«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՋԱՆՈՒՄ ԷՐ ՌԴ-ԻՆ ՆԵՐՔԱՇԵԼ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԿՈՆՖԼԻԿՏԻ»

12.02.2016, Իրավունք

Երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ «Իրավունք» թերթի կողմից արժանացավ պատվոգրի` որպես միջազգային ասպարեզում լավագույն հայ պատգամավոր,  միջխորհրդարանական կազմակերպությունների նիստերին ու թշնամական պետությունների մայրաքաղաքներում ՀՀ-ի շահերը լավագույնս ներկայացնելու համար: «Իսկ թե ինչպես է Արտաշես Գեղամյանը պաշտպանել ՀՀ-ի շահերը միջազգային հարթակներում, «Իրավունքը» բազմիցս  անդրադարձել է` հրապարակելով Արտաշես Գեղամյանի ելույթները»,- մանրամասնեց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը:ՍԻՄնախագահ Հայկ Բաբուխանյանը եւս շնորհավորեց Արտաշես Գեղամյանին` մեր ժողովրդի, մեր պետության համար լավագույնս աշխատելու  համար:

Շնորհակալություն հայտնելով` պատգամավորը նշեց, որ այն պարտավորեցնող եւ թանկ գնահատական է այն պարզ պատճառով, որ անցած 2-3 տարիների ընթացքում առիթ է եղել հանդես գալ ոչ թե տաքուկ լսարաններում, այլ. «7-8 ելույթ ունենալ Ստամբուլում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ, ըստ իս, խիստ եւ անգամ վտանգավոր է: Ինչպես գիտեք, հանդես եմ եկել նաեւ Բաքվում, որտեղ ունեցա 13 ելույթ, որն ուղղված է եղել ցանկացած ոտնձգության` դրսի ուժերի կողմից, իսկ Բաքվում Թուրքիայի դեմ ելույթ ունենալը շատ ավելի հիվանդագին են ընդունում, քան Թուրքիայում թուրքերը»:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ՌԴ Պետական դումայում «Կոմկուս» եւ «Արդար Ռուսաստան» խմբակցությունների կողմից բարձրացված 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու մասին հարցին: Ճի՞շտ է արդյոք, պաշտոնական Երեւանի կրավորական կեցվածքը:

– Ես չէի ասի, որ կրավորական է, այդ մասին արդեն իսկ ասվել է: Ուրիշ բան, որ հանկարծ չստացվի, թե մենք անտարբեր ենք այդ հարցի կապակցությամբ, առանձին հոդվածներում, ելույթներում դա ողջունվել է: Իսկ հիմա, Պետական դուման իր պաշտոնական դիրքորոշումը, որ կայացրեց, արդեն բնականաբար, ՀՀ-ն իր գնահատականն այդ ամենին կտա: Ես 2002 թվականին ծավալուն ու լուրջ վերլուծական հոդված եմ գրել Մոսկվայի եւ Կարսի տխրահռչակ պայմանագրերի մասին: Այդ հոդվածում ներառվել է նաեւ այդ հարցերով Կրեմլին ուղղված հայ պատմաբաններից մեկի դիմումը, որն այն ժամանակ մերժում է ստացել: Կարծում եմ` հիմա Մոսկվան այլ դիրքորոշում կհայտնի: Ողջունել է պետք այդ նախաձեռնությունը, եւ այսօր, այո, պետք է ուշադիր հետեւել, որպեսզի հետեւողականություն դրսեւորվի: Ընդհանրապես, ռուս-թուրքական հարաբերությունների էսկալացիան եւ Մոսկվայի պայմանագրի ճակատագիրը կախված է ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-ԵՄ հարաբերություններից: Թուրքիան ամեն կերպ ջանում էր ՌԴ-ին ներքաշել ՆԱՏՕ-ի հետ կոնֆլիկտի, բայց Էրդողանի` ԱՄՆ-ին քննադատող վերջին հայտարարություններից հետո, Թուրքիայի այդ դիրքորոշումը կարծես միարժեք չի ընկալվում:

– ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունն արդեն հստակեցված ձեւաչափ է, ի՞նչ կասեք այդ առումով:

– Կուսակցությունը, որը պատիվ ունեմ ղեկավարելու, կոչվում է «Ազգային միաբանություն», ուստի ողջունում եմ ցանկացած կոալիցիա եւ համագործակցություն: Այս փոթարկահույզ իրավիճակում, որում հայտնվել է աշխարհը, այդ թվում եւ մեր տարածաշրջանը, յուրաքանչյուր քաղաքական ուժի մտավոր կարողությունները պետք է հնարավորինս լիարժեք օգտագործվեն: ՀՅԴ-ն ոչ միայն փորձառություն, այլ կադրային ռեսուրս ունեցող քաղաքական ուժ է: Հանրապետության նախագահը ճիշտ քայլ է արել, փորձելով պետության շահից ելնելով, օգտագործել ՀՅԴ-ի ռեսուրսը: ՍԻՄ-ը, ՔԴՄ-ն եւ «Ազգային միաբանությունն» արդեն համագործակցում են ՀՀԿ-ի հետ եւ մեզ համար պատիվ է հանուն երկրի աշխատել` ուժերի ներածին չափով:

– Արդյոք ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությամբ չի՞ ստացվում, որ իշխանությունը գնում է պատասխանատվությունից խուսափելու ճանապարհով:

– Այդ կարծիքին չեմ: Ժամանակին ինքս եղել եմ ՀՀԿ-ի տնտեսական քաղաքականության խիստ ընդդիմախոսը: Բայց ՀՀԿ-ն եզակի կուսակցություն է, որ ուրիշի «պրավալն» էլ է իր վրա վերցնում:

– Հատկապես ո՞ր քաղաքական ուժի ձախողումներն է ՀՀԿ-ն իր վրա վերցրել:

– Երկրում առկա բոլոր խնդիրների համար քննադատության սլաքն ուղղված է եղել միայն ՀՀԿ-ին: Մինչդեռ լավ հիշում ենք, որ Հանրապետական կուսակցությունը ժամանակին դաշինք էր կազմել ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ: Սակայն ամեն բացասականի համար քննադատվում էր միայն ՀՀԿ-ն: Մինչդեռ նրանք երբեք չէին ասում չէ՞, որ դաշինք ենք ունեցել եւ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Դժվարություններ կան, եւ դրանք արձագանքն է այն լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների, որի շեմին ենք բոլորս: ԱՄՆ-ի 2017 թվականի ֆինանսական տարում բյուջեի դեֆիցիտը գերազանցելու է 500 մլրդ դոլարը, այս տարի այն նախատեսված է 614 մլրդ դոլար, արտաքին պարտքը գերազանցում է 18 տրիլիոն դոլարը, որը ԱՄՆ ՀՆԱ-ից ավելին է` կազմելով 104 տոկոս, ինչն այդ երկրի համար բավական վտանգավոր շեմ է, նույն վիճակում է ԵՄ-ն եւ այլն: Նման տագնապահարույց վիճակը հզոր տնտեսություն ունեցող երկրներում շղթայական ռեակցիա է առաջացնում աշխարհով մեկ, որից դուրս գալու որոնման ճանապարհին է ոչ միայն ՀՀ-ն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր