Ի դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ. Արտաշես Գեղամյան

 

02.07.2024, Իրավունք

https://www.iravunk.com/?p=287364&l=am

 


Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արդեն երկրորդ անգամ հանդիպեցին Բագրատ սրբազանի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ հիլիսի 2-ին՝ երեւանյան հյուրանոցներից մեկում, փակ ձեւաչափով: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է հանդիպմանը մասնակցած ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ գումարումների պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ:

— Պարոն Գեղամյան, ի՞նչ արդյունքներ գրանցեց քաղաքական ուժերի հանդիպումը Բագրատ սրբազանի հետ եւ ի՞նչ փակագծեր կարող եք բացել:

— Կարեւորը` բոլորն ընկալում են, որ սա ազգային, ազատագրական շարժում է, եւ անկախ աշխարհաքաղաքական տեսլականներից` նկատի ունեմ Հայաստանի հետագա զարգացման, միահամուռ են այն եզրահանգման մեջ, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ, չարիք, որը Հայաստանի Հանրապետությունը տանում է կործանման: Իսկ արդեն մանրակրկիտ բացելով, թե ինչպես ազատվել այդ չարիքից, բնականաբար, պետք է նկատի ունենալ, թե որ քաղաքական ուժը ինչպիսի հեռանկար է տեսնում եւ այդ հեռանկարին հասնելու` ինչ գործիքակազմ: Գտնում եմ, որ շատ օգտակար էր հանդիպումը: Բագրատ սրբազանի շատ հավասարակշռված եւ հաստատուն դիրքորոշումը հավատ է ներշնչում, որ այս սրբազան շարժումը կհասնի իր նպատակին` այն է` փրկել Հայաստանի Հանրապետության պետականությունը` ազատվելով Նիկոլ Փաշինյան չարիքից:

— Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը` չե՞ք կարծում, որ ժամանակն է հստակեցնել, թե այս շարժումն ինչպիսի՞ արտաքին վեկտոր պետք է ունենա: Ի վերջո, ի՞նչ է առաջարկվում` կո՞ղմ է շարժումը Եվրամիության անդամակցմանը, ինչպե՞ս է  վերաբերում ՀԱՊԿ անդամակցությանը:

— Դրանք արհեստածին հարցադրումներ են, որոնք խնդիր ունեն մարդկանց լայն շրջանակների ուշադրությունը շեղել մայր հարցից: Իսկ մայր հարցն այն է, որ հետեւողականորեն Փաշինյանն իր ուղեվարների անմիջական ղեկավարմամբ` Հայաստանի Հանրապետության պետականությունը տանում է կործանման, տանում է Թուրքիայի վիլայեթ դարձնելու ուղղությամբ: Սա է խնդիրը, մնացած բոլոր հարցերը հավատացնում եմ ձեզ` այո՛, իրավունք ունեն հետագայում մանրակրկիտ ուսումնասիրության առարկա դառնալ, բայց միայն եւ միայն չարիքից ազատվելուց հետո:

— Իսկ Ձեր ասած` չարիքից ազատվելու համար լուծման ճանապարհներ քննարկվե՞ց հանդիպման ժամանակ: Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց տեղի չունեցավ, խորհրդարանում որեւէ մեկը չի պատրաստվում մանդատները վայր դնել…

— Լուծման ճանապարհները բազում են, բայց դրանց մասին բարձրաձայնելը նշանակում է իսկզբանե զենք տալ Փաշինյանին, որպեսզի նա ամբողջ վարչակազմը, ամբողջ պատժիչ մեքենան նպատակուղղի, որ իսկզբանե չեզեքացնեն այդ լուծման ճանապարհների հետեւորդներին եւ դրա մասին բարձրաձայնողներին:

— Իսկ Ձեր գնահատմամբ` ի՞նչն էր պատճառը, որ շարժման առաջին փուլում հաջողության հասնել չհաջողվեց: Չէ՞ որ փողոցում հոծ բազմություն կար, իսկ Նիկոլ Փաշինյանին վերջնաժամկետ էր տրվել` հրաժարական տալու:

— Սա լուրջ վերլուծության առարկա է: Մենք ձեզ հետ միասին պետք է հաշվի առնենք այն, ինչ ես նախորդ հանդիպման ժամանակ էլ ասացի` Հայաստանի նման աշխարհաքաղաքական շատ նուրբ եւ բարդ դիրք ունեցող երկրներում իշխանափոխություններն առանց միջազգային ուժի կենտրոնների անմիջական մասնակցության տեղի չեն ունենում: Համաշխարհային քաղաքականության ուժային այսօր երկու կենտրոն կա: Այդ երկու կենտրոնների շահերը մեր տարածաշրջանում խիստ իրարամերժ են: Իմ տեսակետից մենք պետք է հետեւողականորեն տանենք երկիրը Եվրասիական տնտեսական միության, բնականաբար, Ռուսաստանի Դաշնության հետ առավել խորը ռազմաքաղաքական դաշնության ամրապնդմանը` իմանալով, որ ապագան պատկանում է նոր ձեւավորվող աշխարհակարգի այն բեւեռին, որն ընդգրկելու է իր մեջ Ռուսաստանի Դաշնությունը, Իրանի Իսլամական հանրապետությունը, Չինաստանի ժողովրդական հանրապետությունը եւ բոոր այն երկրները, որոնք ԲՐԻԿՍ-ում են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր