ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԳՐԵՍՈ՞Ր Է
«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրինագծի շրջանակներում իսլամական պետությունների այս մեղադրանքին է անդրադառնում «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը:
«Հոկտեմբերի 16-ին Մալազիայում տեղի ունեցավ Իսլամական երկրների համաշխարհային կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում էին 50 երկրների նախագահներ, վարչապետներ և այլ ղեկավարներ,- ասաց Արտաշես Գեղամյանը:- Այդ վեհաժողովում հիմնական զեկուցողը՝ Մալազիայի վարչապետ Մահաթհիր Մոհամմադը քանիցս հիշատակեց իսլամական աշխարհին ապառնացող վտանգների, ինչպես նաև՝ թշնամիների մասին: Դրան հաջորդեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդել Վահիդ Բելկազիզի զեկուցումը, որն առավել կոռեկտորեն բնութագրելով իսլամական երկրներին սպառնացող վտանգները և դրանց ետևում կանգնած երկրներին՝ բավական կոշտ հիշատակեց Հայաստանի Հանրապետությունը՝ վերջինիս մեղադրելով ագրեսիայի մեջ: Իսկ քանի որ բոլոր քննարկումներն ընթանում էին հակաահաբեկչության խորագրի ներքո, փաստորեն՝ Հայաստանը ներկայացվեց իբրև իսլամական աշխարհի համար վտանգավոր այնպիսի երկիր, որն ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի նկատմամբ, ինչի հետևանքով շուրջ 1 մլն ադրբեջանցիներ, ըստ Բելկազիզի՝ ենթարկվել են հարկադրված տեղաշարժի և ներկայումս կրում են լուրջ դժվարություններ: Եվ այս պարագայում ՀՀ ԱԺ-ն քննարկում է «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքը և բացարձակապես անտեսում աշխարհաքաղաքական զարգացումները և նման լուրջ մեղադրանքները, որոնք այդպես էլ մնացել են անարձագանք թե՛ ԱԳ նախարարության, թե՛ նախագահի կողմից: Օրինագծի քննարկումների ժամանակ փորձում էինք ինքնամեկուսանալ և երկրի ներսում սկսել վհուկների հերթական որսը, մոռանալով, թե Հայաստանի պետականությանը հիմնական վտանգները սպառնում են դրսից»:
Մեր համոզմամբ, անարդար են պրն Գեղամյանի մեղադրանքների այն մասը, թե այդ քննարկումների ժամանակ անտեսվել էին աշխարհաքաղաքական իրողությունները: Ընդհակառակը՝ նախաձեռնողներից մեկը՝ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նշեց, թե օրենքը կարևորում են արտաքին ագրեսիայի վտանգի առնչությամբ, և հրատապությունը բացատրեց այն հանգամանքով, որ Ադրբեջանը Հայաստանին ներկայացնում է իբրև ահաբեկիչ: Թեև հարց է՝ ինչպես էլ մեր օրենսդրությամբ սահմանենք «ահաբեկիչ» կամ «ահաբեկչություն» հասկացությունները՝ որևէ ազդեցություն կարո՞ղ են ունենալ Ադրբեջանի կամ իսլամական այլ պետությունների համար: «Կարևորն այն է, որ մեր օրենքները համահունչ լինեն այն ոգուն, որը ձևավորվել է 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո,- ասաց Արտաշես Գեղամյանը:- Այն սկզբունքները և չափանիշները, որոնք միավորել են ԱՄՆ-ին Ռուսաստանի և Եվրամիության, ինչո՞ւ չէ՝ նաև նույն իսլամական աշխարհի շատ երկրների հետ՝ պետք է պարտադիր արծարծվեն նաև մեր «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի մեջ: (Նշենք, որ մեր օրինագծի համար հիմք է ծառայել ԱՊՀ մոդելային օրենքը.- Ա. Ի.): Միայն այս պարագայում կկարողանանք ասել, թե մաս ենք կազմում հակաահաբեկչական այդ հզորագույն դաշինքին և առաջնորդվում վերջինիս որդեգրած սկզբունքներով: Եվ այդ պարագայում՝ ինչ ամբիոնից էլ հնչի ցանկացած հերյուրանք՝ չի գտնի պարարտ հող գոնե երկրի բախտը որոշող հզորագույն պետությունների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Եվրամիության երկրների կողմից: Մինչդեռ քննարկումների ժամանակ այս ամենի մասին բացարձակ ակնարկ իսկ անգամ չեղավ: Ավելի՛ն: Շատ վտանգավոր զուգահեռներ անցկացվեցին, որոնք կարող են զենք դառնալ մեր հակառակորդների ձեռքերում»:
Սակայն իսլամական երկրների յուրաքանչյուր վեհաժողովի ժամանակ էլ Հայաստանին մեղադրում են ագրեսիայի մեջ՝ ինչո՞ւ է հատկապես այս անգամ տագնապում «Ազգային միաբանության» առաջնորդը: «Այս վեհաժողովն առանձնահատուկ նշանակություն ուներ համայն աշխարհի համար,- պատասխանեց պրն Գեղամյանը:- Փաստորեն ականատեսն ենք երկու տարբեր քաղաքակրթությունների մոտեցումների: Եվ այնտեղ առանցքային էր Մահաթհիր Մոհամմադի ելույթը, որը գլխավորելու է այդ կազմակերպությունը: Նա ամբողջ իսլամական աշխարհի համար անցկացրեց բարեկամների և թշնամիների սահմանազատում: Իսկ այդ աշխարհը 50 երկրներ են՝ 1 մլրդ 300 մլն բնակչությամբ: Հիշեցնեմ նաև, որ Հայաստանը շրջապատված է իսլամական աշխարհի 3 պետություններով: Եվ այս պարագայում, երբ այդ կազմակերպության ոչ թե անդամ երկրի՝ ասենք, Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավարն է խոսում, այլ գլխավոր քարտուղարը և հայտնում հավաքական կարծիք՝ բնականաբար, պարտավոր ենք հակազդել, տագնապի շեփոր հնչեցնել և արտահայտել մեր հստակ դիրքորոշումը: Հենց «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի քննարկումը կարող էր նախերգանքը դառնալ մեր համակարգված գործողությունների, ինչը տեղի չունեցավ: Եվ պատահական չէ, որ իմ ելույթում հիշատակեցի, թե վտանգը կարող է դրսից սպառնալ. եթե 50 երկրների անունից ասում են, թե ի թիվս այլոց՝ նաև Հայաստանն է իրենց թշնամին՝ չի՛ կարելի անտեսել և նսեմացնել այս հարցի լրջությունն ու կարևորությունը»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ