Մոռացության մատնված ԼՏՊ-ի վերջին եւ անհույս փորձերին ըմբռնումով ենք վերաբերում
24.11.2017, Իրավունք
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անկում ապրող քարոզչամեքենան` այսօր իր մասին որոշել է հիշեցնել իր թերթերից մեկի շապիկին հիշատակելով ԱԺ պատգամավորներ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արշատես Գեղամյանի եւ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի անունները, այնուհետեւ շարադրել մտքեր, որը որեւէ աղերս չուներ հոդվածում ի սկզբանե հիշատակված պատգամավորների անվան հետ: Արձագանքնելով վերոնշյալին` «Իրավունքի» հետ զրույցում «Ազգային միաբանության» կուսակցության փոխնախագահ, ՀԽՍՀ ներքին գործերի նախարար ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆՆ ասաց, որ ընթերցելով այդ հոդվածն` անմիջապես կարելի է տեսնել նրա հետեւում կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյանի խուլ ականջները:
– Կարելի է Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեվիճակի մեջ մտնել, որովհետեւ բացարձակապես մոռացության է ենթարկվել այդ անձնավորությունը: Ավելին` եթե անգամ իսկ նրա անունը ինչ-որ տեղ հիշատակվում է, ապա հիշատակմանը հաջորդում են բառեր, որոնք թերեւս կայքում կամ թերթի էջերում տեղադրելու պիտանի չեն: Ընդ որում` ոչ թե իրենց բովանդակային ոչ կոռեկտությամբ, այլ իրենց սրության առումով: Ուստի` ըմբռնումով ենք մոտենում Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչամեքենայի արհեստածին մեջբերումներին ու համեմատություններին եւ միաժամանակ ասում` կլինիկան շատ բարդ է եւ մենք իրենց օգնել չենք կարողանա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ