ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

01.07.2016, Իրավունք

Մեր ազգի համար վերջին երեք ամիսները շատ  բուռն  էին և իրադարձություններով լի: Իրադաձություններ, որոնք  և՛ ցավ, կսկիծ բերեցին  շատ  ու շատ հայ ընտանիքների, ամբողջ  հայ  ժողովրդին,  և՛, միաժամանակ,  հպարտության  ու  միասնականության  աներևակայելի  զգացողություն: Դրանք  ստիպեցին  շատ  երևույթներ  վերաիմաստավորել: Մենք  նորից, ինչպես  Անկախության  ակունքների տարիներին,  ապրեցինք  միաբանվելու  բերկրանքը՝ զինվորից  մինչև  Գերագույն  գլխավոր  հրամանատար: 

Եվ  այսպես,  ապրիլի  սկզբին  ադրբեջանական  նենգ  և  ուխտադրուժ ագրեսիան  կասեցվեց  մեր  հերոս  զինվորների  ու  գրագետ  հրամանատարների, մեր ողջ  ժողովրդի  հայրենասիրական  ոգևորության  և  այն  գիտակցության  շնորհիվ, որ  մենք  մերն  ենք  պաշտպանում:  Ստեղծվեց  աննախադեպ  միասնականության  մթնոլորտ, ինչը  մեր  ազգի  ամենադժվար  պահերին  միշտ  փրկել  է  մեզ:

  Ցավոք, ինչպես  երբեմն  լինում  է, ի հայտ  եկան  նաև,  մեղմ  ասած, մերժողական  դրսևորումներ,  որոնց  չէի  անդրադառնա, եթե  դրանք  կասկածելիորեն  ուղղորդված  չլինեին  այս  կամ  այն  ուժերի  կողմից:  Ճիշտ  նույն  ժամանակ, երբ  թշնամու  մինչև  ատամները  զինված  հատուկ ջոկատայինները  ետ  էին  շպրտվում  մեր  հերոս  տղաների  կողմից՝ լինի  զինվոր, թե կամավորական, երբ  ադրբեջանական  տեղեկատվական  պատերազմն  ընթանում  էր  իր  ողջ  ուժով, երբ  նրանց  կայքերն  ու  այլ  լրատվամիջոցներ / haqqin.az, vesti.az, day.az, 1news.az, trend.az  և այլն/  գովաբանում  ու  մեծարում  էին  իրենց  բանակն  ու  նախագահին, մեզանում  գտնվեցին  փոքրոգի  մարդուկներ, լուսանցքային  կայքեր  ու  լրատվամիջոցներ, որոնք,  ասես,  ադրբեջանական  պրոպագանդայի  մասնաճյուղեր  լինելով,  ցեխ  էին   շպրտում  ու  պախարակում  թե´ բանակին, թե´ նույնիսկ  Գերագույն գլխավոր  հրամանատարին:  Հասան  նույնիսկ  նրան, որ  սկսեցին  մեր  նախագահին  դավաճան  անվանել: Բա հիմա «Մենք ենք, մեր սարեր» - ում Խորեն Աբրահամյանի բերանից փոռթկած խոսքերով չասես՝ «Տո դավաճանը դու ես, ձրիակեր շան որդի»: Այո, ձրիակերներ, որոնք սնվում են տարբեր դրամաշնորհներով և տարբեր ուժերի կողմից՝ ղեկավարվելով ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով:

Հաջորդիվ ականատեսն եղանք  Եվրոպայի առաջատար պետության՝ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ճանաչում, որ տեղի ունեցավ աննախադեպ ճնշումների և հակալոբինգի պայմաններում: Ճանաչում, որը խորհրդանշական է նաև այն պատճառով, որ Գերմանիան դաշնակիցն է եղել Օսմանյան կայսրությանը՝ նրա ոճրագործությունների կատարման շրջանում: Ու ի պատիվ քաղաքակիրթ աշխարհի՝ իրենք ընդունեցին այդ փաստը: Իսկ դա կարող է բերել այլ երկրների կողմից Ցեղասպանության նոր ճանաչումների և դատապարտումների: Պատահականությո՞ւն է, վստահ եմ, որ՝ ոչ: Այս ամենի ետևում կա հսկայական, միգուցեև չերևացող աշխատանք:

Հաջորդիվ կարևորենք նաև Հռոմի Պապի հիրավի պատմական այցը, իր խոսքերով՝ ուխտագնացությունը դեպի Հայաստան: Նույնիսկ դժվարանում եմ թղթին տալ այն զգացմունքային հոգեվիճակի նկարագրությունը, այն հպարտությունը ու միասնականությունը, որ համակեց յուրաքանչյուր հայի: Եվ ինչպես չգնահատենք ու չկարևորենք հսկայական այն աշխատանքը, որ կատարվել է Կաթոլիկ աշխարհի հովվապետի այցը կազմակերպելու համար: Աշխատանք, որ կատարվել է Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Հայոց Վեհափառ Հայրապետի, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի կողմից: Աշխատանք, որը յուրաքանչյուր հայի անսահման հպարտություն պարգևելուց բացի հանգեցնում է նաև աշխարհում Հայաստանի դերի ու նշանակության բարձրացմանը: Ի վերջո, Վատիկանը ոչ միայն Կաթոլիկ աշխարհի հոգևոր կենտրոնն է, այլև բազմահազար, միգուցե չերևացող թելերով, կապված է այս «աշխարհի հզորների» հետ:

Այսպիսով, այս երեք ամիսների իրադարձությունները մեր ազգին տվեցին ոգևորության այն մեծ լիցքը, որը նոր հաղթանակներ է բերելու: Պատահական չէ, որ անմիջապես այս իրադարձություններից հետո Ադրբեջանի նախագահը հրաժարվեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բաժանարար գծում վերահսկողության միջոցառումներից: Մոնիտորինգային այդ մեխանիզմների ներդրումը շատ ավելի վաղ առաջարկել էր մեր Նախագահը, այնուհետև դրանց շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Վիեննայում, ապա՝ Սանկ-Պետերբուրգում:

Միշտ հարկավոր է հիշել, որ կայուն հաղթանակը լինում է միայն թիմային մաքառման շնորհիվ: Բայց և այդ պայքարի պարտադիր պայմանը իմաստուն ղեկավարումն է: Ու եթե ձևափոխենք շախմատային հայտնի դարձվածքը, կարող ենք ասել. մենք չենք սկսում, բայց մենք միշտ հաղթում ենք: Քանզի, ինչպես բնորոշեց Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հռոմի Պապի հետ հանդիպման ժամանակ, խաղաղ համագործակցությունը և Աստծու պարգև է ու նաև մարդկային ձեռքբերում, իսկ մեր խնդիրն է խաղաղության պահպանումը և որ կարևոր է՝ խաղաղության պարտադրումը:

 

Արա Սիմոնյան

«Ազգային Միաբանություն կուսակցության»

փոխնախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր