ԳՅԱ` ՔԵԶ ՈՒՂԱՐԿԵԼ ԷԻՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՍՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ, ԹԵ ՇՊԻՈՆՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐԵԼՈՒ
06.10.2015, Իրավունք
Երեկ Ազգային ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Նախագիծ, որն ի հեճուկս սակավաթիվ ընդդիմադիրների, ՀՀ առաջին և երկրորդ Նախագահների սազանդարների` արժանացել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային կառույցների դրվատանքին ու հավանությանը: Բայց ավելի էականն այն է, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, նախաձեռնելով այս գործընթացը, ի սկզբանե առաջարկ էր արել ժողովրդական, հասարակական ու քաղաքական լայն քննարկումներ ծավալել առաջարկվող սահմանադրական փոփոխություններն էլ ավելի հարստացնելու, ինչո՞ւ ոչ` բյուրեղացնելու նպատակով: Այլ կերպ ասած`ձեռք մեկնել քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը, ակնկալելով կառուցողական քննարկումների և առաջարկների ազատ դաշտ ձևավորել: Հարկ է գոհունակությամբ արձանագրել, որ առաջարկը լայն արձագանք ստացավ, ինչի վկայություններն են խորհրդարանական լսումների, Հանրապետության նահագահի հետ անմիջական հանդիպումների ժամանակ գրեթե բոլոր ազդեցիկ կուսակցությունների (մեկ-երկուսի բացառությամբ) ու հասարակական կազմակերպությունների շահագրգիռ մասնակցությունն ու քննարկումները, ինչպես նաև մասնագիտական հանձնաժողովի մեծ գովասանքի արժանի հսկայածավալ աշխատանքի ընթացքում կատարած քննարկումներն ու առաջարկների վերլուծությունները: Կարելի է վստահաբար ասել, որ լսվել ու քննարկվել են մեկ առ մեկ բոլոր կառուցողական առաջարկները, թեզիսները, ինչպես նաև մտահոգությունները, որոնք ներկայացվել են ինչպես կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների, այնպես էլ`քաղաքացիական հասարակության ու պատգամավորների կողմից:
Բնական է, որ կարող էին լինել ու եղան նաև հակառակ դիրքորոշման կողմնակիցներ, ովքեր նույնպես կառուցողական դաշտում հակադարձեցին առաջարկվող փոփոխություններին: Ինչ խոսք, որ դա էլ է ընդունելի:
Սակայն անընդունելի է, ավելին` շատ մտահոգիչ, երբ այդ հակադարձումներներն անձնավորվում են, ընդունում ծայրահեղ ապակառուցողական բնույթ, և իրենց թիկունքում ակնհայտորեն ունենալով հակապետական տարբեր ուժերի ուղղորդումն ու հովանավորությունը, թերևս արժանի են անկողմնակալ անդրադարձի:
Եվ այսպես, անցած ուրբաթ կայացած հանրահավաքին, երբ հավաքվել էին ոչ մեծ թվով միգուցե իսկապես սահմանադրական փոփոխություններից, ինչպես նաև սոցիալ-տնտեսական վիճակից դժգոհ քաղաքացիներ, ականատես եղանք նաև առանձին վտանգավոր տարրերի ելույթների, ովքեր իրենց ստացած պատվերի շրջանակներում փորձում էին ապատեղեկացնել հանրահավաքի մասնակիցներին:
Ահավասիկ մի երիտասարդ, ում առաջ բանից պարզվում է, փակ են հայրենական լրատվամիջոցները, դարդ էր անում, թե` սահմանադրական փոփոխությունների շուրջ հնարավոր չէ քաղաքական կոնսենսուս ապահովել Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի, Հայ Հեղափոխական դաշնակցության հետ: Թերևս այլ պայմաններում կարելի կլիներ դրվատանքի խոսքեր ասել այդ նախապես գրված տեքստը թերի արտաբերող հռետորի հասցեին, որ բնազդով գիտակցում էր հեղինակավոր քաղաքական գործիչներ Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի, և իհարկե ՀՅԴ-ի կարևոր դերակատարումը սահմանադրական բարեփոխումների գործընթացում: Դիցուք` հիշատակվում են հայրենասեր քաղաքական գործիչներ Արտաշես Գեղամյանի և Հայկ Բաբուխանյանի անունները, գործիչներ, ովքեր միջազգային կազմակերպությունների ամենաբարձր ամբիոններից համոզիչ, հիմնավորված կերպով պաշտպանել են հայոց պետականությունը, մեր ազգային շահերը, ավելին` հարգանքի են արժանացել միջազգային մեծ ճանաչում ունեցող պետական գործիչների կողմից: Եվ հաջորդ իսկ խոսքից հետո բանախոսի թիկունքից , անգամ իսկ անզեն աչքերով, երևում են տարբեր «աբիժնիկների» սուլուլիկ ականջները, երբ բոլորին անհայտ, «հալածվող», տեղական լրատվամիջոցների կողմից անտեսված սույն երիտասարդը անմիջապես գորովանքով հայտարարում է, թե Լևոն Զուրաբյանին «մալադեց», որ կարողացավ ԵԽԽՎ-ում Հայաստանին դրվատող կետը հանել տալ: Չեմ կարող հիացմունքս թաքցնել առ Լևոն Տեր-Պետրոսյան և նրա քաջարի նորաթուխ հենարանի:
Հետաքրքիրն այն է, որ քոչարյանական խոսափողներ «Ժամը» (zham.am) և «7օր» (7or.am) կայքերն արմենգրիգորյանի ելույթը դեռ չավարտված, անմիջապես , շատ ու շատ կարևորելով այն, տեղադրեցին իրենց կայք-էջերում: Ափսոսանքով ուզում ես բացականչել` այս ու՞ր է հասցրել Ձեզ իշխանության վերադառնալու անհագուրդ տենչը, պարոն Քոչարյան, որ մնացել եք դրա հույսին: Դուք, որ հնարավորություն ունեիք Ղարաբաղի ազատամարտում ունեցած դերակատարումից հետո, որը ճիշտ է արատավորեցիք նախկինում զբաղեցրած պաշտոնում, Ձեր խոսքն ասելու, ինչու՞ չէ, քննադատելու կամ ուղղություն տալու, այժմ տարբեր խամաճիկների ու շպիոնների միջոցով ե՞ք հանդես գալիս: Այո, պոտենցիալ շպիոնների, ում համար մեր երկիրն ու մեր ժողովուրդը «այս երկիրը» և «այս հանրությունն» է: Եվ դա միայն բառեր չեն,որ նա ասում է, դա վերաբերմունք է: Ուշագրավ է, որ երիտասարդին գործուղելով Արևմուտք` ուսում ստանալու, չեմ կարծում, որ խնդիրը դրված է եղել` հմտանալ լրտեսության մեջ: Ասած գավառցու` Գյա քեզ ուղարկել էին արտասահման ուսում ստանաս, թե շպիոնություն սովորես: Այս խոսքերը պատահական չէ որ մտաբերեցի: Չէ որ մեր ուսումնատենչ երիտասարդը Ստամբուլում դասընթացներ անցնելուց հետո եկել է այստեղ, իրեն պատեպատ է տալիս , փորձում ծանրակշիռ հովանավորներ գտնել: Բայց քանի որ շատ պարզունակ է, ապա անկապ հաճոյախոսում է մեկ` Բարաք Օբամային, մեկ`Բան Կի Մունին, մեկ էլ` Վլադիմիր Պուտինին, թե` նայեք, ինչ ուշադիր եմ ձեր ասածներին: Հարցն այն է, որ մեջբերումներ է անում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, բացարձակ անտեղյակ լինելով, թե ՌԴ Նախագահի խոսքն ինչ կապակցությամբ է ասվել: (Ռուսաստանի նախագահի խոսքը. «мозги им надо поменять, а не Конституцию нашу» վերաբերվում էր բրիտանացի գործիչներին, ովքեր առաջարկել էին փոխել Ռուսաստանի սահմանադրությունը, Պետդումայի պատգամավոր Լուգովոյին իրենց արտահանձնելու համար, միաժամանակ իրենց մոտ` Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան տալով մի քանի տասնյակ ռուսաստանյան թալանչիների ու տեռորիստների):
Ի դեպ, մինչ Արմեն Գրիգորյանը Ստամբուլում էր դասընթացներ անցել նաև ոչ անհայտ Նաիրի Հունանյանը: Իսկ այդ նույն քաղաքում 2013 թ., ինչպես նաև 2014 թ. Բաքվում, Արտաշես Գեղամյանը ԵԱՀԿ ԽՎ ամբիոններից հիմնավոր և ծանրակշիռ խոսքով անարգանքի սյունին էր գամում թուրք և ազերի պատվիրակներին, ինչպես նաև այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին մեր երկրի վարկի, պատվի ու անվտանգության համար` վերջիններիս ատամների կրճտոցն արհամարհելով ու քաջ գիտակցելով իրեն սպառնացող վտանգները:
Հիմա, պարոնայք նախկին նախագահներ, ողբամ Ձեզ, որ այս կարգի պարզունակ, լրտեսական հակումներ ունեցողների հույսին եք: Լավ չի, լավ չի…
Ի դեպ, կհորդորեի նաև իմ կողմից հարգված Սլավոնական համալսարանի ղեկավարությանն ուշադիր լինել դասախոսների ընտրության հարցում: Աստված մի արասցե, նոր վահանմարտիրոսյաններ ի հայտ չգան:
Ու քանի որ մեր երկրի մեծ բարեկամ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինից մեջբերում արեցիր, Արմեն, հիշեցնեմ քեզ, ինչպես նաև քո պատվիրատուներին նրա մեկ ուրիշ արտահայտությունը.
«Государство держит в руках дубину, которой бьет всего один раз. Но по голове».
Արա Սիմոնյան
ՀՀ Ազգային Ժողովի 4-րդ գումարման պատգամավոր,
<Ազգային Միաբանություն կուսակցության> փոխնախագահ