«Դուխով տղայի խոստովանությունը թանկ արժե»

Կամ Գեղամյանը՝ ՀՀ նախագահների ու պղտոր ջրում ձուկ որսացողների մասին

15.03.2012, Առավոտ

- Բոլոր կուսակցությունները թոհուբոհի մեջ են՝ ընտրացուցակներ են կազմում, մեծամասնականով առաջադրումներն են ճշգրտում. «Ազգային միաբանությունում» «հանգիստ» նստած եք՝ չե՞ք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

- Թվացյալ հանգստություն է: Խաղաղ օվկիանոսն էլ խաղաղ են ասում, բայց ամենաուժեղ փոթորիկները այդ օվկիանոսում են: Մենք բավականաչափ լուրջ վերլուծական աշխատանքներ ենք կատարում: Իսկ ընտրություններին ԱՄ-ն, ինչպես միշտ, աչքի է ընկնելու ոչ թե ճղճղան ասուլիսներով կամ անհասկանալի գաղափարական ուղղվածություն ունեցող հանրահավաքներով, միջոցառումներով, այլ ծրագրային առաջարկներով, որոնք կներառեն մեր կյանքի բոլոր ոլորտները: Թվացյալ հանգստություն է, եւ թող այդ հանգստությունը ոչ մեկին, հատկապես մեր քաղաքական ընդդիմախոսներին, մոլորության մեջ չգցի, որ հանկարծ չհայտնվեն ինքնահանգստացման թմբիրում, որը կարող է հետագայում քաղաքականապես շատ թանկ նստել իրենց վրա:

- Այսինքն՝ կուսակցությունը համամասնական կարգով չի՞ մասնակցելու ընտրություններին:

- Դժվարանում եմ ասել: Մինչեւ ամսի 18-ը դեռ բավականաչափ ժամանակ ունենք: Մեր կուսակցությունն աշխատում է երբեք ու երբեք չդավաճանել ողջամտությանը: Մեր ներկայությունն ԱԺ-ում այսօր պետք է որոշվի՝ ելնելով հայոց պետականության ամենանվիրական շահերից: Կարող է՝ կուսակցությունը ներկայացված լինի ԱԺ-ում, կարող է՝ գործադիր մարմնում, համենայնդեպս, ակնհայտ է, որ կուսակցությունն ունի մարդիկ, որոնք այսօր ավելի քան պահանջված են մեր երկրում, հատկապես այն մեծ խնդիրների լուծման ճանապարհին, որոնց մասին խոսվեց հանրապետության նախագահի կողմից՝ ՀՀԿ 13-րդ համագումարում:

- Հնարավոր է, որ Դուք ներառված լինեք ՀՀԿ համամասնական ցուցակո՞ւմ:

- ՀՀԿ համամասնական ցուցակի հետ կապված հնարավորությունների մասին ձեզ կարող է ճշգրիտ ասել ՀՀԿ նորընտիր գործադիր մարմինը:

- Իսկ նախագահի համագումարյան երկարաշունչ ելույթն ինչպե՞ս եք գնահատում: Ընդդիմության ներկայացուցիչներն ասացին, որ դա ծիծաղելի ելույթ էր, փաստեր չկային եւ ընդդիմադիր գործչին հարիր ելույթ էր:


- Ընդդիմությունն այսօր հայտնվել է մի այնպիսի վիճակում, որ այդ վիճակից, կարծում եմ, ամեն ինչ իրենց ծիծաղելի է թվում: Պետք չէ չարախնդալ, այլ պետք է ըմբռնումով մոտենալ այն հարվածին, որը, դիցուք, ստացավ ընդդիմությունը վերջին հանրահավաքի ժամանակ՝ կողքից նայում էիր, չգիտեիր՝ բեմը ձախի՞ց է, թե՞ աջից. մարդկանց մի մասը հայացքը նետել էր Հյուսիսային պողոտա, մի մասը Օպերայի շենքին էր նայում: Այդ վիճակում հայտնված ընդդիմության որոշակի ներկայացուցիչների մնում է միայն եւ միայն ծիծաղել կամ էլ լալ՝ այն վիճակի համար, որում հայտնվեցին՝ հուսահատեցնելով, հուսախաբելով հազարավոր այն մարդկանց, ովքեր մոլորության մեջ գտնվելով՝ ի դեմս այդ ընդդիմադիրների, փորձում էին տեսնել այլընտրանք գործող իշխանություններին: Եվ սա ես ասում եմ ցավով ու ափսոսանքով, որովհետեւ ՀԱԿ-ում էլ քիչ չեն հայրենասեր գործիչներ:

Ես համաձայն չեմ ձեր «երկարաշունչ» ձեւակերպմանը: Նախագահի ելույթը մի շնչով արտասանված ելույթ էր, որը շատ բազմաբովանդակ եւ բացառիկ էր մի քանի երանգավորումներից ելնելով: Առաջին դեպքն էր, երբ երկրի նախագահը, սթափ գիտակցելով երկրի առաջ ծառացած մարտահրավերները, որոնք մեծապես պայմանավորված են տարածաշրջանում խմորվող աշխարհաքաղաքական բարդ զարգացումներով, կոչով հանդես եկավ՝ իր զինակիցներին եւ գործընկերներին ասելով, որ անհրաժեշտ է փոխվել: Իսկ փոխվելու համար անհրաժեշտ է հավատ ունենալ: Սա բնութագրում է նախագահին՝ որպես լիդերի, որը լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին: Սա խոսում է այն մասին, որ նախագահը բավարարված չէ զարգացման առկա տեմպերով: Եվ որ պակաս կարեւոր չէ, կոչն արվում է ՌԴ նորընտիր եւ ԵԺԿ նախագահների՝ Վլադիմիր Պուտինի եւ Ուիլֆրիդ Մարտենսի՝ ՀՀԿ 13-րդ համագումարին հղած ողջույնից հետո, որոնք շատ բարձր գնահատականի են արժանացնում նախագահին ու իր հենարան ՀՀԿ-ն, մաղթում հաղթանակներ եւ փաստում, որ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն բացահայտ հաջողությունների են հասել գոնե արտաքին քաղաքականության ոլորտում, այն է՝ խորացնելով ռազմավարական գործընկերային հարաբերությունները ՌԴ-ի եւ ԵՄ-ի հետ:

- Սերժ Սարգսյանը չորս տարի նախագահել է. տարակուսանք չի՞ առաջացնում չորս տարիների նախագահությունից հետո հավատալու կոչը:

- Բայց դուք հիշեք մարտի 1-ից հետո, երբ հայը հայի նկատմամբ թշնամաբար էր տրամադրված, երբ հարյուրավոր մարդիկ բանտարկված էին, երբ ատելությամբ էին լցված, երբ արցախյան սահմանագծում դիպուկահարների ամեն մի կատարած սպանությունը դառնում էր շանտաժի առարկա: Սերժ Սարգսյանը կարողացավ հաղթահարել այդ թշնամանքը, հնարավորինս մեղմել այդ ցավը եւ բարոյական կորուստները, եւ մարդիկ կամաց-կամաց դարձան փոխադարձ հանդուրժող: Այդ մթնոլորտի ձեւավորման պարագայում, բնականաբար, նախագահին իմաստնություն էր անհրաժեշտ, որ ասի՝ վերափոխվենք, որ չհասցնենք Հայաստանն էլի այն վիճակին, որին հասցրել էին 2008-ի ընտրությունների նախաշեմին՝ թշնամանքի: Պետք է վերափոխվել նաեւ այն պատճառով, որ այն համակարգը, որը վերջին չորս տասնամյակում ձեւավորվել է աշխարհում, արդեն իսկ ի զորու չէ իր ընդերքում ծնված ճգնաժամերը հաղթահարել, ինչպես ցույց տվեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ համակարգային փոփոխությունների փնտրտուքի մեջ են այսօր թե ԵՄ-ի առաջադեմ երկրները, թե ԱՄՆ-ը, թե ՌԴ-ն… Այնպես որ, միանգամայն արդարացված էր Սերժ Սարգսյանի այն մտորումը, որ մարդն ինքը պետք է վերափոխվի, որ կարողանա իրողություններին բացարձակապես այլ՝ իրատեսական աչքերով նայել:

- Նախագահ Սարգսյանի ելույթում արդյոք նաեւ հանդիմանանք չկա՞ր Ռոբերտ Քոչարյանի հասցեին:

- Բացարձակապես՝ ոչ: Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանը մարդկային հատկանիշներով շատ ավելի բարձր անձնավորություն է: Սարգսյանը քինախնդիր չէ, ներելու ունակություն ունի, իր մեջ մի այնպիսի հետաքրքիր գաղտնիք կա, որ անգամ իսկ մարդ, որն իր նախագահության օրոք ճաղավանդակների ետեւում է հայտնվում, խոսքս «Սասուն» ջոկատի հրամանատար, մեր քաջարի եւ հայրենասեր Սասուն Միքայելյանի մասին է, ով անգամ իր տեսակետից անարդարացի դատվելով եւ նստելով՝ բանտում, բանտարկված վիճակում ասում էր՝ հա, Սերժ Սարգսյանն իմ ընկերն ա: Իսկ նման խոստովանությունը՝ դուխով տղայի խոստովանությունը, թանկ արժե: Երբեք ու երբեք Սերժ Սարգսյանն, իմ կարծիքով, մտքով անգամ չի անցկացրել հանդիմանել Ռոբերտ Քոչարյանին, ուրիշ բան, որ հիմա փորձում են այստեղ էլ թշնամության ծիլեր տեսնել: Պղտոր ջրում ձկնորսների թիվը շատանում է:

ՆԵԼԼԻ  ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր