«ՆՐԱ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԱՆԳԱՄ ՁՅԱՆ ՄԵՋ ԱՐԵՎ ԵՍ ՏԵՍՆՈՒՄ»

11.12.2015, Իրավունք

11.12.2015, amiab.am

Երեկ ՀՀ Նկարիչների միությունում Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ ՍԼԱՎԻԿ ՊԱՐՈՆՅԱՆԻ ծննդյան 85-ամյակի առիթով բացվեց «Կյանքն ինչպես արվեստ» խորագրով հետմահու անհատական ցուցահանդեսը, որին նկարչի վրձնակից ընկերներից զատ ներկա էին անվանի արվեստագետներ ու հարազատներ: Ցուցահանդեսին  ներկայացված էր նկարչի մոտ 150 կտավ` գրաֆիկական պատկերներ, բնանկարներ, դիմանկարներ, հայկական բնաշխարհի գույներով նատյուրմորտներ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև նկարչի մտերիմ ընկերներից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ով իր խոսքում շեշտեց, որ շատ բարձր է գնահատում Սլավիկ Պարոնյանի արվեստը: «Երբ նայում ես ցրտաշունչ ձմեռը պատկերող Մաեստրոյի կտավներին, ապա անգամ իսկ ձյան մեջ արև ես տեսնում, ու, ասես թե, ձյունն էլ է քեզ ջերմացնում», – ասաց Ա.Գեղամյանն ու մի քանի հուշեր պատմեց: «Մի լավ առիթով Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջինն ընդունելություն էր նշանակել իմ և Մաեստրոյի ընտանիքների համար: Նա պետք է իր օրհնանքի խոսքն ասեր»: «Ես ուզում եմ իմ ամենալավ նկարը նվիրել Վեհափառ հայրապետին», – ասաց Սլավիկ Պարոնյանը: Գնացինք վեհարան: Եվ դուք պետք է տեսնեիք, թե նկարը ստանալիս Վազգեն Առաջինինն ինչ գուրգուրանքով էր նայում կտավին, անգամ փոքր-ինչ հուզվեց և ասաց. «Սա մեր Հայաստանն է, մեր Ոստանը»:

Արվեստի ոլորտում ես ընկերներ շատ ունեմ, նրանց հետ հաճախ ենք հավաքվում մեր տանը: Մի այդպիսի հանդիպմանը ներկա էր, ցավոք, արդեն լուսահոգի Հենրիկ Իգիթյանը` մեր սիրելի Լարիկը: Նայելով պատին կախված նկարներին, ըստ որում` բացառապես հայ գեղանկարիչների գործերին, յուրաքանչյուրի առաջ մի պահ կանգ էր առնում, իր կարծիքը հայտնում: Եվ հանկարծ մոտենալով Մաեստրոյի կտավներին` ասաց. «Ա՛, դե Սլավոն ուրիշա, էլի՛…»: Սա էլ Հենրիկ Սուրենիչի ասածն էր, ով, գիտեք, որքան խստապահանջ ու զուսպ էր կերպարվեստը գնահատելիս:

Մի առիթով էլ մեր տանը հյուրընկալեցինք Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Թորգոմ Մանուկյանին և հայ մեծ բարերար Գևորգ Հովնանյանին: Նրանք էլ ամենայն ուշադրությամբ նայում էին պատից կախված նկարներին ու երբ իրենց ուշադրությունը սևեռեցին Մաեստրոյի կտավների վրա,  Թորգոմ պատրիարքը բացականչեց. «Ինչքա՛ն լավ մարդ է այս մարդը»: Գևորգ Հովնանյանը ցածրաձայն հարցրեց. «Պատրիարք, նկատի ունեք կտավնե՞րը…»: Ի պատասխան՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքը հեռուն նայող աչքերով խորիմաստ արձագանքեց. «Սիրելի Գևորգ, հայոց բնությունը պատկերող  այս հիասքանչ կտավներին միայն ազնվագույն մարդը կարող էր կենդանություն պարգևել, վատ մարդը չէր կարող այսպիսի լուսավոր նկարներ ստեղծել»: Ահա նման ուշագրավ հուշեր պատմեց Ա.Գեղամյանն ու ելույթը եզրափակեց՝ ասելով. «Բացառիկ գեղանկարիչ»:

Հ.Գ. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Սլավիկ Պարոնյանի ծննդյան 85-ամյակի առիթով բացված «Կյանքն ինչպես արվեստ» խորագրով հետմահու անհատական ցուցահանդեսի բացումը մեծապես պայմանավորված էր նրա ընտանիքի անդամների` կյանքի հավատարիմ ընկեր Անժելա Տիգրանի Պարոնյանի, դստրերի` Աղավնու և Զարուհու, և, իհարկե, թոռնուհու՝ Քնարի սրտացավ ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ: Ինչպես պատկերավոր ասաց Արտաշես Գեղամյանը, «Կերպարվեստից անգամ իսկ շատ հեռու մարդը կարող է շեդևռ ստեղծի, ոգեշնչվելով Մաեստրոյի լուսավոր գեղեցկուհի թոռնիկով` Քնարոյով: Այս հիշարժան օրը, համոզված եմ, հոգու թրթիռով մեզ հետ է նաև Սլավա Պարոնյանի որդին` Հակոբ Պարոնյանը, ով հարգելի պատճառով չկարողացավ գալ Փարիզից»:

Եվ, իհարկե, ցուցահանդեսի բացմանը մեծ ջանքեր էր ներդրել ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, որն էլ իր խոսքում ասաց. «Ես շատ բան եմ սովորել Սլավիկ Պարոնյանի կտավներից ու նրա մարդկային տեսակից»:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր