ՁԵՐ ԱՆՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է

Եվրախորհրդի չինովնիկներին հակադարձում է «Ազգային միաբանության» նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը:

24.12.2005

Ակնհայտ է, որ «Ազգային միաբանությանն» էր վերաբերում Հայաստանի սահմանադրական հանրաքվեն դիտարկող ԵԽ ժամանակավոր հանձնախմբի ղեկավար և զեկուցող Թոմաս Ջիրսայի նախնական զեկույցում առկա հեգնալից ակնարկը, թե հետաքրքիր էր իրենց այցի ժամանակ շրջանառվող «Արևմտյան դավադրության տեսությունը», որ ԼՂ հակամարտության կարգավորման դիմաց՝ Կասպիական վառելիքով շահագրգիռ Արևմուտքը պատրաստ է աչք փակել հանրաքվեի հնարավոր խախտումների վրա. «Ուստի ընդդիմության մի հատվածը գրեթե թշնամաբար էր վերաբերվում պատվիրակությանը և մեղադրում ԵԽ-ին իշխանամետության մեջ»:

Այս վարկածը հրապարակավ հայտնել էր Արտաշես Գեղամյանը, և նրա ղեկավարած խմբակցությունն անգամ հրաժարվել էր դիտորդների հետ հանդիպումից: Այժմ էլ՝ հօգուտ այդ տեսության, պրն Գեղամյանը հիշեցրեց «Նյու Յորք Թայմս»-ում և «Վաշինգթոն Փոստ»-ում Դմիտրի Ռյուպելի հարցազրույցը. «Այստեղ նա ուղղակիորեն ասում է՝ երբեք ու երբեք պետք չէ թույլ տալ, որ վիճակն ապակայունանա թե՛ Ադրբեջանում և թե՛ Հայաստանում: Եվ կեղծված, տապալված հանրաքվեից հետո գրեթե քար լռություն էր տիրել՝ մինչև վերջերս: Ուստի ի՞նչ եզրակացության պիտի գար ընդդիմությունը, մասնավորապես՝ «Ազգային միաբանությունը», երբ արհամարհվում էին ԵԽԽՎ նախագահ Ռընե Վան դեր Լինդենի հորդորները՝ հանրաքվեից դեռ 1,5 ամիս առաջ ուղղված այս իշխանություններին: Նա հորդորեց, թե ընդդիմությունը պետք է հավասար պայմաններ ունենա օգտվելու բոլոր լրատվամիջոցներից, որ իրենք չափազանց են կարևորում տեսակետների ազատ արտահայտման հնարավորությունը: Մինչդեռ «Ազգային միաբանության» և ոչ մի անդամ այդպես էլ չունեցավ գեթ մեկ րոպե հեռուստաեթերով իր կարծիքը հայտնելու հնարավորություն: Քարոզարշավը ընթացավ միակողմանի, ընդդիմության հանդիպումների առջև հարուցվում էին խոչընդոտներ, սակայն Արևմուտքը և ոչ մի կերպ չէր արձագանքում: Եվ եթե տեղերով փոխվենք՝ ինչպե՞ս պրն Ջիրսան կբնութագրեր այն կազմակերպության լիազորների ջանքերը, որոնք լռում էին՝ ունենալով բոլոր լծակները: Մենք չենք ընդունում եվրոպական այն չինովնիկներին, որոնք պատրանք են ստեղծում և ոչ թե հետամուտ լինում իրական ժողովրդավարությանը: Սակայն երբե՛ք առանձին չինովնիկների անբարեխիղճ աշխատանքը, ինչի ականատեսը քանիցս եղել ենք այստեղ՝ չենք վերագրել ողջ Եվրոպայի խորհրդին: Եվ հիմա չակերտների մեջ նշված «տեսության» մասին հիշատակումներն ինձ չեն տխրեցնում, հակառակը՝ ուրախացնում են: Նշանակում է՝ ճիշտ հետևություններ են արել, տեղ է հասել քննադատությունը: Ուրեմն՝ անտարբեր չեն Հայաստանի ապագայի նկատմամբ և իրոք ցանկանում են, որ մեր երկրում հաստատվի իրական ժողովրդավարություն»:

Ակնհայտ է, որ Եվրոպայի խորհուրդը բնավ մտադիր չէ աչք փակել կատարված կեղծիքների վրա: Սրա ապացույցը նաև դիտորդների այս զեկույցն է, որում, հիշեցնենք, նշված է, թե «մարզերի որոշ տեղամասերը և Երևանի՝ գործնականում բոլոր տեղամասերն ապշեցուցիչ դատարկ էին՝ անկախ օրվա այն ժամանակահատվածից, երբ կատարվել է այցը (բացառությունը միայն այն պահերն էին, երբ քվեարկում էին զինվորականները): Պատկերն օրվա ընթացքում շատ կրկնվող էր, որ թույլ տար հավատալ, թե մեծ ակտիվությունը, որի մասին մեզ վստահեցնում էին ընտրական հանձնաժողովների ղեկավարները՝ միշտ լինում է հենց այն ժամանակ, երբ մենք այնտեղ չենք»: Թոմաս Ջիրսան մի օրինակ է մեջբերել, որ վերաբերում է սեփական փորձառությանը Երևանի 06/01 ընտրատեղամասում: Նշում է, թե այնտեղ է ժամանել 18:15-ին, և ընտրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ 1868 գրանցված ընտրողներից քվեարկել են շուրջ 800-ը, մինչդեռ ընդդիմության դիտորդը հայտնել է, թե մասնակցել են 278 հոգի. «Քվեատուփի կիսաթափանցիկ տուփում կարելի էր հստակ տարբերել լցոնված քվեաթերթիկների մեծ քանակ: Ընտրացուցակի ամեն էջում կար ընդամենը մի քանի ստորագրություն: Այն ընթացքում, մինչ մենք զանգում էինք ԿԸՀ, որ հայտնենք խախտման մասին՝ ընտրացուցակը փոխվեց մեկ ուրիշով, որը լեցուն էր ստորագրություններով: Ընտրական հանձնաժողովի նախագահը մեզ թույլ չտվեց, որ հաշվենք դրանք: Շուրջ 2 ժամվա ընթացքում քվեարկելու եկան հազիվ 20 հոգի, և նրանց բոլորին ուղարկեցին հարևանությամբ գտնվող ընտրատեղամաս, որտեղ նրանց անունները գրված էին առանձին ցուցակում: Քվեատուփը բացելուց առաջ ընտրական հանձնաժողովի անդամներն այն լավ թափ տվեցին, որ լցոնված քվեաթերթիկներն այլևս նկատելի չլինեն: Այնուամենայնիվ՝ բացելուց հետո մենք ներսում հայտնաբերեցինք ոչ միայն մեկ, այլ մի քանի նման խմբաքանակներ»:

Նախնական զեկույցում ափսոսանք է հայտնված ընդդիմության դիրքորոշման կապակցությամբ, որն ընտրահանձնաժողովների իր բոյկոտով միայն խոչընդոտեց քվեարկության թափանցիկությանը և հետո էլ բողոքներ չուղարկեց ԿԸՀ-ին ու դատարաններին. «Ժողովրդավարության մեջ տարաձայնությունները չեն կարող լուծվել ամբողջական մերժմամբ և «ինչ լինելու է՝ թող լինի» սկզբունքով. նույնիսկ, եթե ժողովրդավարական գործընթացներն անկատար են կամ անգամ թերի՝ պետք է օգտագործվի իրավական բոլոր միջոցների ամբողջ ներուժը»: Ընտրական հանձնաժողովներից առաջինն իր ներկայացուցիչներին հետ կանչած «Ազգային միաբանության» առաջնորդն ի պատասխան նշեց. «Ցավոք, իրենց այս քննադատությունը բումերանգի պես ուղղված է առաջին հերթին ԵԽԽՎ-ին: Վեհաժողովը պիտի հետևողականություն դրսևորեր սեփական իսկ բանաձևերի կատարման առնչությամբ՝ ասենք, նախագահական ու խորհրդարանական խայտառակ ընտրություններից հետո իշխանություններին տրված հանձնարարականի՝ ընտրակեղծիքների պատասխանատուներին ի հայտ բերելու և պատժելու վերաբերյալ: Ահա այդ ժամանակ, այո՛, տեսնելով, որ ԵԽԽՎ-ն տեր է կանգնում սեփական որոշումներին՝ ընդդիմությունն էլ հետ չէր կանչի հանձնաժողովներից իր անդամներին՝ համոզված լինելով, որ իրենց կողմից բացահայտված թերությունները չեն մնա անհետևանք, ինչպես մնացին 2003-ի ընտրակեղծիքները: Իսկ ընդդիմությունը, մասնավորապես՝ «Ազգային միաբանությունը» երբե՛ք հարվածի տակ չի դնի իր ակտիվին, որին Հայաստանի գլխավոր դատախազը և տարածքային դատախազները ահաբեկում էին՝ սպառնալով, թե կկալանավորեն, եթե չգնան ընտրությունների: Մինչդեռ, երբ կեղծիք է իրականացվել, դրա ներքո կան ստորագրություններ, ու հուշում ենք, թե ընդամենը պետք է կանչել ընտրական հանձնաժողովների անդամներին, հարցաքննել նրանց՝ Աղվան Հովսեփյանը դա որակում է իբրև հետապնդում և իրավագիտության մայր սկզբունքի՝ անմեղության կանխավարկածի ոտնահարում: Այս իրականության մեջ ընդդիմությունն, անշո՛ւշտ, պետք է ինքնաքննադատաբար վերլուծի իր գործողությունները (իսկ ինքներս մեզ քննադատելու բան ունենք շատ հարցերի առնչությամբ), բայց եվրոպացիներն էլ՝ մինչև ուրիշին սովորեցնելը, թող Հայաստանի վերաբերյալ սեփական բանաձևերին գեթ մեկ անգամ հետևողականորեն տեր կանգնեն»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր