ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՄ՝ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԵՄԻՆ Է

21.12.2018, Իրավունք

Եվ այսպես, 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) արտահերթ ընտրությունները։ Անցած ընտրությունների տաք հետքերով հատուկ չգրեցի Հայաստանում դրանցից առաջ և հետո ստեղծված դրության իմ տեսլականի մասին։ Կարծում եմ, որ վերջին ժամանակներս մեր երկրում տեղի ունեցող գործընթացներն այնքան բախտորոշ են, որ դրանց լուսաբանումը և վերլուծությունը պահանջում են լիովին հրաժարվել հույզերից։ Ընդ որում, հարկ է հավատարիմ մնալ այն կանոնին, որ ցանկացած վերլուծության, դրանում պարունակվող հետևությունների հիմքում պետք է դրված լինեն կոնկրետ փաստեր։

Սկզբում՝ փոքրիկ անդրադարձ պատմությանը։ Այսպես, դեռևս 2015թ. մարտի 1-ին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ելույթ ունենալով 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների (երբ ընդդիմության հանրահավաքն ուժով ցրելու ընթացքում զոհվել էր տասը մարդ, այդ թվում՝ ոստիկանության երկու աշխատակից) 7-րդ տարելիցի առիթով կայացող հանրահավաքում, հայտարարեց այն մասին, որ Հայ ազգային կոնգրեսը (այսուհետ՝ ԱՀԿ), այսինքն՝ իր իսկ ղեկավարած կուսակցությունը, մինչև այդ տարվա ապրիլի 24-ը զերծ կմնա զանգվածային միջոցառումներ իրականացնելուց։ Ըստ նրա՝ նման որոշումը լավ պատրվակ է և «աստեղային ժամ» մյուս ընդդիմադիր ուժերի համար, որոնք հայտարարում էին կարճ ժամանակում իշխանափոխության հասնելու մասին։ Այնուհետև նա տառացիորեն ասաց. «...ինձ մնում է միայն գաղտնազերծել այդ նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը։ Խնդրում եմ շատ ուշադիր լինել, ամեն բառի տակ կոդ կա։ Ահա այդ պլանը. Դավալուից (գյուղ Արարատի մարզում, որը միացված է Արարատ քաղաքին- Ա.Գ.) ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին (Ն.Փաշինյանի գլխավոր կարգախոսն էր իշխանություններից դժգոհ քաղաքացիների մոբիլիզացիայի ընթացքում- Ա.Գ.) և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում «Քաղաքացիական պայմանագիրը», և շարժվելով դեպի Բաղրամյան 26 (ՀՀ նախագահի նստավայրը- Ա.Գ.), կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» (նկատի ունի Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը- Ա.Գ.) կարգախոսը։ Սա շատ ավելի հանճարեղ պլան է, քան Բեռլինի գրավումը։ Կարծում եմ, հասկացողը հասկացավ, իսկ չհասկացողն այս հաղթական երթը շուտով իր աչքով կտեսնի։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ Բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարները վերջապես մեկտեղվեն...» (https://www.facebook.com/100022291461865/posts/371000610319651/)։ Համաձայնեք, հարգելի ընթերցող, ԼՏՊ-ի այս կանխատեսմանը, պայծառատեսությանը կնախանձեր ինքը՝ Դելփյան քրմուհի Պիթիան։ Այդ ժամանակ արդեն Տեր-Պետրոսյանը տեղյակ էր Փաշինյանի համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման մասին։ Սակայն նրա խոսքերի գլխավոր ուղերձը հասցեագրված էր Ռուսաստանին, այն է. հանձինս «Քաղաքացիական պայմանագրի» և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայ հասարակությանը կմատուցվի, ավելի շուտ՝ կպարտադրվի նոր սարքվող ընդդիմություն, ընդ որում՝ բացահայտ հակառուսական («Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ»)։ Սույնը նշանակում էր, որ հենց ի դեմս Տեր-Պետրոսյանի Ռուսաստանը պետք է նկատի ունենա Մոսկվային լոյալ ընդդիմությունը։ Միևնույն ժամանակ, նշենք, որ ընդդիմադիր դաշտն արհեստականորեն բաժանվեց Ռուսաստանին «լոյալ» ՀԱԿ անդամների, որոնք իբր պաշտպանում էին Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), և միջազգային այդ կազմակերպություններին Հայաստանի մասնակցության հակառակորդների՝ հանձին Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի»։ Չնայած նշված ուժերի արտաքին քաղաքական նկրտումների թվացյալ տարբերությանը՝ նրանց դիրքորոշումները նույնն են գլխավոր հարցում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոտեցումներում։ Ըստ էության, նրանց դիրքորոշումների լիակատար համընկնումը միավորեց Տեր-Պետրոսյանին և Փաշինյանին դեռևս 2008թ. նախագահական քարոզարշավի ժամանակ։ Ընթերցողներին հիշեցնենք այս գործիչների մոտեցումների էությունը վճռորոշ Արցախյան հարցում։ Այսպես, «Հայկական ժամանակ» թերթում, այդ թերթի այն ժամանակվա խմբագիր Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ «Հողը սիրելով են պահում, իմացե՛ք» վերնագրով հոդվածում (2001թ. մայիսի 22) կարդում ենք. «Եվ ուրեմն, ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ (խոսքը Արցախի Հանրապետության անվտանգության գոտու շրջանների մասին է- Ա.Գ.)։ Եկեք նրբանկատորեն շրջանցենք հարցի ամենացավոտ կողմը և հարցը դիտարկենք խաղի կանոնների տեսակետից։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին... Ախր էս երկիրը (նկատի ունի Հայաստանը- Ա.Գ.) տեր չունի, և մենք, որ պետք է լինենք այս երկրի տերը, մերը թողած ուզում ենք տեր լինել ուրիշին»։ Ըստ էության, Փաշինյանն ավելի բաց և հեշտ ընկալելի ձևով է ներկայացրել Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը՝ տրված դեռևս 1997թ. նոյեմբերի 1-ին «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում, որի գինը նրա պաշտոնազրկումն էր։ Այսպիսով, արդեն 2015թ. գարնանը պարզ դարձավ, որ պատրաստվում է արևմտամետ «ընդդիմադիր» ուժ, որը 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին լինելու է գերիշխող ընդդիմադիր դաշտում։ Այնուհետև, 2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ։ Հանուն արդարության նշենք, որ ՀՀ առաջին նախագահն այդ օրերին բարձր քաղաքացիականություն դրսևորեց և ամբողջովին պաշտպանեց ՀՀ-ի և Արցախի Հանրապետության իշխանությունների քաղաքականությունն ադրբեջանական ագրեսիայի հակադարձման կազմակերպման գործում։ Այնուհետև, 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի զինյալները զավթեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության շենքը և պահանջեցին ազատ արձակել զենք պահելու համար ձերբակալված՝ բացահայտ հակառուսական «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր կազմակերպության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին։ Այս դրաման հանգուցալուծվեց երեք ոստիկանների զոհվելուց հետո։ Այդ օրերին Փաշինյանն ամեն կերպ ջանում էր իրենով անել Երևանում ի պաշտպանություն «Սասնա ծռերի» ծավալված բողոքի շարժումը, բայց Ժ.Սեֆիլյանի կողմնակիցները կոպտաբար նրան մոտ չթողեցին՝ դրանով իսկ խափանելով նրանց պլանները, ովքեր շտապում էին հանձին Ն.Փաշինյանի աճեցնել համազգային ընդդիմադիր առաջնորդի։ Դե ինչ, 2016-ին նրանց պլաններին վիճակված չէր իրականանալ։ «Ընդդիմության առաջնորդի» աճեցման ամբողջ հույսը ՀՀ Ազգային ժողովի ընտրություններն էին, որոնք նախատեսված էր անցկացնել 2017թ. ապրիլի 2-ին։ Այդ ընտրությունների արդյունքներով Փաշինյանի ղեկավարած «Ելք» դաշինքը ստացավ ընտրողների ձայների 7,77%-ը, այն դեպքում, երբ Լ.Տեր-Պետրոսյանի «ՀԱԿ-ՀԺԿ» (Հայ ազգային կոնգրես-Հայաստանի Ժողովրդական կուսակցություն) դաշինքը ստացավ ձայների ընդամենը 1,65%-ը։ Այսինքն՝ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, դարձավ «Ելք» խորհրդարանական խմբակցության գլխավոր բաղկացուցիչը։ Բնական է, որ քվեարկության նման արդյունքներից հետո հայ ժողովրդին խորհրդարանական ընտրությունների առիթով շնորհավորել պիտի շտապեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ «ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է հայ ժողովրդին ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով, որոնց նախորդել էր կուսակցությունների և դաշինքների՝ ԶԼՄ-ներում դիրքորոշման արտահայտման տեսակետից հավասար մրցակցային պայքարը»,- նշվում էր ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ դեսպանության հայտարարությունում։ «Մենք հպարտանում ենք  ընտրությունների ժամանակ Հայաստանի կառավարության, ընդդիմադիր կուսակցությունների (իրենց իսկ աճեցրած և սնած- Ա.Գ.), քաղաքացիական հասարակության (որոնց ինստիտուտները տարիներ շարունակ շռայլորեն ֆինանսավորվել են Սորոսի հիմնադրամից- Ա.Գ.) հետ համագործակցությամբ, ինչպես նաև Եվրամիության, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ՄԱԿ-ի հետ միասին ներդրված՝ ընտրողների նույնականացման տեխնիկական համակարգով։ Շնորհիվ այդ նոր սարքավորման հնարավոր դարձավ ընտրական գործընթացները կազմակերպել առանց լուրջ միջադեպերի և համաձայն ընտրական օրենսդրությամբ սահմանված պահանջների»,- ասվում էր ԱՄՆ դեսպանության 2017թ. ապրիլի 4-ի հայտարարությունում։ ԱՄՆ դեսպանության կողմից Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների այսքան վարդագույն գնահատականներից հետո խիստ կոմիկական և սրբապիղծ է հնչում «Արմինֆո»-ի 2018թ. դեկտեմբերի 11-ի հաղորդագրությունը, որում ասվում է. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Facebook-ի իր էջում շնորհավորական գրառում է թողել դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ «Շնորհավորում ենք հայ ժողովրդին նախօրեին տեղի ունեցած հաջող ընտրությունների առիթով»,- նշվում է գրառման մեջ, որի կենտրոնում սրտիկ է պատկերված Հայաստանի ազգային դրոշի գույներով։ Դե, իհարկե, չէ՞ որ հաջողությունն ընտրություններում արդյունքն է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ամենօրյա քրտնաջան աշխատանքի քաղաքական գործիչների՝ «արևմտյան արժեքների» կրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, արդյունքը նրանց բացահայտ նյութական և բարոյական աջակցության։ Արդյունքում՝ ՀՀ VII գումարման ԱԺ պատգամավորների ճնշող մեծամասնությունը, մեղմ ասած, ոչ ՀԱՊԿ-ին, ոչ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կողմնակիցը չէ։ Իսկ այն, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները հնարավոր դարձան լոկ ս.թ. մայիսին Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջման շնորհիվ, դա մեր ամերիկյան գործընկերների համար բնավ էական չէ։ Գլխավորն այն է, որպեսզի առիթ լինի ավելի հաճախակի շնորհավորելու հայ ժողովրդին «հաջող խորհրդարանական (հերթական կամ արտահերթ) ընտրությունների» առիթով։ Սրանում է շնորհավորանքի սրբապղծությունը, իսկ իրավիճակի կոմիկականությունն այն է, որ շնորհավորանքից ընդամենը մեկ օր անց Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն տարածեց, որում նախազգուշացնում էր իր քաղաքացիներին. «Արձակուրդի սեզոնի մոտենալու հետ կապված՝ Երևանում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է Հայաստանում ԱՄՆ քաղաքացիներին զգոնություն ցուցաբերելու և իրենց շրջապատը գիտակցելու անհրաժեշտության մասին։ Այդ ժամանակվա ընթացքում կարող է ավելանալ կողոպուտների, գրպանահատությունների, քսակները գողանալու և բնակելի տների թալանման թվաքանակը»։ Հավանաբար, բնական բան է, որ «նախօրեին անցած հաջող ընտրությունները» հետագայում ուղեկցվեն նման դրսևորումներով։ Տագնապեցնող խորհրդածությունների են մղում ԱՄՆ դեսպանության նախազգուշացումներն այն մասին, որ «առկա են նաև մշտական սպառնալիքներ տրանսազգային ահաբեկչական կազմակերպությունների և ողջ Եվրոպայով մեկ ծայրահեղական գաղափարախոսությամբ ոգևորված որոշ անձանց կողմից»։ Հավանաբար, ԱՄՆ-ը նկատի ուներ Ադրբեջանի երկրորդ քաղաքում՝ Գյանջայում 2018թ. տեղի ունեցած հուլիսյան իրադարձությունները, երբ մահափորձ էր կատարվել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ, և այդ արարքին հաջորդած իրադարձությունները, որոնց արդյունքում զոհվել էր ոստիկանության երկու գնդապետ։ Իսկ գուցե ամերիկյան դեսպանությունը նկատի ուներ ս.թ. հուլիսի 15-ի իրադարձությունները, երբ Ադրբեջանի ոստիկանությունը Սումգայիթ քաղաքում կալանել էր արմատական կրոնական խմբերի 15 անդամի և նրանց աջակցող ընդդիմադիր ակտիվիստների։ Բայց չենք պարզեցնի իրավիճակը և կմտածենք այն մասին, թե ինչ են մեզ հուշում միջնորդավորված ձևով՝ գուցե իրենք էլ դա չցանկանալով. առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է ներքին իրադրության էական բարդացում։ Եվ դա երկար սպասել չտվեց։ Արդեն ս.թ. դեկտեմբերի 15-ին այսպես կոչված «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» շարժման մասնակիցները, Երևանից Էջմիածին ավտոերթ կատարելով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտ հանդես եկան հերթական սադրիչ արարքով՝ բարձրախոսներով անթույլատրելի կարգախոսներ բացականչելով Ամենայն Հայոց կաթողիկոս, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդի հասցեին։ Այս ստոր արարքի մասին, ոչ առանց հաճույքի և չարախնդության, տեղեկացրին ադրբեջանական էլեկտրոնային ԶԼՄ-ները՝ հղում կատարելով իրենց հայ գրչակից-գործընկերներին։ Պետք է կարծել, որ ՀՀ ԱԺ ընտրություններում հաղթանակից հետո Ն.Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժերը, «Կյանքի խոսք» տոտալիտար կրոնական աղանդի նրա բազմաթիվ կողմնակիցները, որոնք բավական ծանրակշիռ ներդրում ունեցան այս հաղթանակում, բնավ պատահական չէ, որ կազմակերպեցին ի սկզբանե սադրիչ և խանդաղատանքով ոստիկանության կողմից պահպանվող այս ավտոերթը։ Ախր հենց նրանց կողմից սատարվող քաղաքական ուժը տիրապետեց քաղաքական ամբողջ իշխանությանը, ուրեմն իսկը ժամանակն էր նախաձեռնելու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հիմքերի խափանումը, խարխլելու նրա հանդեպ ողջ աշխարհի միլիոնավոր հայերի հավատը։ Մի խոսքով՝ ճանապարհ բացելու «Կյանքի խոսքի» աղանդավորների առջև, որոնք ՀՀ ԱԺ ընտրություններում մի քանի հարյուր հազար ձայն ապահովեցին Ն.Փաշինյանի համար։ Ասել, թե իրադարձությունների նման զարգացումն ինձ համար անսպասելի էր՝ ազնիվ չէր լինի։ Հայաստանում պետական հեղաշրջման առաջին իսկ օրերից իրադարձությունների զարգացման նման սցենարի մասին քանիցս գրել եմ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Ռուսաստանյան Դաշնային REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովին՝ Ռուսաստանի մեծ հայրենասերին, որը չկարողացավ Հայաստանում՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից երկրում տեղի ունեցող իրադարձությունների անտարբեր դիտորդ լինել և հնարավորություն ընձեռեց հոդվածներիս հրապարակման համար։ Այս առնչությամբ գոհունակությամբ կցանկանայի նշել, որ վերջին ժամանակներս Հայաստանում ստեղծվող իրավիճակը դարձել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովից Հայաստանի իսկական բարեկամների սևեռուն ուշադրության առարկան։ Բավական է նշել, որ ս.թ. նոյեմբերի 22-ին Պետական դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Իվանովիչ Կալաշնիկովի նախաձեռնությամբ՝ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վիկտորովիչ Վոլոդինի աջակցությամբ, ՌԴ Պետդումայում տեղի ունեցավ «Քաղաքական կուսակցությունների խմբակցությունների և դաշինքների փոխգործակցության դերը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցությունում» միջազգային գիտաժողովը, որի ընթացքում կայացավ բովանդակալից խոսակցություն  համաժողովի մասնակիցներին հուզող խնդիրների մասին, խնդիրներ, որոնք ծագում են հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին հայտարարված հիբրիդային պատերազմների պայմաններում։ Տեղին եմ համարում նշել, որ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի նախաձեռնությամբ ինձ՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահիս, առաջարկվել էր գիտաժողովում ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունը և ելույթ ունենալ այնտեղ։ Իմաստավորելով անցած գիտաժողովի արդյունքները՝ ցանկանում եմ կրկին ու կրկին խորին երախտագիտություն հայտնել ռուսական կողմին, գիտաժողովը վարող Լ.Ի. Կալաշնիկովին՝ գործընկեր խորհրդարանականներին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական ագրեսիայի հավանական սկսվելու հետ կապված բարդ իրավիճակի, Հայաստանի և Արցախի, առհասարակ Հարավային Կովկասի տարածաշրջանի  գլխին կախված վտանգը կանխելու վերաբերյալ խորհրդարանականների հնարավոր գործողությունների իմ տեսլականի մասին մանրամասն տեղեկացնելու ընձեռված հնարավորության համար։ Գիտաժողովում Հայաստանի ձայնը լսվեց, ընդ որում՝ մեծ ուշադրությամբ և մտահոգությամբ, հատկանշական է, որ, միևնույն ժամանակ, ինչպես գիտաժողովը վարողը, այնպես էլ մասնակիցներն իմ ելույթի ժամանակ իսպառ մոռացան ժամակարգի մասին։ Ընդունում և խոստովանում եմ, որ ես էապես (ավելի քան 2 անգամ) գերազանցեցի այն։

Ըստ իս, ճիշտ ժամանակին էր նաև 2018թ. դեկտեմբերի 10-ին անցկացված «Խորհրդարանների դերն արդի աշխարհում. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդ – 25 տարի բազմավեկտոր զարգացման ճանապարհով» միջազգային գիտաժողովը, որը գումարվել էր Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Իոսիֆովիչ Կոսաչովի նախաձեռնությամբ և Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Իվանովնա Մատվիենկոյի աջակցությամբ։ Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ նախ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ղեկավարությանը գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր ստանալու և դրանում ելույթ ունենալու համար։

Պարտքս եմ համարում ընթերցողներին տեղեկացնել իմ որոշ մտորումների մասին, որոնցով կիսվեցի գործընկեր խորհրդարանականների՝ միջազգային գիտաժողովի մասնակիցների հետ։ Իմ ելույթում, մասնավորապես, նշվեց, որ գիտաժողովն անցնում է աննախադեպ բարդ միջազգային իրադրությունում, հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի պայմաններում։ Ընդ որում՝ արդեն ակնհայտ է, որ այդ պատերազմի գումարելիներից մեկն է դարձել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատերազմը, որի սկիզբը դրվել է դեռևս 2012թ.՝ այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակից»։ Այնուհետև ես գիտաժողովի մասնակիցներին հիշեցրի, որ 2014թ. նոր պատժամիջոցների առիթ դարձավ Ղրիմի հանրաքվեն, որն անցկացվեց ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի (1975թ.) դրույթներին և Միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատերազմի հաջորդ պատրվակը դարձան իրադարձությունները Դոնբասում և Մալայզիական ուղևորատար «Բոինգի» կործանումը։ 2015-2017 թվականները պատժամիջոցների երկարաձգման և պատժամիջոցների ցուցակի ընդլայնման տարիներ էին։ 2016թ. վերջից Արևմուտքի համար պատժամիջոցներ մտցնելու պատրվակ է դառնում Ռուսաստանին ամերիկյան նախագահի ընտրություններին միջամտելու հարցում մերկապարանոց մեղադրելը։ Այդ պատժամիջոցները հաճախ անվանում էին Ռուսաստանին հայտարարված «դիվանագիտական պատերազմ»։ Ընթերցողներին հիշեցնեմ, որ ի կատարումն այդ պատժամիջոցների՝ հավաքական Արևմուտքի 29 երկրներից Ռուսաստան արտաքսեցին ավելի քան 150 ռուսաստանյան դիվանագետի։ Պատժամիջոցների պատերազմի հաջորդ նոր փուլն սկսվեց ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմամբ 2018թ. մարտին, երբ Արևմուտքը դրանում մեղադրեց Ռուսաստանին։ Միևնույն ժամանակ նշվեց, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների գլոբալ հիբրիդային պատերազմը չի սահմանափակվում լոկ պատժամիջոցներով, այլ շատ ավելի բազմակողմանի է։ Այսպես, եթե նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն աշխատում էր Ռուսաստանի համար թշնամական կայուն երկրներ և տարատեսակ ապակառուցողական կառույցներ ստեղծելով, ապա գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միանգամայն այլ ուղղությամբ է աշխատում՝ նպաստելով իրավիճակի ապակայունացմանն ու քաոսայնացմանը Ռուսաստանի և Չինաստանի սահմաններին։ Նման քաոսայնացումը, մասնավորապես՝ ռուսաստանյան սահմանների պարագծով, հենց սցենարիստների մտահղացման համաձայն, կոչված է էական դեր խաղալու ոչ գլոբալ (ըստ ամերիկյան ստրատեգների տեսակետի) ուղղություններում Մոսկվայի ուժերը շեղելու հարցում, դիցուք՝ Միջինասիական տարածաշրջանում կամ Հարավային Կովկասում։ Նման քաղաքականությունը, ամերիկյան ստրատեգների կարծիքով, թույլ կտա ԱՄՆ-ին կենտրոնանալ իր համար ռազմավարական առումով կարևոր տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում։ Ի հաստատումն ասվածի՝ նշվեց, որ Դոնալդ Թրամփի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ս.թ. հոկտեմբերի 25-ին Երևանում հանդես եկավ մի շարք հատկանշական հայտարարություններով տարածաշրջանային անվտանգության և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ։ Բոլթոնը, մասնավորապես, նշեց, որ եթե Հայաստանում հանրային կարծիքի կանխատեսումները հաստատվեն, ապա ընտրություններից հետո վարչապետը կունենա շատ ուժեղ մանդատ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վճռական և վճռորոշ մի շարք քայլերի ու ջանքերի իրականացման համար. «Եթե պատրաստակամություն լինի, ապա մենք ևս պետք է աշխատենք, որպեսզի ադրբեջանական կողմից նույնպիսի արձագանք լինի»,- ասաց ԱՄՆ նախագահի խորհրդականը։ Պարզ է, որ «վճռական քայլեր» ասելով Բոլթոնը հասկանում է Հայաստանի և Արցախի Հանրապետության համար ի սկզբանե անընդունելի՝ տարածքների հանձնումն Ադրբեջանին Արցախի Հանրապետության անվտանգության գոտում։ Իսկ ադրբեջանական կողմի «դրական արձագանքը» կլինի այդ տարածքները ստանալու դիմաց Արցախի Հանրապետության մի ինչ-որ անցումային, միջանկյալ ժամանակավոր կարգավիճակը ճանաչելու նրա համաձայնությունը։ Արդյունքում՝ պաշտոնական Երևանը կստանա Լեռնային Ղարաբաղի՝ հաշտության պայմանագրով չամրագրված անորոշ կարգավիճակ, իսկ Ադրբեջանը կստանա հողեր և իր նոր ռազմական դիրքի ռազմավարական գերազանցություն՝ պայմանավորված իր նոր ռազմական դիրքով։ Դե ինչ, Ջոն Բոլթոնի կանխատեսումները վարչապետի «ուժեղ մանդատի» վերաբերյալ իրականացվեցին, թե ով և ինչպես օգնեց նրան դրանում՝ այլ վերլուծության թեմա է։ Ամերիկյան նախագահի խորհրդականի կանխագծած սցենարը լի է լուրջ էքսցեսներով ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին, քանզի, անվիճելի է, որ դա Ադրբեջանին կդրդի հանդես գալ «ճիշտ նույն արձագանքով»։ Այսինքն, օգտվելով Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններից հետո ստեղծված նոր քաղաքական իրավիճակից՝ կգտնվեն ուժեր, որոնք Ադրբեջանին կդրդեն ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտում, որը 100 կմ սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Եվ ահա այս մտքի վրա, հարգելի ընթերցող, իմ ելույթը, կանոնակարգով սահմանված ժամանակն (5 րոպե) ավարտվելուց 10 վայրկյան առաջ, ընդհատվեց գիտաժողովը վարող՝ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխխոսնակ պարոն Ի.Ումախանովի կողմից։ Կարծում եմ, որ գիտաժողովի կանոնակարգի հանդեպ այսքան նախանձախնդիր վերաբերմունքը մոդերատորի կողմից հասունացել էր նախորդ առնվազն տասներկու բանախոսների՝ ժամանակարգը զգալիորեն գերազանցելու հետ կապված, որոնց պարոն Ի.Ումախանովը իսկական կովկասցու համբերատարությամբ մինչև իրենց ելույթն ավարտելը չէր ընդհատել։ Մի խոսքով՝ կարծում եմ, որ իմաստ ունի բառացի տեղեկացնել ընթերցողներին ելույթիս ավարտի մասին. «Այնուհետև, «հումանիտար» նկատառումներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի, այն է՝ ԱՄՆ-ի համար, հնարավորություն կառաջանա խաղաղարար զորակազմ ուղարկելու Ադրբեջանի և Արցախի Հանրապետության զինված ուժերի սահմանազատիչ գիծ, ասել է թե՝ Իրանի հետ Ղարաբաղի անվտանգության գոտու սահմանի ողջ պարագծով մեկ։ Թե ինչով է սա հղի և ում դեմ է ուղղված ապակայունացումը Ռուսաստանի հարավային սահմանագծին՝ կասկածներ չեն հարուցում։ Ադրբեջանա-իրանա-արցախյան սահմանին հասունացող նոր ռազմական հակամարտության կանխմանն էլ հենց պետք է նպատակաուղղված լինեն խորհրդարանական դիվանագիտության, խորհրդարանական երկխոսության ջանքերը՝ պատերազմ թույլ չտալու նպատակով։ Եվ այս գործընթացում դժվար է գերագնահատել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի դերը։ Չէի ցանկանա ելույթս ավարտել տխուր նոտայով, ուստի հիշենք Ֆյոդոր Տյուտչևին. Умом Россию не понять, Аршином общим не измерить! У ней особенная стать – В Россию можно только верить (Ռուսաստանը մտքով չես հասկանա, Մեկ ընդհանուր արշինով չե՛ս չափի։ Նրա բանն ուրի՛շ է՝ Ռուսաստանին կարելի է միայն հավատալ)։ Ի դեպ, այս տողերը Տյուտչևը գրել է 1866թ. դեկտեմբերի 10-ին, 152 տարի առաջ։ Սակայն, իմ ընկալմամբ, փիլիսոփա պոետ, դիվանագետ Ֆյոդոր Տյուտչևի քառատողը մեր օրերում փոքր-ինչ այլ բովանդակություն ունի. Ռուսաստանը թե՛ մտքով, թե՛ սրտով կհասկանան բոլորը, եթե անկեղծորեն հավատան Ռուսաստանին։ Մենք Հայաստանում անկեղծորեն հավատում ենք Ռուսական պետության քաղաքական ղեկավարության, նրա պատվարժան առաջնորդ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի իմաստնությանը, դրա համար էլ և՛ մտքով, և՛ սրտով հասկանում և սիրում ենք Ձեզ՝ մեր ռուս բարեկամներ, որպես նոր, արդար աշխարհակարգի համար պայքարող առաջամարտիկի և այդ աշխարհակարգի հիմնադրի»։

Միայն մի մխիթարանք կա, որ ելույթիս ամբողջական տեքստը նախապես հանձնվել էր գիտաժողովում ելույթ ունեցողների թարգմանության ծառայությանը։ Ուստի հույս ունեմ, որ հետագայում ելույթս լրիվ ծավալով կարտացոլվի (հրատարակվելու դեպքում) գիտաժողովի նյութերում։ Չեմ թաքցնում, որ դրականորեն ընդունեցի նաև պարոն Ի.Ումախանովի ազնիվ արարքը, որն ասաց տառացիորեն հետևյալը. «Արտաշես Մամիկոնովիչ, եթե Ձեզ ինչ-որ բանով նեղացրի, ներողություն եմ խնդրում» (https://www.youtube.com/watch?v=S0UXM9fPoVo)։ Բնավ չեմ նեղացել պարոն Ի.Ումախանովից և որպես ասվածի ապացույց, թեև որոշ ուշացումով, շնորհավորում եմ Իլյաս Մոհամեդ-Սալամովիչ Ումախանովին «Դոստլուգ» («Բարեկամություն») շքանշանով պարգևատրվելու առիթով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև կապերի զարգացման, բարեկամության և համագործակցության գործում ունեցած վաստակի համար (պարգևատրման մասին կարգադրությունը ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից 2017թ. մարտի 27-ին)։ Շնորհավորում եմ ոչ նրա համար, որ «Դոստլուգ» շքանշանը պատրաստված է ոսկուց և ութակող աստղ է՝ վրան ամրացված (նույնպես ոսկուց) թռչնի թևերի ոսկե հարթաքանդակով։ Այլ նրա համար, որ «Բարեկամություն» շքանշանը Ձեզ՝ Ի.Ումախանովին, Դաշնության խորհրդի և Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսի միջև համագործակցության երկկողմանի միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահին, 2017թ. նոյեմբերի 2-ին հանձնել է անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հետգրության փոխարեն. 2018թ. նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի կոնֆերանսների մեծ դահլիճում մոտ 150 քաղաքական գործիչների և քաղաքագետների, փորձագետների և գիտնականների մասնակցությամբ տեղի ունեցավ «Լազարևյան ակումբի» առաջին նիստը, որի քննարկման գլխավոր թեման վերնագրված էր՝ «Հայաստան և Ռուսաստան՝ երկու Հայրենիք. պաշտպանություն և անվտանգություն»։ Դրանից երկու շաբաթ անց՝ իմաստավորելով այդ նիստի արդյունքները, առաջինն, ինչի մասին կուզեի ասել՝ անկեղծ երախտագիտության խոսքերն են «Լազարևյան ակումբի» ստեղծման կազմկոմիտեի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Ֆեոդորովիչ Զատուլինին ճիշտ ժամանակին արված նախաձեռնության համար։ Խորամուխ լինելով ռուսաստանցի և հայ հասարակություններին ակումբի հիմնադիր հայրերի դիմումի տողերի մեջ՝ ակամա գալիս ես այն եզրահանգման, որ այսօր «Լազարևյան ակումբը» միակ հարթակն է, որը հետագայում թույլ կտա հակազդել հակառուսական սորոսական համակարգային և շռայլորեն վարձատրվող «խառնամբոխին»։ Ուստի, միանգամայն սպասելի էր, որ ակումբի հիմնադիր հայրերի մտահղացումը՝ ակումբի ապագա աշխատանքի գլխավոր ուղղություններից մեկը դարձնել Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցության անայլընտրանքայնության ցուցադրումը, մեր երկրների և ժողովուրդների միջև հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրագործման հրատապության հիմնավորումը, առաջ էր բերելու ինչպես սահմանի այն կողմից ֆինանսավորվող հայկական լրատվամիջոցների որոշ մասի մոլեգին արձագանքը, այնպես էլ շատ ավելի զզվելի ռեակցիան ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից։ Հայաստանյան տարբեր մասշտաբի ռուսատյացների, էլ չեմ ասում՝ դրանց ադրբեջանցի համախոհների խուճապը հասցվեց կենդանական մակարդակի, երբ ամենալպիրշ ձևով խեղաթյուրվեցին ինչպես Կ.Ֆ. Զատուլինի, այնպես էլ մյուս բանախոսների՝ «Լազարևյան ակումբի» առաջին նիստի մասնակիցների ելույթները։ Իհարկե, սորոսյան պնակալեզների նման արձագանքը միաժամանակ նաև ոգևորում է։ Ուրեմն, «Լազարևյան ակումբի» առջև դրված գաղափարը, նպատակներն ու խնդիրները, դրանց իրագործման պարագայում, խիստ կդժվարացնեն ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում ճնշող մեծամասնության հասած հայտնի ուժերի «հաղթարշավը»։ Կարծում եմ, որ սույն փուլում առաջնային կարևորության խնդիր է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների խորացման կողմնակից  բոլոր քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների նոր թափով վերսկսումն ու միավորումը, որոնք իրենց արտաքին քաղաքական գերակայությունների մասին հայտարարել և հայտարարում են ահա արդեն ո՛չ մեկ կամ երկու տարի, այլ տասնամյակներ, ընդ որում՝ ո՛չ ինչ-որ «տուսովկաների» կուլուարներում կամ «հարմար» քաղաքական միջավայրում, այլ բացահայտ, անկախ այն բանից, թե Հայաստանում ինչ ուժ է եկել իշխանության։ Այստեղ կուզենայի ընդգծել, որ լոկ փոքրիշատե, թեկուզև սորոսյան գրանտակերներից տասնապատիկ քիչ ռեսուրսների բացակայությունն է փաստացի նվազագույնի հասցրել հայամետ ուժերի գործունեությունը, որոնք ինքնին չեն կարող չլինել Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքի խորացման համոզված ջատագովները։ Այդ կազմակերպությունները կյանքի կոչելով նրանք, անկասկած, կհարստացնեն «Լազարևյան ակումբի» գործունեությունը, նրա աշխատանքին կոնկրետ, ավելի առարկայական բնույթ կհաղորդեն։ «Լազարևյան ակումբի» հիմնադիր հայրերը հո չե՛ն արձագանքելու պարբերական զրպարտչական հրապարակումներին և ամեն տեսակ բացահայտ ստին, որոնք միայն մեկ նպատակ են հետապնդում՝ արատավորել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության իմաստն ու բովանդակությունը, սասանել Հայաստանի բնակչության առայժմ մեծամասնության հավատն առ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության անքակտելիությունն ու սրբությունը։

Հ.Գ. 2018թ. դեկտեմբերի 13-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովն ասել է. «Մենք ուզում ենք շարունակել աջակցությունը Բաքվի և Երևանի միջև երկխոսությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Ես գիտեմ, որ Դուք շփումներ եք ունեցել Հայաստանի վարչապետի հետ, իսկ իմ բարեկամ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այսօր մենք, իհարկե, բավական շահագրգիռ կլինենք լսել Ձեր գնահատականները, թե ինչպես եք պատկերացնում առաջ ընթանալը։ Ցանկանում ենք, որպեսզի այդ կարգավորումը տեղի ունենա արդար և երկուստեք ընդունելի հիմքով»։ Եվ ահա, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը «գլխանց» բավական ինքնատիպ է պատրաստվում հակամարտության կարգավորմանը «արդար և երկուստեք ընդունելի հիմքով». զբաղեցրած պաշտոնից հանվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը (1992-1994թթ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային-ազատագրական պատերազմի մարտական գործողությունների ակտիվ մասնակից, զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատար, հրետանու պետ և հրետանային բրիգադի հրամանատար)։ Մինչ այդ Փաշինյանը քննադատությամբ և սպառնալիքներով հանդես էր եկել Արցախի Հանրապետության զինծառայողների հասցեին. «Զբաղվեք ձեր ծառայությամբ և չփորձեք քիթներդ խոթել քաղաքականության մեջ։ Ես հազար անգամ ներողություն կխնդրեմ այդ սխալ ձևակերպման համար (նկատի է առնվում Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» նախընտրական դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի հայտարարությունն այն մասին, որ ժողովրդի հաղթանակը «թավշյա հեղափոխությունում» ավելի կարևոր է Արցախյան ազատագրական պատերազմից), բայց թույլ չեմ տա սրա վրա քաղաքական դիվիդենդներ շահել։ Այդ ընդհատակյա հանրապետական-մաֆիոզ խաղերը չեն անցնի, հանգստացե՛ք»,- ահարկու հայտարարել է Ն.Փաշինյանը։ Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, որը արցախյան ազատագրական պատերազմի տարիներին ամեն ժամ կյանքը վտանգելով անգնահատելի ավանդ է ներդրել հաղթանակի գործում, բավական զուսպ կոչ է արել Փաշինյան և Ընկ.-ին. «Սթափվե՛ք, տղաներ»։ «Արցախյան ազգային-ազատագրական պայքարը, որի հիմքը վերջապես դրվեց 1988 թվականին, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում ապրող մի ամբողջ ժողովրդի հաղթանակն է: Արցախի Հանրապետությունը համայն հայության ձեռքբերումն ու հպարտությունն է: Առավել քան զարմանալի ու զայրույթ հարուցող է, որ այս օրերին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, այն շահարկվում ու նսեմացվում է ի նպաստ ինչ-որ կուսակցական շահերի: Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած, դրա դաժանություններն ու զրկանքները սեփական մաշկի վրա զգացած Սասուն Միքայելյանին ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում վերջին ժամանակներս կատարված հեղափոխությունը չի կարող ավելի մեծ հաղթանակ համարվել, քան Արցախյան ազգային-ազատագրական պայքարն է, կամ առավել ևս՝ Հայկական երկրորդ Հանրապետության կերտումը: Նմանատիպ հայտարարություններն առնվազն կասկածի տակ են դնում նման մարդկանց մասնակցությունը պետականաշինության գործին: Ցավալի է նաև այն, որ նման հայտարարություններն արվում են ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի ներկայությամբ: Սթափվե՛ք, տղանե՛ր»,- ասել է նա։

Ակնհայտ է մի բան, որ պետական հեղաշրջումից հետո Հայաստանի իշխանությունները որդեգրել են 1992-1994թթ. Արցախի ազատագրական պատերազմի հերոսների մարգինալացման ուղեգիծ։ Այդ հաղթանակի գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ ԼՂՀ նախագահ և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ս.թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանվեց երկրորդ անգամ։ Այնուհետև մենք դարձանք ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի հարազատների և մերձավորների հանդեպ աննախադեպ լկտի հարձակումների վկաները՝ նրան մարգինալացնելու նպատակով։ Կարելի է Արցախի ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ մարտական գործողությունների ակտիվ մասնակիցների վարկաբեկման տասնյակ այլ օրինակներ էլ բերել։ Եվ, ցավոք, այդ գործընթացը, դատելով գործող իշխանությունների որոշ արտահայտություններից, այսուհետ ևս շարունակվելու է։ Նպատակը՝ կոտրել կամ հեռու պահել Արցախի իսկական հերոսներին ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի չարաբաստիկ՝ «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի իրագործմանն ակտիվ հակազդելու հնարավորությունից։ Դա առանց պատերազմի չի՛ լինելու։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ նոր պատերազմ սկսելու հնարավոր կատալիզատոր։ Չէ՞ որ Արցախի ազատագրական պատերազմի մարտական գործողությունների հերոսների և ակտիվ մասնակիցների մարգինալացման քաղաքականությունը, ավելին՝ նրանց դատապարտումը, կոգեշնչեն ադրբեջանական բազեներին և պարարտ հող կստեղծեն Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիա սկսելու համար։ Ըստ երևույթին, իրադարձությունների զարգացման այսպիսի ընթացքը նկատի ուներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, երբ նախազգուշացնում էր իր քաղաքացիներին՝ զգույշ լինել։

Վերջում կցանկանայի մեջբերում կատարել Ռուսաստանի հայրենասերից (ով Հայաստանում տարիների բեղուն աշխատանքի ընթացքում սիրահարվել էր մեր երկրին ու նրա ժողովրդին) ինձ հասցեագրված նամակից։ Ծանոթանալավ ս.թ. դեկտեմբերի 10-11-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում ունեցած իմ ելույթին և հարցազրույցին՝ ահա թե ինչ է գրել նա. «Մեծ հետաքրքրությամբ դիտեցի Ձեր հարցազրույցը... Դառն է միայն այն վտանգավոր ռիսկերի հետ կապված, որոնք կարող են տեղի ունենալ Հայաստանի նոր իշխանությունների հնարավոր մոտեցումների պատճառով։ Իսկ մեր խորհրդարանականները (և ոչ միայն նրա՛նք) նորից բաց թողեցին Ձեզ և Ռուսաստանի մյուս բարեկամներին օգնելու շանսը՝ ընտրությունների դուրս գալ այլ արժեքներով։ Եվ այն, որ ընտրողների կեսը չի մասնակցել քվեարկությանը, միայն հաստատում է հասարակության մեջ այլընտրանքային մոտեցումների պահանջը։ Ոչ մի քաղաքական ուժ չկարողացավ միավորվել Ռուսաստանի հետ  ռազմավարական գործընկերության պահպանման և զարգացման օգտին փաստարկներով։ Հետո արմունկները կկրծոտեն և զանազան թոք-շոուներում արցունք կթափեն... Շնորհակալություն Ձեզ, հարգելի Արտաշես Մամիկոնովիչ, և տա Աստված ուժ ու համբերություն՝ հաղթահարելու նաև այս փորձությունները»։ Բայց ի՜նչ ճիշտ է ասված...          

 

Արտաշես Գեղամյան

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր