ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
22.03.2016, Իրավունք
Ս.թ. մարտի 14-17-ի ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը» հարցի քննարկման ժամանակ տեղի ունեցավ բուռն բանավեճ: Խնդրո առարկայի վերաբերյալ ուշագրավ ելույթով հանդես եկավ Հանրապետական խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արտաշես Գեղամյանի ելույթի տեքստը ամբողջությամբ:
Մեծարգո նախագահող, հարգելի գործընկերներ:
Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թ. տնտեսական գործունեության ծրագիրը» բաղկացած է ներածությունից և 5 մասից: Ես ամենայն ուշադրությամբ լսեցի թե՛ զեկուցողների ելույթները, նրանց ուղղված պատգամավորների բազում հարցերը, թե՛ դրանց տրված պատասխանները, ինչպես նաև այս ամբիոնից հնչած գործընկերներիս ելույթները: Երբ այդ ամենը համադրում եմ մեր քննարկմանը ներկայացված ծրագրի հետ, ապա ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ հնչեցված բոլոր հարցադրումները, քննադատությունը տեղավորվում են ներկայացված ծրագրի 5-ից 3 մասերի մեջ: Դրանք են. 1) տնտեսական իրավիճակի վերլուծություն և առկա խնդիրների բացահայտում, 2) տնտեսական մրցակցության մեխանիզմներ, 3) մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ: Անշուշտ, դրանց որոշակի մասը ներառելով ներկայացված ծրագրում՝ այն կդառնա ավելի համարժեք այս ոլորտում մարտահրավերները դիմակայելու գործում:
Ըստ իս, սակայն, ծրագրում և հնչած ելույթներում կա մի ընդհանուր բան, ես կասեի անգամ իսկ, թող ներվի, թերի կողմ, այն է՝ դրանք փոքր-ինչ կտրված են կամ ամբողջովին չեն կապվում, բխում մեր երկրի տնտեսության առանձնահատկություններից: Դրանով պայմանավորված տնտեսական իրավիճակի բովանդակային վերլուծությունը և առկա խնդիրների բացահայտումը խնդրո առարկայի՝ մրցակցության պաշտպանության տեսանկյունից վերջին տարիներին մնացել են նույն հարցերի շրջանակում, անփոփոխ: Իսկ ինչո՞ւ են անփոփոխ մնացել: Ի թիվս այլ պատճառների նկատենք, որովհետև պատշաճ կերպով հաշվի չեն առնվել, կրկնեմ, մեր երկրի տնտեսական առանձնահատկությունները: Ի՞նչ նկատի ունեմ: Այսպես. 2015 թ. Հայաստան ներմուծվել է 292621,9 տ ցորեն (ընդամենը ռեսուրսի՝ 43,3 %), 9852,9 տ բրինձ (ընդամենը ռեսուրսի՝ 100 %), 42275 տ բուսական յուղ (ընդամենը ռեսուրսի՝ 95,6 %), 1210, 2 տ սուրճ (ընդամենը ռեսուրսի՝ 100 %), 130381,1 տ բենզին (ընդամենը ռեսուրսի՝ 100 %), 121611,5 տ դիզելային վառելիքի (ընդամենը ռեսուրսի՝ 100 %), 13140 տ մարգարին (ընդամենը ռեսուրսի՝ 98 %), 136890,8 հազար տուփ սիգարետ (ընդամենը ռեսուրսի՝ 54,3 %), 4419 տ կարագ (ընդամենը ռեսուրսի՝ 90.8 %): Սպառողների կողմից հիմնականում հայցվող 25 ապրանքատեսակներից այս 9-ի ներմուծման ծավալները օբյեկտիվ պայմաններ են ստեղծում, որպեսզի մեծ ծավալների ներմուծողների համար ավելի դյուրին պայմաններ լինեն: Նման խոշորածավալ ներմուծումներ փոքր ձեռներեցները ի զորու չեն անել, այն էլ այն պարագայում, որ կարողանան մրցակցել խոշորների հետ: Որովհետև ինքնին հասկանալի է, երբ ներմուծման խոշորածավալ գործարք է կնքվում, ապա այնտեղ զեղչերը անհամեմատ ավելի մեծ են, քան փոքրածավալ գործարքների ժամանակ: Դրա արդյունքում մեկ միավոր ներմուծվող ապրանքի կտրվածքով վճարվող հավելյալ գումարները` պայմանավորված տրանսպորտային ծախսերի հետ, ապահովագրության ծախսերի հետ փոքր ներմուծողների համար շատ ավելին են, քան խոշոր ներմուծողների համար: Նույնը կարելի է ասել արտադրողների կողմից կամ նրանց դիլերների կողմից ապրանքի վաճառքի գների առումով: Այստեղ էլ խոշորածավալ ներմուծողները փոքրերի համեմատ շատ ավելի շահեկան պայմաններում են հայտնվում: Այլ կերպ ասած՝ այս ապրանքատեսակների ներմուծման ոլորտում ազատ մրցակցության հնարավորությունները սահմանափակ են: Նման իրողությունը հանգեցնում է նրան, որ մեր կողմից վերը հիշատակված ապրանքատեսակների ներմուծումը հասու է խիստ սահմանափակ թվով իրավաբանական անձանց: Այս փաստն արժանացավ մեր գործընկերներից շատերի քննադատությանը, սակայն նրանց կողմից վեր չհանվեցին նման իրավիճակի պատճառները: Պատճառները չմատնանշելով, բնականաբար, չխոսվեց նաև այս իրողության հնարավոր բացասական երևույթների, բացասական հետևանքների մասին: Այն բանի մասին, որ ստեղծված իրավիրճակից կարո՞ղ են օգտվել մենաշնորհային կամ օլիգոպոլ պայմաններում աշխատող, այդպիսի դիրք ունեցող ներմուծողները: Մինչդեռ, այո, թերևս, մեծ է հավանականությունը, որ նրանք կարող են դրանից օգտվել, այո, դրա ռիսկայնությունը մեծ է: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ անել այս պայմաններում, ընդ որում՝ չշեղվելով սահմանադրական այն հիմնարար դրույթից, որ Հայաստանի Հանրապետությունը շուկայական, սոցիալական պետություն է: Գյուտ արած չեմ լինի, եթե ասեմ, որ շուկայական տնտեսությունում նման խնդիրների լուծման առավել փորձված ճանապարհը՝ դա ստեղծված իրավիճակին համարժեք հարկային քաղաքականության մշակումն ու կիրառումն է: Խոսքը պրոգրեսիվ հարկման համակարգի ներդրման մասին է, որը հաշվի կառնի այս առանձնահատկությունները, հնարավորություն կընձեռի շուկայական մեխանիզմների ներդրմամբ կամայական բարձր գների սահմանափակումը երաշխավորել: Դա կհանգեցնի ցանկալի արդյունքի, այն է՝ բարենպաստ պայմաններ կստեղծի հիմնական պահանջարկ ունեցող ապրանքատեսակների գների նվազման համար: Ակնհայտ է, որ դա էլ իր հերթին կբերի վճարունակ սպառողական պահանջարկի աճին, ինչը կավելացնի առևտրաշրջանառության ծավալը և դրա արդյունքում` բյուջետային մուտքերը: Այս ամենն էլ դրական ազդեցություն կունենա սոցիալական հարցերի լուծման վրա:
Իսկ ինչպես մենք կարող ենք համոզված լինել, որ հարկային քաղաքականության առաջարկվող փոփոխությունները, հարկման պրոգրեսիվ համակարգի ներդրումը կերաշխավորի բարձր պահանջարկ ունեցեղ ներմուծվող ապրանքների գների իջեցմանը:
Այս հույժ կարևոր խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հստակ պարզել ներմուծվող ապրանքների վերջնական գնագոյացման մեխանիզմը, դրա գումարելիները: Այսպես, հարկ է ճշտել՝ ինչպիսին է ապրանք արտադրողի, կամ նրա հիմնական դիլերի կողմից սահմանված գնային սանդղակը, ապրանքը վերջնական սպառողին հասցնելու լոգիստիկ լուծումների հետ կապված ծախսերի հնարավոր սանդղակը, մեծածախ ներմուծողների կողմից փոքրածախ առևտրացանցին հանձնվող ապրանքների գնային սանդղակը: Ահա հենց այստեղ է, որ պետք է կիրառվի մեր հարգարժան գործընկերոջ` Հրանտ Բագրատյանի առաջարկած Լերների գործակիցը: Այսպես, մենք գումարելով վերը նշված ծախսերը կպարզենք, թե ինչպիսին են ուսումնասիրվող ապրանքատեսակների սահմանային առավելագույն ծախսերը՝ գինը: Դրանից հետո արդեն իսկ կիրառելով Լերների գործակիցը, այն է՝ սպառողին ներկայացվող վաճառքի գնի և սահմանային առավելագույն ծախսերի տարբերության հարաբերակցությունը վաճառքի գնի նկատմամբ մենք կպարզենք այս գործում մենաշնորհայնացման մակարդակը: Ինչքան մեծ լինի այդ հարաբերակցությունը, մոտենալով մեկին, այնքան մեծ է մենաշնորհայնացման մակարդակը, գերշահույթ ստանալու հնարավորությունը: Այս հարցերի պարզաբանումից հետո միայն մենք կկարողանանք հաշվարկել խոշոր ներմուծող իրավաբանական անձանց մոտավոր շահույթի մեծությունը: Այնուհետ արդեն իսկ հնարավոր կլինի մշակել հարկային քաղաքականության փոփոխության առաջարկները: Փոփոխված հարկային քաղաքականության կիրառման արդյունքում մենք պետք է խնդիր դնենք, որպեսզի մենաշնորհային, օլիգոպոլ դիրք ունեցող ներմուծողների համար ավելի շահավետ լինի փոքրածախ առևտրային ցանցին հանձնվող ապրանքների համար սահմանել այնպիսի գներ, որոնց պայմաններում հարկումից հետո իրենց շահույթը կլինի ավելի մեծ, քան իրենց կողմից ավելի բարձր գներով տվյալ ապրանքները սպառելու դեպքում:
Այս բոլոր հաշվարկները պետք է լինեն միանգամայն թափանցիկ, հասկանալի յուրաքանչյուր տնտեսվարողի համար: Դրանք պետք են և՛ մեծածախ ներմուծողներին, և՛ փոքրածախ առևտրի ոլորտում աշխատողներին, որոնք այդ ամենը կընդունեն որպես բիզնես միջավայրի առողջացմանն ուղղված գործնական օգնություն:
Կարծում եմ, որ այս դահլիճում հնչած բոլոր առաջարկները, ինչպես նաև, եթե հարմար գտնեք, իմ մոտեցումները, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2016 թ. ծրագրում հաշվի առնվելու և ներառվելու դեպքում, կնպաստեն նրան, որ ծրագիրը առաջընթաց քայլ կլինի ամիսներ առաջ քննարկված հարցերին լուծումներ տալու տեսանկյունից: Առավել ևս սա պահանջված է, որովհետև այս հարցերին անուղղակիորեն բոլորիս ուշադրությունն էր հրավիրվել փետրվարի 12-ին Հանրապետության Նախագահի հայտնի ելույթում, որ նա ունեցավ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար ներկայացուցիչների առաջ:
Շնորհակալություն ուշադրության համար: