Գեղամյան. «Ավաղ, քաղաքականացվում է ողբերգությունը»
12.07.2012, Առավոտ
Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը «Հարսնաքարի» միջադեպին այսպիսի գնահատական տվեց. «Ուրվագծվում է այն, որ այդ ողբերգությունը, որի մասին շատ խորը գնահատական տվեց Ռուբեն Հայրապետյանը, առանձին քաղաքական ուժեր դարձնում են շահարկումների առարկա»:
Վահե Ավետյանի հուղարկավորության, ակցիաների ժամանակ տեսնելով հայտնի դեմքերին՝ Գեղամյանը հիշել է Պողոս Պողոսյանի սպանությունը. «Չգիտես ինչու, նրա թաղմանը ոչ ոք այդ քաղաքական ուժերի լիդերներից չգնաց ու մոխիր չլցրեց իր գլխին: Ավաղ, քաղաքականացվում է ողբերգությունը: Հասարակ տեխնոլոգիաներ են, ուղղակի զարհուրում ես, թե ինչպես կարելի է դրա վրա դիվիդենդ շահել: Երբ քաղաքական առումով հանրությանը նոր միտք, նոր ծրագիր ասելու չունեն, հարկադրված են նման ստոր գործարքների դիմել: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելուն, Ռոբեն Հայրապետյանը շատ բարձր տղա է, շատ բարձր մարդկային հատկանիշներ ունեցող մարդ է, եւ հիմա չորս կողմից հարձակումներ են գործում, ուզում են գնալ իր օջախի վրա պիկետ անել: Ամեն ինչ կպարզվի, կպարզվեն այն ստորները, որոնք այս ամենը հրահրել են: Ես համերաշխությունս եմ հայտնում Ռուբեն Հայրապետյանին ու ցավակցութունս՝ Վահե Ավետյանի ընտանիքին»:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ինքն անձամբ չգնաց Վահե Ավետյանի հուղարկավորությանը, որովհետեւ այդ թեման շահարկվեց, ոչ մի ՀՀԿ-ական պատգամավոր չէր գնացել՝ նա պատասխանեց, որ «Ցավով եմ ասում, ես անձամբ ծանոթ չէի, չեմ կարծում, որ իմ մասնակցությունը կլիներ անկեղծ: Վիշտը բոլորինս է, բայց շահարկումներ անել հերթական անգամ հեռուստացույցի առջեւ երեւալու, ողբալի դեմքով երկու քայլ անելու ու կես ժամ հետո վետերոկում պիվա խմելու՝ դա իմ ձեւը չէ»: Թե ով է այդպես արել՝ անուններ չտվեց՝ ասելով, որ հետաքննեք՝ իմացեք:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե Շուշան Պետրոսյանի ամուսնու պե՞ս կվարվեիք՝ կսատկացնեի՞ք՝ նա պատասխանեց. «Իմ բանավոր խոսքը շատ ավելի տապալիչ ազդեցություն է ունենում, քան ֆիզիկական հնարավորություններս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ