Արտաշես Գեղամյան. Ինֆորմացիոն կուրտիզանուհիների թշվառությունն՝ առանց պերճանքի
Իրավունք, 15.07.2016
Ավարտվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա՝ հոբելյանական նստաշրջանը, որը 2016թ. հուլիսի 1-5-ը տեղի ունեցավ Թբիլիսիում՝ «Խորհրդարանական համագործակցության 25 տարի. ամրապնդելով վստահությունը երկխոսության միջոցով» կարգախոսով։ Անվիճելի է այս, թերևս, ամենահեղինակավոր միջազգային համաժողովի (բնականաբար, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը չհաշված) և նրա արդյունքների հիման վրա ընդունված բանաձևերի հսկայական նշանակությունը։ Համոզված եմ, որ ԵԱՀԿ ԽՎ ամենամյա՝ քսանհինգերորդ խորհրդաժողովի եզրափակիչ լիագումար նիստում ընդունված գլխավոր ամփոփիչ փաստաթուղթը՝ Թբիլիսիի հռչակագիրը (այսուհետ՝ Հռչակագիր), անկասկած, դրական ներգործություն կունենա լարվածության մեղմացման վրա, մասնավորապես՝ ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերություններում։ Չխորանալով մանրամասների մեջ՝ միայն առանձին մեջբերումներ կատարենք Հռչակագրից։
Այսպես, 35-րդ պարագրաֆում ասվում է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն «ընդգծում է Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության, վեճերի խաղաղ կարգավորման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հարգումը, ինչպես նաև կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը ձեռնպահ մնալ ագրեսիվ գործելակերպից և չեղարկել Ղրիմի Ինքնավար Հանրապետության ապօրինի անեքսիայի մասին որոշումը»։ Այսինքն՝ «ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման» սկզբունքի հարգումը միանշանակորեն դրվում է ղարաբաղյան և ԵԱՀԿ տարածաշրջանում նմանատիպ մյուս հակամարտությունների կարգավորման հիմքում։ Հետո ավելի հետաքրքիր է դառնում։ Այդ նույն փաստաթղթում, 47, 48 և 49 կետերում գրված է. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը՝ 47. «Մտահոգություն է հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական լարվածության թեժացման առիթով և ողջունում է ԵԱՀԿ Նախագահության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների քաղաքական լուծման որոնումներին՝ գոյություն ունեցող ձևաչափերի և բանակցությունների վրա հիմնված մեխանիզմների շրջանակում; 48. «Կոչ է անում խորհրդարանականներին տարածաշրջանում ներկայացված բոլոր կողմերին մղել քաղաքական կամքի դրսևորման՝ մասնակցելու համար վստահության ամրապնդման միջոցառումների մասին համաձայնագրի ձեռքբերմանն ուղղվող լուրջ քայլերին՝ ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսման ռիսկի նվազեցման և Մինսկի խմբի շրջանակում կարգավորման մասին համապարփակ համաձայնագրի համաձայնեցման նպատակներով; 49. «Կոչ է անում առավել վճռական քաղաքական կամք դրսևորել փախստականների և ներքին տեղահանված անձանց հիմնախնդրի լուծման, ինչպես նաև ստորագրված համաձայնագրերի շատ ավելի օպերատիվ կատարման հարցում և նորից հաստատում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի բնակչության (որը հարկադրված է եղել հակամարտության արդյունքում լքել իր մշտական բնակության վայրը) անքակտելի իրավունքը՝ անվտանգ և արժանապատվորեն վերադառնալ տուն»։ Կարծում ենք, որ Հռչակագրի վերոնշյալ բոլոր պարագրաֆները, անկողմնակալ ընթերցման պարագայում, զարմանալիորեն նման են ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի այն հայտարարություններին, որոնք նա հնչեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Սակայն չի կարելի չնկատել այն հանգամանքը, որ ղարաբաղյան հակամարտության թեժ փուլի ավարտից 22 տարի հետո առաջին անգամ միջազգային փաստաթղթում ուղղակիորեն մատնանշվում է Ադրբեջանից հայ փախստականների առկայության փաստը, և «նորից հաստատում է ... Ադրբեջանի... բնակչության անքակտելի իրավունքը, որը հարկադրված է եղել հակամարտության արդյունքում լքել իր մշտական բնակության վայրը...»։ Սրանով իսկ ընդունվում է Ադրբեջանից հայ փախստականների առկայության փաստը, ինչը երկար ժամանակ լռության էր մատնվում, արծարծվում էր միայն Հայաստանից ադրբեջանցի փախստականների մասին տեղեկատվությունը։
Թվում էր, թե հայկական լրատվամիջոցները, անկախ իրենց գործատուների ճաշակից ու նախասիրություններից, իրենց հրապարակումներում պիտի որ ողջունեին այդքան երկար սպասված ձևակերպումները, որոնք արվել են ոչ այլ տեղ, քան այնպիսի հեղինակավոր համաժողովի ամփոփիչ փաստաթղթում, ինչպիսին է ԵԱՀԿ ԽՎ-ն։ Բայց արի ու տես, որ չէ՜, ամենևին էլ այդպես չարեցին։ Թե՞ անհասկացողության, թե՞ ալարելու պատճառով, իսկ առանձին դեպքերում՝ ընդգծված կանխակալ ձևով վաստակելով իրենց լափը (ադրբեջանա-թուրքական «բույրով»)՝ անբարեխիղճ շատ գրչակներ ամբոխվեցին տողերիս հեղինակի դեմ։ Ծիծաղելու չափ հետաքրքիր է, որ սկզբում նրանք մեղադրեցին հայկական պատվիրակությանն այն բանում, որ Հռչակագիրը հակահայկական ուղղվածություն ունի։ Ընդ որում՝ վկայակոչում էին Հռչակագրի 9-րդ պարագրաֆը, որտեղ նշվում էր. «ընդգծելով ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների խաղաղ ճանապարհով և բանակցությունների հիման վրա կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման պահպանվող անհրաժեշտությունը, ձեռնպահ մնալով ուժի կամ դրա կիրառման սպառնալիքից, լիովին հարգելով մասնակցող պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը և անշեղորեն հետևելով Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությանն ու Հելսինկյան Եզրափակիչ ակտին»։ Ադրբեջանական պատվիրակությունն այս պարագրաֆի ներքո ամեն կերպ փորձում էր խցկել նաև ղարաբաղյան հակամարտությունը։ Սակայն նրանց ջանքերն ապարդյուն էին։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, ընթերցողի ուշադրությանն եմ առաջարկում 9-րդ պարագրաֆի վերաբերյալ իմ ելույթը Քաղաքական հարցերի և անվտանգության գծով Ընդհանուր կոմիտեի (ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտե, այդ կոմիտեի բանաձևում այն 6-րդ համարն է) նիստում, որը հնչեց ադրբեջանցի պատվիրակի ելույթից հետո. նա առաջարկում էր լրացում մտցնել այդ պարագրաֆը ղարաբաղյան հակամարտությանն ուղղակի առնչակցելու վերաբերյալ։
«Հարգելի պարոն նախագահ, հարգարժան տիկին Սեդերֆելտ, այդ լրացումը (ադրբեջանցի պատգամավորի առաջարկածը- Ա.Գ.) ջուրն է նետում խաղաղության հաստատմանն ուղղված այն տիտանական ջանքերը, որոնք գործադրվել են Ադրբեջանի կողմից պարտադրված քառօրյա պատերազմից հետո. սա մեկ։ Երկրորդ՝ դա փորձ է հետին թվով արդարացնել այն արյունահեղությունը, որը տեղի ունեցավ ս.թ. ապրիլի 2-5-ին. դրա մեղավորը Ադրբեջանն է։ Երրորդ՝ դա փորձ է արդարացնելու ապագա ռազմական սրացումը Լեռնային Ղարաբաղի և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում։ Չորրորդ՝ այս ամենը միասին ամբողջովին իմաստազրկում է մեր կողմից ընդունվող բանաձևը, որը շատ հստակ է և փոխպայմանավորված։
Հայկական պատվիրակությունը չի կարող պաշտպանել այդ լրացումը, քանի որ դա կլինի արդարացում Ադրբեջանի կողմից ապագա պատերազմի համար։ Շնորհակալություն»։
ԵԱՀԿ ԽՎ Նախագահ Իլկկա Կաներվան, Արտաշես Գեղամյանը և ԵԱՀԿ ԽՎ Գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան
3 հուլիսի 2016 թ., Թբիլիսի
Ադրբեջանական պատվիրակության լրացումը չընդունվեց Առաջին կոմիտեի կողմից, ավելին՝ զեկուցող և սույն բանաձևի հեղինակ Մարգարետա Սեդերֆելտն (Շվեդիայի պատվիրակ) իր ելույթում ուղղակի հայտարարեց, որ 8 և 9-րդ պարագրաֆները ոչ մի կապ չունեն ոչ Լեռնային Ղարաբաղի, ոչ Ադրբեջանի, ոչ Հայաստանի հետ (http://amiab.am/hy/video/113-osce/1261-obse03072016.html)։
Բնավ պատահական չէ, որ «Ազգային միաբանություն» կուսակցության էլեկտրոնային պորտալում հատուկ տեղադրվել է Ադրբեջանի պատվիրակի ելույթի տեսագրությունը, ինչպես նաև զեկույցի և բանաձևի հեղինակ Մարգարետա Սեդերֆելտի պատասխան ելույթը։ Դժվար չէ պատկերացնել, թե քարոզչական ինչ վաքխանալիա կծավալվեր ադրբեջանական ԶԼՄ-ներում, ինչու չէ՝ նաև նրանց ձայնակցող առանձին հայկական լրատվամիջոցներում, եթե զեկուցողը կոշտ կերպով չհերքեր այն, որ այդ պարագրաֆն առնչություն չունի ղարաբաղյան հակամարտության հետ։ Մեր վայ-գրչակների քաղաքական տգիտության, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ընդունած լուրջ փաստաթղթերի էության մեջ թափանցելու անկարողության մասին խոսելն իմաստ չունի։ Ինքներդ դատեք։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, ս.թ. մայիսին, Վիեննայում, ՌԴ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների, ԱՄՆ պետքարտուղարի և ԳԴՀ-ի՝ ԵԱՀԿ-ում նախագահող արտգործնախարարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Մեկ ամիս անց՝ հունիսին, Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ տեղի ունեցավ նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի երկրորդ հանդիպումը։ Թբիլիսյան խորհրդաժողովի նախօրեին տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հեռախոսազրույցը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, այդ նույն օրերին Հարավային Կովկասի տարածաշրջան այցելեց ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այսինքն՝ «ընդգծելով ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված ջանքերի ակտիվացման պահպանման անհրաժեշտությունը» ձևակերպումը բնավ կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ, էլ ո՞ւր ակտիվանա։ Կարելի էր այսքան մանրամասն չբացել 8-րդ կամ 9-րդ պարագրաֆը ղարաբաղյան հակամարտության հետ արհեստականորեն շաղկապելու ողջ չհիմնավորվածությունը, այլ պարզապես սահմանափակվել 35-րդ պարագրաֆը ներկայացնելով, որն ուղղակի մատնանշում է այդ ձևակերպումների հասցեատիրոջը։ Բայց այստեղ կարևոր է այլ բան. ոչ անհայտ «հայկական» որոշ ԶԼՄ-ների լիակատար կողմնակալությունը, որոնք, չգիտես ինչու, սկզբից ևեթ մոռանում են ամենակարևորի մասին։ Խոսքն այն մասին է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի եղել Ադրբեջանական Հանրապետության կազմում, այն իր անկախությունը հռչակել է ԽՍՀՄ օրենքներին և Միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան։ Լրջորեն մտահոգում է այն, որ որոշ լրագրողներ կամ անխելքությունից, կամ արդարացնելով ադրբեջանա-թուրքական լոբբիստներից «կպցրած» փողերը, մասնավորապես Հռչակագրի 8-րդ պարագրաֆը նույնպես, որտեղ նշվում է, որ պահպանվող ձգձգված «հակամարտությունները խափանում են հակամարտող պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը», իրենց հրապարակումներում շաղկապում են ղարաբաղյան հակամարտության հետ։ Նրանց համար կարևոր չէ, որ կան բազմաթիվ ծանրակշիռ փաստարկներ, որոնք հերքում են նման առնչությունը։ Նրանք, կրկնում եմ, արհամարհում են հիմնական զեկուցողի՝ բանաձևի հեղինակ Մարգարետա Սեդերֆելտի հստակ և ոչ երկիմաստ պատասխանը։ Նա այդ պարագրաֆներին նվիրված իր ելույթում հերքեց ադրբեջանական պատվիրակության նման մեկնաբանությունը, էլ չեմ խոսում 35-րդ պարագրաֆի մասին։ Այսինքն՝ այդ գրչակներին իջեցված պատվերը միանգամայն հասկանալի է. ցանկացած անճշտությամբ Հռչակագրի տվյալ պարագրաֆները կապել ղարաբաղյան հակամարտության հետ։ Եվ եթե այդ սուտը ժամանակին չկասեցվի, ապա կարելի է չկասկածել, որ ԵԱՀԿ ԽՎ հերթական խորհրդաժողովում ադրբեջանական պատվիրակությունը վկայակոչելու է «հայկական» մի շարք էլեկտրոնային ԶԼՄ-ների նման սուտ ու նողկալի հրապարակումները՝ միաժամանակ գովասանքներ շռայլելով նրանց հասցեին։ Բա հո իմ ելույթները չե՞ն վկայակոչելու, որոնք հնչեցրել եմ ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեի (ԵԱՀԿ 57 անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների) նիստում, հո չե՞ն հիշատակելու ելույթս Քաղաքական հարցերի և անվտանգության գծով Ընդհանուր կոմիտեի նիստում, էլ չեմ ասում ԵԱՀԿ ԽՎ եզրափակիչ լիագումար նիստում ունեցած ելույթիս մասին։ Կարծում եմ, որ դրանք ներկայացնելն անհրաժեշտ է դառնում, և դա վերջնականապես կբացահայտի «հայկական» առանձին ԶԼՄ-ների կեղծությունն ու անբարեխղճությունը։
Եվ այսպես, ներկայացնում ենք 2016թ. հուլիսի 1-ին ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեի նիստում Արտաշես Գեղամյանի ունեցած ելույթի տեքստը.
«Հարգարժան պարոն նախագահ։ Նախ ուզում եմ գոհունակությունս հայտնել այն առիթով, որ ադրբեջանցի գործընկեր տիկին Մուրադովան վերջապես այստեղ խոստովանեց, որ Ադրբեջանում երիտասարդությանը դաստիարակում են Հայաստանի հանդեպ ատելության ոգով։ Ցավոք, դա ուշացած խոստովանություն է։ Ամենաթարմ օրինակը բերեմ։ Այն ժամանակ, երբ Հայաստանի ազգային հեռուստատեսությամբ (Հանրային հեռուստատեսություն) դիտելու համար ամենահարմար ժամին ցուցադրում են մի սյուժե, որի հերոսն ազգությամբ ադրբեջանցի է, ազգանունն էլ՝ Ալիև, որը դպրոցի տնօրեն է Հայաստանում, և նրան գովաբանում են այն բանի համար, որ բարություն ու խաղաղություն է սերմանում, ահա այդ նույն ժամանակ Բաքվի պետական համալսարանի էլեկտրոնային պորտալում տեղադրում են մի լուսանկար՝ հիացական մակագրություններով, որտեղ հայ զինծառայողի կտրված գլուխը ձեռքին կանգնած է «հերոսը», որին հերոսացրել է Ադրբեջանի նախագահը՝ պարգևատրելով նրան պետական շքանշանով։
Բայց խոսքը սրա մասին չէ։ Ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք Վիեննայում, այնուամենայնիվ, կարողացան հանգել էական քայլի խաղաղության ուղղությամբ և հանդես եկան համապատասխան հայտարարությամբ։ Երախտագիտություն եմ հայտնում անձամբ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովին, ԱՄՆ պետքարտուղար Քերիին, Ֆրանսիայի արտգործնախարար Էրոյին, ինչպես նաև ԵԱՀԿ-ում նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր հարգարժան Դորիս Բարնեթին, որը Լայնսվայլերում շատ օգտակար և անհրաժեշտ հանդիպում էր կազմակերպել, որտեղ կարծես մշակվեցին մեր դիրքորոշումների հետագա մերձեցման ուղիները։ Դե իհարկե, ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Քրիստիան Վիգենինին, որը փորձեց համակողմանիորեն և օբյեկտիվ մոտենալ ղարաբաղյան կարգավորման հարցին և, ըստ իս, ճիշտ ուղու վրա կանգնեց։ Հիմա շատ կարևոր է և խիստ էական, որպեսզի մենք մեր գործողություններով չվնասենք այն բոլոր դրական նշագծերին, որոնք համապատասխանաբար ձեռք են բերվել Վիեննայում, բոլորովին վերջերս ամրագրվել են Սանկտ Պետերբուրգում, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որոնք կշարունակվեն Փարիզում։ Եվ, օգտվելով առիթից, ուզում եմ երախտագիտություն հայտնել մեր զեկուցողին՝ տիկին Սեդերֆելտին, որն օրգանապես շարունակեց այն ողջ դրական տրամադրվածությունը, որը ձեռք էր բերվել ինչպես Վիեննայում, այնպես էլ Սանկտ Պետերբուրգում։ Եվ հիմա, սույն փաստաթղթի քննարկման ընթացքում, մենք պետք է օգտվենք Հիպոկրատի հուշումից, Հիպոկրատի երդումից՝ մի՛ վնասիր, այսինքն՝ ամեն բան անել այնպես, որը մեզ կտանի դեպի խաղաղություն, որը մեզ կտանի դեպի համագործակցություն։ Այլ ոչ թե նորից կրկնել այն ամբողջ ճանապարհը, որն արդեն անցել ենք։
Հարգելի նախագահ, պարոն Կաներվա, ես 12 տարի, ոչ մեծ ընդմիջումով, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամ եմ և անկեղծորեն ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարին, Ձեր ամբողջ թիմին այն բանի համար, որ Դուք կարողացաք ամենասուր, թվում է, թե անհամադրելի բաները դնել քննարկման բարյացակամության մթնոլորտում, համաձայնության գալու մեծ ցանկության մթնոլորտում։ Խորին շնորհակալություն Ձեզ»։
Կարծում եմ, որ ավելորդ չի լինի ընթերցողներին ծանոթացնել 2016թ. հուլիսի 1-ին Առաջին կոմիտեի (Քաղաքական հարցերի և անվտանգության գծով Ընդհանուր կոմիտե) առաջին նիստում իմ ունեցած ելույթին.
«Հարգարժան պարոն նախագահ, հարգելի գործընկերներ։ Քննարկվող հարցը (ԵԱՀԿ ԽՎ-ի և ԵԱՀԿ-ի միջև հարաբերությունների ամրապնդումը) բացառիկ կարևոր նշանակություն ունի, որովհետև այդ երկու հեղինակավոր կազմակերպությունների ներդաշնակ աշխատանքից է կախված խաղաղության, անվտանգության և համագործակցության ճակատագիրը ԵԱՀԿ տարածքում։ Ես լիովին պաշտպանում եմ Իսլանդիայի գործընկերոջ առաջարկությունը, և ահա թե ինչ պատճառով։ Հենց այդ երկու հեղինակավոր կազմակերպությունների համագործակցության և փոխգործակցության անբավարարության պատճառով է, որ մենք հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ, օրինակ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ուշադրությունը կենտրոնացնում է այն հարցերի վրա, որոնք մինչ այդ այլ դիտանկյունով էին համապատասխան ձևով նշվում ԵԱՀԿ անդամ պետությունների կառավարություններում։ Կոնկրետ օրինակ բերեմ։ Միայն երեք-չորս ամիս առաջ էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդունել համապատասխան հայտարարություն ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որտեղ սևով սպիտակի վրա հստակ նշված էին այն եզրերն ու սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կարգավորվի այդ հակամարտությունը։ Հետո ավելի հետաքրքիր է։ Բոլորովին վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ Ռուսաստանի առաջնորդի նախագահությամբ։ Այդ հանդիպման արդյունքներով ընդունվեց հայտարարություն, որն, ըստ իս, բանակցային գործընթացի խորացման լայն ուղիներ է բացում։ Տառացիորեն կես ժամ առաջ մենք այս բարձր ամբիոնից լսեցինք ԵԱՀԿ-ում նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ելույթը, որն ասաց. չպետք է արագացնել հարցերը, և հարկ է դանդաղ, բայց վստահ քայլերով, առանց կտրուկ ձևակերպումների, առանց միանգամայն ծայրահեղ գնահատականների առաջ ընթանալ։ Այնինչ, ցավոք, այսօր Առաջին կոմիտեի բանաձևի լրացումներում կա կետ, որը լրիվ ջնջում է վերը նշված այդ բոլոր սկզբունքային կարևորության հարցերը։ Գոնե այս կտրվածքով բանաձևի առաջարկվող նախագիծն ու լրացումները շատ հրատապ նշանակություն ունեն։ Գործընկերներիս թախանձագին խնդրում եմ. մենք ապրում ենք շատ փուխր աշխարհում (և ես չէ, որ ձեզ պետք է ասեմ այդ մասին), որտեղ ցանկացած ոչ ճիշտ ասված խոսք, ցավոք, Ադրբեջանի պատերազմի կուսակցության կողմից մեկնաբանվում է որպես ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն, ընդ որում՝ քողարկվելով այն ձևակերպումներով, որոնք, դժբախտաբար, միշտ չէ, որ մինչև վերջ են կշռադատված։ Հայկական պատվիրակությունը լիովին պաշտպանում է բանաձևի նախագծի առաջարկվող փոփոխությունները։ Շնորհակալություն»։
Չգիտես ինչու ոչ մի հրապարակման մեջ հղում չի արված հուլիսի 2-ին Առաջին կոմիտեի նիստում իմ ունեցած ելույթին։ Լրացնենք նաև այդ բացթողումը.
«Հարգարժան սենատոր Ուիքեր, հարգարժան տիկին Սեդերֆելտ։ Նախ ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել Ձեզ, որովհետև մեր քննարկմանը ձեր ներկայացրած զեկուցումը բխում է ոչ թե այստեղ նստած պատվիրակությունների շահերից, այլ անմիջապես այն քաղաքացիների ու բնակչության շահերից, որոնք ապրում են թեժ տարածաշրջաններում։ Դա նրանց ցավի ու զգացմունքների խտացված արտահայտությունն է, խաղաղության, իրենց բնակության վայրերում անվտանգության հաստատման ու հանդարտության, հաշտության, համագործակցության շուրջ երկխոսություն սկսելու նրանց անսահման ձգտումը։
Միևնույն ժամանակ, կուզենայի ուշադրություն հրավիրել շատ լավ քողարկված մի խորամանկության վրա, որը կարող է խարխլել այն ամբողջ դրականը, որը դրվել է այդ փաստաթղթի հիմքում։ Ի՞նչ նկատի ունեմ։ Դեռևս ընթացիկ տարվա մայիսին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հանձինս Ֆրանսիայի, Ռուսաստանի արտգործնախարարների, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ինչպես նաև ԵԱՀԿ-ում նախագահող ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Հանդիպումը դժվարին էր, բայց արգասավոր, որի արդյունքների հիման վրա հանդես եկան Մինսկի խմբի համանախագահները։ Նրանց ելույթները հյուսվում էին այն ճշմարտության շուրջ, որ պետք է շատ ուշադիր և շատ զգույշ մոտենալ հարցին, առանց որևէ կտրականության՝ գլխավոր նպատակ ունենալով երկխոսություն սկսելը, հաշտեցման և վստահության միջոցների ամրապնդման սկիզբը դնելը։ Հետո ավելին եղավ։ Սանկտ Պետերբուրգում նույնպես տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ։ Տառացիորեն երեկ չէ առաջին օրը տեղի ունեցավ Ջոն Քերիի հեռախոսազրույցը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, որտեղ նորից հիմնական շեշտը դրվեց այն պայմանների անթերի կատարման վրա, որոնք սերմանում են խաղաղություն և ամրապնդում են վստահությունը։ Հայկական պատվիրակությունը մեր այս նիստում հատուկ չէր տարածել այն բարբարոսական լուսանկարները, որոնցում սպանված հայ զինվորներին գլխատում են և ծիծաղը դեմքներին ցուցադրվում հեռուստաէկրաններին և դա զետեղում Բաքվի պետական համալսարանի էլեկտրոնային պորտալում։ Երբ մենք տեսնում ենք ԻԼԻՊ-ի ձեռագիրը, երբ կենդանի հայ զինվորին գլխատում են։ Եվ ամենասարսափելին այն է, որ այս բոլոր հրեշներն արժանանում են պետական պարգևների։ Մենք հատուկ դա չենք տարածել, որովհետև մենք գիտենք, որ դա չի ծառայի վստահության ամրապնդմանը։ Ուստի, թախանձագին խնդրանքս այն է, որ լինենք հնարավորինս ուշադիր այն բանի հանդեպ, թե ինչ լրացումներով է հանդես գալիս այս կամ այն պատվիրակությունը։ Եթե լրացումները սկզբից ևեթ խափանում են այս շատ իմաստուն փաստաթղթի էությունը, դրանք պետք է շեմից կասեցնել։ Շնորհակալություն ուշադրության համար»։
ԵԱՀԿ ԽՎ նորընտիր Նախագահ Քրիստին Մութթոնենը և Արտաշես Գեղամյանը
5 հուլիսի 2016 թ., Թբիլիսի
Ամփոփելով ԵԱՀԿ ԽՎ ամենամյա՝ Թբիլիսյան խորհրդաժողովի առաջին օրերի հրապարակումները՝ կարելի է դրանք բնութագրել որպես անսանձ ցանկության դրսևորում՝ ստի տարածման, փաստերի խեղաթյուրման գնով մեր քաղաքացիների գիտակցության մեջ մտցնել միտքն առ այն, թե ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովում, Միջազգային հարաբերությունների և անվտանգության գծով Ընդհանուր կոմիտեում ընդունվել են հակահայկական, հակաղարաբաղյան ուղղվածության բանաձևեր։ Սակայն մտավոր սնանկության այս դրսևորումը հօդս ցնդեց այն բանից հետո, երբ ելույթների տեսագրությունները, լինեն դրանք ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեի, թե Առաջին կոմիտեի նիստերում, ինչպես նաև լիագումար նիստում, տեղադրվեցին ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքում, իսկ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին վերաբերող տեսանյութերը զետեղվեցին «Ազգային միաբանություն» կուսակցության էլեկտրոնային պորտալում։ Հրապարակումների կողմնակալությունը, կեղծությունն ու ծախվածությունն ակնհայտ դարձան։
Եվ ահա այստեղ, երբ նրանց սուտը պսակազերծվեց, ադրբեջանա-թուրքական միջնորդավորված և բացահայտորեն հակառուսական ու ռուսատյաց էլեկտրոնային պարբերականների ներկայացուցիչ հանդիսացող պնակալեզներն իրար անցան։ Նրանք պետք է ինչ-որ բան ձեռնարկեին՝ փրկելու համար գոնե վաղուց կորցրած իմիջի մնացուկները։ Եվ այդժամ նրանց թվաց, թե ճակատագիրը ժպտացել է իրենց. ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը և ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակության անդամները «դեմ» քվեարկեցին ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսյան ամփոփիչ Հռչակագրին։ Եվ ահա տառացիորեն հաշված ժամերի ընթացքում այդ նույն ԶԼՄ-ները, որոնք երկու-երեք օր առաջ տրտնջում էին, թե բանաձևերում հակահայկական, հակաղարաբաղյան ուղղվածություն են տեսնում, Հռչակագրում հանկարծ տեսան, այս անգամ՝ միանգամայն ճիշտ, բավական դրական ձևակերպումներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որի դեմ քվեարկել էր հայկական պատվիրակության ղեկավարը։ Դա քիչ էր մնում մատուցվեր որպես դավաճանություն ազգային շահերին։ Ընդ որում՝ ոչ ոք այդպես էլ իրեն նեղություն չտվեց հարց տալ. իսկ ինչպե՞ս են այդ ձևակերպումները հայտնվել Առաջին կոմիտեի բանաձևի նախագծում, իսկ այնտեղից էլ՝ Հռչակագրի տեքստում։ Ի՞նչ է նախորդել դրան, ո՞վ և քանի՞ անգամ է ելույթ ունեցել ԵԱՀԿ ԽՎ խորհրդաժողովում՝ պարզաբանելով ղարաբաղյան կարգավորման հանդեպ նոր մոտեցում կիրառելու անհրաժեշտությունը ապրիլյան քառօրյա պատերազմից, 2016թ. մայիսին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հունիսյան գագաթաժողովից հետո։ Իսկ ինչ վերաբերում է Հռչակագրին «դեմ» քվեարկելուն, ապա հակիրճ ներկայացնեմ այն փաստարկները, որոնք դրվել են նման որոշում կայացնելու հիմքում։ Կարծում եմ, որ միայն իրենց ուղեղները հոգնեցնել չցանկացողները կարող են չհասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմից հետո, որը 103 հայ զինվորի և ԼՂՀ խաղաղ բնակչի կյանք խլեց, հայկական պատվիրակության գլխավոր խնդիրներից մեկը պետք է լիներ ԵԱՀԿ անդամ երկրների պատվիրակություններին քառօրյա պատերազմի մասին օբյեկտիվ տեղեկատվությունը հասցնելը, իսկ հետո նաև այդ պատերազմը սանձազերծած ադրբեջանական կողմի դատապարտումը։ Եվ ահա, իմ տասնհինգ ելույթներում այդ խնդիրներից առաջինը հաջողվեց լուծել։ Ավելին, ԵԱՀԿ ԽՎ բոլոր պատվիրակությունների համար ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմում կռվում են ԻԼԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչները։ Չէ՞ որ Առաջին կոմիտեի բանաձևի 12-րդ կետի իմ առաջարկած 20-րդ լրացման դեմ, որում առաջարկվում էր «ահաբեկչական կազմակերպությունների» բառերից հետո ավելացնել «ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ ԻԼԻՊ-ի և «Ան-Նուսրա ճակատի» կողմից իրենց տարածքների օգտագործումն արգելելը« ձևակերպումը, հանդես եկավ միայն Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչը։ Դրանով իսկ նա, ըստ էության, հաստատեց այն մեղադրանքը, որը մինչ այդ հնչել էր իմ ելույթներից մեկում։ Հատկանշական է, որ իմ լրացումը, Ռուսաստանի պատվիրակության ղեկավարներից (Նիկոլայ Կովալյով և Լյուդմիլա Կոզլովա) բացի, գրավոր պաշտպանեցին Ֆրանսիայի պատվիրակ Գի Տեսիեն և Կանադայի պատվիրակ Լյուկ Բերթոլդը։ Ավաղ, այդ լրացումը չընդունվեց։ Ես նաև առաջարկություն եմ ներկայացրել ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտեի բանաձևի 27-րդ կետը փոխելու մասին, որում ԵԱՀԿ ԽՎ-ն «մտահոգություն է հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական թեժացման հետ կապված», և առաջարկեցի այդ կետը ներկայացնել նոր խմբագրությամբ, որտեղ գրված է. «դատապարտում է ուժի կիրառումը և մտահոգություն է հայտնում ռազմական թեժացման հետ կապված...»։ Այդ լրացման տակ ստորագրել են Ռուսաստանի և Ֆրանսիայի պատվիրակները։ Դեմ է հանդես եկել միայն ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը՝ դրանով իսկ մեկ անգամ ևս ցույց տալով, որ հենց Ադրբեջանն է կանգնած ղարաբաղյան հակամարտության սրացման հետևում։ Լրացումը մերժվեց։ Հավանաբար, բանաձևի հեղինակները մտածեցին, թե հայկական պատվիրակության լրացումների ընդունմամբ բանաձևը չափից ավելի հայամետ կլինի։ Այս լրացումների վերաբերյալ ելույթներում ես, մասնավորապես, ասել եմ.
«Բանաձևի նախագծի 27-րդ կետը շատ կշռադատված է և շատ արդարացի։ Պարզապես ես ուզում էի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այդ պատերազմի ընթացքում զոհվել է, տարբեր գնահատականներով, 500-ից մինչև 900 մարդ երկու կողմից։ Ուստի, մենք առաջարկում ենք նույնությամբ թողնել տիկին Սեդերֆելտի առաջարկած խմբագրությունը, միայն թե սկզբում գրել, որ «դատապարտում է ուժի կիրառումը»։ Որովհետև միայն մտահոգություն հայտնելը շատ մեղմ կլինի։ Պետք է դատապարտել ուժի կիրառումը։ Ահա և մեր լրացման ամբողջ էությունը։ Շնորհակալություն»։
«Մեր կարծիքով՝ այս լրացումն ունի սկզբունքային նշանակություն, որովհետև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պարտադրված ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմում կռվում էին ԻԼԻՊ-ականները (ԴԱԻՇ) և «Ջեբհաթ ան-Նուսրան»։ Սա կարելի է համոզված պնդել, քանի որ այն վայրագությունները, որոնք կատարում էին նրանք՝ գլխատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սպանված և ողջ զինվորներին, վկայում են ԴԱԻՇ-ի ձեռագրի մասին։ Ուրեմն, ԴԱԻՇ-ը հնարավորություն ուներ Ադրբեջանի տարածքից մասնակցել ահաբեկչական պատերազմին։
Խնդրում եմ, պաշտպանեք այս լրացումը։ Շնորհակալություն»։
Հռչակագրի ընդունումից մեկ շաբաթ անց՝ հիմա էլ ես համարում եմ, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հարկ է անհաշտ վերաբերմունք ցուցաբերել այն ձևակերպումներին, որոնք հավասարեցնում են ագրեսորի և պաշտպանվող կողմի գործողությունները, և սահմանափակվել «մտահոգություն հայտնելով»՝ լարվածության թեժացումը և արյունահեղությունը դատապարտելու փոխարեն, կատարվածին այլ արձագանք տալը պարզապես անթույլատրելի է։ Ավելին, երբ բոլոր պատվիրակների համար ակնհայտ է դառնում Ադրբեջանի զինված ուժերում ԻԼԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» ահաբեկիչների մասնակցության փաստը և դա չի ամրագրվում ԵԱՀԿ ԽՎ ամփոփիչ փաստաթղթում, ավելին՝ այդ փաստը խստագույնս չի դատապարտվում Հռչակագրում, այլ ընդամենը սահմանափակվում են ահաբեկչության դեմ պայքարի հրատապության վերաբերյալ ընդհանուր դատողություններով, ապա նման մոտեցումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար նույնպես ընդունելի չէ, և մեր կողմից աններելի կլիներ դա թողնել առանց համապատասխան հակազդեցության։
Բնականաբար, «դեմ» քվեարկելու համար ծանրակշիռ այլ դրդապատճառներ էլ կային։ Այսպես, դեռևս 2014թ. մարտի 27-ին Հայաստանը 11 երկրների թվում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում «դեմ» քվեարկեց ՄԱԿ ԳՎ «Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին» բանաձևին։ Այնինչ, Հռչակագրի ձևակերպումներն այս հարցի վերաբերյալ շատ ավելի կոշտ էին, բայց դրանից ավելի համոզիչ չէին դառնում, քան ՄԱԿ ԳՎ բանաձևում։ Ավելին, ես նպատակահարմար համարեցի ս.թ. հուլիսի 4-ին Հռչակագրի նախագծի վերաբերյալ ընդհանուր բանակռիվներում հանդես գալ համապատասխան հայտարարություններով, ինչը հետաքրքրությամբ և ուշադրությամբ ընկալվեց լսարանի կողմից։ Ստորև ներկայացնում եմ այդ ելույթի տեքստը.
«Բանաձևի առաջարկվող նախագիծը բացառիկ հրատապ նշանակություն ունի։ Բավական է ասել, որ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի համագործակցության փորձը Սիրիայում ահաբեկչությունն արմատախիլ անելու հարցում, թեև դժվարությամբ, բայց առաջ է ընթանում, և շնորհիվ նրանց համագործակցության փրկվել են հարյուրավոր և հազարավոր մարդկային կյանքեր։ Այո, կան տարբեր մոտեցումներ, բայց նպատակն ընդհանուր է՝ դեռևս սաղմնային վիճակում խեղդել ահաբեկչությունը։ Եվ այդ լրացումը պետք է դիտարկել բացառապես հենց այդ տեսանկյունով։ Եթե այդ տեսանկյունով դիտարկենք, ապա ջանքերի համատեղումը ենթադրում է հրատապ խնդիրների լուծման համախմբված մոտեցման մշակում։ Համախմբված մոտեցման մշակումն անհնար է այն պայմաններում, երբ դեմոնացվում է մի երկիր, տվյալ պարագայում՝ Ռուսաստանը, որի ավանդը ահաբեկչության վերացման, արմատախիլ անելու գործում դժվար է գերագնահատել։ Դեռևս 1975թ., սառը պատերազմի ամենաթեժ շրջանում, Եվրոպայի 35 երկրների ներկայացուցիչները, Ամերիկան և Կանադան մշակեցին Հելսինկյան եզրափակիչ ակտը, որի հիմքում դրվեցին 10 սկզբունքներ։ Սկզբից ևեթ մեր, ես կասեի՝ հերոսական նախորդների համար պարզ էր մի բան՝ ամեն գնով հասնել միջազգային լարվածության լիցքաթափման։ Որովհետև սառը պատերազմը կարող էր վերաճել թեժ պատերազմի։ Եվ դա նրանց հաջողվեց, ընդունվեց հիմնարար փաստաթուղթ՝ Հելսինկյան եզրափակիչ ակտը՝ հիմնված 10 սկզբունքների վրա, ընդ որում՝ այնտեղ հատուկ նշված էր, որ բոլոր 10 սկզբունքներն էլ ունեն նույն կարևորությունը և պետք է կիրառվեն միանվագ։ Ցավոք, ամենատարբեր հարցերի շուրջ մեր քննարկումների ընթացքում մենք տեսնում ենք, որ նախապատվությունը տրվում է այդ 10 սկզբունքներից մեկ-երկուսին։ Թվում էր, թե ոչինչ։ Բայց ամբողջ վտանգն այն է, որ Հելսինկյան սկզբունքների ընտրական կիրառումը պարարտ հող է ստեղծում պատերազմի, ագրեսիայի սանձազերծման համար։
Օգտվելով առիթից՝ ուզում եմ երախտագիտություն հայտնել իմ գործընկեր Ֆիլիպո Լոմբարդիին, որը տառացիորեն երեկ հանդես եկավ բացառիկ կարևոր նախաձեռնությամբ։ Եվ շատ շուտով, ինձ այդպես է թվում, Հարավային Կովկասի պետությունների ներկայացուցիչները կհանդիպեն Շվեյցարիայում, որպեսզի բաց բանավեճի միջոցով մշակեն այն ամենը, ինչի հնարավորությունն ընձեռում է այս բանաձևի ընդունումը։ Շնորհակալություն»։
Խոսելով շվեյցարական պատվիրակության ղեկավար Ֆիլիպո Լոմբարդիի նախաձեռնության մասին՝ նկատի ունեի «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի անդամների (որոնք մասնակցում են ցանկացած պաշտոնական միջոցառմանը և այլ խորհրդարանական գործունեությանը) անարգել մուտքի իրավունքը» բանաձևի ընդունումը։ Այդ բանաձևը թույլ կտա ԵԱՀԿ անդամ պետությունների խորհրդարանականներին անարգել այցելել ձգձգված հակամարտությունների գոտիներ՝ իրականացնելու համար իր «այլ խորհրդարանական գործունեությունը»։ Բնական է, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խիստ հետաքրքրված են եվրոպացի, ամերիկացի և կանադացի խորհրդարանականների նման այցելություններով։ Եվ այդ դեպքում ադրբեջանական պատվիրակությունը դեմ քվեարկեց այդ բանաձևի ընդունմանը, սակայն այս անգամ նրանց հնարքը չանցավ։ Վերջում ընթերցողներին ծանոթացնեմ ս.թ. հուլիսի 4-ին ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտեի եզրափակիչ և լիագումար նիստերի իմ ելույթներին.
«Հարգելի գործընկերներ, այս հարցը բացառիկ կարևորություն է ներկայացնում, քանի որ հիմա մենք այնպիսի դժվար օրեր ենք ապրում, երբ ԵԱՀԿ տարածքում, երկրագնդի տարբեր կետերում դեռևս կան ձգձգված հակամարտություններ։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ավանդը խաղաղության հաստատման արդյունավետ միջոցների մշակման գործում դժվար է գերագնահատել։ Միևնույն ժամանակ, բավական է ասել, որ եթե ԵԱՀԿ խորհրդարանականները հյուր լինեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, Ղրիմում, Մերձդնեստրում, ԵԱՀԿ տարածաշրջանի այլ կետերում, որտեղ կան ձգձգված հակամարտություններ, ապա մեր այսօրվա քննարկումները կանցնեին միանգամայն այլ հունով։ Երեկ այստեղ ելույթ ունեցած ադրբեջանցի իմ գործընկերը լույս սփռեց շատ կարևոր բազմաթիվ փաստերի վրա։ Բավական է ասել, որ երբ առաջարկվեց լրացում մտցնել ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության թեժացումը դատապարտելու մասին, բռնություն, որը հանգեցրել է, տարբեր գնահատականներով, երկու կողմից 500-ից մինչև 900 զինվորի և խաղաղ բնակչի մահվան, նա հանդես եկավ այդ լրացման դեմ, հանդես եկավ բռնության թեժացումը դատապարտելու դեմ՝ դրանով իսկ փաստորեն ընդունելով, որ բռնության թեժացման հետևում կանգնած են հենց իրենք։ Մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հարց. երեկ, երբ բանաձևի նախագծում, որն առաջարկել էր մեր գործընկեր տիկին Ֆրայը, հատուկ ընդգծվեց կանանց հատուկ ուշադրություն հատկացնելու անհրաժեշտությունը, ես առաջարկեցի լրացում-փոփոխություն. «ովքեր ապրում են ձգձգված հակամարտությունների գոտիներում», այդ ժամանակ ևս այդ լրացման դեմ հանդես եկան մեր ադրբեջանցի գործընկերները՝ դրանով իսկ փաստորեն ասելով, որ եթե ձգձգված հակամարտություն է, ապա ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք թող կորչեն գրողի ծոցը, քանի դեռ այդ հակամարտությունը լուծում չի ստացել։ Ինչո՞ւ բերեցի այս օրինակները։ Այս օրինակներն իրենց համոզչությամբ ցույց են տալիս, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պետք է անձնական մասնակցություն ունենա այն իրավիճակի օբյեկտիվ դիտարկմանը, որն ստեղծվում է ձգձգված հակամարտությունների գոտիներից յուրաքանչյուրում։ Եվ միայն դրանից հետո մենք կկարողանանք օբյեկտիվ գնահատական տալ, այլապես այդ ամենը հիշեցնում է հին ու բարի ժամանակները, երբ նախկին Խորհրդային Միությունում Բորիս Պաստերնակին բոլորը դատապարտում էին «Դոկտոր Ժիվագո» վեպի համար։ Եվ երբ հարցնում էին, թե ինչու եք դատապարտում, ասում էին՝ այ, հենց էդպես, դատապարտում ենք, իսկ հարցին, թե՝ կարդացե՞լ եք վեպը, պատասխանում էին՝ ոչ, չենք կարդացել, բայց դատապարտում ենք։ Հիմա էլ ճիշտ նույնն է, տեղերում չեն տեսել իսկական իրադրությունը, բայց դատապարտում են։ Շնորհակալություն»։
«Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ։ Չնայած վերջին տարիներին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը տիտանական աշխատանք է կատարել, այնուամենայնիվ, ԵԱՀԿ տարածաշրջանում դեռևս պահպանվում են թեժ կետերը։ Եվ ակամա մտածում ես. ո՞րն է խնդիրը։ Հավանաբար, այսօրվա մարտահրավերները և այն, ինչը դիմակայում է դրանց, այնքան էլ համարժեք չեն։ Այս առնչությամբ ես եկել եմ, ըստ իս, զարմանալի եզրահանգման։ Օգտվելով առիթից՝ նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Գերմանիայի իմ գործընկերներին այն բանի համար, որ Բունդեսթագը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որով դատապարտվում է Հայոց ցեղասպանությունը։ Շնորհակալություն հայտնել ԳԴՀ նախագահ Յոահիմ Գաուկին, որը դեռևս անցյալ տարի ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում ընդունեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը և նշեց Գերմանիայի պատասխանատվությունն այն բանում, որ երկիրը չի կարողացել ներգործել իր դաշնակցի՝ Թուրքիայի վրա և կանխել ցեղասպանությունը։ Ուզում եմ երախտագիտության խոսքեր ասել ֆրանսիական պատվիրակությանը, որի սենատը հենց երեկ չէ առաջին օրն ընդունեց բանաձև, որով քրեականացվում է ցեղասպանության ժխտման փաստը։ Եվ վերջապես, երախտագիտություն հայտնել Հռոմի պապին, որը ս.թ. հունիսի 24-26-ին, եռօրյա այցով գտնվելով Հայաստանում, նույնպես դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Ինչո՞ւ հիշեցի այս ամենը։ Այն պարզ պատճառով, որ այդ ականավոր մարդկանցից յուրաքանչյուրը, ականավոր երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչները նշում էին, որ միայն պատմական ճշմարտության, պատմական իրողությունների լիակատար ընդունումը, ապաշխարումը կատարած հանցագործության համար կկարողանան ժողովուրդներին կանգնեցնել իրենց հարաբերությունների կարգավորման ուղու վրա։ Այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև փոխհարաբերությունների կարգավորումը նրանք կապում էին պատմական անցյալի ընդունման հետ, նրանք դրա հետ էին կապում մեր ժողովուրդների ապագան, այն բանի հետ, որպեսզի մենք վերջապես շրջենք մեր պատնության այդ էջը և մաքուր էջից սկսենք բարիդրացիական հարաբերությունները։ Ելնելով սրանից և լիովին հենվելով Ֆրանսիայի, Գերմանիայի, բնականաբար՝ Վատիկանի և մեր գործընկերների բարձր քաղաքակրթական մակարդակի վրա՝ ուզում եմ առաջարկություն անել, որպեսզի ԵԱՀԿ տարածքի բոլոր հակամարտությունների առնչությամբ մանրազնին ուսումնասիրվի հակամարտությունների նախապատմությունը, մանրակրկիտ ուսումնասիրվի դրանց հաղթահարման հնարավորությունը՝ ոչ միայն հակամարտող կողմերի, այլև մեծ տերությունների շահերի համադրման ճանապարհով։ Միայն այս ճանապարհով մենք կկարողանանք կրկնել հերոսական այն քայլը, որն արեցին մեր նախորդները 1975թ. Հելսինկիում՝ ստորագրելով Եզրափակիչ ակտը։ Շնորհակալություն ուշադրության համար»։
Ահա իմ աշխատանքի ոչ լրիվ հաշվետվությունը ԵԱՀԿ ԽՎ Թբիլիսիի խորհրդաժողովում, որը մեկ անգամ ևս ցույց տվեց ԵԱՀԿ անդամ պետությունների պատվիրակություններին, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում սակարկության չի դնում իր սկզբունքները ղարաբաղյան կարգավորման հարցում, հանդես է գալիս որպես հուսալի դաշնակից, միևնույն ժամանակ՝ ղեկավարվում է սեփական ազգային անվտանգության ապահովման բարձրագույն շահերով։ Եվ եթե Ադրբեջանի պատվիրակության համար «հաջողություն» էր այն, որ Հայաստանի պատվիրակության առաջարկած առանձին լրացումներ չընդունվեցին, և այդ պատճառով նրանք, ինչ-որ կերպ իրենց դեմքը պահպանելու համար, «կողմ» քվեարկեցին Հռչակագրին՝ միևնույն ժամանակ հիանալի գիտակցելով հայկական կողմի համար պարագրաֆներ 35-ի, 47-ի, 48-ի, 49-ի բախտորոշ, դրական նշանակությունը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով, ապա մենք ապրիլյան (2016թ.) պատերազմից հետո միջազգային կազմակերպությունների համաժողովներում պարտավոր ենք որակապես նոր խնդիրներ առաջադրել։ Խնդիրներ, որոնք կհետապնդեն միանգամայն որոշակի նպատակ. ընդունել բանաձև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման անհրաժեշտության մասին», որի նախագիծը պատրաստել է ֆրանսիացի պատվիրակ Գի Տեսիեն։ Բայց դա այլ վերլուծության թեմա է։
Հ.Գ.-Ծանոթանալով արտասահմանյան և հայկական ամենատարբեր էլեկտրոնային ԶԼՄ-ների հրապարակումներին՝ կարող ենք նշել, որ նրանց բնավ համահունչ չէին բավական անախորժ zham.am և 7or.am էլեկտրոնային պարբերականները, որոնք վերջին ամիսներին վերածվել էին ոչ անհայտ Վարդան Օսկանյանի շահերը պաշտպանող փաստաբանական գրասենյակի։ Ընդ որում՝ պաշտպանելով նրան ընդդիմության գծով իր գործընկերոջ քննադատությունից, նրանք, իրար խառնված, չգիտես ինչու ինձ էլ էին վերցրել իրենց նողկալի բարբաջանքի շրջապտույտի մեջ՝ վիրավորանքներ հնչեցնելով իմ հասցեին։ Մասնագիտությամբ արտադրական գործընթացների ավտոմատացման ինժեներ լինելով՝ շատ բան չեմ հասկանում կոյուղուց, անգամ եթե այն տեղեկատվական է։ Եվ նշված ԶԼՄ-ներն ամուր պահում են առաջնության դափնին տեղեկատվական գարշահոտության տարածման մրցույթում։ Իհարկե, կարելի էր և չարձագանքել նրանց հերթական տեղեկատվական ծծմբաջրածնային արտանետմանը, բայց այդ դեպքում իմ գործընկերները կարող էին կշտամբել ինձ անհետևողականության համար։ Չէ՞ որ ՀՀ ԱԺ նիստերից մեկում ունեցած իմ ելույթում ես նախազգուշացրել էի այս դեմքերին, որ նրանք ուշքի բերեն իրենց լաքեյներին, այլապես ես ու գործընկերներս խիստ հետևողականորեն կպսակազերծենք դրանց տերերի, այն է՝ Վարդան Օսկանյան և Co-ի անարժան էությունը։ Օրինակ, ինչո՞ւ դեմոկրատիայի այդ նախանձախնդիրն այդպես էլ դատի չտվեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմիններին իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու և անբասիր անունն արատավորելու համար, որոնք ուղղակի մեղադրում էին նրան փողեր լվանալու մեջ ՀՀ Քր.օր. 178 և 190 հոդվածներով (փողերի լվացում և յուրացում)։ Մի՞թե նա կասկածում է մեր դատական համակարգի օբյեկտիվությանը։ Չէ՞ որ արտաքին գործերի նախարար եղած ժամանակ նա ավելի քան 10 տարի որևէ հանդիմանանք չի ունեցել նրա հասցեին, էլ չենք ասում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասին։ Նա դա կարող է անել նաև հիմա՝ տրամադրության տակ այդքան նշանակալի տեղեկատվական ռեսուրս ունենալով։ Կարելի էր չարձագանքել սույն գործչի ի սկզբանե նեխած տեղեկատվական ռեսուրսների վիրավորական հրապարակումներին, մանավանդ որ ՀՀ յուրաքանչյուր խելամիտ քաղաքացի հիանալի գիտի, թե դեռևս չբացահայտված քրեական գործերի ինչ գործող անձինք են սնուցում վերոնշյալ տեղեկատվական որջը։ Իսկ վերջում խորհուրդ եմ տալիս Վարդան Մինասովիչին՝ ձգել իր մանկլավիկների սանձերը, թե չէ «վոյևէ բան» նրան չի օգնի, իսկ պատասխան ռեակցիան իրեն երկար սպասել չի տա ու քիչ էլ չի թվա։
Հ.-Գ. 2-ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանին հաջորդած իմ հասցեին վայրահաչոցները դեռ չէին դադարել, ինչ նոր ոռնոցներով փորձեցին ողողել լրատվական դաշտը: Եկեք տեսեք, որ ոմանց խիստ անցանկալի էր Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանին սատարելու վերաբերյալ Ազգային Միաբանություն կուսակցության որոշումը: Այս անգամ իր հիստերիկ հոդվածով աչքի ընկավ Խաթաբալայի հերոս Զամբախովի պատվերով մի քանի ղուրուշով լալկան կանանց նմանակող, մերօրյա բոշաների asekose.am կայքը, հանրությանը և ոչ մի բան չասող գագիկհամբարյանով վկլյուչիտելնօ: Իհարկե, կարելի էր երիտասարդական տարիներից ողջույնի մի քանի խոսք հղել սույն տարրին, սակայն ակամայից հիշեցի հայ նշանավոր պետական-քաղաքական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանի խորհուրդը` ամեն համբալի ասած-գրածին մի արձագանքի, դա նրանց համար մեծ նվեր է: Ամեն:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար,
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ