«Նույն ազնվությամբ եւ նվիրվածությամբ սատարեք Սերժ Սարգսյանին»

Արտաշես Գեղամյանի խորհուրդը՝ Ռոբերտ Քոչարյանին

18.01.2012, Առավոտ

«Բավական է տուրք տանք գավառամտությանը: Պետք չէ ստրկամտություն դրսեւորենք եւ դրսից գործուղված ցանկացած պատգամավորի խոսքին էդ աստիճան կարեւորություն տանք, որ օտարի մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանի Հանրապետությունում, ընդհանրապես, ժողովրդին բոլորից շատ հետաքրքրում է թե Պրեսկոտը ձախ ձեռքո՞վ սեղանին խփեց, թե՞ աջով: Չի կարելի: Անկախ հանրապետություն ենք… Պրեսկոտն եկել է… Հասկացանք: Լա՜վ, էլի: Մենք մեզ չնսեմացնենք ու այդքան չկարեւորենք: ԵԽԽՎ-ի մի անդամ մեծ Բրիտանիան է, մի անդամն էլ Հայաստանի Հանրապետությունն է: Ես չեմ կարծում, որ մեր պատգամավորներից որեւէ մեկը որեւէ մոնիտորինգային խմբով գնա Մեծ Բրիտանիա, ու ընդհանրապես խոսվի, գրվի այդ մասին: Ինչո՞ւ ենք մենք ֆետիշացնում ու իրեն եսիմինչ սարքում»,- երեկ «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի՝ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արտահայտած այն միտքը, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցն «ավելի մեծ հեռանկարի հարց է», հակադարձեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Հիշեցնենք, որ պարոն Գեղամյանի ղեկավարած կուսակցությունը թերեւս այն քիչ կուսակցություններից է, որ միանշանակ չի վերաբերվում մեծամասնական կամ համամասնական ընտրակարգերին: Ըստ ԱՄ-ականների՝ երկու ընտրակարգերն էլ ունեն եւ դրական, եւ բացասական կողմեր: ԱՄ-ում կարծում են, որ համամասնական ընտրակարգով մեծանում է կուսակցությունների դերը, քաղաքական դաշտն է զարգանում, հետեւաբար վերջինս առավելություններ ունի: Բայց, միաժամանակ, գտնում են, որ մեծամասնական ընտրակարգն էլ մարդու սահմանադրական իրավունքի իրացումն է, եւ այն անձինք, ովքեր չեն ցանկանում որեւէ կերպ որեւէ առնչություն ունենալ կուսակցությունների հետ, նույնպես առաջադրվելու իրավունք ունեն: Այս առումով, կարծում են, այս հարցը նաեւ ՍԴ-ի որոշելիք հարց է: Իսկ ընդհանրապես՝ հակված են, որպեսզի նման ճակատագրական հարցերը լուծվեն համաժողովրդական հանրաքվեով:

 

«Առավոտն» Արտաշես Գեղամյանից հետաքրքրվեց՝ արդեն որոշվե՞լ է, թե «Ազգային միաբանությունը» ինչ ձեւաչափով է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ընտրություններին մասնակցելու հաստատ որոշում ԱՄ-ում ունեն, ավելին՝ կուսակցությունը խորհրդարանական ընտրապայքարին գնալու է «խանդավառված»: Մասնակցության նման ձեւը պայմանավորված է, ինչպես կուսակցության ղեկավարն է վստահեցնում, այն լավատեսական ծրագրով, որում, Գեղամյանի համոզմամբ, արտացոլում կգտնեն այնպիսի մոտեցումներ, որոնք մինչ օրս որեւէ կուսակցության կողմից դեռ չեն բարձրաձայնվել: Իսկ թե ինչ ֆորմատով ԱՄ-ն կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ կուսակցությունում քննարկման առարկա կդառնա փետրվարի վերջերին, մարտի սկզբներին: Հարցին՝ հնարավո՞ր համարում եք, որ «Ազգային միաբանությունն» էլ սատարի ՀՀԿ-ին՝ Պարույր Հայրիկյանի գլխավորած ԱԻՄ-ի եւ Խոսրով Հարությունյանի ղեկավարած ՀՔԴՄ-ի նման, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Պատահական չէ, որ դեռեւս 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ իր թեկնածությունն առաջադրեց ՀՀԿ նախագահը, մենք ասացինք, որ ամեն ինչ անելու ենք, որ հանրապետության այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի ծրագրերը կյանքի կոչվեն: Քանի որ պարոն Սարգսյանը մինչ օրս հավատարիմ է մնացել այդ ծրագրերի իրականացմանը, ապա ի՞նչն է փոխվել, որ մենք չշարունակենք սատարել նախագահին՝ իր ծրագրերը կյանքի կոչելու հարցում: Թե ինչ ձեւաչափով՝ ժամանակը ցույց կտա»: Հետաքրքրվեցինք՝ մեր զրուցակցի կարծիքով գործող կոալիցիան կպահպանվի՞ մինչեւ ընտրություններ, թե՞ ավելի վաղ կավարտի իր առաքելությունը: «Պետք չէ այս հարցին կարեւորություն տալ, քանի որ գործող կոալիցիայի երեք կուսակցություններն էլ համապատասխան հայտարարություններով քանիցս հանդես են եկել, եւ ոչ ոք դեռ չի հայտարարել, որ որեւէ սկզբունքային հարցում հիմա արմատական տարաձայնություններ ունի մասնավորապես Հանրապետական կուսակցության հետ: Ուստի, եթե արմատական հակասություններ չկան, ապա արդեն տեխնիկական խնդիր է՝ հիմա՞ դուրս կգան, երկու ամիս հետո՞, թե՞ մինչեւ մայիսի 6-ը դուրս չեն գա: Ուրիշ բան, որ առանձին էլեկտրոնային կայքէջեր թեմա չունենալով՝ անվերջ այդ փաստն են ծամծմում: Ոնց որ Պրեսկոտինը՝ այդ հարցն էլ դարձրել են դարի հարց. միասի՞ն կգնան, թե՞ առանձին… կարեւորը, այս փուլում մենք ասենք՝ երեք կուսակցություններն էլ անփորձանք գնան ընտրությունների, որովհետեւ դրանից մեծապես կախված է Հայաստանի ապագա Ազգային ժողովի կոնֆիգուրացիան, կնշանակի՝ նաեւ մեր ժողովրդի զարգացման հեռանկարային ծրագիրը: Ես երեք կուսակցություններին էլ մաղթում եմ հաջողություն եւ հատկապես Հանրապետականին, որն այս տարիների ընթացքում թերեւս ապացուցեց մի պարզ ճշմարտություն. այս երկրում ինչ լավ բան անում են՝ բոլորը վերագրում են իրենց, իսկ ինչքան բացթողում, թերացում կա՝ Հանրապետականը տղամարդավարի վերցնում է իր վրա: Նման կեցվածքն ինձ շատ հոգեհարազատ է, ուստի իրենց առանձնապես հաջողություն եմ ցանկանում: Ես էլ հետները կլինեմ, թե չէ՝ դա երկուստեք որոշելու խնդիր է»,- ասաց Արտաշես Գեղամյանը:

Իսկ եթե 2013 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրի նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ո՞ւմ կսատարի Գեղամյանը՝ «Առավոտի» հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամեն կերպ կհամոզեմ պարոն Քոչարյանին, բոլոր հասու միջոցներով, որ նման ճակատագրական սխալ չգործի»: Թե ինչ նկատի ունի Գեղամյանը «ճակատագրական սխալ» ասելով՝ պարզաբանեց. «Ճակատագրականը, երբ խոսվում է նախագահի մակարդակով՝ դա երկրի համար է: Նա պետք է սատարի պարոն Սերժ Սարգսյանին՝ այնքան նվիրված, այնքան ազնիվ, որքան Սերժ Սարգսյանը ժամանակին օգնել է Ռոբերտ Քոչարյանին: Ես դրա մասին կարող եմ հանգիստ խղճով հայտարարել, այն պարզ պատճառով, որ 2003 թվականին երբ նախագահական ընտրություններում ես բավականին բարձր վարկանիշով մասնակցում էի, չլիներ Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանի աջակցությունը, լայնախոհությունը, Ռոբերտ Սեդրակիչը դեռ այն ժամանակ անպայմանորեն կտապալեր այդ գործընթացը եւ ստիպված կլիներ միայն ու միայն առանձին էլեկտրոնային կայքէջերի սատարել, անվանարկել, շանտաժի ենթարկել քաղաքական գործիչներին: Հանրությունը լավ գիտի՝ որ կայքէջի մասին է խոսքը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր