«ԱՅԴ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐԸ ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՆԿԼԱՎԻԿՆԵՐԸ»

15.07-16.07.2015, Իրավունք

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ վեհաժողովի միակ պատգամավորն է, ով դեմ է քվեարկել Հելսինկիում ընդունված եւ Ռուսաստանը սուր քննադատության ենթարկած Հելսինկյան հռչակագրին: Ա. Գեղամյանի այս քայլից հետո որոշ լրատվամիջոցներ սուր քննադատության ենթարկեցին պատվիրակության ղեկավարին` իբր ՌԴ-ի շահը պաշտպանելու եւ Ռուսաստանին հաճոյանալու համար: Թեմայի շուրջ զրուցեցինք պարոն Գեղամյանի հետ:

Կխնդրեինք Ձեզ ամփոփ ներկայացնել` ի՞նչ իրավիճակ էր Հելսինկիում, երբ ընդունվում էր հռչակագիրը:

– Հելսինկյան նստաշրջանից մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարությունը մուտքի արտոնագիր չէր տվել ԵԱՀԿ ԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Սերգեյ Նարիշկինին եւ պատվիրակության երեք անդամներին: Ի պատասխան այս քայլի` ՌԴ Դուման եւ Դաշնային խորհուրդը որոշել էին չմասնակցել Հելսինկիում անցկացվելիք ԵԱՀԿ ԽՎ-ի հոբելյանական նստաշրջանին: Նիստի առաջին օրը, երբ խորհրդակցության էին հրավիրվել 57 երկրի խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներ, հանդես եկա հարցադրումով: Հայտնի է, որ ԵԱՀԿ անդամ-երկրների թիվը 57 է, մինչդեռ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը հայտարարեց, որ ԵՄ-ը կոնսենսուսային որոշում է կայացրել եւ մերժել Սերգեյ Նարիշկինին եւ այլ պատգամավորների մուտքի արտոնագրեր տալը: Ես ասացի` չէ՞ որ ԵԱՀԿ 57 անդամ երկրներից միայն 28-ն են ԵՄ անդամ երկրներ: Ստացվում է, որ փաստորեն 28 երկիր իր վրա է վերցրել մյուս 29 երկրի փոխարեն որոշումներ ընդունելու պարտավորությունը:

Դա լիովին հակասում է ԵԱՀԿ-ի հիմնադիր փաստաթղթերին եւ ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ: Իմ դիրքորոշումը պաշտպանեցին Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի պատվիրության ղեկավարները, ավելին` Արեւմտյան Գերմանիայի ներկայացուցիչը եւս նույն մտահոգությունը հայտնեց: Մեկ այլ հարց եւս հնչեցրի: Բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են ՌԴ-ին և քննարկվելու են ԵԱՀԿ ԽՎ-ի նիստին, լեգիտիմ չեն կարող լինել: Դրանք հակասում են ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերին, այն է` երբ այս կամ այն երկրին առնչվող հարցեր են քննարկում, պետք է ունենանք այդ երկրի պատվիրակության անդամների կարծիքը եւս: Ես հայտարարեցի, որ հայկական պատվիրակությունը հակառուսական բանաձեւի քննարկմանն ու քվեարկությանը չի մասնակցի, քանի որ այն լեգիտիմ չէ ի սկզբանե: Հետագայում եւս մի նրբություն ի հայտ եկավ. բանաձեւերում մոտ երկու տասնյակ ուղղումների հեղինակները մեր ռուս գործընկերներն էին, իսկ ես` դրանց համահեղինակը: Ոստիև, ՌԴ պատվիրակության պայմաններում  այդ ուղղումներից շատերը ներկայացրեցի ես: Քննարկումների ընթացքում եւս մի ուշագրավ իրողության ականատես դարձանք: Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի պատվիրակներն իրենց ելույթներում հայտարարեցին, որ Ուկրաինայում ստեղծված լարվածությունը հրահրված է օվկիանոսի այն կողմից: Ֆրանսիայի պատվիրակության անդամներից Իվ դի Բորգոն, դիմելով ամերիկյան պատվիրակությանը, ասաց` ինչո՞ւ եք խառնում Եվրոպան, վերջ տվեք ձեր գործունեությանը: Իտալիայի պատվիրակության անդամ` Լուիջի Կոմպանիան էլ ամերիկյան պատվիրակությանը դիմելով` նշեց, որ պատժամիջոցներ կիրառելով ՌԴ-ի դեմ, ՌԴ-ն էլ` մեր հանդեպ, ԵՄ-ն այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ ժողովրդի ապրուստը վատանում է, վճարունակությունն էլ ընկել է: Մեզ համար կարեւոր էր ԵԱՀԿ-ի ԽՎ-ի առաջին` միջազգային հարցերի եւ անվտանգության կոմիտեի բանաձեւի 32-րդ կետը, որում տրված էր ԵԱՀԿ տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունների լուծման բանալին` տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում եւ կիրառման բացառում, ինչպես նաեւ ժողովուրդների հավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների կիրառմամբ: Հետագայում սա մտավ Հելսինկյան Հռչակագրի  մեջ որպես 45-րդ կետ: Սրան զուգահեռ նշենք, որ Հռչակագրի կոնստատացիայի 4-րդ կետը հիշատակում է միայն ուժի չկիրառում, կիրառման բացառում ու տարածքային ամբողջականություն սկզբունքները: Այս կետը Ադրբեջանի պատվիրակության ներկայացրած բանաձեւից թափանցել էր նաեւ այդտեղ, բայց դրա քննարկման ժամանակ մի կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ: Երբ ես այդ կետի կապակցությամբ հանդես եկա կոշտ քննադատությամբ, ապա Ուկրաինայի պատվիրակությունը ենթադրեց, որ քննադատությունս կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Մինչդեռ այդ բանաձևում խոսք չկար որևէ  հակամարտության մասին: Մի երկու դրվագով խոսվում էր ուկրաինական դեպքերի մասին, իսկ Արցախի մասին խոսք չկար: Ուկրաինական պատվիրակության անդամներից Հանա Հոփկոն անմիջապես ինձանից հետո ելույթ ունենալով ասաց, որ հայ պատվիրակները թող իմանան` 4-րդ կետը ոչ մի աղերս չունի ԼՂ-ի հետ: Հարկ է նշել, որ իմ հաջորդ ելույթում ես հստակ շեշտեցի, որ ԼՂ-ն ինքնորոշվել է ԽՍՀՄ գործող բոլոր օրենքներին համապատասխան, եւ ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում: Հետագայում հռչակագրում, որպեսզի 45-րդ կետի տարընթերցում չլինի, գրեցին վերը շարադրված երեք սկզբունքները, ապա ավելացրին` կոչ են անում Ռուսաստանին չեղյալ հայտարարել Ղրիմի եւ Սևաստոպոլի բռնակցումը: Այսինքն` Հռչակագրում ամրագրվեց, որ ԵԱՀԿ տարածաշրջանում մնացած բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնարար սկզբունքների` տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում եւ կիրառման բացառում, հավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառմամբ, բացառությամբ Ղրիմի հարցի:

– Ռուսաստանը սուր քննադատության ենթարկող հռչակագրին դեմ քվեարկելուց հետո ռուսական մամուլը գրեց, որ Դուք միակն եք, ով պաշտպանել եք Ռուսաստանին:

– Ինչի մասին ես խոսեցի, այդ ամենի տեսագրությունները տեղադրված են ԵԱՀԿ ԽՎ-ի պաշտոնական կայքէջում (oscepa.org): Երբ Հելսինկիում եզրափակիչ պլենար նիստը վարող ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ պարոն Կաներվան հայտարարեց, որ Հելսինկյան հռչակագիրն ընդունված է, ես խոսք խնդրեցի եւ ասացի` չէ՞ որ Հռչակագիրը չդրեցիք քվեարկության, մինչդեռ ցանկացած բանաձև պետք է դրվի քվեարկության: Պարոն Կաներվան դիտողությունն ընդունեց, ապա բանաձևը դրեց քվեարկության: Դեմ միայն ես եմ քվեարկել: Ի դեպ, այդ նիստին մոտ 300 հոգի պատվիրակ կար, որոնց կեսը, ըստ էության, չի մասնակցել հռչակագրի քվեարկությանը:

– Ձեր ելույթներից հետո որոշ լրատվականներ գրեցին, որ Դուք ավելի շատ Ռուսաստանի, քան Հայաստանի շահն եք պաշտպանում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ես խորին շնորհակալություն եմ հայտնում նրանց, քանի որ պրոպագանդեցին Արտաշես Գեղամյանին, ով կարողացավ ԵԱՀԿ ԽՎ-ում միայնակ պաշտպանել մեր գործընկերոջ` Ռուսաստանի շահերը: Դրանով իսկ ի կատար ածվեց այն քաղաքականությունը, որը որդեգրել է մեր իշխանությունը, մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 2014 թ. մարտի 27-ին, երբ Ղրիմի «բռնակցման» հարցը դարձել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկման առարկա, Հայաստանի պատվիրակությունը, ի թիվս տասնմեկ այլ երկրների պատվիրակությունների, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ քվեարկեց այդ բանաձեւի ընդունմանը: Ես հավատարիմ մնացի մեր երկրի որդեգրած այդ քաղաքականությանը, այն է` հավատարիմ դաշնակից լինել թե լավ օրով, թե` վատ, կարողացա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը լսելի դարձնել: Ամիսներ շարունակ երիտասարդ թոշակառուները Մոսկվայում մեծ միջոցներ էին ծախսել` փորձելով համոզել մերձկրեմլյան շրջանակներին, որ ՀՀ-ն, կոպիտ ասած, թռնելու է Ռուսաստանի վրայից, ՀՀ-ի իշխանությունները խաղեր են տալիս ԵՄ-ի հետ: Բայց երբ Հայաստանը Հելսինկիում արտահայտեց իր հստակ դիրքորոշումը, նրանց դիմակը պատռվեց:

 «ԵՍ ԻՄ ԵԼՈՒՅԹՈՎ ՁԱԽՈՂԵՑԻ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՊԼԱՆՆԵՐԸ»

–Որոշ ԶԼՄ-ներ տեղեկություն տարածեցին, որ Դուք Ադրբեջանի բանաձեւին կողմ եք քվեարկել...

– Այդ բանաձեւի քննարկման ժամանակ մի քանի ելույթ եմ ունեցել, ընդ որում` ադրբեջանցիների համար ծանր ու ջախջախիչ, իսկ եվրոպացիների համար ուշագրավ, քանի որ ասել եմ` Հելսինկյան հռչակագրի չորրորդ կետը Ադրբեջանը մտցրել է այն պատճառով, որ «Իսլամական պետության» ահաբեկիչների ամերիկյան եւ կոալիցիոն երկրների օդուժի ռմբակոծություններից հետո էթնիկ ադրբեջանցի իսլամիստ ահաբեկիչները փախեփախ գալիս են Ադրբեջան: Վերջինիս իշխանություններն էլ ցանկանում են այնպիսի տպավորություն ստեղծել, որ խաթարված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ «Իսլամական պետության» ահաբեկիչներին կփորձեն ուղղել դեպի Ադրբեջանի եւ ԼՂ-ի հակամարտության բաժանարար գիծը: Իմ ելույթներից հետո, երբ հարցը դրվեց քվեարկության,  սկզբում հաշվեցին, թե ով է կողմ 20-30 վայրկյան անց` ով է դեմ բանաձեւին: Դեռ չէին հասցրել հաշվել կողմերի թիվն ամբողջությամբ, ես քվեաթերթիկը բարձրացրեցի եւ դեմ քվեարկեցի, ինչը մի քանի վայրկյան զուգադիպեց կողմ քվեարկածների հետ: Քննարկումից հետո Ադրբեջանի ներկայացուցչին զգուշացրեցի, հանկարծ խարդախություն չանեն եւ իմ «դեմ»-ը կողմ չհաշվեն ու շահարկեն: Նա էլ ասաց` ով է հոգեկան հիվանդ, որ մտածի, թե Արտաշես Գեղամյանը կողմ քվեարկի այսքան սուր քննադատական ելույթներից հետո: Բայց քանի որ նա զգաց, որ իր հայտարարությանը թերահավատորեն եմ վերաբերվում, առաջարկեց գլխավոր քարտուղարի տեղակալին` Գուստավո Պալարեսին դիմեմ, ով արձանագրում էր քվեարկության արդյունքները: Վերջինս էլ արձանագրության մեջ հստակ արձանագրեց` Հայաստանը դեմ է քվեարկել Ադրբեջանական բանաձևին, ապա խորհուրդ տվեց հաջորդ իսկ օրը եզրափակիչ պլենար նիստին ելույթ ունենալ եւ կրկին վերահաստատել այդ դիրքորոշումը: Բնականաբար, այդպես էլ վարվեցի: Ադրբեջանցիները, սակայն, ավելի պարկեշտ գտնվեցին (սկզբում գրեցին, որ իբր ես կողմ եմ քվեարկել այդ բանաձեւին, ապա այդ հոդվածները հանեցին լրատվամիջոցներից), քան Հայաստանի երիտասարդ թոշակառուի կողմից ֆինանսավորվող էլեկտրոնային լրատվամիջոցները: Ես իմ ելույթներով ձախողեցի նրանց պլանները: Այդ ուժի կողմից ֆինանսավորվող թերթերն անընդհատ գրում էին, որ Հայաստանը շուտով դավաճանելու է ՌԴ-ին, բայց հանկարծ ճիշտ հակառակն է լինում: Իսկ երբ իրենց դիմակները պատռվեցին, ապա պետք է նման խեղաթյուրված տեղեկատվություն տարածեին:

– Ըստ Ձեզ` որո՞նք են այն շրջանակները, որոնք նման տեղեկատվություն տարածեցին:

– Ռոբերտ Քոչարյանի մանկլավիկները: Բանն այն է, որ ՀԷՑ-ի աուդիտը պետք է արվեր ի սկզբանե: Իսկ եթե սկզբից արվեր, ապա կպարզվեր, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ նա զբաղեցնում էր ՀՀ նախագահի աթոռը, ՀԷՑ-ը 45 մլն դոլարով վաճառվեց «Midland Resources» ընկերությանը, որն օֆշորային գոտում գրանցված կազմակերպություն էր: Մի լումա ներդրում չանելով` մեկ տարի հետո 87 մլն դոլարով ՀԷՑ-ը վաճառեցին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին: Այսինքն` խոշոր չափերի հափշտակություն են արել: Իսկ եթե մի գործ սկսվում է հափշտակումից ու թալանից, ապա այդպես էլ շարունակվում է (այս ամենի մասին ես ժամանակին խոսել եմ): Համոզված եմ` աուդիտը կգա կհասնի ակունքներին: Հիմա բոլոր այն ուժերին, որոնց խոսքը կշիռ ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ ՌԴ-ում, փորձում են արատավորել, նրանց շուրջն այսպիսի ինտրիգներ ստեղծել եւ ապուշ հերյուրանքներ տարածել:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր