ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿՈՒՐՏԻԶԱՆՈՒՀՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ

26.08.206, Իրավունք

Ս/թ հուլիսի 15-ին «Իրավունք» թերթը հրապարակել էր «Արտաշես Գեղամյան. Ինֆորմացիոն կուրտիզանուհիների թշվառությունն՝ առանց պերճանքի» հոդվածը, որում գիտակցաբար անդրադարձ չէր կատարել հուլիսի 9-ին «Չորրորդ իշխանություն» թերթի մի ստոր հրապարակման՝ հեղինակած ստախոս ոմն մհերղալեչյանի կողմից, ուր անվանարկվել էր ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսյան նստաշրջանում Արտաշես Գեղամյանի դրսևորած հայրենասիրական, քաղաքացիական դիրքորոշումը:

ԵԱՀԿ ԽՎ-ում վերջին տարիների իր կատարած աշխատանքների մասին Արտաշես Գեղամյանը անդրադարձել է օգոստոսի 19-ին Արմենպրես  գործակալության կայքում հրապարակած «Դուգինի դիրեկտիվները՝ որպես Ռուսաստանի արտաքին քաղաքականության վարկաբեկման գործիք» հոդվածում: «Չորրորդ իշխանության» վերոհիշյալ հոդվածում, պարզապես, մեզ համար ակնհայտ նշմարվում էին այս թերթոնի խմբագրի հում ականջները, ով ոչ մի կերպ չի հաշտվում այն իրողության հետ, որ ժամանակին մենք հարկադրված ենք եղել մամուլով անդրադառնալ նրա կենցաղային նկարագրին, այն է՝ հարբած վիճակում իր կարիքներն ավտոմեքենայում հոգալու հակասանիտարական դրսևորմանը: Չէինք անդրադարձել նաև այն պատճառով, որ խնդրո առարկա թերթի քաղաքական կուռք հանդիսացող Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում, կարծես, դարձի է գալիս և չի դրսևորում  ակնհայտ հակապետական քայլեր:

Թերևս, ձեր հետ մի հարցում միայն կարելի է համաձայնվել: Այո´, Գեղամյանի երազած հայրենիքը դա ձեր իմացած հայրենիքը չէ, որի անվտանգությունը դրսից ստացած կանաչներով ամեն օր աճուրդի եք հանում, չխորշելով ամենաստոր հերյուրանքներ տարածելուց:
Թարմացնեմ ձեր ազդեցության էժանագին գործակալների հիշողությունը:

Երբ 1990 թ. մայիսի 27-ին, կրկին կատարելով դրսի ուժերի կամքը, սադրեցիք հայրենասեր երիտասարդներին՝ հարձակում գործել սովետական բանակի զինվորների վրա Երևանի կայարանամերձ հրապարակում, կանխավ գիտեիք, որ անմեղ զոհերն անխուսափելի են: Չբավարարվելով ութ դյուրահավատ երիտասարդների թափած արյունով, այնուհետև սադրանքը շարունակեցիք Սովետաշենում, այնտեղ էլ զոհելով ինն անմեղ երիտասարդների: Եվ ո´չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո´չ Վանո Սիրադեղյանը, ո´չ էլ ՀՀՇ-ի այլ պարագլուխներ, որ կանգնած էին այդ սադրանքի ետևում, այդպես էլ չերևացին ո´չ կայարանում, ո´չ էլ Սովետաշենում: Էլ ավելի մեծ արյունահեղությունը կանխվեց Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Արտաշես Գեղամյանի, Ռուբեն Գևորգյանի (ով հետագայում իր լեգենդար եղբոր՝ Սամվել Գևորգյանի հետ դարձան «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատարները), կիլիկիացի Մացիկի, Վարդան Հակոբյանի և Մանվել Քոչարյանի ջանքերով, ովքեր ոտնահարելով մահացու վտանգը, կարողացան ճեղքել կրակահերթերը և հասնել 7-րդ բանակի շտաբ ու գեներալ-մայոր Սուրկովի հետ բանակցելով, դադարեցնել վերահաս աղետը: Ուրեմն, մհերղալեչյաններ ու այլոք, այդ 17 անմեղ զոհերի արյունը ձեր ստախոս ղեկավարների խղճին էլ է:

Երբ 1987 - 1989 թթ. Արտաշես Գեղամյանը ՀԿԿ Երևանի Մաշտոցի  շրջկոմի 1-ին քարտուղարն էր, այո´, շրջանը բնականոն աշխատում էր: Եվ հատկապես շինհրապարակներում եռուզեռ էր ու լայն թափով կառուցվում էր Դավիթաշենը, քանզի շրջանի աշխատավորները կարողացել էին Ղարաբաղյան ազատագրական համաժողովրդական շարժումը զանազանել ձեր փուչ ակտիվիստների քարոզներից ու քաջ գիտակցում էին, որ այդ բնակելի շենքերը, դպրոցները, մանկապարտեզները կառուցվում են ոչ թե պաշտոնյաների ու նրանց ընտանիքների, այլ իրենց կարիքավոր աշխատավոր երևանցիների համար: Ուստի, այն  ժամանակ էլ դուք պարտվեցիք Արտաշես Գեղամյանին, ինչպես պարտվեցիք նրան նաև 1995-ին, երբ Երևան քաղաքի թիվ 7 ընտրատարածքում՝ Դավիթաշենում, Ա. Գեղամյանը ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ ՀՀՇ վարչության անդամ Ռաֆայել Պապայանի նկատմամբ, ով, ի դեպ, եզակի պարկեշտ անձանցից էր ձեր պապաների շարքում:

Ինչո՞ւ եմ այս ամենը վերհիշում:

Ճիշտ այդ նույն նախընտրական փուլում դուք խոշորացույցով պեղումներ էիք անում՝ գեթ մեկ դրվագ գտնելու Ա. Գեղամյանի կյանքում, որի վրա կկարողանայիք կառուցել ձեր հակաքարոզչությունը: Ավելին, Ա. Գեղամյանի օրոք ընդունված որոշումների հետքերով դատախազություն էիրք տանում բոլոր այն մարդկանց, ում դիմումները թե´ Մաշտոցի կուսշրջկոմում, թե´ Երևանի քաղաքապետարանում նրա անմիջական մասնակցությամբ դրական լուծում էին ստացել, խնդիր ունենալով նրանցից ցուցմունք կորզել, թե դա շահադիտական մոտիվներ է ունեցել:
Այդտեղ էլ դուք ձախողվեցիք, ձեր իրական ինչ լինելը բացահայտեցիք:

Ինչ վերաբերում է Արտաշես Գեղամյանի՝ Երևանի քաղաքապետ ընտրվելուն, ապա այստեղ էլ ձեր անվանարկումներում ձեզ ներհատուկ սուտը խաչվում է տգիտության հետ: Ա. Գեղամյանը քաղաքապետ է ընտրվել 1989 թ. նոյեմբերի 10-ին (միգուցե 11-ին կամ 12-ին) Երևանի քաղխորհրդի դռնբաց նիստի ժամանակ, որի աշխատանքներին մասնակցում էին 412 պատվիրակ: Հպարտությամբ ենք հիշում, որ, ի պաշտպանություն Արտաշես Գեղամյանի, ելույթ ունեցան անվանի շինարարներ, գիտնականներ, նաև մեծատառով հայրենասեր հայ մարդ՝ Սոս Սարգսյանը: Քվեարկության արդյունքում ընդամենը 6 դեմ արձանագրվեց, իսկ 400-ից ավելի պատվիրակներ կողմ քվեարկեցին Ա. Գեղամյանի թեկնածությանը:

Այստեղ էլ դուք ջախջախիչ պարտություն կրեցիք՝ այդ մարդու հանդեպ գիտակցելով ձեր անզորությունը: Ձեր վախն այն աստիճանի էր, որ, գալով իշխանության, ժողովրդավարություն հաստատելու քարոզների ներքո, անմիջապես, ձեր ընդունած առաջին իսկ օրենքներից մեկով տեղական իշխանությունների մարմինների ընտրովի պաշտոնները դարձրիք նշանակովի, այդ թվում՝ Երևանի աշխատավորների դեպուտատների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը, որը զբաղեցնում էր Արտաշես Գեղամյանը: ՀՀ Գերագույն խորհրդի կողմից այս օրենքի ընդունման հաջորդ իսկ օրը Ա. Գեղամյանը դիմում ներկայացրեց, որում նշել էր, որ հաշվի առնելով այն, որ տեղական ինքնակառավարման գործադիր մարմինների ղեկավարների ընտրովի պաշտոնները համաձայն ձեր իսկ ընդունած օրենքի դարձել են նշանակովի, առաջարկել էր իրեն ազատել Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնից:

Ինչ վերաբերում է Ա. Գեղամյանի ատելությանը շարժմանն ու Հայաստանի անկախության առաջնորդների հանդեպ, ապա ասենք, որ նա հիմա էլ է ատում ՀՀՇ-ի այն պարագլուխներին, որոնք, թաքնվելով մեր ժողովրդի վեհ զգացմունքների և Արցախի ազատագրական պայքարի կարգավորումների ետևում, մի քանի տարում թալանեցին ու հիմնահատակ ավերեցին Հայաստանի արդյունաբերական համալիրը, մետաղի ջարդոնի գներով հազարավոր հաստոցներ ու հիմնական միջոցներ տանելով հարևան երկիր ու դրանով իսկ լցնելով սեփական գրպանները: Այո´, Ա. Գեղամյանն ատում է ձեր պարագլուխներին, ովքեր շան մսի գնով սեփականաշնորհեցին տասնամյակներով ստեղծված արդյունաբերական ու գյուղատնտեսական հզորությունները:

Այո´, Ա. Գեղամյանն ատում է նրանց, ու ժամանակը և առիթը բաց չի թողնում հիշատակելու, որ ձեր քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես էիք ոչնչացնում:

Ճիշտ են ասում, որ ենթագիտակցաբար մարդիկ ուզում են ուրիշին վերագրել սեփական իսկ մատնությունները, մտածելով, որ աջ ու ձախ բոլորին անվանարկելով կկարողանան սրիկա մոտիվներով սեփական արարքներից շեղել ժողովրդի ուշադրությունը: ՀՀՇ պարագլուխները քաջ գիտակցում  էին, որ օրերից մի օր կարող էր բացահայտվել իրենց դանոսչիկ լինելու անփառունակ էությունը, ավելին, ՀԽՍՀ ՊԱԿ-ի ստուկաչ լինելու բազում վկայությունները և փաստարկները: Թերևս, այդ ամենի բացահայտման վտանգն էր պատճառը, որ իրենց Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին նենգաբար սպանվեց ՀԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի նախկին նախագահ, մեծ հայրենասեր Մարիուս Յուզբաշյանը: Ահա սա է ձեր իրական պատկերը:

Եվ մի ստիպեք մեզ Հայաստանի համար այս ճակատագրական փուլում անդրադառնալ էլ ավելի  արյունալի փաստերի: Ձեր արածը 37 թ. էլ ստոր է, որովհետև դուք դա անում էիք նենգաբար, թաքնվելով ձեր քարոզչությամբ խաբված արկածախնդիրներ երիտասարդների թիկունքում, երիտասարդներ, ում դարձնում էիք քիլերներ, իսկ այնուհետև, ձեր արյունալի պատվերները կատարելուց հետո վերացնում էիք ճիշտ այդ նույն մարդկանց: Դուք չէք կարող ներել Արտաշես Գեղամյանին այն բանի համար, որ այս փաստերի մասին նա իրեն ներհատուկ  համարձակությամբ հայտարարեց դեռևս 1998թ. ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից (https://www.youtube.com/watch?v=iB9Hv40iGv0  42-րդ րոպեից):

Ձեզ հանգիստ չի տալիս նաև այն, որ Ա. Գեղամյանը դա լինի Ստամբուլում (2013թ. հուլիս), թե Բաքվում (2014 թ. հուլիս), թե Վիեննայում, թե այլուր, ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ունենում է այնպիսի համոզիչ, հզոր ելույթներ, որոնք մերկացնում են թուրք-ադրբեջանական վտանգավոր դավերը, որ նյութվում են ԵԱՀԿ ԽՎ-ի հարթակներում, ավելին՝ կարողանում է գրավել միջազգային այդ հեղինակավոր կառույցի ամենատարբեր երկրների պատվիրակների համակրանքը, հարգանքն ու զորակցությունը:

Տիկին խմբագրին շատ է հուզել այն իրողությունը, որ ս/թ հունվարի 26-ին, երբ ԵԽԽՎ-ի նստաշրջանում քննարկում էին երկու հակահայկական բանաձևերը (Ռիչարդ Ուոլտերի և Մելիցա Մարկովիչի), ապա «Չորրորդ իշխանության» գաղափարախոս Լևոն Զուրաբյանի  Եվրոպայի Լիբերալների և դեմոկրատների Ալյանսի գրեթե բոլոր պատվիրակները քվեարկեցին հակահայկական այդ բանաձևերի ընդունման օգտին: Ի՞նչ է սա՝ դավաճանության, թե՞ անբանության վառ դրսևորում ԼԶ-ի կողմից: Միամիտս՝ սխալս ուղղեմ. երկու դրսևորումներն էլ առկա են: Ընթերցողի ուշադրությունը շեղելով դավաճանական այդ ապիկար փաստերից, եկեք, տեսեք, դժգոհում են, թե ինչպես պատահեց, որ Արտաշես Գեղամյանի՝ ճիշտ այդ նույն Թբիլիսիում ունեցած 16 ելույթների արդյունքում ընդունվեց երկրիս համար ընդունելի ձևակերպումներով Թբիլիսյան Դեկլարացիան: Կարծում եմ, քննադատության թիրախ դարձնելով Ա. Գեղամյանին դուք բացահայտում եք ձեր իսկ դավաճանական դրսևորումները, դարձնելով ամեն ինչ ակնհայտ: Ընթերցողներին հիշեցնենք մեր երկրում «հինգերորդ շարասյան» դրոշակակրի հասցեն՝ ք. Երևան, Նալբանդյան 50, «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրություն:

Շատ նեղվեցիք այն հանգամանքից, երբ Ա. Գեղամյանի կատարած աշխատանքները 2016 թ. հուլիսին ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսյան նստաշրջանում ու մինչ այդ, հանգեցրին նրան, որ ԵԱՀԿ ԽՎ-ի եզրափակիչ դեկլարացիայում, այո´, կան մեր երկրի և ԼՂՀ-ի համար ընդունելի ձևակերպումներ: Սակայն դրանք չէին կարող գոհացնել Ա. Գեղամյանին, ով շատ ավելի պահանջված ձևակերպումներ էր հեղինակել, որոնք, ավա՜ղ, այդ փուլով չընդունվեցին: Բայց և այնպես, բոլորի համար հասկանալի դարձավ, որ այսուհետ, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, մեզ չեն կարող բավարարել մինչև պատերազմը, միգուցե, շատ ողջունելի ձևակերպումները:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի  գլխավոր Ասամբեայի ժամանակ Հայաստանի պատվիրակությունը դեմ քվեարկեց Ռուսաստանի դեմ ներկայացված «Ղրիմի անեքսիա», «Ղրիմի օկուպացիա» բառակապակցություններով ձևակերպումներին: Ճիշտ նման ձևակերպումներով Թբիլիսյան Դեկլարացիային դեմ քվեարկեց նաև Ա. Գեղամյանը: Եվ պետք էր տեսնել այն հուսահատությունը, որ Հայաստանի պատվիրակության ղեկավարի քվեարկությունից հետո չկարողացան թաքցնել թուրք ու ադրբեջանցի պատվիրակները:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք Արտաշես Գեղամյանի որդիները ծառայել են Հայկական բանակում, ապա, խելքներիդ ձյուն գա, էն էլ ո՜նց են ծառայել: Հրամանատարների բնութագրերը, որ կարդաք, հավատացած եղեք, նոր ցնցումների մեջ կընկնեք, աբիժնիկ թշվառներ:

Բթամիտների համար ևս մեկ անգամ կրկնենք. եթե Ա. Գեղամյանը հարմարվող լիներ, ապա մինչ օրս էլ հիմնավոր չէր քննադատի այն հանցավոր արատները, որոնք ծնունդ առան ՀՀՇ-ական ազգադավ իշխանությունների օրոք, ցավոք, էլ ավելի խորանալով երկրորդ նախագահի իշխանավորման տարիներին և որոնց հաղթահարմանն է ուղղված մեր գործը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, նրա առաջնորդ Սերժ Ազատի Սարգսյանի գլխավորությամբ և համատեղ՝ ի հեճուկս ձեզ:

 

Հ.Գ. փոխարեն


Պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, «Չորրորդ իշխանության» անհավասարակշիռ, ստախոս խմբագրին հուշեք. բավական է հերյուրանքներ տարածի «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ, մեր ժողովրդի նվիրյալ, սեփական կյանքը հանուն Հայաստանի Հանրապետության քանիցս վտանգած հայրենասեր մարդու՝ Արտաշես Գեղամյանի հասցեին: Ինքներս չէինք ցանկանա շփվել անբավարարվածության դասական օրինակի դրսևորում ունեցող, անհաջողակ ու լրագրողի ծաղր հանդիսացող տարրերի հետ: Համոզված եմ, որ դուք էլ եք գիտակցում, որ սույն ինֆորմացիոն կուրտիզանուհու թշվառությունն ու տգիտությունն ակնհայտ են:


Արա Սիմոնյան
«Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ,
ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման պատգամավոր

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր