ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ «168 ԺԱՄ»-ԻՑ` ԴՈՒՔ ՍՏԱԽՈՍ ԵՔ, ԱՄՈ՛Թ Է, ԱՄՈ՛Թ…
15.04.2015, Իրավունք
Օրերս Արտաշես Գեղամյանի հոդվածները` «Պատասխան կտա՞ Ռոգոզինը, եթե Ադրբեջանին վաճառված զենքը ուղղվի ՌԴ-ի դեմ» («Հայոց Աշխարհ», 09.04.16), «Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ» («Արմենպրես», 10.04.16, «Իրավունք», 12.04.16, «Հայոց Աշխարհ», 12.04.16) և «Թուրքական քաղաքականության գործոնը մոտեցնում է Լեռնային Ղարաբաղի ճանաչումը» (“Eadaily.com”, 11.04.16, 00.21), բացառիկ լայն արձագանք գտան ճանաչված միջազգային էլեկտրոնային լրատվամիջոցներում: Ուշագրավ է, որ այդ հոդվածները լույս են տեսել հենց այս օրերին, որովհետև ապրիլի 16 – 17-ին ԳԴՀ-ի Ռեյնլանդ-Պվալց երկրամասի Լայնսվայլեր կոմունայում Բունդեստագը, Գերմանիայի արտգործնախարարության օժանդակությամբ, անցկացնելու է խորհրդարանական աշխատաժողով` «ԵԱՀԿ ԽՎ և նրա անդամների հնարավորությունները, մասնավորապես ձգձգվող հակամարտությունների լուծմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերում իրենց ավանդը ներդնելու ուղղությամբ» խորագրով: Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Իլկկա Կաներվայի և ԵԱՀԿ ԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Դորիս Բարնեթի անվանական հրավերով աշխատաժողովի աշխատանքներին մասնակցելու է այդ կազմակերպությունում մեր Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
Նրա վերոհիշյալ հոդվածները, որոնք թարգմանվել են նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով, Լայնսվայլերում բաժանվելու են աշխատաժողովի մասնակիցներին: Այն, որ այդ հոդվածները հիմնավոր ու ծանր հարված են ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանա-թուրքական պատվիրակությանը, ակնհայտ է, ուստի մենք սպասում էինք վայրահաչոցների, հատկապես թուրք-ադրբեջանական կողմից: Բայց հանկարծ նրանց փոխարինելու եկավ քաղաքական բամբասանքների տարածման գործում, թերևս, հմտացած Գայանե Խաչատրյանը «168 ժամ» թերթից, որին, եկեք տեսեք, չեն գոհացրել Ա. Գեղամյանի հոդվածների շեշտադրումները: Սույն գրչակը մեծ ցավ է ապրել, որ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը, որն իրեն հասանելի բոլոր միջազգային հարթակներում կուրծք ծեծելով պաշտպանում է Ռուսաստանի շահը, որ միակն է, ով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում դեմ է քվեարկել ուկրաինական դեպքերի առնչությամբ Ռուսաստանը սուր քննադատության ենթարկող Հռչակագրին, իր այս «վերլուծության» (խոսքը «Արտաշես Գեղամյան. Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ» հոդվածի մասին է. – Ա. Շ.) մեջ էլ ադրբեջանական ագրեսիայի հետ կապված բոլոր սլաքներն ուղղում է Թուրքիայի դեմ»:
Եվ ճիշտ էլ անում է, թուրքերի համար ինչի՞ է սիրտդ մղկտում Գայանե Խաչատրյան: Այո՛, նաև Արտաշես Գեղամյանի գրագետ, պետականամետ պահվածքն էր, որ 2015 թ. դեկտեմբերի 20-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի նստաշրջանում մեր երկրի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը հստակ նշեց, որ Հայաստանը միջազգային կառույցներում միշտ հավատարիմ է ՀԱՊԿ երկրների հետ ունեցած դաշնակցային պարտավորություններին, ինչը չի նկատվում վերջիններիս կողմից: «Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին, – հայտարարեց Սերժ Սարգսյանը: – Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»:
Ինչ վերաբերում է Արտաշես Գեղամյանի կողմից ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարության առնչությամբ տրված գնահատականին, ապա այս հարցում էլ Գայանե Խաչատրյանն անազնիվ գտնվեց: Այսպես, իր «Պատասխան կտա՞ Ռոգոզինը: Եթե Ադրբեջանին վաճառված զենքն ուղղվի ՌԴ-ի դեմ» վերնագրով հոդվածում Ա.Գեղամյանը գրում է. «Արդեն իսկ փաստացի բազում վկայություններ կան առ այն, որ ապրիլի 3-ին և 4-ին Իսլամական պետության (ԻՊ) կողմից «մայրաքաղաք» հռչակված սիրիական Ռաքա քաղաքից 60-70 ադրբեջանցի զինյալներ Թուրքիայով վերադարձել են Ադրբեջան և ներկայումս համալրել են ադրբեջանա-ղարաբաղյան ռազմական գործողությունների գոտում գործող ադրբեջանական զինուժը (http://news2.ru/story/490905/), (http://lifenews.ru/news/194789), (http://regnum.ru/news/2111403): Այդ պարագայում պատկերացրեք, որ նրանք կռվելու են նաև Ռուսաստանից գնված զենքով։ Եվ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ադրբեջանական ահաբեկիչները, ճիշտ այդ նույն զենքով զինված, հատկապես հրադադարի պահպանման պայմաններում, կրկին չեն վերադառնա Սիրիայում և Իրաքում կռվող ԻՊ-ի շարքերը:
Այստեղ է, որ Ռուսաստանի՝ Ադրբեջանին վաճառված զենքը կարող է ուղղվել ՌԴ-ի զինուժի դեմ, որ, կարծես թե, բեկում մտցրեց միջազգային ահաբեկիչների դեմ կենաց- մահու պատերազմում:
Երևույթ, որ բացառել երբեք չի կարելի, առավել ևս՝ հաշվի առնելով ՌԴ-Թուրքիա մերօրյա լարված հարաբերությունները։ Դեպքերի նման զարգացումներում թե ի՞նչ բացատրություններ կտա ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, դա քննարկման առանձին թեմա է»: Կարծում ենք, ասվածը առավել քան հստակ է ու հասցեական:
Անշուշտ, մենք հասկանում ենք, որ Արտաշես Գեղամյանի տրամաչափի քաղաքական գործչի վերլուծությունները միշտ էլ ծանր են անդրադառնում ԵԱՀԿ ԽՎ-ում թուրքական և ադրբեջանական պատվիրակությունների վրա, ի չիք են դարձնում նրանց բոլոր ջանքերը, էլ չենք ասում ծախսած հսկայածավալ գումարները: Մտահոգիչ է, սակայն, այն, որ Արտաշես Գեղամյանի հոդվածները վշտացնում են Գայանե Խաչատրյանին պատվեր իջեցնողներին, որոնք, կարծում ենք, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Քաղաքացիներ, ում ռուսատյացությունն այն աստիճանի խորն է, որ գերադասում են քննադատել ռուսին և ոչ թե թուրքին: Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր:
Ինչ վերաբերում է Ա.Գեղամյանի հասցեին ուղղված վիրավորանքներին, ապա պապիկս` Լևոն Շահվերդյանը, որ հայտնի իրավաբան էր, Թիֆլիսի գուբերնիայի ատենակալների խորհրդի նախագահը, ինձ միշտ խրատներ էր տալիս` ասելով. Արտաշես ջան …, էսպես ասենք, և ստախոսների շառից հեռու մնա:
ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Ազգային Միաբանություն կուսակցության»
նախագահի տեղակալ