ԳԵՂԱՄՅԱՆՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԷՍՏՈՆԻԱՅԻՆ

27.02.2007թ.

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը երեկ Վիեննայում երկու ելույթ է ունեցել: ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերի կոմիտեում իրենց ելույթներում Ռուսաստանի Պետդումայի նախագահի տեղակալ Լյուբով Սլիզկան և պատվիրակության անդամ Վլադիմիր Կուլակովն անդրադարձել են Էստոնիայի խորհրդարանում քննարկվող՝ անհայտ զինվորի շիրիմի տեղափոխման հարցին: Եվ Արտաշես Գեղամյանն էլ է ելույթ ունեցել այդ հարցի կապակցությամբ. «Մասնավորապես ասացի, թե ինձ համար փոքր-ինչ տարօրինակ է, որ այս հարցն արծարծում է միայն ու միայն ՌԴ պատվիրակությունը: Չէ՞ որ այդ անհայտ զինվորը կարող էր ազգությամբ հայ լինել, քանի որ հարյուր-հազարավոր հայեր չեն վերադարձել Հայրենական մեծ պատերազմից: Կարող էր նաև լինել իսպանացի հանրապետական կամ Ֆրանսիայի դիմադրության շարժման անդամ: Ինչո՞ւ ենք մենք արհեստական կրքեր բորբոքում այս հարցի կապակցությամբ»: Եվ պաշտպանել է ՌԴ պատվիրակների առաջարկը՝ այս հարցը քննարկել լիագումար նիստում:

ԳՈՐԾ  ԵՆՔ ԱՆՈՒՄ, ԳՈ՛ՐԾ

Կեսկատակ արձանագրեց «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում երեկ իր ունեցած ելույթների կապակցությամբ:

Երեկ Վիեննայում իր աշխատանքներն է սկսել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի աշխատանքներին չի մասնակցում ԵԱՀԿ ԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Իսկ պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը, որը մեկնել է Վիեննա մեզ հաղորդեց, «Փետրվարի 22-ի առավոտյան Մշտական կոմիտեի (դրա անդամներն են ԵԱՀԿ ԽՎ-ի բյուրոյի և ազգային 56 պատվիրակությունների ղեկավարները.-Ա. Ի.) նիստում լսեցին ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի հաղորդագրությունը, թե ինչպես է ԵԱՀԿ-ն մասնակցելու ԵԱՀԿ անդամ երկրներում առաջիկայում անցկացվելիք ընտրություններին, և հիշատակեց, որ մայիսին ընտրություններ են տեղի ունենալու Հայաստանում»:

Նշենք, որ մարտի կեսին է Հայաստան ժամանելու ԵԱՀԿ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության առաջին խումբը, որի կազմում կլինեն 35-40 դիտորդներ: Իսկ ընտրությունների օրն ընտրական գործընթացին կհետևեն ԵԱՀԿ-ի արդեն 300 կարճաժամկետ դիտորդներ:

Լենմարկերի զեկույցից հետո ծավալվել է քննարկում, որին մասնակցել է նաև Արտաշես Գեղամյանը: Իր բավական ծավալուն ելույթում նա առավել կարևորել է երկարաժամկետ դիտորդական առաքելության՝ օր առաջ Հայաստան ժամանելը, քանի որ «ընտրակեղծիքների համար հիմքն ու նախապայմանները ստեղծվում են հենց այս օրերին»: Որպես ապացույց՝ օրինակ է բերել քաղաքական գովազդի համար հեռուստաընկերությունների սահմանած խիստ բարձր սակագները: «ԱՄ» առաջնորդը նշել է. «2003-ից ի վեր՝ Հ1-ով և ոչ մի րոպե ուղիղ եթեր չեն ունեցել առանձին ընդդիմադիր գործիչներ, մասնավորապես՝ ձեր խոնարհ ծառա Արտաշես Գեղամյանը»: Հիշատակել է նաև ՍԴ փետրվարի 16-ի որոշման մասին, որով ընդդիմությունը փաստորեն զրկվում է ԱԺ հայտարարությունների և «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարի միջոցով իր 3-ական րոպե եթերներից:

«Ասացի, որ այստեղ խոսքը ոչ միայն ՀՀ-ում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու մասին է, այլ նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի, քանի որ բազմիցս դատապարտող բանաձևեր են ընդունվել անցած ընտրությունների վերաբերյալ, բայց սայլը տեղից այդպես էլ չի շարժվել: Եվ ավելին՝ արհամարհվել են թե՛ ԵԱՀԿ ԽՎ-ի, թե՛ ԵԽԽՎ բանաձևերը, որոնցում բազմիցս նշվել է այն իրողության անթույլատրելիությունը, որ մինչ օրս չի վերաբացվել Հայաստանի այն եզակի հեռուստաալիքը՝ «Ա1+»-ը, որը հավասար հնարավորություններ էր տրամադրում թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ուժերին: Այս ամենը Հայաստանի բնակչության լայն շերտերում ստեղծում է հուսահատության և թերահավատության մթնոլորտ՝ միջազգային կառույցների ու նաև՝ ԵԱՀԿ ԽՎ-ի հանդեպ»,- պատմեց պրն Գեղամյանը: Սակայն հետո «ռևերանս» է արել Լենմարկերին՝ նշելով, թե Հայաստան նրա վերջին այցելությամբ «որոշակի հույսեր են արթնացել ոչ թե այս կամ այն ընդդիմադիր կուսակցության, այլ բնակչության մոտ՝ առ այն, որ ԵԱՀԿ-ն անտարբեր չէ Հայաստանի ճակատագրի հանդեպ և մտահոգ է այստեղ առկա զարգացումներով»:

Արտաշես Գեղամյանից անմիջապես հետո ելույթի համար ցուցակագրված էր Բելգիայի Սենատի խոսնակ Աննե Մարի-Լիզինը, որը նշել է, թե իրենց հայաստանյան գործընկերոջ բերած հիմնավորումները «շատ լուրջ տագնապներ են առաջացրել իր մոտ, և ԵԱՀԿ-ն պետք է անպայման ամենայն ուշադրությամբ անդրադառնա այդ հարցերին ու ձեռնարկի հնարավոր բոլոր միջոցները, որ վերջապես ականատեսը դառնան Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությանը»:

Հետո գումարվել է ԵԱՀԿ ԽՎ-ի լիագումար նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել Վեհաժողովի երկարամյա փոխնախագահ, իսկ այժմ Գերմանիայի պատվիրակության անդամ Գերտ Վայսկիրխենը. «Նա մասնավորապես ասաց, թե անհամաձայնությունը, որ նկատում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ԵԱՀԿ ԽՎ-ի միջև, որոնք միասին են վերահսկում ընտրությունները՝ պետք է անհապաղ վերացվեն, քանի որ՝ ինչպես նա ասաց, մեր գործընկերը ելույթ ունեցավ Մշտական կոմիտեում և հայտնեց այն լուրջ մտահոգությունների մասին, որոնք պայմանավորված են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններով: Ըստ նրա՝ պիտի կարողանան ժամանակին կարգավորել այդ հարցերը, որ ԵԱՀԿ-ն և ԺՀՄԻԳ-ը կարողանան միասնական թիմով իրենց դիտորդական առաքելությամբ աջակցել հայ ընտրողներին՝ անկաշկանդ կատարել իրենց քաղաքացիական պարտքը»: Արտաշես Գեղամյանը հիշարժան համարեց նաև այն, որ ԵԱՀԿ-ում նախագահող երկրի՝ Իսպանիայի հատուկ ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն իր ելույթում նույնպես անդրադարձել է առաջիկայում ՀՀ-ում սպասվող ընտրություններին ամենաակտիվ մասնակցությունը ցուցաբերելու անհրաժեշտությանը:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Արտաշես Գեղամյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ,

Եվրոպական ժողովրդական կուսակցություններ/

քրիստոնյա դեմոկրատներ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր