ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՊՈԶԻՏԻՎ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է
(Ելույթ «ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ» միջազգային «կլոր սեղանի» ընթացքում)
ք.Մոսկվա, 25 նոյեմբերի, 2014 թ.
28.11-01.12.2014, Իրավունք
Սույն թվի նոյեմբերի 25-ին, Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի նախագահությամբ տեղի ունեցավ միջազգային «կլոր սեղան» «Եվրոպայում ճգնաժամի հաղթահարման ուղիները» թեմայով, որին մասնակցում էին տարբեր երկրների խորհրդարանականներ, առաջատար գիտնականներ ու փորձագետներ, հասարակական քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
Հայաստանի Հանրապետությունից «կլոր սեղանին» մասնակցում էր և ելույթ ունեցավ Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր ընտրված Արտաշես Գեղամյանը:
Ստորև ներկայացվում է այդ ելույթի տեքստը ամբողջությամբ:
– Հարգելի գործընկերներ, նախքան Եվրոպայում վստահության ճգնաժամի հաղթահարման ուղիների մասին իմ պատկերացումն առաջարկելը՝ նպատակահարմար եմ համարում Միջազգային կլոր սեղանի գործընկերներիս ուշադրությունը հրավիրել արդի Եվրոպայի որոշ իրողությունների վրա։ Եվ այսպես, վերջին համաշխարհային տնտեսական համաժողովում, որը տեղի ունեցավ Դավոսում, 2014թ. հունվարի 22-25-ը, ներկայացվեց հետազոտական Edelman Trust Barometer հայտնի ընկերության ամենամյա զեկույցը։ Առանձնակի հետաքրքրություն հարուցեց Edelman-ի PR-գործակալության հատուկ հարցախույզը, որին մասնակցել էին բարձրագույն կրթությամբ 25-64 տարեկան 6 հազար բավական ազդեցիկ անձինք (այսպես կոչված տեղեկացված հանրություն) 27 երկրից։ Այդ հետազոտության համաձայն՝ Եվրոպայում հստակ նկատվում է իշխանության ճգնաժամի և էլիտաներից հուսախաբության միտում. առաջատար շատ երկրներում թե մեկը և թե մյուսները զգալիորեն հեղինակազրկվել են հասարակության աչքում: Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի կառավարությունների հուսալիությունը «տեղեկացված հանրության» կարծիքով ընկել է, համապատասխանաբար՝ 49-ից 32%-ի, 35-ից 24%-ի և 20-ից 18%-ի, իսկ անկումն էլ ավելի մեծ է լայն հասարակայնության ընկալմամբ (33-ից 20%-ի, 21-ից 18%-ի և 19-ից 14%-ի)։ Վստահությունը Լեհաստանի իշխանությունների հանդեպ 30-ից իջել է 19%-ի, Իռլանդիայի իշխանությունների հանդեպ՝ 32-ից 21%-ի։ Իշխանության նկատմամբ վստահության տեսակետից համեմատաբար ավելի պակաս դրամատիկ վատթարացում, բայց և այնպես՝ վատթարացում է դրսևորվել Բրիտանիայում (47-ից 42%), Շվեդիայում (65-ից 63%), Նիդեռլանդներում (62-ից 60%), իսկ Գերմանիան պարզապես վստահության չնչին աճ է գրանցել (48-ից 49%)։ Ոչ միայն իրենց երկրների իշխանությունների, այլև Եվրամիության ինստիտուտների հանդեպ անվստահության և հուսախաբության միտումների կայունությունն իր հաստատումն ստացավ Եվրախորհրդարանի մայիսյան (2014թ.) ընտրությունների ժամանակ։ Այսպես. այդ ընթացքում, օրինակ՝ Բուլղարիայում ընտրողների մասնակցությունը կազմել է 35,5%, Հունգարիայում՝ 28,92%, Լատվիայում՝ 30,04%, Մեծ Բրիտանիայում՝ 36%, Լեհաստանում՝ 22,7%, Սլովակիայում՝ 13%, Սլովենիայում՝ 21%, Խորվաթիայում՝ 25.06%, Չեխիայում՝ 19,5%, Էստոնիայում՝ 36,4%։ Ընդհանուր առմամբ, ԵՄ երկրներում ընտրողների մասնակցությունը կազմել է 43,09%։ Ըստ ընկերության գլխավոր տնօրեն Ռիչարդ Էդելմանի՝ ներկայումս հարցման ենթարկվածների միայն 44%-ն է վստահում կառավարությանը։ Եթե ասվածին հավելենք նաև, որ հինգ տարի առաջ գերմանացիների 56%-ն էր «հակված վստահելու ԵՄ-ին», ապա այժմ նրանց 59%-ը հակված է չվստահելու Եվրամիությանը, Ֆրանսիայում անվստահության աստիճանը 41-ից աճել – հասել է 56%-ի, Իտալիայում ԵՄ-ի հանդեպ անվստահությունը գրեթե կրկնապատկվել է՝ 28-ից հասնելով 53%-ի, Բրիտանիայում անվստահության մակարդակը բարձրացել է 49-ից 69% («The Guardian». Իեն Թրեյնոր՝ «Վստահության եվրոպական ճգնաժամ», 26.04.2013)։ Լոնդոնի և Բրյուսելի հարաբերությունների բարդությունն ավելի խորացավ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ժան-Կլոդ Յունկերի ընտրությունից հետո, որին կտրուկ դեմ էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Ապա և Միացյալ Թագավորության արտգործնախարարի պաշտոնում աննկուն եվրաթերահավատ Ֆիլիպ Համոնդի նշանակումը թույլ է տալիս որոշակի եզրահանգումներ անել, որոնք բնավ էլ եվրոպական երկրների համախմբման օգտին չեն խոսում։
Մենք պետք է, առաջին հերթին, պարզենք, թե ինչ նկատի ունենք, երբ քննարկում ենք Եվրոպայում վստահության ճգնաժամի հաղթահարման ուղիները։ Մի կողմից՝ դա Եվրամիության անդամ պետությունների բնակչության՝ սեփական երկրների կառավարությունների, սեփական էլիտաների հանդեպ վստահության լուրջ ճգնաժամն է, մյուս կողմից՝ տարեցտարի աճող անվստահությունը Եվրամիության ինստիտուտների հանդեպ։ Եվ վերջապես` եվրոպական երկրների կառավարությունների (հարկ է նշել՝ հազվադեպ բացառությամբ) և Եվրամիության ինստիտուտների՝ Ռուսաստանի նկատմամբ անվստահության ճգնաժամ։
Այսինքն՝ այսօրվա «կլոր սեղանի» մասնակիցներն իրավունք ունեն քննարկել՝ 1) Եվրամիության (որը չի վայելում իր քաղաքացիների առնվազն կեսի վստահությունը) երկրների կառավարությունների միջև վստահության ճգնաժամի հաղթահարման, 2) ԵՄ ինստիտուտների (որոնք նույնպես չեն վայելում իրենց ընտրողների վստահությունը) հանդեպ անվստահության հաղթահարման, 3) Ռուսաստանի իշխանությունների հանդեպ ԵՄ անդամ երկրների քաղաքացիների անվստահության (եթե այն կա) հաղթահարման ուղիներին վերաբերող հարցերը։ Վերջին թեզը, ըստ մեզ, բավական վիճելի է։ Վերցնենք թեկուզ վերջերս անցկացված հարցախույզը, որն ուղիղ երկու օր առաջ հրապարակել է ամերիկյան հեղինակավոր «Time» շաբաթաթերթը։ Նախ նշենք, որ այս տարի «Time» շաբաթաթերթի հարցախույզն առաջին անգամ կառուցվել է «զույգերի սկզբունքով»։ Ռուսաստանի նախագահի հետ զույգ է կազմել նրա ամերիկացի պաշտոնակիցը՝ Բարաք Օբաման։ Ներկա դրությամբ (2014թ. նոյեմբերի 24) «Time»-ի ընթերցողների 73%-ը նախապատվությունը տվել է Վլադիմիր Պուտինին, 27%-ը՝ Բարաք Օբամային։ Աշխարհում Ռուսաստանի նախագահի ունեցած բարձր վարկանիշի մասին չարժե կասկածել, և որպես դրա ապացույց կարելի է բերել Եվրոպայի հայտնի սոցիոլոգիական գործակալությունների անցկացրած տասնյակ հարցումների արդյունքները։ Այսպիսով, խոսքը կարող է վերաբերել ԵՄ կառավարությունների, ինստիտուտների և Ռուսաստանի իշխանությունների միջև վստահության ճգնաժամի հաղթահարմանը։
Արդ, մենք իրավունք ունենք պնդելու, որ իշխանությունների, էլիտաների և ԵՄ ինստիտուտների հանդեպ վստահության և դրանց հարուցած հուսախաբության սուր ճգնաժամը, որը, ցավոք, առկա է Եվրամիությունում, հատկապես հրատապ է դարձրել այդ ճգնաժամի հաղթահարման ծրագիր մշակելու անհրաժեշտությունը։ Ընդ որում նշենք, որ որոշակի հեղինակավոր այնպիսի կազմակերպություններ, որոնք մասնագիտանում են սոցիոլոգիական հետազոտությունների ոլորտում, ինչպիսիք են Եվրաբարոմետրը (Eurobarometer), ԵՄ ամենատարբեր համալսարանների սոցիոլոգներին միավորող «Եվրոպական սոցիալական հետազոտությունը» (European Social Survey), փաստում են, որ քաղաքական վստահության և ժողովրդավարությունից բավարարվածության անկում է նկատվում գրեթե ամբողջ Եվրոպայում, իսկ ֆինանսական ճգնաժամը «ոչ միայն խախտել է շատ քաղաքացիների օբյեկտիվ տնտեսական պայմանները, այլև լրջորեն սաստկացրել հասարակության տագնապը երկրի ապագայի նկատմամբ, ընդսմին նման տագնապ են դրսևորում նույնիսկ նրանք, որոնց ուղղակիորեն չեն վնասել անհաջողությունն ու դժվարությունները»։ Եզրահանգումը հետևում է ինքնաբերաբար՝ վստահության ճգնաժամի հաղթահարման համար առաջին պլան է մղվում այն «բազում քաղաքացիների օբյեկտիվ տնտեսական պայմանների» վերականգնման խնդիրը, ովքեր ապահովում են իրենց երկրների դինամիկ զարգացումը։
Հարգելի գործընկերներ, ինձնից առաջ ելույթ ունեցած պրն Ջոն Լոքլենդը՝ Փարիզի Դեմոկրատիայի և համագործակցության ինստիտուտի գիտական հետազոտությունների ղեկավարը, բնութագրելով Եվրամիության երկրների առաջնորդների իրականացրած քաղաքականությունը, շատ պատկերավոր նկատեց, որ իրենք ապրում են ապոկալիպտիկ անուրջների աշխարհում։ Ես մասամբ համաձայն չեմ նրան այն իմաստով, որ իրենց վարած քաղաքականությունն ամենևին էլ անուրջ չէ, այլ հետապնդում է միանգամայն որոշակի նպատակներ։ Բացատրեմ ասածս։ Համաշխարհային պահուստային արժույթների կառուցվածքում ԱՄՆ դոլարի տեսակարար կշիռը կազմում է 61,2%, եվրոյինը՝ 24,4%, բրիտանական ֆունտ սթեռլինգինը՝ 4,0%, ճապոնական իենինը՝ 3,9%։ Եվ ահա, դոլարի գերակշռությունը թույլ է տալիս ԱՄՆ-ի իշխանություններին ամեն տարի զգալիորեն ավելի մեծ գումար ծախսել, քան իրենց արտադրած Համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ)։ Սա որոշակի չափով վերաբերում է նաև համաշխարհային պահուստային արժույթներ թողարկող մյուս երկրներին (ԵՄ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա)։ Արդյունքում՝ օրինակ, եթե ԱՄՆ-ի արտադրած ՀՆԱ-ն կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 22-24%-ը, ապա ամերիկյան քաղաքացիների սպառած ապրանքների և ծառայությունների ծավալը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 30-32%-ը։ Փոքր-ինչ մեղմացված տարբերակով` նման պատկեր է տիրում ինչպես ԵՄ երկրներում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում և Ճապոնիայում։ Դրա համար էլ հնարավոր է դառնում պահպանել այդ երկրների բնակչության բավական բարձր կենսամակարդակը՝ հիմնականում պետպարտքերի չվերահսկվող (մյուս երկրների կողմից, որոնք չեն հանդիսանում համաշխարհային պահուստային արժույթներ՝ ՀՊԱ թողարկողներ) մեծացման հնարավորության շնորհիվ։ Ուրիշ խոսքով` ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի, Եվրոպական Կենտրոնական բանկի, Անգլիայի Կենտրոնական բանկի տպագրական սարքերի անխափան աշխատանքով ապահովվում է ՀՊԱ թողարկող պետությունների բնակչության բարձր կենսամակարդակը։ Այսպիսով, առկա համաշխարհային ֆինանսական համակարգը ամեն գնով պահպանելը բնավ «ապոկալիպտիկ անուրջ» չէ, այլ «Real politic»-ի արտացոլում։ Եվ միանգամայն սպասելի էր, որ հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԲՐԻԿՍ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) ղեկավարները հայտարարեցին իրենց փոխհաշվարկներում աստիճանաբար ազգային արժույթների անցնելու մասին, ապա դա ժամանակի առումով համընկավ Ուկրաինայի ողբերգական իրադարձությունների հետ։ Խիստ անսպասելի սկսեցին կրքեր բորբոքվել նաև Բրազիլիայի նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ հանկարծ ահեղ մրցակից հայտնվեց Բրազիլիայի գործող նախագահ Դիլմա Ռուսեֆի համար։
Համաշխարհային ֆինանսական համակարգի բարեփոխումն օբյեկտիվ պահանջ է, և դա գիտակցում են ոչ միայն ոլորտի ճանաչված փորձագետները, այլև դինամիկ զարգացող տնտեսություններ ունեցող երկրների ղեկավարները։ Ուստի, օրինաչափ է, որ ԲՐԻԿՍ-ի նախագահներն արդեն լրջորեն զբաղվում են ԲՐԻԿՍ-ի զարգացման բանկի և պահուստային արժույթների փուլի (ընդհանուր ֆոնդի) ստեղծմամբ (նշենք, որ ԱՄՆ-ը խոչընդոտում է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ G-20-ի ֆինանսների նախարարների կողմից դեռևս 2010 թվականին հավանության արժանացած բարեփոխմանը)։
Ավաղ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառ դարձած ֆինանսական և պարտքային ճգնաժամը ոչ միայն դեռևս չի հաղթահարվել, այլև մի շարք դեպքերում խորացել է։ Օրինակ, արտարժույթով, ապրանքներով կամ ծառայություններով ոչ ռեզիդենտներին պետական և մասնավոր պարտքի մարման գումարը ըստ ԿՀՎ տեղեկատուի տվյալների (The world Factbook), 2008-2009թթ. համաշխարհային ճգնաժամից հետո անցած ժամանակահատվածում զգալիորեն ավելացել է և 2013թ. հունվարի 1-ի դրությամբ Եվրամիությունում կազմել է 17 տրիլիոն 950 մլրդ դոլար, արտաքին պարտքը ՀՆԱ-ի հանդեպ տոկոսներով 101% է, արտաքին պարտքը բնակչության մեկ շնչի հաշվով՝ 31313 դոլար, Մեծ Բրիտանիայում 2013թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ արտաքին պարտքը հասել է 9 տրիլիոն 959 մլրդ 965 մլն դոլարի, բնակչության մեկ շնչի հաշվով՝ 157640 դոլար, ՀՆԱ-ի հանդեպ տոկոսներով՝ 396%, Գերմանիայում, 2013թ. հունվարի դրությամբ, համապատասխանաբար՝ 5 տրիլիոն, 717 մլրդ դոլար, բնակչության մեկ շնչի հաշվով՝ 70583 դոլար, ՀՆԱ-ի հանդեպ տոկոսներով՝ 159%, Ֆրանսիայում, 2013թ. հունվարի 1-ի դրությամբ, արտաքին պարտքը կազմել է 5 տրիլիոն 371 մլրդ դոլար, բնակչության մեկ շնչի հաշվով՝ 81061 դոլար, ՀՆԱ-ի հանդեպ տոկոսներով՝ 236%, Իտալիայում, 2013թ. հունվարի 1-ի դրությամբ, համապատասխանաբար՝ 2 տրիլիոն 604 մլրդ դոլար, բնակչության մեկ շնչի հաշվով՝ 42217 դոլար, ՀՆԱ-ի հանդեպ տոկոսներով՝ 144%, Իսպանիայում, համապատասխանաբար՝ 2 տրիլիոն 278 մլրդ դոլար, 47719 դոլար և ՀՆԱ-ի 164%-ը, Իռլանդիայում, համապատասխանաբար՝ 2 տրիլիոն 164 մլրդ դոլար, 447777 դոլար, ՀՆԱ-ի 1137%-ը։ Համեմատության համար ասենք, որ Ռուսաստանի արտաքին պարտքը, 2014թ. հունվարի 1-ի դրությամբ, կազմել է 728 մլրդ 859 մլն դոլար, բնակչության մեկ շնչի հաշվով՝ 5073 դոլար, ՀՆԱ-ի հանդեպ տոկոսներով՝ 36%, ՉԺՀ-ում 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ արտաքին պարտքը կազմել է 784 մլրդ 800 մլն դոլար, բնակչության մեկ շնչի հաշվով՝ 579 դոլար, ՀՆԱ-ի հանդեպ տոկոսներով՝ 9%, իսկ ԱՄՆ-ում 2014 թ. Նոյեմբերի 1-ի դրությամբ արտաքին պարտքը կազմել է 17 տրլն 923 մլրդ 777 մլն դոլար, բնակչության մեկ շնչի հաշվով 51245 դոլար, ՀՆԱ-ի հանդեպ` 107 %։ Որպես ելք ֆինանսական ոլորտում ստեղծված վիճակից՝ վերջին ժամանակներս Եվրամիության առաջատար երկրների ղեկավարները, ԵՄ անդամ երկրների բյուջեներում պակասորդի կրճատման կոշտ և հարկային այլ միջոցների հետ մեկտեղ, ավելի ու ավելի մեծ հույսեր են կապում «Տրանսատլանտյան և ներդրումային գործընկերության» մասին համաձայնագրի կնքման հետ, որի շրջանակներում կհիմնվի ազատ առևտրի տրանսատլանտյան գոտի (Transatlantic Free Trade Area, Tafta)։ Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության ստեղծումը, դրա հեղինակների մտահղացմամբ, ուղղվելու է երկու աշխարհամասերի միջև առևտրի իրականացման պատնեշների վերացմանը։ Տրանսատլանտյան ընկերակցությունը թղթի վրա հիանալի տեսք ունի. Եվրամիության ՀՆԱ-ն կավելանա 100 մլրդ դոլարով, ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կաճի մոտավորապես 90 մլրդ դոլարով, ԱՄՆ-ում նաև կհայտնվեն ավելի քան 700 հազար լրացուցիչ աշխատատեղեր։ Բացի այդ, կարգավորիչ արգելքների վերացումը կնշանակի, որ պիտի ավելի էժանանան ապրանքներն ու ծառայությունները։ Թվում է, ամեն ինչ լավ է, սակայն ինչո՞ւ են, ուրեմն, հազարավոր եվրոպացիներ զանգվածային ցույցեր անում Տրանսատլանտյան և ներդրումային գործընկերության համաձայնագրի դեմ։ Այդ համաձայնագրի էության ամենաճշգրիտ բնութագիրը ձևակերպել է էկոնոմիկայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Սթիգլիցը։ Նա վստահ է, որ համաձայնագիրը կգրեն ոչ թե կառավարությունները, այլ արևմտյան խոշոր ընկերությունները, որպեսզի դրա օգնությամբ պաշտպանեն իրենց շահերն ու սահմանափակեն միջազգային առևտրի ազատությունը։ Սթիգլիցի եզրահանգմանը համահունչ գնահատական է առաջադրել «The War on Want» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Ջոն Հիլարին: Հիլարին համարում է, որ համաձայնագիրը խախտում է եվրոպացիների հիմնարար իրավունքները և հանդիսանում է առևտրային համաձայնագրերի՝ այսպես կոչված «նոր սերնդի» մասը, համաձայնագրեր, որոնք ենթադրում են հավսարում մեկ այլ երկրի հետ և հրաժարման փորձ այն գործող կանոնակարգերից ու կանոններից, որոնք այսօր խոշոր բիզնեսին զրկում են ամեն գնով իր շահույթն ավելացնելու հնարավորությունից։ Եթե ասվածին հավելենք նաև այն, որ տրանսատլանտյան գործընկերության գլխավոր նպատակներից մեկը պետսպասարկումների եվրոպական շուկայի բացումն է ամերիկյան ընկերությունների առջև, ապա դա ի վերջո կարող է հանգեցնել դրանց սեփականաշնորհմանը։ Նման հեռանկարը, հասկանալի է, առանձնակի լավատեսություն չի ներշնչում Եվրամիության որոշակի քաղաքական շրջանակների։ Չէ որ այդ համաձայնագիրը կարող է խթանել գործազրկության աճը, ավելին՝ հարվածի տակ դնել Եվրամիության կողմից ընդունված բնապահպանական և սննդային նորմատիվներ։
Այս պայմաններում ծայր աստիճան անլուրջ կլինի կարծել, թե ԵՄ օրակարգում վերջապես հայտնվել է մոտակա հեռանկարում երաշխավորված տնտեսական զարգացման ծրագիր, որը կհանգեցնի եվրոպական հասարակության համախմբմանը, ասել է թե՝ նաև իշխանության և քաղաքական էլիտաների նկատմամբ վստահության ճգնաժամի հաղթահարմանը։
Ըստ երևույթին, այս իրողությունների գիտակցումն է դրդել որոշակի քաղաքական շրջանակների (ըստ իս՝ դրանք հզոր աջակցություն ունեն համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի և խոշոր վերազգային կորպորացիաների կողմից, որոնք փորձում են հասնել ԵՄ-ի հետ Տրանսատլանտյան համաձայնագրի կնքմանը, ինչը նրանց կօժտեր ազգային օրենքներից վեր կանգնած իրավունքներով) հրահրել ընդհանուր թշնամու կերպարի մոդելավորումը։ Եվ ահա շտապ վերակենդանացրին սառը պատերազմի ժամանակների ռուսատյացության, ողջ աշխարհին այսպես կոչված «ռուսական սպառնալիքի» խրտվիլակը։ Այս հապճեպ հնչեցված թեզի շուրջ կրքերի բորբոքումը՝ տեղեկատվահոգեբանական պատերազմի ողջ զինանոցի ու գործիքների կիրառմամբ, ունեցավ իր ներգործությունը, այն է` ոչ միայն երկրորդ պլան մղեց բուն Եվրամիությունում վստահության ճգնաժամը, այլև, ընդսմին, փոխակերպեց դա վստահության ճգնաժամի ԵՄ-ի և Ռուսաստանի միջև։ Վստահության այդ ճգնաժամն արդեն իսկ Եվրոպայում նպատակաուղղված սնուցվում է Ռուսաստանի դեմ Եվրամիության տնտեսական պատժամիջոցներով։ Սույն պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության լեյտմոտիվ ծառայեց Ռուսաստանի մասնակցությունն այն իրադարձություններին, որոնք արդեն շուրջ մեկ տարի ծավալվում են Ուկրաինայում։ Ընդ որում, ամենքը, չգիտես ինչու, միանգամից «մոռացան» պետական հեղաշրջման մասին, որը փաստորեն իրականացվեց այն բանից հետո, երբ ճիշտ մեկ օր առաջ` 2014 թ. փետրվարի 21-ին, Կիևում, ստորագրվել էր Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիրը, որի տակ իրենց ստորագրությունն էին դրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոն («Удар» [«Հարված»] կուսակցություն), Արսենի Յացենյուկը («Բատկիվշչինա» համաուկրաինական միավորում) և Օլեգ Տյագնիբոկը («Свобода» [«Ազատություն»] համաուկրաինական միավորում), ինչպես նաև Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Ռադոսլավ Սիկորսկին, Ֆրանսիայի արտգործնախարարության աշխարհամասային Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար Էրիկ Ֆուրնիեն։ Այնուհետև Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն արդեն ընթանում էին երկրներ կործանող վաղուց փորձարկված, մանրակրկիտ մշակված տեխնոլոգիաներին լրիվ համապատասխան, որոնք իրականացվում էին արտերկրյա սուբյեկտի եռանդուն աջակցությամբ։ Այն, ինչ վերջին ամիսներին տեղի է ունենում Ուկրաինայում, համոզիչ վկայում է, որ այդ երկրում լուծվում են ոչ միայն քաղաքական վերնախավի փոփոխման, ուկրաինական պետականության հաշվին սեփական տնտեսական շահի ապահովման խնդիրներ։ Համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների օրակարգում, աշխարհաքաղաքականության պայքարի շրջանակներում նախատեսված է ոչ միայն Ռուսաստանի թուլացումը, երկրի, որը մինչև վերջին ժամանակներս Ուկրաինայի գլխավոր գործընկերն էր, այլ նաև շատ ավելի վտանգավոր մի նպատակ, այն է՝ փոխել քաղաքակրթական պարադիգման, երբ նույն լեզվով՝ իրենց մայրենի ռուսերենով խոսող մարդիկ ոչ միայն դադարում են հասկանալ միմյանց, այլև հանձինս մեկը մյուսի տեսնում են թշնամու, որին հարկ է սպանել։ Եվ դա արվում է տեղեկատվահոգեբանական պատերազմի մեխանիզմի օգնությամբ։
Ուրեմն ինչպե՞ս հաղթահարել վստահության ճգնաժամը Եվրոպայում։ Թվում է, ամենագործուն միջոցն այն է, որ Եվրոպայի, ԱՄՆ-ի, աշխարհի մյուս երկրների բնակչության լայն շրջանակներին հասցվի այն ընկալելի ճշմարտությունների գիտակցումը, որոնց մասին հստակ արտահայտվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014թ. հոկտեմբերի 24-ին, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի նիստում. «Ռուսաստանն ինքնուրույն երկիր է։ Մենք պիտի աշխատենք արտաքին քաղաքական այն պայմաններում, որոնք ստեղծվել են, զարգացնենք մեր արտադրությունն ու տեխնոլոգիաները, գործենք ավելի վճռական վերափոխումների իրականացման ուղղությամբ, իսկ արտաքին ճնշումը, ինչպես եղել է ոչ մեկ անգամ, միայն համախմբում է մեր հասարակությունը... Ռուսաստանն աշխարհում իր համար որևէ հատուկ, բացառիկ տեղ չի պահանջում։ Հարգելով ուրիշների շահերը՝ մենք պարզապես ուզում ենք, որպեսզի մեր շահերը ևս հաշվի առնեն և հարգեն մեր դիրքորոշումը... Իրական արդյունքը հնարավոր է միայն այն դեպքում, եթե միջազգային կյանքի առանցքային մասնակիցները կարողանան պայմանավորվել հիմնարար շահերի համաձայնեցման, խելամիտ ինքնասահմանափակման շուրջ, ցույց տան պոզիտիվ, պատասխանատու առաջատարության օրինակ...»։
Թվում է, Եվրոպայի ժողովուրդները կգիտակցեն, որ արդի աշխարհում պոզիտիվ, պատասխանատու առաջատարության այլընտրանքը պատերազմն է, որը կարող է վերջինը լինել մարդկության պատմության մեջ։ Եվ սա չափազանցություն չէ։
Արտաշես Գեղամյան
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար