՞ւ Սիրիայի հարցում Էրդողանը փոխեց դիրքորոշումը: Սկզբում նա Բաշար Ասադի կողմնակիցն էր, իսկ ավելի ուշ հանդես եկավ նրա դեմ: Նույնն է եւ Ադրբեջանի հարցում... Վաշինգտոնի եւ Անկարայի շահերը շատ հարցերում համընկնում են, ուստի... ի հայտ է գալիս նման լուրջ ակտիվություն ադրբեջանական ընդդիմության հանդեպ»,- այսպիսի եզրահանգում է արվել «Պոլիգոնի» հոդվածում, իսկ հետո հավաստվում էր, որ Թուրքիայի իշխանությունների օգնությունը, որը կցուցաբերվի ադրբեջանական ընդդիմությանը, կարող է շատ բան փոխել ե°ւ Ադրբեջանում, ե°ւ ընդհանրապես տարածաշրջանում: Կարելի էր ուշադրություն չդարձնել այս տեղեկությանը, եթե գոյություն չունենար մի շատ էական գործոն: Այսպես, 2009թ. հոկտեմբերին Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո
պաշտոնական Բաքուն, ի հեճուկս թուրքական իշխանությունների, անհապաղ Ռուսաստանի հետ մերձեցման քայլեր ձեռնարկեց: Համենայնդեպս, Ադրբեջանի իշխանությունները, առնվազն, ձեւացրել են, թե նման գործընթաց են սկսում: Պաշտոնական Անկարան լրջորեն անհանգստացավ եւ ընկրկեց` հաճոյանալու համար կրտսեր եղբորը: Արդյունքում` Ցյուրիխյան արձանագրությունների իրականացումը թուրքական կողմը փակուղի մտցրեց: Ճիշտ է` արձանագրությունների վավերացման հարցը ներառվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգում, բայց այդպես էլ չդրվեց խորհրդարանականների քննարկմանը, թեեւ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մեծամասնություն ուներ: Իր հետագա գործողություններով Թուրքիան ցայտուն կերպով ցույց տվեց, նախ, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որը թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գլխավոր նախաձեռնողն էր, ինչպես նաեւ Եվրամիությանը, որը նույնպես պակաս հետաքրքրված չէր ցյուրիխյան գործընթացի դրական ելքով, որ Թուրքիայի ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ թուրքական իշխանությունների արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունն է: Կարծեմ այդ շրջանում Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները նույնպես սկսեցին զարգանալ առաջընթաց տեմպով: Ավելին, խոսակցություններ սկսվեցին երկու երկրների միջեւ իբր հաստատվող ռազմավարական հարաբերությունների մասին, ինչպես նաեւ բանակցություններ էին վարվում արտաքին առեւտրային գործառնություններում դոլարով փոխադարձ հաշվարկներ կատարելուց հրաժարվելու մասին: Լրջորեն քննարկվում էին արտաքին առեւտրի ոլորտում փոխադարձ հաշվարկները Թուրքիայի եւ Ռուսաստանի ազգային արժույթներով վարելու հարցերը: Հիշում եմ նաեւ, որ պաշտոնական Անկարան շատ ավելի բարյացակամ վերաբերվեց «Հարավային հոսք» գազատարը Սեւ ծովի հատակով, ներառյալ` Թուրքիայի տնտեսական գոտին, անցկացնելու Ռուսաստանի պլաններին: Ուրեմն, այն ժամանակվանից հետո ի՞նչ փոխվեց պաշտոնական Անկարայի պլաններում, եւ ինչո՞ւ է հիմա արգելակում այդ հարցի առաջմղումը: Հետաքրքիր է, որ դրա հետ մեկտեղ, թուրքական իշխանություններն, ավելի շուտ, միտումնավոր տեղեկատվություն են արտանետում իրենց կողմից ադրբեջանական ընդդիմությանն աջակցելու վերաբերյալ: Կարծում եմ, որ դա արվում է հեռահար նպատակով. Ադրբեջանը վերջնականապես վերադարձնել թուրքական արտաքին քաղաքականության ուղեծիր` որպես այլընտրանք առաջ քաշելով Ադրբեջանի ներքին կյանքի ապակայունացման հեռանկարը: Եվ դա տեղի է ունենում Wikileaks-ի տեղեկատվական արտանետումների ֆոնին, որոնք ամենեւին էլ հօգուտ Իլհամ Ալիեւի չեն, ավելին` բացահայտում են ադրբեջանական նախագահի բոլորովին էլ ոչ դրական կարծիքն արդի Թուրքիայի հավակնոտ առաջնորդի` վարչապետ Էրդողանի մասին, որն իրեն ավելի ու ավելի շատ է դնում աշխարհիս հզորներից մեկի տեղը, իսկ իր երկիրը ներկայացնում է որպես գերտերություն: Այս ֆոնին հատուկ նշանակություն է ձեռք բերում Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հայտարարությունը նոր ինտեգրացիոն նախագծի մասին, որը պետք է միավորի հետխորհրդային տարածքի պետությունները` տնտեսական շահերի հիման վրա: Խոսքը Վ. Վ. Պուտինի «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր» հոդվածի մասին է` տպագրված ս.թ. հոկտեմբերի 4-ին «Իզվեստիայում»: Այստեղ հարկ է նաեւ ուշադրություն դարձնել ոչ պակաս կարեւոր մի հանգամանքի վրա. Ցյուրիխյան արձանագրությունները վերջերս կրկին ներառվել են Թուրքիայի նոր գումարման Ազգային մեծ ժողովի օրակարգում: Համադրելով վերջին ամսվա վերոնշյալ իրադարձությունները` հստակ գիծ է նկատվում: Այսպես, մի կողմից` Եվրամիությունը Արեւելյան գործընկերության միջոցով եւ Ֆրանսիայի նախագահի պաշտոնական այցի ընթացքում քաղաքականապես սիրաշահում է Հայաստանի ղեկավարությանը, պատրաստակամություն հայտնում մասնակցելու խոշոր էներգետիկ նախագծերում, մյուս կողմից` այդ նույն ժամանակ ԵԽԽՎ-ի, Եվրախորհրդարանի բարձր ամբիոնից քննադատում է Ադրբեջանին մարդու իրավունքների խախտման, դեմոկրատական ռեֆորմները խափանելու, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հետապնդելու համար: Հարկ է սպասել, որ հենց այս հարցերն են լինելու այն հիմնական թեմաները, որոնք քննարկվելու են ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսի` ս.թ. հոկտեմբերի 18-20-ը Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան ակնկալվող այցի ընթացքում: Հատկանշական է, որ արդեն հայտարարվել է այն մասին, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն կայցելի Բաքու:
Real Politic-ի խորամանկություններին անտեղյակ սովորական մահկանացուին Հայաստանի հետ ԵՄ-ի եւ ԵԽԽՎ-ի հարաբերությունների ջերմացումը, ինչի վկան դարձանք հոկտեմբերի 14-ին ավարտված ԵԽԽՎ նստաշրջանի ավարտին, երբ ընդունվեց Հայաստանի վերաբերյալ խիստ հավասարակշռված գնահատական, կարող է պատրանքի մեջ գցել, թե վերջապես եվրոպական տարածքում ստեղծվում են նախադրյալներ պատմական արդարության հաղթանակի համար: Ընդ որում` նկատի կառնվի Հայոց ցեղասպանության ժխտման հարցի քրեականացման մասին օրենքի ընդունումը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորմանն ուղղված որոշակի քայլերի ընդունումը: Եվ այս պատրանքը կամրապնդվի հստակ պլանավորված գործողություններով, որոնք կոչված են այնպիսի երեւութականություն ստեղծելու, թե իբր Ադրբեջանն արժանացել է Արեւմուտքի եւ նույնիսկ Թուրքիայի անբարեհաճությանը: Ավաղ, իրականությունը բոլորովին այլ է: Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ լինելով, գայթաքար է հանդիսանում Արեւմուտքի եւ մեր տարածաշրջանում նրա անփոփոխ դաշնակցի` Թուրքիայի աշխարհաքաղաքական պլանների իրագործման ճանապարհին: Այո, ես չսխալվեցի, Թուրքիայի, որը, ՆԱՏՕ անդամ եւ գործով ԱՄՆ-ին իր հուսալիությունն ապացուցած դաշնակիցը լինելով, խաղալու է իր` իբր ինքնուրույն խաղը Մեծ Մերձավոր Արեւելքի տարածքում: Դրա հետ մեկտեղ, խնդիր է դրվում դառնալ մուսուլմանական աշխարհի առաջնորդը: Եվ դա հատկապես ակտուալ է այժմ, երբ Եգիպտոսի եւ Թունիսի` ԱՄՆ-ին բարեկամական Հոսնի Մուբարաքի եւ Բեն Ալիի ռեժիմները տապալվեցին, երբ տակավին չեն դադարում ռազմական գործողությունները Լիբիայում, ծայրահեղ տագնապալի իրավիճակ է պահպանվում Սիրիայում: Ավելին, հստակ միտում կա սրելու իրավիճակն Իրանի շուրջ, հատկապես 2011թ. հոկտեմբերի 15-ի` աշխարհի առաջատար տեղեկատվական գործակալությունների տարածած տեղեկության ֆոնին: Ըստ այդ տեղեկության` ԱՄՆ կառավարությունն Իրանի իշխանությունների հետ ուղղակի շփման ընթացքում նախազգուշացրել է պաշտոնական Թեհրանին, որ մտադիր է նրան պատասխանատվության կանչել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադիլ ալ Ջուբեյրայի դեմ ենթադրվող դավադրության հետ կապված: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, լրագրողներին այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Վիկտորիա Նուլանդը: Արեւմուտքը, առավել եւս` Թուրքիան, Ադրբեջանի հետ լուրջ եւ անլուծելի հիմնախնդիրներ չի ունեցել եւ հիմա էլ չունի: Ադրբեջանի իշխանությունները հիանալի գիտակցում են, որ դատապարտված են լինել Արեւմուտքի, հատկապես Թուրքիայի քաղաքականության նավարկուղում: Եվ ամենեւին էլ պատահական չեն մեր օրերում արհեստականորեն հրահրվող անջատական տրամադրությունները Նախիջեւանի մարզում, որը մեկ օր անգամ չէր կարող իրեն պատկերացնել որպես անկախ սուբյեկտ, ինչպես կա իրականում, եթե չլիներ Թուրքիայի աջակցությունը: Էլ չենք խոսում խոշոր էներգետիկ նախագծերի մասին, որոնք նախատեսված է իրականացնել Արեւմուտքի կողմից: Ճիշտ է` NABUCCO-ի պարագայում փոքր-ինչ ձգձգում կա: Այսպես, AFP գործակալության հաղորդմամբ` OMV ընկերության գործադիր տնօրեն Գերհարդ Ռոյսին հղում կատարելով, բնական գազի մատակարարումները NABUCCO գազատարով, որը պետք է Եվրոպան կապի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հանքավայրերի հետ` շրջանցելով Ռուսաստանը, հետաձգվում են մեկ տարով: Նախագիծը հերթական անգամ հետաձգել են NABUCCO-ն գազով ապահովող մատակարարների հետ պայմանավորվածությունների բացակայության պատճառով: Ավելի վաղ պլանավորվում էր, որ գազի առաջին մատակարարումը NABUCCO-ով կսկսվի 2017թ., իսկ գազատարի շինարարությունը պետք է սկսվեր 2013-ին: Հենց դրա համար էլ Ավստրիայի դաշնային նախագահ Հայնց Ֆիշերի բանակցությունների գլխավոր թեման Բաքվում եւ Աշգաբադում նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովի հետ համագործակցության հարցերն էին էներգետիկայի ոլորտում: Եվ, ինչպես օրերս բանակցությունների արդյունքներով տեղեկացրել է Թուրքմենստանի նախագահ Գ. Բերդիմուհամեդովը, Թուրքմենստանը եւ ԵՄ-ն ձեռնամուխ են եղել թուրքմենական գազը Եվրոպա մատակարարելու փաստաթղթային հենքի նախապատրաստմանը:
Ես հատուկ այսքան մանրամասն կանգ առա արտաքին քաղաքական այն իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունենում Հարավկովկասյան տարածաշրջանում: Կարծում եմ, որ վերն ասվածից հետեւյալ եզրահանգումն է առաջ գալիս. Հարավկովկասյան տարածաշրջանում լուծվում է Եվրասիական միության լինել-չլինելու հարցը: Այո, ես չսխալվեցի` ասելով Եվրասիական միություն: Չէ՞ որ գաղտնիք չէ, որ Ադրբեջանին ԱՊՀ կազմում պահում է միայն ղարաբաղյան հիմնախնդրի չլուծվածությունը: Եթե այդ հակամարտությունը կարգավորվի այն պայմաններով, ինչին ձգտում են ապշերոնյան քաղաքական գործիչները, Բաքուն անհապաղ ԱՊՀ-ից դուրս գալու բազմաթիվ պատճառներ կգտնի: Դրան, բնականաբար, կհետեւի Ադրբեջանի հետագա ինտեգրումը եվրոպական-թուրքական էներգետիկ նախագծերին, մասնավորապես` գազի Հարավային միջանցք նախագծին: Այս պայմաններում, եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չմտածված քայլեր ձեռնարկի` տեղի տալով քաղաքական սիրենաների քաղցրալուր երգեցողությանը եւ հրաժարվի Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերություններից, ապա կորուստները հայոց պետականության համար երկար սպասեցնել չեն տա եւ անվերականգնելի կլինեն: Հարկ է գոհունակությամբ նշել, որ արտաքին քաղաքական բախումների այս դժվարին ջրապտույտում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չափազանց կշռադատված արտաքին քաղաքականություն է վարում ինչպես Արեւմուտքի, այնպես էլ խոշոր տարածաշրջանային դերակատարների հետ, դրա հետ մեկտեղ անշեղորեն հավատարիմ մնալով Ռուսաստանի առջեւ մեր ռազմավարական պարտավորություններին: Ընդ որում` հարկ է առանձնապես ընդգծել, որ նա միանգամայն ինքնուրույն քաղաքականություն է վարում, ինչը հատուկ է հիրավի սուվերեն պետությանը, ոչ մի թույլ տեղ չթողնելով, որից կարող են օգտվել խոշոր արտատարածաշրջանային եւ տարածաշրջանային դերակատարները` միաժամանակ հրապարակային պարսավանք արտահայտելով: Դրա հետ մեկտեղ, ինչպեսեւ պետք էր սպասել, ՀՀ նախագահն ավելի ու ավելի հաճախ է դառնում քաղաքական ուժերի հարձակման թիրախ երկրի ներսում: Այսպես, Հայ ազգային կոնգրեսը (այսուհետ` ՀԱԿ), որը Հայաստանում անթաքույց արտահայտում է Արեւմուտքի շահերը, թեեւ վերջինիս թույլտվությամբ հաճախ հանրային դժգոհություն է արտահայտում Հայաստանում նրա վարած քաղաքականությունից, վերջին ժամանակներս կտրուկ ակտիվացրել է գործունեությունը: Եթե մինչ այդ ՀԱԿ-ն առաջ էր քաշում ՀՀ-ում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջ, ապա հիմա նրանց միակ պահանջը ՀՀ նախագահի անհապաղ հրաժարականն է: Վերջին ժամանակներս զգալիորեն ակտիվացել է նաեւ այն կուսակցություններից մեկը, որը մտնում է Հայաստանի իշխող կոալիցիայի մեջ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (այսուհետ` ԲՀԿ): Հուրախություն մեզ` այն ներկայանում է որպես քաղաքական ուժ, որը մարտնչում է Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերությունների խորացման համար: Սակայն հանուն արդարության նշենք, որ երբ ՀՀ խորհրդարանում տեղի ունեցավ 102-րդ ռուսական ռազմակայանի` Գյումրիում մնալու ժամկետը 49 տարով երկարացնելու վերաբերյալ N5 արձանագրության վավերացման օրինագծի քննարկումը, ի պաշտպանություն այս օրինագծի այդպես էլ ոչ ոք այդ կուսակցությունից հանդես չեկավ: Հայաստանի նախագահի դիրքորոշումը ՀՀ ազգային անվտանգության ապահովման տեսակետից այս գերկարեւոր հարցում Ազգային ժողովի ամբիոնից պաշտպանեց միայն «Ազգային միաբանություն» կուսակցության պատգամավոր Արա Սիմոնյանը: Մյուս խմբակցությունների պատգամավորները համեստաբար լռեցին նաեւ ՀՀ-ում օտարալեզու, այդ թվում` ռուսալեզու դպրոցների բացման շուրջ բուռն բանավեճի ժամանակ: Եվ օրինագծի շուրջ լայնորեն ծավալված այդ բանակռիվներում դրա պաշտպանությամբ հրապարակավ հանդես եկավ միայն «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարը: Եվ ահա, այսքան բարդ իրավիճակում, որում հայտնվել են Հայաստանը եւ տարածաշրջանը, երկրորդ անգամ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Երեւանում գումարվում է Հայաստանի հասարակական կազմակերպությունների ժողով, որոնք, դատելով դրանց կազմակերպիչների հայտարարություններից, հայ-ռուսական բարեկամության ջատագովներն են: Ճիշտ է` այդ կազմակերպությունների նման հակումների մասին մինչ այդ ինչ-որ չէինք լսել, առավել եւս` սրտալի այդ ջատագովությունն էլ չէինք զգացել: Այնինչ, վերջին մի քանի տարիներին, եւ հիմա էլ, այս առումով ինքնարտահայտվելու առիթները քիչ չէին: Այս ամենի մասին կարելի էր եւ լռել, քանի որ անմեղ միջոցառում էր կազմակերպվել: Ինչպես ասում են, միջոցառում էր, էլի°, ոչ սրտից էր բխում, ոչ մտքից: Սակայն միջոցառմանը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան, մեր երկրում շատ հարգված Վյաչեսլավ Եվգենեւիչ Կովալենկոյի մասնակցությունը եւ ողջույնը մասնակիցներին եւ ԲՀԿ (որի նախաձեռնությամբ էր կազմակերպվել սույն միջոցառումը) ղեկավարության հետագա գործողությունները ստիպեցին լրջորեն խորհել: Չէ՞ որ ս.թ. փետրվարի 17-ին կոալիցիա ստեղծած խորհրդարանական կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Օրինաց երկիրը», ստորագրեցին փաստաթուղթ, որը նախատեսում էր կոալիցիոն ուժերի միասնական մասնակցություն 2012թ. խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաեւ միասնական թեկնածուին աջակցություն 2013թ. նախագահական ընտրություններին` հանձին գործող նախագահի: Եվ ահա, ԲՀԿ առաջնորդը, վերոհիշյալ միջոցառման «օրհնությունից» տառացիորեն երկու-երեք օր հետո հանդես եկավ հայտարարությամբ, թե ՀՀ խորհրդարանի գալիք ընտրություններին ԲՀԿ-ն ինքնուրույն է հանդես գալու եւ խորհրդարանական ընտրություններում իր հիմնական մրցակիցն է համարում Հայաստանի նախագահի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը: ԲՀԿ ղեկավարի այս հայտարարությանը հաջորդեց իսկական տեղեկատվական պատերազմ Հայաստանի նախագահի դեմ, ընդ որում` հետաքրքիրն այն է, որ ոչ այնքան ՀԱԿ-ի կողմից վերահսկվող մամուլի եւ էլեկտրոնային ԶԼՄ-ների, որքան այն ԶԼՄ-ների կողմից, որոնք Հայաստանում ընկալվում են որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից վերահսկվող լրատվամիջոցներ: Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ 2001-2007թթ. ձեր խոնարհ ծառան եւ իր ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցությունը մեկ անգամ չէ, որ հանդես են եկել Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան իշխանական տանդեմի հասցեին կոշտ քննադատությամբ: Եվ անցած չորս տարիներից հետո համարձակվում եմ հավաստիացնել, որ քննադատելու համար լրիվ բարոյական իրավունք ունեինք, բայց դա այլ խոսակցության թեմա է: Բայց այն ժամանակ քննադատությունը հենվում էր կոնկրետ փաստերի վրա, այլ ոչ թե զրոյի էր հավասարեցվում այն դրականը, ինչ արել էին ՀՀ իշխանություններն այն տարիներին: Իսկ դիտարկվող պարագայում մենք վկաներն ենք բոլորին եւ ամեն ինչ (այն, ինչ վերջին երեքուկես տարիներին արվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից) անհիմն կերպով վատաբանելուն: Օրինակ, վերցնենք թեկուզ քաղաքացիական պատերազմի կանխումը Հայաստանում, որի ծավալման համար 2008թ. փետրվար-մարտին բոլոր նախադրյալները կային: Ավելին, առավել լուրջ մտահոգություն է առաջացնում այն, երբ հախուռն քննադատվում է ՀՀ նախագահի աշխատակազմի պատասխանատու աշխատողների երիտասարդ սերունդը: Պարզվում է, որ նրանք Սերժ Սարգսյանի` ԶԼՄ-ների թիկունքում թաքնվող նորահայտ ընդդիմախոսների ճաշակով չեն, որոնց, հավանաբար, դուր չի գալիս այն, որ ՀՀ նախագահի աշխատակազմում քիչ չեն երիտասարդները, որոնք փայլուն բարձրագույն կրթություն են ստացել, որպես կանոն, Եվրոպայի առաջատար բուհերում, այդ թվում` Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Նրանց տրամաբանությամբ` աշխատակազմի երիտասարդ աշխատակիցները կշտամբվում են նաեւ այն բանի համար, որ կոռումպացված չեն, որեւէ կլանում մուտք ու ելք չունեն: Եվ հավանաբար, նրանց ընդհանրապես չեն կարողանում ներել, որ նրանք իրենց կենսագրության մեջ բծեր չունեն... Այս հարցում տագնապեցնում է մեկ այլ բան, որ ՀՀ նախագահի անվանարկման քաղաքականությունն անցկացնում են այն քաղաքական գործիչները, որոնք իրենց ռուսամետ են համարում` դրա հետ մեկտեղ հատուկ ակտիվություն են դրսեւորում Ռուսաստանի Դաշնություն ՀՀ նախագահի պետական այցի նախօրեին: Եթե նման գործողությունները դրանց կազմակերպիչների կողմից հետապնդում են Հայաստանի քաղաքական ընտրանուն վերջնականապես մոլորեցնելու նպատակ` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իսկական հարաբերությունները պարզելու հարցում, որպեսզի հետո տեսնեն, թե ովքեր են պոտենցիալ քաղաքական փախստակները, ժողովրդական խոսքով ասած` քաղաքական առնետները, ապա անկեղծ ասենք, որ նման փորձարկում անելու համար ժամանակի ընտրության հարցում նրանք ակնհայտորեն համը հանել են: Չէ՞ որ քաղաքական այս ամբողջ իրարանցումը, այս խեղկատակությունը վերջնարդյունքում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, ցավոք, նոսրացող կողմնակիցների աչքում անվանարկում է, առաջին հերթին, մեր երկրները` Հայաստանը եւ Ռուսաստանը: Այլեւս ընդհանրապես հարկ չկա խոսել այն տագնապի մասին, որն այս քաղաքական անմաքուր խաղերի ֆոնին կապրեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համոզված կողմնակիցները: Իսկ եթե այս փորձարկումը նպատակ ունի ՀՀ նախագահի գլխավերեւում բարձրացնել ինքնատիպ քաղաքական մահակ կամ օգտագործել ներքաղաքական լարվածության թեժացումը` որպես շանտաժի միջոց, որի վերջնական նպատակը ՀՀ գործող նախագահի մերձավոր ընկերոջ` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար դեպի իշխանության բարձունքներ տանող ճանապարհը մաքրելն է, ապա այս սցենարը եւս քննադատության չի դիմանում: Ցանկացած նման գործողություն, եւ սրանում կասկածելու հարկ չկա, թուլացնում է ՀՀ նախագահի դիրքերը միջազգային ասպարեզում, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված բարդ, ես կասեի` պայթյունավտանգ իրավիճակում կարող է Ադրբեջանին դրդել մարտական գործողությունների սանձազերծման ադրբեջանա-ղարաբաղյան դիմակայության ողջ գծի երկայնքով: Իսկ իրադարձությունների նման զարգացումը, իր հերթին, անխուսափելիորեն կհանգեցնի տարածաշրջան խաղաղարար ուժեր մտցնելուն (ընդ որում` ոչ ռուսական)` այստեղից բխող բոլոր ողբերգական հետեւանքներով: Իսկ այն, որ Ադրբեջանը` Թուրքիայի հովանավորությամբ, կարող է պատերազմ սկսել, կասկածի տեղիք չի տալիս: Բավական է հիշել Իլհամ Ալիեւի ելույթի խոսքերը Զինված ուժերի 93-րդ տարելիցի եւ Ադրբեջանի անկախության վերականգնման 20-ամյակի տոնակատարությունների ժամանակ. «Պատերազմը Ղարաբաղում դեռ ավարտված չէ: Մեր պետական բյուջեն ավելացել է 16 անգամ (վերջին 10 տարում- Ա. Գ.): Մեր ծախսերը ռազմական կարիքների համար ավելացել են 20 անգամ եւ կազմում են 3 մլրդ 270 մլն դոլար, եւ սա դեռ սահմանը չէ: Ադրբեջանի այսօրվա ռազմական ծախսերը 50%-ով գերազանցում են Հայաստանի ամբողջ պետական բյուջեն (այստեղ, իհարկե, Իլհամ Հեյդարովիչը շատ է ուռճացնում եւ իրեն բարոն Մյունհաուզեն է երեւակայում- Ա. Գ.): Ռազմական ծախսերն իրենց ծավալով կզբաղեցնեն առաջին տեղն Ադրբեջանի բյուջեում այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի ազատի ադրբեջանական հողերը, եւ այդ երկրի հետ չի ստորագրվի հաշտության համաձայնագիր: Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի 20%-ի օկուպացումը (նկատի ունի բուն Արցախ-Լեռնային Ղարաբաղի հայկական հողերի մի մասը եւ նրա շուրջ անվտանգության գոտին- Ա. Գ.) ժամանակավոր երեւույթ է, եւ այն հավերժ շարունակվել չի կարող»: Հանուն արդարության նշենք, որ Ադրբեջանի նախագահի այս խոսքերն արտաբերվել են մինչեւ երեւանյան զորահանդեսը, որը տեղի ունեցավ ս.թ. սեպտեմբերի 21-ին, այն միջոցառումների շրջանակում, որոնք նվիրված էին ՀՀ անկախության քսանամյակին: Սակայն հարկ է նշել, որ ադրբեջանական ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունն այսօր էլ դեռ պահպանվում է: Ավելին, միայն վերջին տասը տարիներին ադրբեջանական կողմն ավելի քան 250 անգամ խախտել է հրադադարի ռեժիմն ադրբեջանական զինված ուժերի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների դիմակայության գծում: Ադրբեջանական բազեները ոչ մի կերպ չեն կարողանում հանգստանալ անգամ այն բանից հետո, ինչ տեսան Երեւանի զորահանդեսում: Չէ՞ որ Ապշերոնի վայ-մարտիկներին պետք է, չէ՞, ինչ-որ բանի մասին հիշեցնի այն, որ Երեւանի զորահանդեսում ներկայացված օպերատիվ-տակտիկական հրթիռային 9K72 «Էլբրուս» համալիրները 8K-14 (P-17) հրթիռով թռիչքի առավելագույն հեռահարություն են ապահովում` մինչեւ 300 կմ, ընդ որում` դրանց երաշխավորված հեռահարությունը 275 կմ է: Մի խոսքով` Աստված չանի, որ հայկական կողմը ստիպված լինի օգտագործել դրանք (չէ՞ որ ե°ւ Բաքուն, ե°ւ Գանձակ-Կիրովաբադը, ադրբեջաներեն` Գյանջա, կառուցել են հայերը), ավերածություններն աղետալի կլինեն: Իսկ գուցե ադրբեջանցի զինվորականների հույսն այն է, որ նրանց բանակի սպառազինության մեջ օպերատիվ-տակտիկական հրթիռային 9K79-1 «Տոչկա-Ու» համալիրներ կա՞ն: Բայց չէ՞ որ մենք էլ դրանցից ունենք: Իսկ գուցե նրանք հույսները դնում են այն բանի վրա, որ 20-րդ դարի 80-ականներից «Էլբրուսը» հանվել է արտադրությունից: Մի՞թե դա վտանգավոր գայթակղություն կառաջացնի լոկալ ռազմական գործողություն սանձազերծել ղարաբաղյան ճակատում: Բայց դա նրանց կողմից խելացնորություն կլինի: Չէ՞ որ պետք է բոլորին հասկանալի լինի, որ ռազմավարական առումով այնքան կարեւոր տարածաշրջանում, ինչպիսին է Հարավային Կովկասը, ցանկացած լոկալ պատերազմ անխուսափելիորեն պայթուցիչ կդառնա լայնամասշտաբ պատերազմի համար: Չափից ավելի շատ են կենտրոնացված ուժի միջազգային կենտրոնների կենսականորեն կարեւոր ռազմավարական շահերն աշխարհագրական առումով այս փոքրիկ Հարավկովկասյան տարածաշրջանում: Եվ այստեղ ռազմական արկածախնդրությունների (ինչին, դատելով ռազմատենչ հռետորաբանությունից, հակված է Ադրբեջանի ղեկավարությունը) հնարավոր հետեւանքների մանրամասն նկարագրությունը, իմ կարծիքով, պարտադիր է: Ուստի, չափազանց հրատապ է թվում Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի` ս.թ հոկտեմբերի 24-26-ին նախատեսված առաջին պետական այցը Ռուսաստանի Դաշնություն: Մեր երկրների առաջնորդները խոսելու բան ունեն, չէ՞ որ խաղատախտակին ոչ միայն Հարավային Կովկասի երկրների, այլեւ սահմանակից պետությունների ճակատագիրն է, ներառյալ Ռուսաստանը: Եվ այս համատեքստում ցանկացած ներքաղաքական իրարանցում Հայաստանում, որը կտանի դեպի հանրապետության ներքին կյանքի ապակայունացում` Ռուսաստանի որոշակի ԶԼՄ-ների կողմից արվող էժանագին հիշատակումների ուղեկցությամբ, մեր տագնապալի օրերում ոչ այլ ինչ է, եթե ոչ` դավաճանություն Հայաստանի ազգային շահերին: Եվ այստեղ խոսքն ամենեւին էլ ՀՀ նախագահի, առավել եւս` կոալիցիոն կառավարության աշխատանքի իդեալականացման մասին չէ: Ուշադիր ընթերցողը, հավանաբար, հարց կտա. իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Եվրասիական միությունը, որի մասին հիշատակվեց վերը: Այո, Եվրասիական միությունը, եթե այն կայանա այն ձեւով, ինչպես այն տեսնում են ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Աբիշեւիչ Նազարբաեւը եւ Ալեքսանդր Գրիգորեւիչ Լուկաշենկոն, կարող է դառնալ այն միակ հարթակը, որտեղ հնարավոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Եվ այս դեպքում, երբ Արեւմուտքի երկրները եւ ՆԱՏՕ-ն վերջնականապես կհասկանան, որ իր ընտրությունը հօգուտ Եվրասիական միության ու ՀԱՊԿ-ի Հայաստանն արել է վերջնականապես ու անշրջելիորեն, այդժամ ինտեգրացիոն գործընթացները հետ շրջելու միակ ելքը կլինի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սանձազերծելու մղելը: Եվ այս պայմաններում ակամա միտքս է գալիս լատինական արտահայտությունը` Sivis pasem, para bellum - «խաղաղություն ես ուզում` պատրաստվիր պատերազմի», որը վերագրվում է հռոմեացի պատմագիր Կոռնելիուս Նեպոտին (մ.թ.ա. 94-24թթ.): Թեւավոր խոսք դարձած այս արտահայտությունը նա օգտագործել է մ.թ.ա. IV դարի Թեբեի զորահրամանատար Էպամինոնդի կյանքը նկարագրելիս: Անկեղծ ասենք, որ մեր դեպքում Հայաստանն ի վիճակի չէ սպառազինությունների վրա միլիարդ դոլարներ ծախսել, ինչն, օրինակ, բնորոշ է Ադրբեջանին: Սակայն դա Հայաստանի քաղաքական ղեկավարությանը չի ազատում պատասխանատվությունից` գլխավոր ռազմավարական գործընկերոջ` դաշնակցային Ռուսաստանի հետ բանակցություններում տեղեկացնելու Հայաստանի` ժամանակի փորձությունը բռնած իսկական բարեկամներ Դմիտրի Անատոլեւիչ Մեդվեդեւին` ՌԴ նախագահ, եւ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին` ՌԴ կառավարության նախագահ, Ադրբեջանի հետ Հայաստանի` պատերազմի մեջ ներքաշվելու վտանգի ու սպառնալիքի մասին: Կարծում եմ, որ օպերատիվ-տակտիկական հրթիռային «Իսկանդեր» համալիրը (համալիրի ինդեքսը` 9K720, NATO-SS-26 Stone դասակարգմամբ) եթե լիներ ՀՀ զինված ուժերի զինանոցում, իսպառ կջնջեր ադրբեջանական ղեկավարության ու նրանց հովանավորների` Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սանձազերծելու ցանկությունը: Այս պայմաններում, կարելի է վստահաբար ասել, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միակ հնարավոր արդարացի ճանապարհը կդառնա Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միաժամանակյա հայցը` դառնալու ձեւավորվող Եվրասիական միության անդամ: Դրա այլընտրանքը պատերազմն է: Հենց դրա համար էլ հիմա արդեն կարելի է պնդել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցումը Եվրասիական շինարարության անկյունաքարերից մեկն է:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային միաբանություն»
կուսակցության նախագահ,
«Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ