ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՉԳՆԱԼ ՍԱՅԹԱՔՈՒՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

20.10.2017, Իրավունք

 

2017 հոկտեմբերի 18-ին ԱԺ Պետա-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Ելք» խմբակցության նախաձեռնությունը, որով առաջարկվում էր ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ եզրակացություն հայտնելու համար: Ի սկզբանե նշենք, որ նախաձեռնողների կողմից ներկայացված փաստարկները այնքան մակերեսային և հում էին ու հեղեղուկ, որ հանձնաժողովի պրոֆեսիոնալ մակարդակով քննարկման արդյունքում «Ելք»-ականները հարկադրված էին հետ վերցնել նախագիծը` հարցին երկու շաբաթ անց անդրադառնալու պայմանով: Մեր թղթակիցը խնդրո առարկայի վերաբերյալ զրուցեց ԱԺ պատգամավոր, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդրանական հանձնաժողովի համանախագահ Արտաշես Գեղամյանի հետ:

ԼՐԱԳՐՈՂ – Պարոն Գեղամյան, «Ելք» խմբակցությունը հանդես էր եկել նախաձեռ-նությամբ Էթիկայի հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ, որը պետք է քննի Ձեր և պատ-գամավոր Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հայտնի միջադեպը: Երկու օր առաջ, այդ հարցը քննարկվեց Պետա-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ – Շատ դրական եմ վերաբերվում «Ելք» պատգամավորական խմբակցության այդ քայլին, որովհետև այլևայլ մեկնաբանությունների փոխարեն, ինքս էլ գտնում եմ, որ շատ ավելի քաղաքակիրթ կլինի, եթե ստեղծվի մեր պատգամավորներից կազմված իրազեկ հանձնաժողով, որն ամենայն ուշադրությամբ և անկողմնակալ կդիտի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում իմ ունեցած ելույթը: Դրան հաջորդած պարոն Փաշինյանի ելույթը ևս, բնականաբար, այդ ելույթները բաց բնույթի էին և կան Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովում: Դիտելով այդ ելույթները, համոզված եմ, կարվի անխուսափելի մի հետևություն առ այն, որ իմ ասածները և դրանց փաշինյանական արձագանքը որևէ ընդհանուր աղերս չունեն: Մի դեպքում փաստեր են, հղումներ Հայաստանի Հանրապետության վիճակագրական ծառա-յության տեղեկագրերին և Եվրոստատի վիճակագրությանը: Ելույթումս միայն և միայն թվեր էին բերված և դրանց վրա հիմնված եզրակացություններ են եղել, ըստ որում, կրկնեմ, պաշտոնական, պետականորեն ընդունված և հաստատված թվեր: Բայց իմ կողմից բերված փաստարկները հերքող հիմնավոր հակափաստարկներ բերելու փոխարեն «Ելք»-ի պատգա-մավորի կողմից անսպասելի հնչեցվեց մի ելույթ, որի առանցքն էր իմ ասածները հեգնանքով խեղաթյուրելը, նմանակելը: Այդ ամենը, ըստ իս, անհաջող փորձ էր բախտորոշ հարցի` Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կասեցնելու մասին, քննարկումն անլրջացնել: Կրկնում եմ, իմ ելույթը և ոչ մի կապ չուներ նրա նման արձագանքի հետ: Կարծում եմ, Էթիկայի հանձնաժողովի կողմից դա կարձանագրվի: Սա որպես առաջին փաստ: Երկրորդը, որը ևս, անտարակույս, պետք է արձանագրվի, դա այն է, որ Ազգային ժողովի նիստի մեկնարկից մեկ շաբաթ առաջ ես հանդես էի եկել ծավալուն հոդվածով («Հայաստանը պատկանում է բովանդակ հայությանը և նրա պահպանումը մեր սրբազան պաչտքն է»), որը հրապարակվեց «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից, իսկ երեքշաբթի և չորեքշաբթի` նաև «Իրավունք» և «Հայոց Աշխարհ» թերթերում: Եվ ահա այդտեղ ես ուղղակի կոչ էի արել «Ելք»-ի իմ գործընկերոջը` մեջբերելով Ռոստտերդամի համալսարանի հռչակավոր պրոֆեսոր Բերնարդ Լիվեհուդի խոսքն (ի դեպ նրան նույնիսկ բնութագրում են որպես Զիգմունդ Ֆրոյդին գրեթե հավասար մեծություն) այն մասին, թե ի՞նչ է նշանակում «իմաստուն մարդ», «անհատականություն», «հասուն անձ» ասածը: Եվ այդ կապակցությամբ էլ քրիստոնիային հատուկ կամեցողությամբ նա բարի խորհուրդ է տալիս մարդկանց, որ հասուն անձնավորությունը պետք է լինի զիջող, պետք է իմաստուն լինի, փորձի ամեն խնդրի ու դժվարության ըմբռնումով մոտենալ, եթե անհամաձայնություններ կան: Սակայն, միաժամանակ հարգարժան պրոֆեսորը շեշտում է, որ սկզբունքային հարցերում պետք է լինել կոշտ և անզիջում: «Ելք»-ի պատգամավորի իմ հասցեին հնչեցրած վիրավորական երանգներ պարունակող ելույթից հետո ես հանդես եմ եկել առաջնորդվելով հենց այդպիսի մոտեցմամբ, հորդորելով, որ ընդդիմախոսս գիտակցի, թե որն է իմ մոտեցումների տրամաբանությունը, որը տեղավորվում է հոլանդացի գիտնականի խորհուրդների շրջանակում և ինքն էլ հետևի Բերնարդ Լիվեհուդի հորդորներին: Ավա՜ղ, հավանաբար այդտեղ էր, որ ես, ենթադրում եմ, սխալվեցի: Ինչո՞ւ սխալվեցի: Ինձ չճանաչողը կարող էր ենթադրել` ահա՜, Գեղամյանը նահանջեց, արդեն մեղայականով է հանդես գալիս, ուրեմն, անցնե՛նք գրոհի, ճզմենք, տրորենք… Ազգային ժողովի նիստի երկրորդ օրը՝ ելույթս Հայաստան-Ռուսաստան համատեղ զինուժի հարցի քննարկման առնչությամբ էր: Այդ հարցը քննարկման հաջորդ օրը` Ազգային ժողովի առավոտյան նիստում քվեարկվեց և այդպիսով ավարտվեց: Օրակարգի հերթական հարցի քննարկումներին ես ելույթով, հարցադրումներով հանդես չեմ եկել, չեմ մասնակցել: Բայց ահա օրակարգային արդեն իսկ նոր հարցի քննարկման ավարտին, «Ելք»-ի ղեկավարը հանկարծ իր ելույթում մեջբերում է անում նախարդ օրվա իմ ելույթից, այն էլ` աղավաղված, ասելիքս ամբողջովին խեղաթյուրված: Հետո էլ իր աղավաղած մեջբերումը հեգնանքի է ենթարկում, ինձ էլ խրատներ տալիս թե ինչ անեմ, ինչ կարդամ, դրանով փորձում ապատեղեկացնել լսարանին, որը, իբրև կանոն, միշտ չէ, որ բոլոր հռետորների ելույթները լսում է սկզբից մինչև վերջ: Ուրեմն, անշուշտ Էթիկայի հանձնաժողովը դա նույնպես կպարզի, որից հետո ակնհայտ կդառնա, որ «ելք»-ականը այս դեպքում էլ է խուսափել ըստ էության վիճարկել իմ կողմից բերված փաստարկներին, որոնք հնչեցրել էի նախորդ օրը «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորքերի (ուժերի)  միացյալ խմբավորման մասին» օրինագծի քննարկման ժամանակ: Նշեմ,  ելույթիս առանցքն էր հստակ հիմնավորել, որ քննարկվող օրինագծի ընդունումը բախտորոշ է մեր երկրի համար: Այո, նա խուսափել է քաղաքական բանավեճից, որպեսզի հետո խեղաթյուրի ասածներս, խնդիր հետապնդելով ապակողմնորոշել հանրությանը, պարզապես վիրավորական խոսքեր հնչեցնելով իմ հասցեին: Երբ այդ ամենը ջրի երես հանվի, կնշանակի` մենք հերթական անգամ կարձանագրենք, որ գործ ունենք ընդամենը սովորական սադրիչի հետ, մեկի, որն իր նախաձեռնությամբ ֆեյսբուքյան էջում օրեր առաջ պարծենալով գրել էր, թե կոշիկներն է փայլեցրել իմ հագուստի վրա: Հիմա էլ դռնեդուռ ընկած փորձում է համոզել մարդկանց, որ ես եմ խախտել էթիկայի կանոնները: Ասած Ջիվանու` խելքին աշեցեք:

Այս ամենի կապակցությամբ նախևառաջ պետք է գնահատական տրվի, քաղաքակա՛ն գնահատական, ինչի կողմնակիցն եմ ես: Եթե այդ գնահատականը չտրվի, ապա արդեն, բնականաբար, խոսք կարող է լինել միայն դրանից խուսափող այս կամ այն քաղաքական գործչի, պատգամավորի ոչ անաչառ լինելու մասին: Քաղաքական գնահատական տալուց հետո, արդեն առաջ է գալիս երկրորդ հարցը, այն, որ, ես, իբր, բռնություն եմ կատարել Փաշինյանի նկատմամբ: Նշեմ, որ, ըստ իս, բռնություն գործադրողի նկատմամբ ոչ թե քաղաքական, այլ քրեական գնահատական է տրվում: Եվ ես անհամբեր կսպասեմ, թե նա մինչև երբ հետևողական կլինի գոնե իր սպառնալիքների իրականացման հարցում և բողոքով կդիմի դատաքննչական մարմիններին` ասելով, թե բռնություն է գործադրվել իր հանդեպ: Արդեն իսկ, երբ դատաքննչական մարմինները քննություն սկսեն, ապա իրենք և ոչ միայն իրենք, հավատացնում եմ, շատ հետաքրքիր փաստերի առաջն կհայտնվեն: Ավելին չասեմ, որպեսզի չստացվի թե կողմնակալ կարծիք կամ տպավորություն եմ ուզում ստեղծել լրատվամիջոցների օգնությամբ:

Լ. – Պարոն Գեղամյան, համենայն դեպս, Դուք անհանգաստանալու որևէ պատճառ չունե՞ք այն առումով, որ ականատեսներ են եղել Ձեր և պարոն Փաշինյանի միջև տեղի ունեցածի ժամանակ:

Ա.Գ. – Ես, բնականաբար, անհանգստանալու որևէ խնդիր չունեմ այն պարզ պատճա-ռով, որ երբ մարդ` թղթապանակը թևի տակ, հարցուպատասխանի մեջ է մտնում դիմացինի հետ, կնշանակի, ի սկզբանե, նրա հետ վեճի բռնվելու որևէ միտում բացարձակապես չի ունեցել: Իսկ եթե իրավիճակը շիկացել է, ապա թող, էթիկայի հանձնաժողովի մեր գործըն-կերները անպայման, իրենց իսկ հարց տան «էս ինչ պատահեց, որ հանկարծ խաղաղ զրույցը շիկացավ»: Ես արդեն անհարմար էլ եմ զգում, կրկնել, որ եթե իրոք մտադիր լինեի բռնություն կիրառել ընդդիմախոսիս նկատմամբ, ապա հավատացնում եմ, նա այսօր ենթա-դրում եմ, որ արդեն  դուրս գրված կլիներ հիվանդանոցի վնասվածքաբանության բաժնից:

Լ. – Պարոն Գեղամյան, ինքը պատրաստ է ընդհուպ Ձեզ մանդատից զրկելու հարց բարձրացնել:

Ա.Գ. – Ճիշտ էլ կանի, թող բարձրացնի նման հարց, բայց հետո, երբ հանկարծ, խնդրո առարկայի մեջ խորանալու արդյունքում նա հերթական` երրորդ անգամ դատվի, ապա ես դրանում ինձ մեղավոր չեմ զգա: Չէ որ ինքն առանց այս միջադեպը արդեն երկու դատվա-ծություն ունի: Դեպքերի նման զարգացման պարագայում, կրկնում եմ, մեղավորը ե՛ս չեմ լինի, որովհետև այս ամենի նախաձեռնողը ես չեմ եղել: Եվ խիղճս հանգիստ է: Կրկնում եմ, երբեք չէի ցանկանա, որ այդ երիտասարդը երրորդ անգամ դատվի: Հիշեցնեմ, որ երկու դատվածություն ունի, մեկը՝ զրպարտության համար, այդ թվում նաև իմ ընտանիքի  անդամի և ուրիշների, մասնավորապես, Երևանի Պետական Համալսարանի հարգված դասախոսի նկատմամբ: Երկրորդ անգամ, արյունալի հետևանքներով հայտնի սադրանքի համար էր դատվել: Երրորդը՝ կլինի կրկին թե զրպարտության, և թե սադրանքի, փաստերի խեղաթյուր-ման և անձիս պատիվը ու արժանապատվությունը վիրավորելու համար: Մի խոսքով, քրեական օրենսգրքում այնքա՜ն հոդված կա, որոնց հատկանիշներով նա կարող է ենթարկ-վել քրեական պատասխանատվության: Բայց դա ինձ բնավ չի գոհացնի, որովհետև, կրկնում եմ` երիտասարդ է, իր կյանքում արդեն իսկ երկու անգամ շատ լուրջ սայթաքել է: Հավա-նաբար հիմա էլ վատ ազդեցության տակ է, կամ էլ  հարկադրված է անել այն, ինչն անում է:

Լ. – Այսինքն, Դուք ինքներդ պատրաստ եք էթիկայի հանձնաժողովում հանդես գալ պարզաբանմամբ:

Ա.Գ. – Էթիկայի հանձնաժողովում ամեն ինչ այնքան պարզ կլինի, որ արդեն իմ ելույթի անհրաժեշտությունը կվերանա: Փաստացի կա երկու ելույթ, որով ես եմ հանդես եկել և իբրև դրանց պատասխան` երկու ելույթ, որով հանդես է եկել Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնողը:

Վերջում ավելացնեմ, թող չստացվի, թե ես սպառնալիքների լեզվով եմ խոսում: Պարզ ասեմ` մամուլի միջոցով «Ելք»-ի պատգամավորին հուշեք, որ նա ճիշտ հետևություններ անի, ինչ-ինչ ազդեցությունների գերին չդառնա, չլսի նրանց, ովքեր ամեն գնով ուզում են, որ իրենց խմբակցության պատգամավորը վերջնականապես դիմազրկվի և վարկաբեկվի:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր