«ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ»

01.02.2006

Վանո Սիրադեղյանի այս երկի ազդեցությանն է ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը վերագրում իր անունից արված պնդումը:

Օրերս մամուլում հրապարակվեց, թե Հմայակ Հովհաննիսյանը խոստանում է առաջիկայում քաղաքական դաշտը ցնցել բավականին լուրջ սկանդալային բացահայտումներով, որոնք վերաբերելու են «Ազգային միաբանությանն» ու նրա նախագահին. «Հովհաննիսյանը խոստանում է խոսել միայն ու միայն 100 տոկոսանոց փաստերով: Դա լինելու է Հովհաննիսյանի՝ ինչպես ինքն է ասում՝ քաղաքակիրթ պատասխանը ԱՄ-ի՝ իր հասցեին ուղղված մերկապարանոց հայհոյանքներին»: Սակայն «Ազգային միաբանության» փոխնախագահ Գագիկ Թադևոսյանը մեզ հայտնեց, թե հենց հրապարակման օրը խոսել է Հմայակ Հովհաննիսյանի հետ, ու նա ժխտել է, թե նման հայտարարություն է արել. «Անգամ ասաց, որ եթե որևէ լրագրող դիմի ինձ և հարցնի, թե ի՞նչ սկանդալային բացահայտումներ եք պատրաստվում անել՝ կպատասխանեմ, որ ո՛չ գործ տվող եմ, ո՛չ էլ կոմպրոմատներ տարածող: Եվ կասեմ, որ ընդհանուր առմամբ՝ ես զբաղվում եմ միայն վերլուծություններով»: Մենք Հմայակ Հովհաննիսյանին ուղղեցինք այդ հարցը, թե այդ ի՞նչ սկանդալային բացահայտումներ է անելու և ե՞րբ: Սակայն նրա պատասխանը բոլորովին այլ էր. «Ինձ համար անակնկալ էր այդ հրապարակումը: Դա թերթի ենթադրությունն է: Երևի կարդացել են Վանո Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը» գիրքը, որտեղ նա ասում է, թե Հմայակ Հովհաննիսյանը չափազանց բանիմաց մարդ, քաղաքական գործիչ ու քաղաքագետ է, շատ բան գիտի: Երևի ազդվել են Վանո Սիրադեղյանի՝ իմ մասնագիտական բանիմացության վերաբերյալ այդ գնահատականից և ենթադրել, թե ես կխոսեմ 100 տոկոսանոց փաստերի լեզվով: Երևի այդ ենթադրության համար հիմք է հանդիսացել նաև իմ գործելակերպը, որ երբեք անպատասխան չեմ թողնում որևէ մերկապարանոց մեղադրանք: Բայց այդ հրապարակման մեջ չկա չակերտավորված որևէ բառ՝ իմ ասածի վրա հղումով: Ես այդ ենթադրությունը չեմ մեկնաբանի, քանի որ սովորություն ունեմ չենթարկվել որևէ մեկի հուշումներին, թե ե՛րբ պետք է խոսեմ, ի՛նչ պետք է խոսեմ, ո՛ւմ համահունչ պետք է ձգտեմ արտահայտել իմ մտքերը: Ես երբեք չեմ փորձում համաձայնեցնել կամ կոնյուկտուրայից բխեցնել իմ վերլուծությունների կամ տեսակետների հրապարակման թե՛ ժամանակը, թե՛ բովանդակությունը»:

Իսկ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը թեև երեկ դեռ Լոնդոնում էր, սակայն տեղյակ էր այս պատմության մանրամասներին և ասաց մեզ. «Որոշ մարդկանց հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որ «Ազգային միաբանությունն» այդպես էլ չհայտնվեց իրենց իսկ կողմից դրված ծուղակներում: Եվ ավելի՛ն՝ անցած տարվա իր քաղաքական վարքագծով ժողովրդին ապացուցեց, որ ի դեմս այս կուսակցության՝ կա բավական լուրջ քաղաքական ուժ, որը կարողանում է այս խառնիճաղանջ քաղաքական ներկապնակում հստակ տանել իր քաղաքականությունը՝ բացահայտելով իշխանության մեջ հայտնված բանսարկուների դավադրությունները, որոնք ցանկացած օրինապաշտ երկրում իրենց ծառայողական պարտականությունները հանցավոր կերպով ձախողելու համար անփառունակ հեռացված պետք է լինեին իրենց պաշտոններից, իսկ անաչառ գնահատականի դեպքում՝ հայտնվեին ճաղավանդակների ետևում: Չստանալով արժանի գնահատականը և պատիժը՝ նրանք փորձում են քաղաքական լուրջ բանավեճերը տեղափոխել իրենց համար հոգեհարազատ քաղաքական ղումարբազության ոլորտ: Վերջիններիս ուզում եմ հիշեցնել ավստրալիացի աբորիգենների հայտնագործած հնարքը, այն է՝ բումերանգը, որը վերջիվերջո հարվածում է ճիշտ այն նույն մարդու գլխին, որի ձեռքից արձակվել է այն»: Էմիգրանտների նկատմամբ Նիդեռլանդների կառավարության քաղաքականության շուրջ ԵԽԽՎ քննարկումներում Արտաշես Գեղամյանի հունվարի 26-ի ելույթի (նա խոսել էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մեր հուշարձանները ոչնչացնելու մասին.- Ա. Ի.)՝ հաջորդ օրը, ըստ ԱՄ ղեկավարի՝ «հույն պատվիրակներից մեկը զգուշացրեց, որ ազերիները և թուրքերը լուրջ «անակնկալ» են մատուցելու ինձ: Եվ հետաքրքրականն այն է, որ ասացին, թե ամենաանսպասելի տեղից եմ ստանալու այդ «անակնկալը»: Զգուշացումների հիմնավորվածությանը երկար սպասելու առիթ չունեցա՝ հրապարակ իջեցվեց ի սկզբանե իր ճիզվիտությամբ առանձնացող և իրականությանը չհամապատասխանող այն թեզը, թե առաջիկայում «Ազգային միաբանությանը» սպասվում են սկանդալային բացահայտումներ: Հաշվարկը շատ պարզ է՝ ստվեր գցելով մեր կուսակցության վրա, հնարավորինս թուլացնել այն լուրջ մեղադրանքները, որոնք իմ կողմից հնչեցին ԵԽԽՎ ամբիոնից: Իսկ թե ո՞ւմ է ձեռնտու դա՝ թող վերլուծի և դատի մեր ընթերցողը»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Պահպանելու ենք պրն Հովհաննիսյանի հետ զրույցի ձայնագրությունը, որ նա հանկարծ չհայտարարի, թե իր խոսքերը Վանո Սիրադեղյանի «Ափսոս էր երեխան» պատմվածքից մեր տպավորության հետևանքն են:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր