«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է...

Բարձրաստիճան կոռուպցիոներների խրախճանքը

Հարգելի գործընկերներ, օրերս հանրապետության Գլխավոր դատախազը մամուլի ասուլիսում անդրադարձ կատարեց ս/թ հունվարի 15-ի իմ հայտնի հայտարարություններին (խոսքը Գագիկ Ծառուկյանի դեմ Սաշիկ Սարգսյանի կազմակերպած մահափորձի մասին է): Ցավոք, պարոն Աղվան Հովսեփյանը համեստորեն լռեց և չհիշեց իրեն ուղղված 7 էջանոց իմ դիմումը, որը գիտակցաբար, բաց նամակի տեսքով կանխավ հրապարակել էի մամուլում: Չհիշատակեց նաև այն, որ այս դիմումին կցել էի գրավոր 13 տարբեր նյութեր, որոնք վերջին երկու տարիների ընթացքում զետեղվել էին հայաստանյան մամուլում, և որոնք վերստին ապացուցում էին ասուլիսի ժամանակ իմ հնչեցրած բոլոր պնդումների հիմնավորվածությունը: Թերևս, եթե դրանց նման անդրադարձ կատարեր պարոն Հովսեփյանը, ապա զերծ կպահեր հայտնի մարդկանց այն գայթակղությունից, որ զավթելով հեռուստաեթերը, ասես թե, գավառական անսլուխ դամքյաշի նման եթերից փուչիկներ փչեն: Եվ զարմանք է հարուցում այն, որ դեռ հոխորտում են այն իշխանավորները, վարչակազմի այն ներկայացուցիչները, որոնց բնութագիրը վերջերս տպագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան» հեղինակավոր կազմակերպության հավատարժան զեկույց-հարցախույզում, որը կատարվել էր 2006 թ. նոյեմբեր-դեկտեմբերին: Ի՞նչ է գրված այս զեկույցում. «Ինչպե՞ս կգնահատեիք կոռուպցիայի տարածվածության աստիճանը հետևյալ պետական կառույցներում» հարցմանը տրվել է հետևյալ պատասխանը. «ՀՀ նախագահ»՝ 75,4%-ը համարում են այդ համակարգը շատ կոռումպացված, կոռումպացված և մասամբ կոռումպացված, «ՀՀ նախարարներ»՝ 93,7%-ը համարում են շատ կոռումպացված, կոռումպացված և մասամբ կոռումպացված: Իսկ թե ո՞վ է սուպերնախարարը և դիրիժորը, բոլորս գիտենք: Եվ, վերջապես, հարցվածների 84,8%-ը «ՀՀ դատախազությունը» համարում է շատ կոռումպացված, կոռումպացված և մասամբ կոռումպացված: Այս վերջին թվերը ինձ զարմացնում են, խոսքս դատախազությանը վերաբերող թվերի մասին է, որովհետև այդ մարդիկ, ինչպես բոլորս գիտենք, հիմնականում ծառատունկով ու շուրջպարերով են զբաղված: Թե ե՞րբ հասցրին դրանից դուրս էդ կարճ ժամանակում կոռումպացված և շատ կոռումպացված լինել, դա էլ թողնում եմ հետազոտողների խղճին:

Ավարտելով խոսքս, ես էլ իմ կողմից ասեմ. համբերատար սպասում եմ դիմումիս մեջ շարադրված հարցերին վերաբերող Գլխավոր դատախազի պաշտոնական բացատրություններին: Բացատրությունները ստանալուց հետո կրկին կասեմ, թե ովքեր են մեր երկիրը կործանողները, ովքեր են թալանչիները և առաջիկայում ովքեր են լինելու փուչիկի պես պայթողները: Եվ այդ գործում, բնականաբար, մենք նրանց կաջակցենք:

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար
6 փետրվարի 2007 թ.

Ովքեր մտահոգ են մեր ժողովրդի և մեր երկրի ապագայով

«Ազգային միաբանություն կուսակցության» դիմումը ԵԱՀԿ, Եվրախորհրդի և ԱՊՀ անդամ երկրների դեսպաններին

Հայաստանի Հանրապետության իշխանությունները արդեն իսկ քաջալերում են գործող օրենքները և հատկապես Ընտրական օրենսգիրքը ոտնահարողներին:

Այսպես, դեռ նախընտրական գործընթացը չսկսած՝ պարոն Քոչարյանը իշխանամետ երեք հեռուստաալիքներով, ըստ էության, իր հովանու ներքո վերցրեց այն կուսակցություններին ու անհատներին, որոնք բնամթերքի տեսքով մեծածավալ ընտրակաշառք են բաժանում, անվճար ճաշեր հրամցնում սովի մատնված, մուրացիկի կարգավիճակի հասցված հայ մարդկանց: Իսկ ժողովրդին ստորացնող այս երևույթները ցինիկորեն ժամերով լայնորեն պրոպագանդվում է ԶԼՄ-ներով:

Իշխանական լրատվամիջոցներով թմբկահարվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ընտրական ռեգիստրի» կազմավորման հարցը, սակայն այդպես էլ գաղտնի են պահվում Հայաստանի ընտրողների քանակի բացված թվերը: Դրա հետ մեկտեղ, շուրջ 4 տարի է, ինչ արգելք է դրված Հանրային հեռուստատեսությամբ «Ազգային Միաբանության» և հատկապես Արտաշես Գեղամյանի ելույթների վրա:

Տագնապ է հարուցում նաև այն, որ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի կողմից ուղղորդվում է առաջիկայում հեռուստատեսության վճարովի եթերաժամի գների աննախադեպ աճը: Փորձ է արվում, որ հեռուստաեթերից ելույթ ունենալը հասու լինի միայն ու միայն ՀՀ նախագահի և կառավարության հենարանը հանդիսացող քաղաքական կուսակցությունների քողի ներքո, իշխանությունը վերարտադրել ցանկացող քրեածին օլիգարխիկ ուժերի համար, որոնց բնութագիրն անկողմնակալ տրված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Հայաստան» հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպության 2006թ. ամփոփագիր զեկույցում: Համաձայն այդ զեկույցի՝ Հայաստանի նախագահական կառույցը 77,4%-ով, կառավարության՝ 89,8%-ը, դատախազության՝ 84,8%-ը շատ են կոռումպացված, կոռումպացված են կամ մասամբ են կոռումպացված:

Ահա այսպիսին է մեր երկրի իշխանությունների այսօրվա անկողմնակալ գնահատականը: Գիտակցելով երկրում ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը և հայոց պետականության վրա ծառացած վտանգը՝ «Ազգային Միաբանություն կուսակցությունը» դիմում է ԵԱՀԿ-ին, Եվրախորհրդին, ԱՊՀ անդամ երկրների մեր դաշնակիցներին և Հայաստանում հավատարմագրված նրանց դեսպաններին՝ խորհրդարանական առաջիկա ընտրությունների վերահսկման նպատակով երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնել ընտրական գործընթացի ողջ ժամանակահատվածում:

Այս խնդիրն առավել կարևորում ենք, քանի որ, ինչպես վկայում են սոցիալական հարցումների գործում մասնագիտացած հեղինակավոր կենտրոնների վերլուծությունները, մեր ազգաբնակչության 97,6%-ը համոզված է, որ Հայաստանում օրինականության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթ նախապայմանն է ազատ, արդար ընտրությունների անցկացումը:

«Ազգային Միաբանություն կուսակցությունը» հարյուր-հազարավոր անդամների և համակիրների հետ հայտնում է իր պատրաստակամությունը՝ լինել այդ պայքարի առաջատար դիրքերում՝ ամեն կերպ սատարելով բոլոր նրանց, ովքեր մտահոգ են մեր ժողովրդի և մեր երկրի ապագայով:

ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության քարտուղար
6 փետրվարի 2007 թ.

Երկիրս այս վիճակին հասցնողներդ, դեռ երես ունեք երևալ ժողովրդին…

Որպես հայ մարդ, ցասում եմ արտահայտում այն բանի դեմ, որ իմ երկրում արդեն քանի տարի է՝ մի խումբ մարդկանց շահերը գերադասվում են մեր ամբողջ ազգի շահերին: Պարոնայք Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք Հայաստանում իշխանությունը պահելու համար քանիցս ոտնահարել եք մարդու իրավունքները, կեղծել ընտրությունները՝ մեր հայրենիքը տանելով կործանման:

Դուք Հայաստանում ստեղծել եք մի մթնոլորտ, երբ անվանի մտավորականները, գիտնականները, մանկավարժները, գրողները, արվեստագետները մեկուսացվել են, հեռացվել են ազգս առաջնորդելու իրենց սուրբ առաքելությունը կատարելուց: Սեփական ժողովրդին հպատակեցնելու, ծնկի բերելու նպատակով վախի և սպառնալիքի մթնոլորտ սերմանելով՝ դուք կոտրում եք հայի ոգին, ազգը բաժանել եք յուրայինի և ոչ յուրայինի: Ձեր ջանքերով երկրում արհամարհվում են առողջ ու համարձակ միտքն ու նրա կրողները: Թալանչու, կոռումպացվածի հոգեբանությամբ կառավարվող մեր երկիրը չի կարողանում ոտքի կանգնել, առավել ևս դիմակայել տարածաշրջանային մարտահրավերներին:

Դատապարտում եմ ձեզ, որ մեծ զոհողությունների գնով անկախություն ձեռք բերած Հայաստանը գցել եք կարիքի, հուսալքության մեջ՝ դատարկելով հայոց մեծ տունը: Բանվորին օտարել եք գործարանից, գյուղացուն՝ հողից, գիտնականին՝ գիտությունից, մանկավարժին՝ դպրոցից: Արցախյան հերոսամարտում հաղթած, մեծ զրկանքներով ու զոհողությամբ անկախություն ձեռք բերած ժողովուրդը հանրապետությունից փախչում է՝ ասես համաճարակից: Դուք եք մեղավորը, որ վաստակած հանգստի անցած տարեցները միայն դրսից ստացվող օգնությունների հաշվին են կարողանում մի կերպ քարշ տալ իրենց գոյությունը: Այս անկուշտները դոլար-դրամ փոխարժեքի վայրիվերումներից հիմա էլ անարգել մտել են օտարության մեջ հարազատներին օգնություն ցույց տվողների գրպանը: Այս մարդկանց հաշվին է, որ իշխանությունը զավթած մի խումբ թալանչիներ ժողովրդից կեղեքած միլիոնները շարունակում են կուտակել արտասահմանյան բանկերում կամ մսխում են կազինոներում:

Երկրում կատարված ալան-թալանի, սպանությունների, կոռուպցիայի, կաշառակերության և մյուս հանցագործությունների մասին «Ազգային Միաբանության» պատգամավորներս, հատկապես Արտաշես Գեղամյանը, նաև այս ամբիոնից բազմիցս փաստարկված քննադատության ենք ենթարկել իշխանավորներին: Հիմա էլ զգուշացնում ենք. մոտենում է հատուցման պահը և վարչակազմը ժողովրդին պատասխան է տալու կատարված հանցագործությունների համար:

Պարոնայք Քոչարյան և Սարգսյան, մնում եմ զարմացած, որ դուք՝ երկիրս այս վիճակին հասցնողներդ, դեռ երես ունեք երևալ ժողովրդին, ցուցադրաբար փորձելով օգնության փշրանքներով թոզ փչել մարդկանց աչքերին: Դուք այդպես էլ չճանաչեցիք մեր ժողովրդին, մնացիք օտար: Եվ եթե մտածում եք ընտրակաշառքով կամ էլ ընտրակեղծիքներով նորից պահել ձեր իշխանությունը, ապա սին հույսեր եք փայփայում. թույլ չենք տալու:

Սիրելի՛ ժողովուրդ, «Ազգային Միաբանությունը» այսօր, առավել քան երբևէ, ուժեղ է և կոչ է անում ձեզ չընկնել այս ապօրինի իշխանությունների լարած որոգայթները, միաբանվել, հավատալ սեփական ուժին: Համախմբվենք և միասնական գնանք ընտրությունների ու համարձակորեն տեր կանգնենք մեր հաղթանակին:

ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության անդամ
6 փետրվարի 2007 թ.

Կան նաև ժողովրդական ազդեցիկ այլ պատժամիջոցներ ու պատժաձևեր

Ներկա և նախկին իշխանություններին ծառայող ո՛ր լրագիրը թերթում ես, ո՛ր հեռուստաալիքը դիտում ես, բոլորը գեղամյանացավ են կպած, գնված քաղաքական դրածոների միջոցով փորձում են ցեխ շպրտել «Ազգային Միաբանության» և հատկապես Արտաշես Գեղամյանի վրա: Սրանով իշխանությունները հերթական անգամ ցույց են տալիս իրենց սնանկությունը և նենգությունը:

Հասկանալի է, թե ինչու են կատաղի պայքարի դուրս եկել հենց «Ազգային Միաբանության» դեմ, քանի որ քաղաքական այս ուժն է, որ հաստատակամ ասում է. թույլ չենք տա, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունները նախորդ ընտրությունների նման կեղծեք, այն դարձնելու ենք արդար և ազնիվ, իսկ մեր թույլ չտալը՝ ով ոնց ուզում է, թող այդպես էլ հասկանա:

Չենք մոռացել, թե ինչպես Արմավիրում ընտրատեղամասերից գողացան քվեարկության արկղերը, առավոտյան դզած ետ վերադարձրին և անպատիժ մնացին:

Չենք մոռացել, թե ինչպես էջմիածնում «Ազգային Միաբանության» օգտին քվեարկած քվեաթերթիկները յուրացվեցին իշխանությունների կողմից: Վերջ ենք դնելու բազմաթիվ այլ ընտրական հանցագործություններին, որոնք դեռ անպատիժ են մնացել, բայց մոտ ապագայում տալու ենք դրանց իրավական լուծումները:

Իշխանությունները մարդկանց մոլորեցնելու հիմա էլ մի նոր ձև են գտել. մի կողմից հրապարակայնորեն հայտարարում են, թե ընտրությունները լինելու են արդար, մյուս կողմից իրենց յուրայինների միջոցով տարածում են, թե իշխանությունների դեմ խաղ չկա: Փորձ է արվում ժողովրդի մեջ հուսահատության և վախի մթնոլորտ սերմանել, կոտրել հավատը սեփական ուժերի նկատմամբ: Մեկ անգամ ևս զգուշացնում ենք. վերջացրեք ձեր ավանտյուրաները և հարամությունները, որոնցով մեր երկիրը աղետալի վիճակի եք հասցրել:

Հաճախ հեռուստաալիքներով տեսնում ենք ձանձրույթ առաջացնող դեմքեր, ովքեր փորձում են ժողովրդին համոզել, որ Ընտրական օրենսգիրքը բարեփոխվել է, Քրեական օրենսգրքում 4 հոդված է ավելացել ընտրախախտումների վերաբերյալ և խստացվել են պատժամիջոցները՝ տուգանքից դարձրել են ազատազրկում: Էդ իշխանությունները ե՞րբ չեն ասել, որ ազնիվ ընտրություն է լինելու, բայց միշտ էլ կեղծել են կամ մինչ օրս ո՞ր կեղծարարին պատժեցին թեկուզ տուգանքով, որ հիմա էլ ազատազրկեն:

«Ազգային Միաբանությունը» դիմում է բոլոր գյուղապետերին, թաղապետերին, քաղաքապետերին. մի կապեք ձեր ապագան այս հանցավոր իշխանությունների հետ, գալու է հատուցման պահը և մենք ազատվելու ենք երկիրը կոռուպցիայի մեջ թաթախած այս իշխանավորներից: Զգուշացնում ենք ընտրակեղծիքների մասնագետներին՝ հանկարծ նորից բախտներդ չփորձեք, իմացեք, բացի քրեական պատասխանատվությունից կան նաև ժողովրդական ազդեցիկ այլ պատժամիջոցներ ու պատժաձևեր:

«Ազգային Միաբանությունը» կոչ է անում մեր ժողովրդին մայիսի 12-ին երկրի տիրոջ իրավունքով համարձակորեն գնալ ընտրության և ընտրել սեփական խղճի մտոք ու ցանկությամբ: Համոզված եղեք, որ բոլորիս եզակի հնարավորություն է ընձեռված կերտելու մեր ու մեր երեխաների ապագան: Մենք էլ մեր կողմից ձեր ձայներին տեր կկանգնենք՝ ինչ գնով էլ, որ լինի: Եվ այս հույժ կարևոր գործում պատրաստ ենք համագործակցել ընտրակեղծիքներով չարատավորված քաղաքական բոլոր ուժերի ու պատգամավորության թեկնածուների հետ:

ԳԱԳԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության անդամ
6 փետրվարի 2007 թ.

Կեղծարարի ձեռքը բռնելը բոլորիս պարտականությունն է

Որքան կարճ ժամանակ է մնում մինչև ընտրությունները, այնքան անհանդուրժող և անբարո մեթոդների կողքին լսում ես իշխանությունում վերարտադրվելու համար պայքարողների կողմից արդար ընտրությունների մասին աներևակայելի խոստումները:

Արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին յոթհարկանի երդումներ են տալիս նույնիսկ խրոնիկական կեղծարարները, մարդիկ, ովքեր ոչ միայն ընտրակեղծիքների մեծ ու փոքր մշտական կազմակերպիչներ են եղել, այլև երբեմն էլ սեփական թեթև ձեռքերով են իրականացրել քվեաթերթիկների բազմահազարանոց լցոնումներ, ընդ որում՝ 1995թ. խորհրդարանական ընտրություններից սկսած և վերջացրած 2005թ. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով: Այս տեսակի մարդկանց նպատակները ինքնին հասկանալի են. իրենց հավաստիացումներով և հավատ չներշնչող խոստումներով փորձում են անցյալի կեղծարարությունները չկրկնելու բարի կամքի դրսևորողի կեցվածք ընդունել միջազգային կազմակերպությունների աչքերում, ձեռքի հետ էլ բթացնել հանրության զգոնությունը:

Միանգամայն հասկանալի է, երբ ռեալ իշխանություն ունեցող բազմափորձ ընտրակեղծարարները խոստանալով ընտրություններն այլևս չկեղծել՝ համեմատվում են «իդիոտի կամ տականքի» հետ: Սակայն այս տեսական դրույթը, կարծում ենք, կապ չունի մեր հայրենական կեղծարարների հետ, որովհետև մերոնք «իդիոտ» չեն, սրանք «նաղդ գցող են ու խաբող»:

Միևնույն ժամանակ, հասկանալի չեն ընդդիմադիր դաշտի առանձին գործընկերների կողմից մեկընդմեջ հնչեցվող այն տեսակետներն ու կարծիքները, թե միևնույն է՝ իշխանությունները կեղծելու են կամ թե գալիք ընտրություններն արդեն իսկ կեղծվել են: Ճիշտ է մի բան. եթե թույլ տանք, իհարկե, կկեղծեն, հո «իդիոտ» չե՞ն: Այսինքն, չուզենալով իսկ՝ նրանք ակամայից օգնում են, որ հասարակության մեջ սերմանվի պարտվողական տրամադրություններ: Փաստորեն, անտեսում են, որ այս պարագայում շարքային ընտրողը կմտածի. եթե ընդդիմությունը համոզված է, որ ընտրությունները կեղծվելու են, ապա էլ ի՞նչ իմաստ ունի այդպիսի ընտրությունների գնալը:

Մեր կարծիքով, առանց այն էլ զզված, հիասթափված ու հուսալքված ժողովրդի հետ նման վերաբերմունքն անթույլատրելի է: Ընդհակառակը, մենք՝ Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ, ողջ «Ազգային Միաբանություն»-ով կոչ ենք անում ժողովրդին ինքնակազմակերպվել և ընտրություններին ակտիվ մասնակցել: Դրա հետ մեկտեղ, անչափ կարևորում ենք բոլոր մակարդակների հանձնաժողովներում ընդդիմության համագործակցության ուժեղացումը: Ընտրությունների ավարտից անմիջապես առաջ բոլոր ընտրատեղամասերի դիմաց հավաքելու ենք մեր կուսակիցներին ու համակիրներին և պահանջելու ենք քվեների թափանցիկ՝ ճշգրիտ հաշվարկ: Այլապես, արդար ընտրությունների մասին օրական տասն անգամ էլ երդում տալու դեպքում, ընտրությունների արդյունքները կեղծելու պատեհ առիթը, ինչպես ասացինք, նրանք բաց չեն թողնելու: Միաժամանակ, ակտիվորեն համագործակցելով դիտորդական զանազան առաքելությունների հետ, չպետք է մոռանանք, որ հույսներս մեր ու մեր ժողովրդի վրա պետք է դնենք: Ուրեմն, առաջ դեպի ընտրություններ՝ մեր քվեներին տեր կանգնելու վճռականությամբ, այլ ոչ թե լալու՝ թե էլի կեղծելու են:

Հաջողության երաշխիքն ընտրություններին ակտիվ մասնակցությունն է, կեղծարարի ձեռքը բռնելու բոլորիս պարտականությունը:

ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆ

ԱԺ «Ազգային Միաբանություն» խմբակցության անդամ

6 փետրվարի 2007 թ.

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր