ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 11.05.2018, Իրավունք

 

 

Եվ այսպես, 2018թ. մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Չեմ թաքցնում, որ ՀՀ ԱԺ հատուկ նիստի նախօրեին ես գրավոր պատրաստել էի վերջին ժամանակներս Հայաստանում ստեղծված իրավիճակի իմ տեսլականը՝ նպատակ ունենալով հետագայում այն հնչեցնել ՀՀ վարչապետի թեկնածության վերաբերյալ քննարկումների ընթացքում։ Սակայն ընդունվեց որոշում այն մասին, որ Հանրապետական կուսակցության անունից ելույթ կունենա միայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Սկզբից ևեթ նշեմ, որ լիովին և ամբողջովին պաշտպանում ու հավանություն եմ տալիս նրա ելույթի հավասարակշռված գնահատականներին և եզրահանգումներին, ելույթ, որը համակված էր մեր ժողովրդի անվտանգության ու ապագայի հանդեպ մեծագույն պատասխանատվությամբ։ Ընթերցողների ուշադրությանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում իմ ներկայացնելիք ելույթի տեքստը։

  «Հարգելի գործընկերներ, պարտքս եմ համարում հնչեցնել մտորումներս վերջերս մեր երկրում ընթացող զարգացումների շուրջ, որոնք ամենավառ կերպով ապացուցում են, որ այսօր «սիրո և համերաշխության հեղափոխության», երկրում արդարություն հաստատելու կարգախոսների և իրականության միջև առկա են խիստ մտահոգիչ խզումներ: Վերցնենք թեկուզ ամեն կարգի բռնացումները՝ փողոցներ, օդանավակայան, երկաթուղի փակելը, պատգամավորների հասցեին ուղղակի սպառնալիքներ հնչեցնելը, նրանց բնակության վայրերում նույնիսկ մահապաստառներ փակցնելը, էլ չեմ ասում Facebook-ի միջոցով հմտորեն ուղղորդվող տեղեկատվական տեռորի մասին, որը մատուցվում էր իբրև ինքնաբուխ գործողություններ։ Մինչդեռ իրականում գործ ունենք կանխամտածված ակցիաների հետ՝ պատգամավորների վրա հոգեբանական ճնշում գործադրելու և Ազգային ժողովում հօգուտ ՀՀ վարչապետի իրենց թեկնածուի քվեարկելուն նրանց նախապատրաստելու նպատակով։ Եվ այս ամենը ցինիկաբար հրամցվում է որպես «թավշյա հեղափոխություն»՝ արդարության հաստատման նպատակով։

Հարգելի գործընկերներ։ Այս օրերին ակամա հիշեցի այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Երևանում 1990թ. մայիսի 27-ին։ Եթե այդ օրը չլինեին իրենց հերոսաբար դրսևորած Ռուբեն Գևորգյանը՝ Արցախյան ազատագրական պատերազմում զոհված լեգենդար Սամվել Գևորգյանի եղբայրը, կիլիկիացի Մացիկը, ինչպես նաև Վարդանն ու Մանվել Քոչարյանը, անխուսափելի կլիներ կանխել մեծ արյունա¬հե¬ղութ¬յունը Երևանում՝ հարյուրավոր զոհերով: Նրանց հետ միասին իմ՝ Երևանի քաղաքապետիս, ծառայողական մեքենայով, անտեսելով ԽՍՀՄ ԶՈւ 7-րդ բանակի զինվորների և հայ ազատամարտիկների փոխհրաձգությունը, հաջողվեց հասնել Սովետաշենում տեղակայված 7-րդ բանակի շտաբ և բանակի հրամանատար, գեներալ Միխայիլ Սուրկովի հետ պայմանավորվել ինչպես զինվորների, այնպես էլ մեր ազատամարտիկների կողմից կրակի դադարեցման մասին: Մեր առաքելությունը կտապալվեր, եթե մեր թիկունքը չպահեին ազգիս նվիրյալները՝ Վազգեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանը, Լեոնիդ Ազգալդյանը... (ասվածը վավերացնող տեսակադրերը տեղադրված են «Ազգային միաբանություն» կուսակցության կայքում, www.amiab.am): Կրկնում եմ՝ այդ օրը մեծ արյունահեղություն կանխվեց Երևանում: Ինչո՞ւ եմ այս ամենի մասին հիմա խոսում։ Լավ, ի՞նչ էիք մտածում՝ ընդդիմադիր գործընկերներ, երբ մի խումբ դյուրահավատ երիտասարդների՝ երկու պատկառելի տիկնանց ուղեկցությամբ, ուղարկում էիք մեր տուն: Մի՞թե կարծում էիք, թե վարչապետի ձեր թեկնածուին դեմ լինելու իմ որոշումից հետ եմ կանգնելու ձեր նման գործողություններից: Թե՞ ձեզ թվում էր, թե Ջին Շարփի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» գրքի «Ոչ բռնի գործողությունների մեթոդները» հավելվածի 31-րդ և 32-րդ կետերը, այն է՝ պաշտոնական անձանց հետապնդելը և պաշտոնական անձանց ծաղրելը, ունիվերսալ բնույթ են կրում։

Հարգելի գործընկերներ, իմ քաղաքական բովանդակ գործունեության ընթացքում մշտապես հրա¬պա¬րակավ և հիմնավորված կերպով պաշտպանել եմ հայ-ռուսական ռազմավարական դա¬շինքի անսասանության գաղափարը, ՀԱՊԿ-ին և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետևողական ջատագովն եմ եղել։ Որովհետև խորապես գիտակցել եմ, որ հայ ժողովրդի, հայոց պետա¬կա¬նութ¬յան անվտանգության երաշխավորը հենց Ռուսաստանի Դաշնությունն է՝ ի հե¬ճուկս և ի հակառակ Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաև նրանց գաղափարախոսական դամքաշների: Համոզված եմ, որ հակառակ տեսակետի կողմնակիցներն ուղղակի չեն գիտակցում հայոց պետականության համար իրենց տեսակետների վտանգա¬վո¬րութ¬յունը: Այս առումով տագնապներս փոքր-ինչ մեղմվեցին, երբ հանրապետության վարչապետի թեկնածուն հրապարակավ հավաստիացրեց, թե իրողութ¬յուն¬ների փոփոխության բերումով, ասել է թե՝ ընդդիմությունից իշխանություն դառնալով, ինքը 180 աստիճանով փոխել է իր վերաբերմունքը թե՛ հայ-ռուսական ռազմա¬քա¬ղա¬քա¬կան դաշինքի, թե՛ ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերա¬բերյալ:

 Հարց է ծագում. ընդունենք, թե սա ոչ թե պատեհապաշտություն է, այլ հայրենասիրության ուշացած դրսևորում: Այս կապակցությամբ, կարծում եմ, տեղին կլիներ թեկուզ թռուցիկ հետադարձ հայացք նետել հայրենասիրության մասին իմ որոշ պատկերացումներին:

Եվ այսպես, 2013թ. հունիս-հուլիսին Ստամբուլում ընթանում էր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում, որպես ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, հարկ եղավ ոչ մեկ անգամ հանդես գալ ելույթով։ Ցանկանում եմ որոշ մեջբերումներ կատարել Թուրքիայի սրտում՝ Ստամբուլում, բացահայտ հակահայ միջավայրում իմ հնչեցրած մտքերից:

«Երեկոյան այցելությունս Դոլմա Բահչե ինձ ռոմանտիկ մտքերի մղեց այն մասին, որ 1842–53թթ. այդ հոյակերտ համալիրը կառուցվել է հայ ճար¬տարա¬պետներ Բալյանների կողմից։ Վերադառնալիս՝ Թաքսիմ հրապարակի մոտով անցնելիս, հիշեցի, որ դեռևս 16-րդ դարում թուրքական սուլթան Սուլեյման Կանունին (Սքանչելի), ի երախտագիտություն իր անձնական հայ խոհարարի, որը փրկել էր նրան թունավորել փորձող թշնամիներից, հայ համայնքին էր հանձնել 850 հազար քառակուսի մետր տարածք՝ հրապարակով ու այգով։ Ես հիշեցի նաև, որ 1872թ. տեղի իշխանությունները փորձեցին խլել այդ տարածքը հայերից, բայց կրկին թուրք սուլթանը, այս անգամ արդեն Աբդուլ Ազիզը, տեսնելով Սուլեյման Սքանչելիի ֆիրմանը, նրա որոշումը թողել է ուժի մեջ։ Այնուամենայնիվ, արդեն Թուրքիայի Հանրապետությունում այդ հողերը խլվեցին հայերից, իսկ 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի առաջին հուշարձանը, որը կանգնեցվել էր 1919թ. Թաքսիմ հրապարակում, հետագայում ապամոնտաժեցին»։ Մի պահ պատկերացրեք, թե ինչ է նշանակում Ստամբուլի Կոնգրեսների Պալատում ասել թուրքական երախտամոռության մասին և հնչեցնել այս խոսքերը «1915 թվականին Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանություն»:

Շարունակեմ՝ մեջբերում կատարելով իմ երկրորդ ելույթից, որն ունեցել եմ 2013 թ. հուլիսի 1-ին։

«Կտրականապես համաձայն չեմ ադրբեջանցի գործընկերոջ կարծիքին, որն սկսեց նվազեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը։ Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներին, որոնց ջանքերի շնորհիվ ահա ար¬դեն 20 տարի Ղարաբաղյան հակամարտության գոտին գտնվում է համեմատական խա¬ղա¬ղության վիճակում, չնայած Ադրբեջանն ամեն տարի մոտ 3 մլրդ դոլար է ծախսում սպառազինության վրա։ Այս լրացման ընդունումը միայն մի նպատակ է հետապնդում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում ներգրավել Թուրքիային, մինչդեռ մենք գիտենք, որ Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն»։

Հաջորդ մեջբերումը 2013թ. հուլիսի 2-ին Ստամբուլում ունեցած իմ երրորդ ելույթից է:

«… և վերջապես, 2012թ. օգոստոսին, այն բանից հետո, երբ արտահանձնվեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը, հաջորդ օրն իսկ Ադրբեջանի իշխա¬նությունները նրան ազատ արձակեցին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ հանձին նախագահ Բարաք Օբամայի, Եվրախորհրդարանը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան դատապարտեցին հանցագործին ազատ արձակելու փաստը։ Այնինչ, մարդասպանին ազատ արձակելուց հետո սկսվեց նրան հերոսացնելու գործընթացը։ Եվ որ ամենահետաքրքիրն է՝ մարդասպանի հերոսացման ամենաակտիվ մասնակիցներից մեկն այսօր ընտրվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Առաջին կոմիտեի փոխնախագահ՝ դրանով իսկ հարվածի տակ դնելով ոչ միայն Առաջին կոմիտեի, այլև ամբողջ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հեղինակությունը»։

Եվս մեկ մեջբերումն իմ չորրորդ ելույթից (2 հուլիսի 2013թ., Ստամբուլ):

 «… 1970թ. Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտը, այցելելով Վարշավայի գետտոյում ֆաշիզմի դեմ հրեա ժողովրդի ապստամբության հերոսների հուշահամալիր, ծնկի իջավ, ձեռքերը խաչեց կրծքին և գլուխ խոնարհեց։

Ես հիշեցի, թե ինչպես Հասան Ջեմալը՝ հայ ժողովրդի դահիճ Ջեմալ փաշայի թոռը, որին Մեհմեդ 6-րդի սուլթանական տրիբունալը դատապարտել էր մահապատժի, 2008-ին Երևանում այցելեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և գլուխ խոնարհեց։

Երբ Վիլի Բրանդտը ներողություն խնդրեց Հոլոքոստի համար, հաջորդ օրը ողջ համաշխարհային մամուլը գրեց, որ ծնկի էր եկել ո՛չ նա, ով պետք է ծնկեր։ Նույնը կարող է կրկնվել նաև այժմ։ Մենք հույս ունենք, որ թուրքական ղեկավարությունն իմաստուն կգտնվի և ներողություն կխնդրի հարյուր հազարավոր հայերի սպանության, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության համար»։ Ահա ևս խոսքեր, որոնք լսել է դահլիճում ներկա թուրք արտգործնախարարը՝ նեոօսմանիզմի գաղափարախոս Ահմեդ Դավութօղլուն:

Հարգելի գործընկերներ, նշեմ, որ իմ այս ելույթին հետևեց Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ներկայացուցիչների հորդորը՝  մշտապես գտնվել իրենց կողքին, ինչը, իրենց համոզմամբ, էապես կնվազեցներ թուրք ուլտրաազգայնականների հնարավոր ահաբեկչությունն անձիս հանդեպ: Նրանց այս մտահոգությունը բնավ անհիմն չէր: Հիշենք թեկուզ 2016թ. դեկտեմբերի 19-ին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը:

Եվ վերջապես, մի առանձին մեջբերում կատարեմ արդեն 2014թ. հունիս-հուլիսին Բաքվում, կրկնում եմ՝ Բաքվում, անցկացված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում իմ ոչ թե 7 ելույթներից, այլ դրանցից մեկի առիթով արված արձագանքից։ Եվ այսպես,  ադրբեջանական տխրահռչակ Apa.az և Vesti.az ինտերնետ-ռեսուրսները 2014թ. հունիսի 28-ին «Բաքվում ԵԱՀԿ ԽՎ մշտական կոմիտեի նիստում հայկական պատվիրակությունը փորձել է սադրանք իրականացնել Ադրբեջանի նկատմամբ» խորագրով հրապարակել են հետևյալ տեղեկատվությունը. «ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, հերքելով Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների զավթման փաստը, հակամարտության լուծման համար Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի անջա¬տո¬ղա¬կան ռեժիմի հետ բանակցությունների կոչ արեց։ Ձայնը բարձրացնելով` նա իրարանցում առաջ բերեց դահլիճում։ Հայ պատգամավորն Ադրբեջանին մեղադրեց նաև այն բանում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամների միջից Ադրբեջանը հենվում է ԱՄՆ-ի վրա։

Չնայած ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռանկո Կրիվոկապիչը հիշեցրեց Ա.Գեղամյանին օրակարգի բանաձևի մասին` նա կրկին, արհամարհելով այդ թեման` ուկրաինական հարցը և մյուս զուգահեռ հակամարտությունների լուծումը, փորձեց բարձրացնել ժողովուրդների ինքնորոշման հարցը»։

Ելույթս ավարտելով՝ խորհուրդ կտայի մեր հազարավոր երիտասարդներին ծանոթանալ Ջին Շարփի վերը հիշատակված աշխատությանը, ինչպես նաև Էդվարդ Ն. Լյուտվակի «Պետական հեղաշրջում. գործնական ձեռնարկ», Հենրի Դևիդ Տորոյի «Քաղաքացիական անհնազանդության մասին», Ռիչարդ Շաֆրանսկու «Երկրների կործանման մանրամասն տեխնոլոգիա», Սթիվեն Մանի «Քաոսի տեսություն և ռազմավարական մտածողություն» և, վերջապես, Սերգեյ Կուրղինյանի խմբագրությամբ՝ դեռևս 2011թ. հրապարակված «Քաղաքական ցունամի» աշխատություններին: Կասկած չունեմ, որ այդ աշխատություններն ուսումնասիրելուց հետո ձեր գնահատականները մեր երկրում վերջին ժամանակներս տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և ձեր գործողություններն առավել իմաստավորված կլինեն: Իսկ որ ամենակարևորն է՝ վաղ թե ուշ կգա այն գիտակցումը, որ Հայաստանի Հանրապետությունում արդարություն հաստատելու խիստ պահանջված ձգտումն անհնար է իրականացնել ի սկզբանե անարդար, օտարների կողմից մշակված, կործանարար տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք, մասնավորապես, բացահայտված են Ս.Կուրղինյանի խմբագրությամբ հրապարակված «Քաղաքական ցունամի» ժողովածուում։

 Նման տեխնոլոգիաներով իրականացված «թավշյա հեղափոխությունը» չափազանց վտանգավոր է:

 

Արտաշես Գեղամյան

Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի պատգամավոր

Հանրապետական կուսակցությունից,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր