«ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԹՈՂ ՎԵՐՑՆԵՆ ՆՐԱՆՑԻՑ, ՈՎՔԵՐ ԽԺՌԵԼ ԵՆ ԴՐԱՆՔ»

30.09.2003

Հասարակության մտորումներն ու հարցադրումները հիմնականում հայաստանյան գրեթե բոլոր ընտանիքներին առնչվող ու տարիներով չարչրկված ավանդների վերադարձի շուրջ են: Մարդիկ զարմանում են, թե սեպտեմբերի 10-ին «Ազգային միաբանությունն» ինչու դեմ քվեարկեց խնդրին:

- ԱՄ-ն դեմ է ոչ թե ավանդների վերադարձին, այլ ժամանակավոր հանձնաժողովին,- հստակեցնում է ԱԺ «Ազգային միաբանություն»  խմբակցության անդամ ԳԱԳԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԸ: - Մեր այդ դիրքորոշումը շատ ճիշտ է և ռեալ: Մենք չենք ուզում, որ ժողովրդին խաբեն հերթական անգամ: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը մեծ բլեֆ էր: Նման հանձնաժողով ունեցել ենք, որն աշխատել է 2 տարի, գիտենք, թե այդ ընթացքում որքան գումարներ են ծախսվել, գիտենք նաև, որ արդյունքները զրո են: Այդ հանձնաժողովի գործունեության ընթացքում թե՛ պետությունը, թե՛ ժողովուրդը վնասից բացի որևէ օգուտ չեն ունեցել: Դրանից զատ հիանալի գիտենք, թե ցանկացած ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքն ինչ հունով է ընթացել, ինչի է վերածվել, և թե արդյունքում ինչ ենք ունեցել: Որպես բառերիս հիմնավորում կվկայակոչեմ և՛ էներգետիկայի, և՛ «27»-ի ժամանակավոր հանձնաժողովների գործունեությունը: Սեպտեմբերի 10-ին ստեղծված ժամանակավոր հանձնաժողովն էլ ժողովրդին խաբելու հերթական քայլ է:

- Ի՞նչ եք առաջարկում Դուք՝ անձամբ:

- ՕԵԿ-ը ներկայացրել է օրինագիծ, թող բարի լինեն քննարկման դնել այդ օրինագիծը, ընդունենք առաջին ընթերցմամբ, հետագայում կաշխատենք, կկատարելագործենք այն, կընդունենք երկրորդ ընթերցմամբ և 2004-ի բյուջեով արդեն կնախանշենք ավանդները վերադարձնելու միջոցները: Եթե մենք այսօր պետության պարտքերը վճարում ենք այլ երկրներին, դիցուք, ՌԴ-ին, ինչո՞ւ սեփական ժողովրդի պարտքերն անմիջապես չպետք է վերադարձնենք: Ինչքա՞ն կարելի է խաբել սեփական ժողովրդին:

- Ձեր բառերի ենթատեքստում տարածված այն կարծիքն է, թե խնդիրը թաղելու լավագույն միջոցը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելն է:

- Համամիտ եմ, այդպես է: Ի՞նչ է նշանակում ժամանակավոր հանձնաժողով, միայն մեկ բան՝ ջուր ծեծել: Այդ հանձնաժողովը լավագույն դեպքում կարող է ընդամենը ճշտել, թե պետության պարտքը սեփական ժողովրդին որքան է կազմում:

- Բայց չէ՞ որ այսօր դրա վերաբերյալ տարբեր թվեր են հնչում:

- Այո՛, այսօր թվեր են ասում, բայց մի՛ մոռացեք, որ ինֆլյացիա է տեղի ունեցել, տնտեսական ու ֆինանսական վայրիվերումներ են եղել, որոնց արդյունքում ամենատարբեր փոփոխություններ են գրանցվել: Կրկնում եմ՝ ստեղծված հանձնաժողովը լավագույն դեպքում կասի որոշակի թիվ, այն է՝ որքան է կազմում պետության պարտքը: Առանց քաշքշոցների մենք պարտավոր ենք մեխանիզմներ մշակել արդեն 2004-ին ժողովրդի գումարները վերադարձնելու նպատակով: Ի դեպ, վերադարձնելու պրոցեսը շատ իդեալական ու օբյեկտիվ պետք է լինի:

- Ի՞նչը նկատի ունեք:

- Թեկուզև այն, որ 80 կամ 90 տարեկան մարդուն չասեն՝ 20 տարի սպասիր, որ փողդ ստանաս:

- Համամի՞տ եք քաղաքական այն գործիչների հետ, ովքեր պնդում են, թե ավանդները պետք է ձևակերպվեն որպես պետության ներքին պարտք:

- Միանշանակ: Չէ՞ որ պետությունն է մսխել այդ գումարները: Հարցն այն է, որ ժողովրդի փողով, ինչը ներդրված է եղել բանկերում, նյութական բարիքներ են ստեղծել այս երկրի համար: Հետագայում վաճառել են նյութական այդ բարիքները և վերածել ռեալ գումարների: Հարցադրում եմ՝ ի՞նչ եղան այդ գումարները: Ինչո՞ւ չեն մտածում, որ ժողովրդից գողացված, կորզված գումարները վերցնեն այն մարդկանցից, ովքեր թալանեցին այս երկիրը:

- Եվ Դուք գիտե՞ք, թե ովքեր են այդ թալանչիները:

- Եթե տեսնեք մոսկովյան այն հյուրանոցները, որոնք կառուցել են այստեղ բնակվող, բայց որևէ բիզնես չունեցող հայերը, կիմանաք, թե ովքեր են դրանք:

- Եվ ովքե՞ր են: Նկատի ունենանք, որ շարքային մահկանացուն առտնին հոգսերը հոգալու գումարներ անգամ չունի:

- Պարզ չէ՞, որ իշխանավորները: Այդ նրանք են ժողովրդի գումարները գողացել ու տարել այստեղ-այնտեղ մսխել կամ գործի մեջ դրել:

- Ձեր «պետությունն է մսխել այդ գումարները» ենթադրությունը ստիպում է մտաբերել Հմայակ Հովհաննիսյանի այն արտահայտությունը, թե. «Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը հավասարազոր է նրան, որ հարևանիցդ պարտք վերցնես, երբ նա հետ ուզի իր փողը, պատասխանես՝ սպասիր հանձնաժողով կազմեմ ու որոշեմ՝ տա՞մ փողդ, թե՞ չէ»: ՕԵԿ-ի ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը նման մոտեցումը գլոբալ այս հարցին պրիմիտիվ համարեց ու նշեց, թե նման պարզունակ մոտեցումը տվյալ քաղաքական գործչի աշխարհայացքային պրոբլեմն է:

- Սխալվում է Շահգելդյան Մհերը, քանի որ Հմայակ Հովհաննիսյանը մեծ քաղաքագետ է, լուրջ անձնավորություն է, և նրա յուրաքանչյուր խոսքի մեջ իմաստնություն կա: ՕԵԿ-ը, իմ կարծիքով, նախընտրական ժամանակահատվածում տված խոստումները չկատարելու պատասխանատվության մեղքը փորձում է գցել քաղաքական մյուս ուժերի վրա: Հենց այդ նպատակն է հետապնդում ժամանակավոր հանձնաժողովը: Ժողովրդին խոստումներ եք տվել, այսօր էլ իշխանության թևերից մեկն եք, ուրեմն բարի եղեք կատարել ձեր խոստումը և վերադարձնել ժողովրդի ավանդները:

- Ձեր ասածներից ուզում եմ առանձնացնել ու ընդհանրացված ներկայացնել հետևյալ միտքը. ավանդների առնչությամբ ստեղծելով ժամանակավոր հանձնաժողով՝ ընթանում ենք նախկին ԱԺ-ում ստեղծված էներգետիկայի հանձնաժողովի ամուլ ճանապարհով:

- Միանշանակ: Ամբողջ հարցն այն է, որ ցանկացած հանձնաժողովի երաշխավորը երկրի նախագահը պետք է լինի, նա պետք է հետևողական վերաբերմունք դրսևորի կատարվող աշխատանքների նկատմամբ: Իրականում բոլորս էլ գիտենք, որ այդպես չէ, որ եթե նա մի փոքր անգամ ցանկություն դրսևորի, խնդիրը կլուծվի:

- Իսկ այն պատճառաբանություննե՞րը, թե պետբյուջեում չկան համապատասխան գումարներ:

- Ես չեմ ասում, թե պետբյուջեից վերցնեն գողացված գումարները: Ես ասում եմ, թող բարի լինեն վերցնել նրանցից, ովքեր խժռել են այդ գումարները: Մարդիկ գրպանել են ժողովրդի փողերը, հետևաբար այսօր թող իրենց գրպաններից տան այդ գումարները:

- Ձեր բառերից պե՞տք է ենթադրել, որ բոլոր գողերն այսօր կանգնած են իշխանական լծակների մոտ:

- Ես չեմ կարող միանշանակ ասել, թե իշխանական թևերում բոլոր կանգնածները գողեր, ավազակներ ու սրիկաներ են: Նման պատասխանատվություն ես ինձ վրա չեմ վերցնի: Բայց որ գողերն ու ավազակները շատ են, միանշանակ է:

- Եթե ընտրություններից հաղթանակով դուրս գար «Ազգային միաբանությունը», Ձեր ասածը կդարձնե՞ր իրականություն:

- Անկասկած: Ժողովուրդը վստահում էր մեզ, գիտեր, որ եթե հաղթենք, ապա մինչև վերջ իրագործելու ենք մեր խոստումները: Համենայն դեպս, Արտաշես Գեղամյանի աշխատանքային փորձը հուշում է այն, որ նա ընդունակ է իրագործել իր խոստումները և՛ ավանդների, և՛ երկրում կարգուկանոն ստեղծելու, և՛ կոռուպցիայի դեմ պայքարի առումով:

Զրույցը՝ ՓԻՐՈՒԶԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր