ԳԵՂԱՄՅԱՆԻ ՎՐԱ ՄԻ ՓՈՐՁԵՔ ՍՏՎԵՐ ԳՑԵԼ

Ազգային ժողովի մարտի 22-ի նիստում հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոստանդյանը: Հայտարարությունը լայն արձագանք գտավ թե՛ ԱԺ-ում և թե՛ լայն հանրության շրջանում: Պրն Գ. Կոստանդյանը համաձայնեց պատասխանել նաև թղթակցի հարցերին:

25.03.2005

- Պրն Կոստանդյան, վերջերս Ազգային ժողովում Ձեր հայտարարությունը կարծես սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ ազգությամբ հայ օտարերկրյա գործիչների և Հայաստանում նրանց հովանավորների վրա: Որո՞նք էին Ձեր հայտարարության դրդապատճառները:

- Դա պարզապես թեթև զգուշացում էր Կալմիկիայից սենատոր ընտրված ոմն Լևոն Չախմախչյանին և Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին: Ես չէի կարևորի վերջերս մամուլում արված նրանց հայտարարությունները, եթե ակնհայտ չդառնար, որ վերջիններս պարզապես կատարում են պատվեր և բնավ էլ ոչ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, այլ ճիշտ հակառակը, առաջին դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանի, երկրորդ դեպքում՝ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի: Քավ լիցի, ում ուզում են՝ թող գովեն, առավել ևս՝ դրանով նրանց արջի ծառայություն են մատուցում: Սակայն մեզ համար անընդունելի է, երբ չպահանջված սույն սազանդարները փորձում են ստվեր գցել «Ազգային Միաբանության» և նրա ղեկավար Արտաշես Գեղամյանի վրա: Ըստ որում, իրենց գործողություններն այնքան պարզունակ են, որ մնում ես զարմացած՝ մեկի նախագահ լինելու հանգամանքի վրա, մյուսի էլ՝ սենատոր:

- Իսկ ինչո՞ւ են հատկապես հիմա ակտիվացել այդ մարդիկ:

- Օրերս «Միավորված հայեր» կուսակցության «Երիտասարդ քաղաքագետների դպրոցի» և «Փակագիծ» շաբաթաթերթի կողմից Երևանում և մարզերում անցկացվել էր սոցիոլոգիական հարցում, որին մասնակցել էր 812 մարդ: Ուշագրավ է այն, որ սոցիոլոգների այն հարցին՝ եթե գործող նախագահը հրաժարական տա՝ ո՞ւմ կընտրեք նոր նախագահ, հարցման մասնակիցները տվել էին հետևյալ պատասխանը՝ 1. Արտաշես Գեղամյան- (309)- 38,05%, 2. Ստեփան Դեմիրճյան- (106)- 13,05%, 3. Ոչ ոքի, դժվարանում եմ պատասխանել կամ չեմ ցանկանում պատասխանել- (142)-17,49%, 4. Արթուր Բաղդասարյան- (65)- 8%, 5. Տիգրան Կարապետյան- (62)-7,63 %, 6. Արամ Կարապետյան- (29)- 3,57%, 7. Ռուբեն Ավագյան- (27)- 3,33%, 8. Արշակ Սադոյան (16)-1,98%, 9. Աղվան Հովսեփյան-(12)-1,48%, 10. Սերժ Սարգսյան (10)- 1,23%, 11. Լևոն Տեր-Պետրոսյան -(8)-0,99%, 12. Արամ Զավենի Սարգսյան -(6)-0,74%, 13. Հովհաննես Հովհաննիսյան -(5)- 0,62%, 14. Րաֆֆի Հովհաննիսյան-(5)-0,62%, 15. Անդրանիկ Մարգարյան- (4)- 0,49%: Ի դեպ, չմոռանամ ասել, որ հարցման հեղինակները՝ թե՛ «Միավորված հայեր» կուսակցությունը, թե՛ «Փակագիծ» շաբաթաթերթը «Ազգային Միաբանության» հետ որևէ առնչություն չունեն:

Բնականաբար, սա խուճապային լուրջ տրամադրություններ առաջացրեց թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, այն էլ այն շրջանակներում, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ունեն սեփական շահերը և ոչ միայն՝ նյութական: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ ԱԺ նիստում ունեցած ելույթս ամբողջությամբ ներկայացնենք ընթերցողի ուշադրությանը, որից հետո հասկանալի կդառնա ասածիս իմաստը:

«Երբ մարդ բարեգործություն է անում և այդ մասին խոսում է, դա արդեն բարեգործություն չէ, այլ անբարոյականություն, անկախ նրանից՝ Ռուսաստանի սենատոր է, թե խոշոր գործարար. խոսքս Լևոն Չախմախչյանի և Արա Աբրահամյանի մասին է: Լավ կլիներ այդ մարդիկ զբաղվեին՝ մեկը Կալմիկիայի տափաստաններով, մյուսը՝ ռուս-հայկական չլուծված հարցերով և ոչ թե իշխանություններին հաճոյանալու համար Հայաստանի քաղաքական դեմքերի մասին կարծիքներ հայտնեին:

Եթե մարդը 90-ական թվականներին խելացի է եղել՝ խոսքը Արտաշես Գեղամյանի մասին է, որից հետո օրը տասը ժամ աշխատել է իր գիտելիքների զարգացման վրա՝ այդ դեպքում գիտելիքները 2003-2005 թթ. (ի հեճուկս Լ. Չախմախչյանի) ավելացել են: Իսկ որ դուք այդ ընթացքում փող եք աշխատել և սոտլիկ օճառ ձեռք բերել, դա էլ երևում է ձեր հրապարակումներից: Մի փորձեք ցեխ նետել «Ազգային Միաբանության» վրա՝ դրանով փորձելով հաճոյանալ իշխանություններին. էլ վերցնելու հանրախանութ չկա, Մոնումենտի այգու հողերից նվեր ստացել եք, հետո էլ մեր իշխանություններն իրենց քծնողների բիզնեսին չեն կպնում, ձեր ֆիրմային խանութները հանգիստ կաշխատեն: Այնպես որ, հանգստացեք: Մեր Ազգային անվտանգությունը կարծես հավաքագրել է Ռուսաստանի սենատորի, որն ինֆորմացիա է տալիս, որ Մարկովիչին չթողնեն Հայաստան, քանի որ նա Ուկրաինայի և Վրաստանի հեղափոխությունների կազմակերպիչն է: Ի դեպ, ասեմ, որ ժողովուրդը գործ տվողներին ուրիշ անունով է կոչում: Նշված խոշոր գործարար և սենատոր, դուք բարոյական և ոչ մի իրավունք չունեք կարծիքներ ու խորհուրդներ տալու ոչ ընդդիմությանը, ոչ էլ Հայաստանի ժողովրդին, քանի որ պատերազմական, ցուրտ ու ծանր տարիներին Մոսկվայի ձեր էլիտար բնակարաններում վայելքներ էիք անում ու չէիք էլ հիշում, որ կա հայրենիք ու ժողովուրդ, որոնք կարիքի մեջ են, չնայած, երբ սև օրերն անցան, ձեր հարազատները հայտնվեցին Հայաստանում ու գնեցին բարձր պաշտոններ և բիզնես:

Դուք դրսից Հայաստանում իրար հետ ազդեցության ոլորտներ բաժանելու խնդիր ունեք, մեկդ՝ «ալամ աշխարհի հայության» նախագահն է, մյուսդ՝ «Արադես» կազմակերպության, և այդտեղից հոխորտում եք մեր ժողովրդի վրա, որ հեզ ու հնազանդ լինեն կամ էլ առաջարկում եք ազգովի գանք խնդրենք, որ փրկեք Հասարակածային Գվինեայում դժբախտության մեջ հայտնված մեր հայրենակից օդաչուներին: Մեծ ֆանտազիա ունեցող մեր իշխանությունները, որպեսզի ժողովրդին հիասթափեցնեն, որ մեր երկրում իրենցից ավելի խելացի քաղաքական ուժ չկա, ամեն տարի մի ավանտյուրիստ գաստրալյորի դարձնում են կեղծ ընդդիմություն և դնում քաղաքական դաշտում շրջանառության մեջ, վերջում էլ, այսպես ասած, քննչական մեկուսարանով երկրից դուրս նետում: Դրանով փորձելով ցույց տալ, որ երկրում ընդդիմություն չկա: Խորհուրդ կտայի՝ Շահ Աբասի նման դերվիշի շորեր հագնել ու ժողովրդի մեջ շրջել: Կտեսնեք՝ ինչ են խոսում իշխանությունների մասին՝ թեկուզ հենց ձեր պաշտոնյաները: Փորձեք մեկ անգամ մասնակցել «Ազգային Միաբանության» ընտրողների հետ հանդիպմանը և կտեսնեք՝ ընդդիմություն կա՞, թե՞ ոչ: Եթե խելացի եք, բազմիցս ասել ենք, եկեք հեռուստաբանավեճի, ցույց տվեք, որ խելացի եք: Շուրջ երկու տարի է՝ մի հերթական ուրվական է շրջում Հայաստանով՝ Արկադի Վարդանյանի ուրվականը, որին իշխանությունները տարին մեկ դատարկ փուչիկի պես փչում են, որը հետո տրաքում է կամ Փալաքալում, կամ բարիկադների վրա. տեսնենք այս մեկին երբ կուղարկեն քննչական մեկուսարան»: Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ կուզենայի մեկ անգամ ևս հիշեցնել. փորձեր մի կատարեք ստվեր գցել «Ազգային Միաբանության» պատգամավորների և Արտաշես Գեղամյանի վրա: Հիմնավորված հակահարվածը անպայման կստանաք և հիշեք՝ արդարացի հատուցման պահը սարերի հետևում չէ:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր