«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲՈՒՐԲՈՆՆԵՐԻ ՆՄԱՆ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՄՈՌԱՑԵԼ ԵՎ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԵՆ ՍՈՎՈՐԵԼ»

24.10.2003

Վերջին շրջանում հաճախ է հնչում այն ենթադրությունը, թե գերտերություններն առաջիկայում Հայաստանին պարտադրելու են ԼՂՀ հիմնահարցի լուծման ոչ նպաստավոր տարբերակ: Աշխարհաքաղաքական զարգացումների ներկա ֆոնի վրա հնարավո՞ր է նման պարտադրանքը, թե՞ ոչ: Հարցի առնչությամբ զրույցի հրավիրեցինք «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ:

- Եկեք վերլուծենք, թե ինչի ականատեսը եղանք անցած ամիսների ընթացքում,- առաջարկեց պարոն Գեղամյանը: - Այն, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն անցան ամենախայտառակ կերպով, արձանագրվեցին թե՛ Եվրախորհրդի դիտորդական առաքելության կողմից, թե՛ ԵԱՀԿ, և, ինչու չէ, մատնանշվեց նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի համապատասխան հայտարարության մեջ: Դրանից հետո տեղի ունեցան իրենց անօրինականություններով չզիջող երկրորդ փուլի ընտրությունները, որոնց հաջորդեցին ԱԺ ավելի խայտառակ ընտրությունները: Այսինքն, ՀՀ ղեկավարությունը (ի դեմս Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան երկյակի), փաստորեն, իր վարքագծով արհամարհեց դիտորդական առաքելությունների և նրանց թիկունքում կանգնած երկրների գնահատականները:

- Ինչը, ի դեպ, ներվեց նրանց: Ինչո՞ւ:

- Հարցին հարցով պատասխանեմ. մի՞թե այդքան ուժե՞ղ էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որ կարողացան մարտահրավերի ձեռնոց նետել միջազգային հանրությանը: Իհարկե, ոչ: Շարունակեմ. դրան զուգահեռ վերջերս Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: «Եվրանյուզի»  և «Սի-Էն-Էն»-ի համապատասխան ռեպորտաժներից պարզ դարձավ, որ այնտեղ էլ օրենքի կոպիտ խախտումներ են եղել:

- Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը Ադրբեջանի պարագայում ևս կարծես չցանկացավ կենտրոնանալ կեղծիքների ու ապօրինությունների վրա:

- Միջազգային հանրությունը՝ ի դեմս գերտերությունների, այո՛, չցանկացավ որևէ սկզբունքային լուրջ քայլ կատարել թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի դեպքում:

- Ըստ Ձեզ, ո՞րն էր նման «նահանջի» պատճառը:

- Շուրջ երկու տարի առաջ Փարիզում և Քի-Վեստում տեղի ունեցած Ալիև-Քոչարյան բանակցությունների ժամանակ նրանց միջև հստակ պայմանավորվածություն է կայացել, որը օրհնվել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից: Եթե հիշում եք, այն ժամանակ ասում էին, թե առաջիկայում բոլորը հավաքվելու են Շվեյցարիայում և վերջնականապես ստորագրելու են պայմանագիրը, ինչը, սակայն, տեղի չունեցավ:

- Եվ ո՞րն էր պայմանագրի չկնքման գլխավոր պատճառը:

- Ի թիվս այլ պարագաների, կարծում եմ, հիմնական պատճառը նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի խնդրանքն էր նույն այդ երկրների ղեկավարներին՝ սպասել: Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում տեղի էին ունենալու նախագահական ընտրություններ, և այդ տարբերակներով, ինչը պարտադրում էին հիշատակածս երկրները, բնականաբար, Քոչարյանն ու Ալիևը չէին կարողանա հաջողության հասնել ընտրություններում: Ըստ այդմ, նրանք ժամանակ խնդրեցին՝ պատճառաբանելով, թե առաջիկա ընտրություններում հաղթող ճանաչվելու դեպքում միայն կկարողանան երաշխավորել այդ պայմանավորվածությունների կատարումը:

Ի դեպ, Ֆրանսիայի Հանրապետությունը չափազանց բծախնդիր է այն պարգևների նկատմամբ, որոնք շնորհում է: Դրանք Բրեժնևի օրոք բռերով հանձնվող սոցաշխատանքի հերոսի կոչումներն ու շքանշանները չեն: Հիշենք, որ պարոն Քոչարյանը պարգևատրվեց Ֆրանսիայի բարձրագույն պարգևով: Կնշանակի՝ ղարաբաղյան հիմնահարցի առնչությամբ ամբողջությամբ Քոչարյանի կողմից ընդունվել էր Փարիզում Ալիևի հետ հանդիպման ժամանակ առաջադրված տարբերակը: Նմանատիպ պայմաններում պարզ է, թե ինչու միջազգային հանրությունն աչքերը փակեց այն խայտառակ ընտրությունների առջև, որոնք տեղի ունեցան հենց Հայաստանում, և որի ականատեսն էինք բոլորս: Այժմ արդեն եկել է այդ պայմանագիրը ստորագրելու ժամանակը, բայց պարոն Քոչարյանը քաջ գիտակցում է, որ հարցադրումները, որոնք կան այդ պայմանագրում, հնարավոր չէ վավերացնել: Ասել է, թե նա պետք է կրկին ժամանակ շահի:

- Բայց ինչպե՞ս:

- Մտածելով, որ առաջիկայում Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրություններն են, որոնց անմիջապես հաջորդելու են նախագահական ընտրությունները, հետևապես կարող է ժամանակ շահել:

- Իսկ հետո՞:

- Նա համոզված է, որ այդ խնդրին դարձյալ հետամուտ չեն լինի այն պարզ պատճառով, որ աշնանը ԱՄՆ նախագահի ընտրություններն են: Այդ ժամանակահատվածում տեղի կունենան ուժերի վերադասավորումներ:

- Ինչպես ժողովուրդն է ասում՝ կա՛մ էշը կստակի, կա՛մ էշատերը:

- Հենց դա առաջին տարբերակն է, որով էլ առաջնորդվելու է Քոչարյան-Սարգսյան դուետը: Այս սցենարի համաձայն նրանք ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ձգձգեն հարցի քննարկումը:

- Ըստ Ձեզ, կա՞ ճանապարհ, որով ընթանալու պարագայում գերտերությունները չեն անդրադառնա քննարկվող հարցին:

- Կա ճանապարհ, և այն հիշյալ դուետի համար մեկն է՝ անհապաղ, ցանկացած միջոցներով ապակայունացնել իրավիճակը ՀՀ-ում: Եթե նրանց հաջողվի կյանքի կոչել այդ ծրագիրը, ապա նրանք կկարողանան արդարանալ նույն Ռուսաստանի, Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի, այն է՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների առջև, թե սպասեք՝ երկրի ներսում կայունացնենք վիճակը, որից հետո նոր միայն կկարողանանք անդրադառնալ տրված խոստումների կատարմանը:

- Այժմ անդրադառնանք Ձեր ուրվագծելիք երկրորդ տարբերակին:

- Բնական է, կա նաև երկրորդ սցենարը, համաձայն որի, կրկին շիկացնելով իրավիճակը՝ կփորձեն հանգեցնել կառավարության կամ ԱԺ ղեկավարության փոփոխությանը: Եվ պատահական չէ, որ հիմա ամեն գնով աշխատում են հրահրել ընդդիմության և կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների հարաբերությունների սրում: Կարծում եմ, սակայն, կոալիցիոն կուսակցություններն այդ ծուղակն իրենց համար պարզաբանել են և այդ խայծը, բնականաբար, կուլ չեն տա: Կփորձեն նաև հասնել նրան, որ կոալիցիան ներսից պայթի և այդ ընթացքում դարձյալ պատրվակ կունենան երկարաձգելու հարցի լուծումը՝ ասելով, թե մենք հարկադրված ենք ձևավորել նոր կառավարություն, ԱԺ նոր ղեկավարություն և ժամանակ ենք խնդրում: Այսինքն՝ ամեն ինչ պետք է անեն, որպեսզի շահեն իրենց անհրաժեշտ ժամանակը:

- Որքան կռահում եմ Ձեր բառերի ենթատեքստից, կա նաև երրորդ սցենար:

- Կա: Երրորդն այն է, որ արդեն իսկ անպայման կփորձեն ԱԺ-ում ներգրավված կուսակցությունների, խմբակցությունների անունից հանդես գալ համատեղ հայտարարությամբ, ուր հստակ կհնչեն այն դիրքորոշումները, որոնք բոլորիս էլ հոգեհարազատ կլինեն: Խոսքս ԼՂՀ հիմնահարցի լուծման մասին է: Բնական է, այդ որոշումը ոչ մի ընդհանուր մոտեցումներ չի ունենա այն պայմանավորվածությունների հետ, որոնք կայացվել են Փարիզում և Քի-Վեստում:

- Ասել է՝ նորից ժամանակի խնդիր է առաջ գալիս:

- Այո՛, այդ պարագայում պարոն Քոչարյանը դարձյալ արհեստական պատճառ կունենա, որպեսզի դիմի հիշատակված երկրներին ու ասի՝ տեսե՛ք, քաղաքական բոլոր ուժերը, անկախ ընդդիմադիր կամ դիմադիր լինելուց, այս հարցում միակամ են: Սա, ինչպես արդեն ասացի, երրորդ հնարավոր սցենարն է: Բնականաբար, քաղաքական ուժերը կարող էին դիմել համատեղ որոշում կայացնելու քայլին, եթե, իրոք, համոզված լինեին, որ ամեն ինչ արվում է հօգուտ ԼՂՀ հիմնահարցի լուծման:

- Այն է՝ նկատի ունեք համախմբո՞ւմը:

- Այո՛, բայց ինչպես կարելի է համախմբվել ի սկզբանե ոչ լեգիտիմ նախագահի շուրջ: Մենք գիտակցում ենք, չէ՞, որ ցանկացած քայլ միայն և միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել սեփական իշխանությունը: Ռոբերտ Քոչարյանը լավ է գիտակցում, որ ոչ հայանպաստ որոշում ժողովուրդը չի ընդունի, թեկուզև տասն անգամ ստորագրի այդ փաստաթղթի տակ: Փետրվարի 19-ի խայտառակ ընտրություններից հետո միջազգային հանրության առջև նա չի կարող հանդես գալ ժողովրդի անունից: Եթե նա փորձի կարծր դիրքորոշում ցուցաբերել այս կամ այն հարցի լուծման ընթացքում և իր այդ քայլը հիմնավորի, թե խոսում է ժողովրդի անունից, բնականաբար, իշխանությունների կողմից կատարված բոլոր խայտառակ քայլերը Մինսկի խմբի համանախագահող երկրները կդնեն նրա առջև ու կասեն՝ դու բարոյական իրավունք չունես խոսել մի ժողովրդի անունից, որը քեզ չի ընտրել, իսկ մենք քեզ հանդուրժել ենք, որպեսզի դու այս հարցը լուծես:

Նման փակուղային իրավիճակում, որպես փրկօղակ, վստահության հանրաքվե անցկացնելու փոխարեն, ինչը շատ ազնիվ ու ժողովրդավարական կլինի և ինչը հասկանալի կդառնա միջազգային հանրությանը, սրանք փորձում են խորամանկել, միմյանց դեմ հանել բոլոր քաղաքական ուժերին, ստեղծել գզվռտոցային իրավիճակ, ինչն էլ նրանց հնարավորություն կտա դիմել ՀՀ ժողովրդին և ասել՝ ահա ձեր քաղաքական ընտրանին... Այս մարդիկ միայն գզվռտոցով են զբաղված, միայն պաշտոնակռվով: Սրանց համար շատ ավելի հետաքրքիր է, թե այս կամ այն փոխնախարարի պաշտոնը որ կուսակցության ներկայացուցիչը կզբաղեցնի, քան համազգային խնդիրները, ինչպիսին է, օրինակ, ԼՂՀ հիմնահարցը: Եվ ժողովուրդը հերթական անգամ հիասթափություն կապրի, կհուսալքվի և ապագային միտված որևէ հույս չի կապի այսօրվա քաղաքական ուժերի հետ: Հենց նման իրավիճակ է պետք Քոչարյան-Սարգսյան զույգին: Նկատի ունեցեք, հայ մարդը ցանկացած զրկանքի կհամակերպվի, միայն թե հերթական անգամ չխաբվի: Այս իրողությունը շատ լավ գիտե հիշյալ զույգը: Այս հնարավոր զարգացումները, բնականաբար, պետք է բացահայտվեն, ինչը և անում եմ՝ օգտվելով «Իրավունքի»  ինձ ընձեռած հնարավորությունից:

- Ձեր պատկերած ֆոնի վրա անդրադառնանք փոխնախարարների պաշտոնների բաժանմանը: Ի՞նչ գնահատական կտաք այդ առնչությամբ տեղի ունեցած անցուդարձին:

- Ծայրաստիճան վտանգավոր զարգացումների առկայությամբ, որոնք, ի դեպ, սթափության ահազանգ պետք է հանդիսանային, մեր իշխանավորները զբաղված են արատավոր գործունեությամբ: Համոզված եղեք, փոխնախարարների պաշտոնակռիվը նույնպես հրահրված ու ղեկավարվում է նախագահականից: Դա միայն նրանց է ձեռնտու: Որովհետև միջոց է դիմել բնակչությանն ու ասել՝ տեսեք, երկիրը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում է, նոր կառավարություն է ձևավորվել, այն էլ կոալիցիոն հիմքերի վրա, բայց հանապազօրյա խնդիրների լուծմամբ զբաղվելու փոխարեն այս կառավարությունը զբաղված է փոխնախարարների պաշտոնները մեջ-մեջ անելով: Կրկնում եմ, այս ամենը, անվերապահորեն հրահրվում և ոգևորվում է նախագահական նստավայրից: Այս իրողությունն ակնհայտ պետք է լինի բոլորի համար: Որովհետև երկրի ղեկավարը համապետական լրջագույն խնդիրներ լուծելու, հնարավոր մարտահրավերների առաջն առնելու և գոնե իրեն սատարած քաղաքական ուժերին կոնսոլիդացնելու փոխարեն խառնաշփոթ է ստեղծում, լարում իրավիճակը և թուլացնում իրեն սատարած կոալիցիոն ուժերին՝ մտածելով, որ երեք տեղ թուլացած ուժերին իշխելը հեշտ կլինի: Ցավում եմ, բայց մեր իշխանավորներն իրենց մտավոր կարողություններով 21-րդ դարի համար պարզապես անախրոնիզմ են: Նրանք ի զորու չեն համահունչ գործելու այն բարդ-փոթորկալից իրավիճակում, որով հղի է մեր դարաշրջանը, որով հղի են զարգացումները մեր տարածաշրջանում:

- Մեր իշխանավորները հավանաբար լավ են ուսումնասիրել պատմությունը և հիանալի տիրապետում են պալատական խարդավանքների հնարավոր բոլոր նրբություններին ու միջոցներին:

- Անշուշտ, ենթադրում եմ, որ նրանք ուսումնասիրել են այդ ամենը, բայց բուրբոնների նման ոչինչ չեն մոռացել և ոչինչ էլ չեն սովորել:

- Ինչո՞ւ եք այդպես կարծում:

- Որովհետև պատմությունը բազում վառ օրինակներով ապացուցել է ապրողներիս, որ ինչ դավ նյութում ես ուրիշի հանդեպ, ինքդ ես դառնում քո նյութած դավի զոհը: Ինտրիգներով կարելի է երկարաձգել իշխանությունը, բայց երբ ինտրիգը դառնում է քաղաքականության բուն էությունը, հատկապես 21-րդ դարում, և հատկապես այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, հեռանկար չես կարող ունենալ: Քաղաքականությունը պետք է լինի պարզ ու հասկանալի բոլորի և առաջին հերթին սեփական ժողովրդի համար: Համայն աշխարհը պետք է իմանա, թե ՀՀ-ն ինչպիսի պետական երազանքներ ունի, որն է հայ ժողովրդի ազգային շահը, որոնք են մայր խնդիրները, և դրանք լուծելու ու ազգային շահին հասնելու քաղաքակիրթ ինչ ճանապարհ են որդեգրել ՀՀ իշխանությունները: Ցավոք, այս ամենը չկա: Կան միայն իրավիճակային խնդիրներ, որոնք որպես հրշեջ խումբ, փորձում են մեղմել Քոչարյանն ու Սարգսյանը, մինչդեռ իսպառ բացակայում է հեռանկարի զգացողությունը: Սա կործանարար է:

Հ.Գ. - «Իրավունքի» հաջորդ՝ հոկտեմբերի 28-ի համարում կներկայացնենք Արտաշես Գեղամյանի տեսակետը այն առնչությամբ, թե իրականում Քոչարյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի ձեռքում են կենտրոնացած իշխանության ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական լծակները, թե ինչպես է նա գնահատում Երևանի, Մոսկվայի, Վաշինգտոնի և Անկարայի միջև եղած հարաբերությունները:

Զրույցը՝ ՓԻՐՈՒԶԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր