«Ես երբեք չեմ ստորացրել օրենքով գողերին՝ նրանց ծեփելով, գաջելով, փռելով կամ խեղդելով»․ ՆԳ նախկին նախարար

15.11.2019, Առավոտ

https://www.aravot.am/2019/11/15/1078143/

«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Լևոն Գալստյանը, որը երկար տարիներ զբաղեցրել է Լենինականի միլպետի պաշտոնը, իսկ 1990 թվականին եղել է ՀԽՍՀ ներքին գործերի վերջին նախարարը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ» օրենքի անհրաժեշտ լինել-չլինելուն, կարծիք հայտնեց, որ նման օրենքի ընդունումը ցույց կտա պետության թուլությունը, առավել ևս իրավապահ մարմինների թուլությունը, հատկապես որ նրանց թվաքանակը շատ է՝ արդարադատության նախարարություն, գլխավոր դատախազություն, հատուկ քննչական ծառայություն, քննչական կոմիտե, ոստիկանություն՝ իր մարզային վարչություններով, քաղաքային և շրջանային բաժիններով, որտեղ հսկայական մարդկային ներուժ ու ժամանակակից գիտատեխնիկական միջոցներ են ներդրված։ Լևոն Գալստյանի հաշվարկով՝ եթե հանրագումարի բերենք, կստացվի՝ Հայաստանում մեկ օրենքով գողին հասնում է 150-160 իրավապահ ծառայող։ Ըստ նրա, նույն քայլին գնաց Սահակաշվիլին, օրենքով գողերին վռնդեց Վրաստանից, բայց մի՞թե այսօր Վրաստանում չկան օրենքով գողեր։ «Ազդումն առաջացնում է հակազդում, օրենքն ընդունելուց առաջ պիտի մտածել, թե ինչ հակազդում կլինի։ Իսկ ինչո՞ւ է իրենց թվում, որ այսօր օրենքով գողերը չեն մտածում՝ ինչպես դիմադրեն այդ օրենքի ընդունմանը, չունեն իրենց փաստաբանները, չեն վերամշակում նոր կանոնադրություն․․․ Իրավապահ մարմիններն այսօր իրավասու են պայքարելու օրենքով գողերի ու հեղինակությունների դեմ՝ օրենքի սահմաններում, առանց նոր օրենքի ընդունման։ Բացեք մեր Քրեական օրենսգիրքը, այնքան հոդվածներ կան դրա վերաբերյալ, ի՞նչ նոր օրենք են ընդունում, ինչո՞ւ են ընդունում, որպեսզի նորից խայտառակ լինե՞նք աշխարհով մեկ։ Առանց այն էլ մի լավ օրի չենք, հիմա էլ հերթը հասավ օրենքով գողերին ու հեղինակություններին չգիտեմ ծեփելուն, գաջելուն, փռելուն, խեղդելուն և այլ, և այլն․․․

Մոտ 30 տարի աշխատել եմ ներքին գործերի օրգաններում, հանդիպել եմ շատ օրենքով գողերի, կարող եմ անուններով ասել՝ Չոքիին, Յուրի Երվանդովիչին, Մկանին, Իսպիրին, Ասոյին, Դատոյին, Նիգալին, Լպուստ Աշիկին․․․ Նրանցից շատերը Սովետականն Միության մասշտաբով գողեր էին, մեր միջև փոխհարաբերությունները եղել են նորմալ, ես նրանց ասել եմ, որ Լենինական քաղաքում չպետք է դուք ստեղծեք այնպիսի իրավիճակ, որ ձեզանից վախենան կամ հանցավոր աշխարհ ստեղծեք քաղաքում, որտեղ դուք տեր ու տիրական եք։

Չի եղել նման բան, նրանցից շատերը լսել են ինձ, դուրս են եկել քաղաքից։ Սովետական Միությունը շատ մեծ էր և Սովետական Միության տարբեր քաղաքներում իրենց գործունեությունը ծավալել են, խոսքս Շիրակի մարզի գողերի մասին է։ Իմ թվարկածների մեջ կային նաև Երևանում, Կիրովականում բնակվող օրենքով գողեր։ Մեր հարաբերությունները եղել են նորմալ, նրանք գիտեին, որ իրենք անեին, ես պատժելու եմ, ինչպես ասում են՝ ներում-բեկում չի լինելու։ Շատերի համար նույնիսկ զարմանալի էր, որ ես մասնակցել եմ նրանցից մի քանիսի հուղարկավորմանը, շրջապատը զարմացած ինձ է նայել, թե միլպետն ի՞նչ գործ ունի, որ մասնակցում է Լպուստի հուղարկավորմանը։ Ճանաչել եմ նրանց ընտանիքի անդամներին, ոմանց ծնողներին․ շատ լավ գիտեի Ասոյի ծնողներին, հոյակապ մարդիկ էին, հայրը մանկավարժ էր, մայրը, զարմանալի չթվա, ինձ համար մոմ էր վառում։ Ես նրանց չեմ հասցրել այն աստիճանի, որ ստորացնեմ, ոնց որ ասում են՝ պատերին ծեփեմ կամ ասֆալտին փռեմ։ Չէ, ես նրանց մարդավարի հասկացրել եմ՝ դուք անելու եք, ես պատժելու եմ։ Դրա համար ավելի լավ է չանեք, օրենքով գող եք, գնացեք, Սովետական Միությունը շատ անծայրածիր է, Լենինականից դուրս գնացեք, ինչ ուզում եք արեք։ Գուցե դա սխալ է եղել իմ կողմից, որովհետև ես ընդհանուր համակարգի մի մասն եմ եղել, բայց դա իմ աշխատանքի ոճն է եղել, սխալ եմ եղել, թե ճիշտ։

Ընդամենը մի փաստ շեշտեմ․ երկրաշարժից հետո Շիրակի մարզում դիակապտության ոչ մի դեպք տեղի չունեցավ, չնայած որոշ մարդիկ սցենարներ գրեցին, կինոներ ցույց տվեցին՝ չգիտեմ ով ում սիրահարվեց, ինչ եղավ, բայց դրանցից ոչ մեկը չասաց, թե այ մարդ, այս քաղաքի միլպետը դեռ կենդանի է, մի հատ իրեն հարցնենք, և այդտեղ կար նաև օրենքով գողերի շնորհքը։ Ես լավ հիշում եմ՝ մի կին հավաքներից մեկում կարդաց նրանց հայտարարությունը, որ երկրաշարժից հետո Շիրակի մարզում, Լենինական քաղաքում ընդհանրապես արգելվում է հանցագործության ցանկացած դեպք։ Օրենքով գողերն իսկական մարդկային վերաբերմունք ունեցան երկրաշարժից հետո։ Իսկ թե ինչ եղան Լենինականում 30-40 վեր խոյացող բարձրաբերձ կռունկները, հատուկ տեխնիկան, մեքենաները՝ թե մարդատար, թե բեռնատար, ինչ եղան, էդ ինչ գողեր տարան, դրանք պետական գողեր էին, որոնք այսօր էլ իրենց գործունեությամբ ավելի վտանգավոր են, քան օրենքով գողերը»։ Մեր զրուցակիցն ասում է, որ որոշ օրենքով գողերի էլ են «փչացրել»՝ նրանցից ոմանք կոչում են ստացել փողով, մի քանիսն էլ ներգրավել են քաղաքական պրոցեսներ մեջ։

«Առանց բանտ նստելու, առանց գողերի կանոնադրությունը պահպանելու, այն է՝ գողը չպիտի ունենա ընտանիք, գողը չպիտի ենթարկվի օրենքներին, բայց այնպես ստացվեց, որ օրենքով գողերը սկսեցին խառնվել քաղաքական պրոցեսների՝ ում ընտրեն, ում չընտրեն, ինչու ընտրեն, ինչու չընտրեն։ Մի տեսակ հիասթափություն առաջ եկավ օրենքով գողերի նկատմամբ, որ պետությունը սկսեց նրանց օգտագործել այլ միջոցների համար՝ ընտրությունների համար, որոշ մարդկանց պաշտոնի նշանակելու համար, չնայած ես լրիվ համամիտ են Վիսոցկու հետ, որ գողի տեղը բանտում է։

Գողերի հեղինակությունն էլ մի տեսակ ընկավ, իսկ ինչ վերաբերում է ընդունվող օրենքին, ես չգիտեմ ՝ինչքանո՞վ կօգնի հանցագործությունների նվազմանը կամ բացահայտմանը։ Ինձ թվում է՝ այս օրենքին առաջին հեթին պետք է դեմ լինեն ոստիկանության աշխատողները, որովհետև ի՞նչ է դուրս գալիս, գողին կանչելու են, հարցնեն՝ դու գո՞ղ ես, եթե ասաց՝ գող չեմ, ուրեմն նա փչանում է, եթե ասաց՝ ես գող եմ, նստեցնելո՞ւ են, դա ի՞նչ հոդված է լինելու։

Մարդն ընտրել է իր ճակատագիրը, ուրեմն այնպես արեք, որ չընտրի, այնպես արեք, որ այդ ճակատագրով նա հանցագործություն չկատարի, այլ օգտակար լինի հասարակության համար, իր ընտանիքի համար։ Ես իմ հուշերի գրքում գրել էի, դուք տեսե՞լ եք օրենքով գողերին դատվելու ժամանակ, տեսե՞լ եք նրանց հայացքներն՝ ուղղված ընտանիքի անդամներին, կնոջը, երեխային, երբ, որ ըստ իրենց կանոնադրության, օրենքով գողը չպիտի կին, երեխա ունենա, բայց նրանցից շատերն ունեն, Լպուստ Աշիկն էլ ընտանիք ուներ, Նիգալն էլ ուներ, Իսպիրը չուներ, Դատոն չուներ։

Ես օրինակ՝ հիշում եմ Մնջո Ռաֆին, օրենքով գող էր, մի սոլիդ անձնավորություն էր, որն իր շրջապատից վանում էր անչափահասներին և իր ամբողջ օրն անցկացնում էր իր մանկության ընկերների հետ՝ իրենց բակում։ Մի խոսքով, երբեք չէր նախընտրում նրանց, որոնք հանցագործություն էին կատարում։ Եվ ես համոզված եմ, որ նա և նրա նմանները շատերին խորհուրդ էին տալիս հեռու կանգնել այդ հանցագործ աշխարհից, չօգտագործել թմրանյութեր, չփչացնել իրենց կյանքը գաղութներում, աքսորներում՝ հեռավոր Մագադանում, Մոլդովայում։

Հիմա Հայաստանում գաղությալների պայմանները լավ են, բայց առաջներում տանում էին էլ Մագադան, էլ Մոլդովա, էլ հյուսիս, որտեղից հազվադեպ էին հետ գալիս և ծանր պայմաններ էին ստեղծում նրանց համար, որպեսզի հետ կագնեին այդ կարգավիճակից, բայց շատերը հետ չէին կանգնում, մինչև վերջ էլ շարունակում էին իրենց ուղին։

Ծանր է եղել նրանց վախճանը, վերցրեք միութենական մասշտաբով գողերին, վերցրեք Յապոնչիկին, Դեդ Հասանին կամ Մալադոյին, ի՞նչ է նրանց վիճակը, էդ երկուսին խփեցին, մահացան, դեռ հասակները մահանալու չէր, մեկը դեռ բանտում է, քանի տարի դուրս չի գալիս բանտերից։ Գիտեք նրանք ուրա՞խ են իրենց կյանքից։ Մի անգամ ընտրել են այդ ուղին և կրակն են ընկել, ինչպես ասում են՝ չեն կարողանում դուրս գալ, չի լինում, չի ստացվում, որ դուրս գան, որովհետև իրենց համար ստեղծել են հետնորդեր, որը շատ դաժան բան է, և այդ հետնորդները թույլ չեն տալիս, որպեսզի նրանք դուրս գան և լիիրավ կյանքով ապրեն, ընտանիք ունենան, կին, երեխա»։

Ըստ Լևոն Գալստյանի, նոր սերնդին պետք է կրթել ոչ թե հայոց լեզվի, գրականության կամ հայոց պատմության ուսուցումը բուհերում արգելելով, այլ այնպես անել, որ նրանք իմանան՝ օրենքով գողը տանջանք է, պատիժ է մարդու համար, երջանկություն չէ։

«Դուք գիտեք նրանք երջանի՞կ են, նրանք հանգիստ քուն են մտնո՞ւմ, հանգիստ առավոտ են լուսացնո՞ւմ։ Նրանց կյանքը սարսափելի է, ամեն րոպե սպասում են վտանգի, վերջերս Երևանում մի գողի գնդակահարեցին, ոչ ոք թող չմտածի, թե նրանք ապրում են փառահեղ կյանքով։ Չէ, չէի ասի, նրանք կրակն են ընկել իրենց ընտրած մասնագիտության ձեռքը, չգիտեն՝ ինչպես դուրս գան։ Ի՞նչ է, նրանից ոմանք չեն ուզո՞ւմ մարդավայել կյանքով ապրել, որպեսզի ամեն րոպե ոստիկանությունը նրանց չանհանգստացնի, չտանեն, չբերեն, հսկողության տակ չվերցնեն, ամեն քայլափոխին չհետևեն։ Նրանք էլ են ուզում ազատ կյանքով ապրել, բայց թե ընտրել են այդ ճանապարհը, ոչ ոքի չեն կարող մեղադրել։ Իրենք իրենց պետք է մեղադրեն։

Ես գիտեմ մարդկանց, գիտեմ պաշտոնյաների, որոնք ուզում են՝ իրենց տղաները օրենքով գող դառնան։ Ես զարմանում եմ այդ մարդկանց մակարդակի վրա, այդ թվում նաև Գյումրիում կային նման պաշտոնյաներ։ Զարմանալի է, ուրեմն ընտրում են այն ճանապարհը, որով գնացողն անդունդն է ընկնում, փոխանակ ասեն՝ հեռու մնացեք, էլի աշխույժ եղեք, ինչ-որ բաների մասնակցեք, ձեր տղամարդկությունը ցույց տվեք, ասենք բռնցքակռվի մեջ, ոչ թե․․․

Ես մի բան չեմ հասկանում՝ գողի լավը ո՞րն է, ուրիշի ունեցվածքը տանողը լա՞վն է, որ որոշ մարդիկ ուզում են այդ ճանապարհով գնալ, չնայած ես շատ օրենքով գողերի գիտեմ, որոնք անմիջական մասնակցություն չեն ունեցել գողություններին՝ բնակարանային, պետական և այլն, և այլն։ Օրենքով գողի ամենասարսափելի վիճակն այն է, որ սկսում է կախում ունենալ թմրանյութերից, երբ որ սկում են սրսկումները, հաբեր կուլ տալը, նույնիսկ բանտում նստած տեղերում կախում ունեն, երբեմն փչանում են, երբեմն էլ գնում են իշխանությունների առաջարկներին ընդառաջ, որը ես չէի գնահատի որպես լավ։ Մի խոսքով ասեմ, ես իմ գործունության ընթացքում հարգել եմ, երբեք չեմ նվաստացրել նրանց, նրանք էլ չէին կարող չհարգել ինձ, որովհետև տեսնում էին մի մարդու, որը ցավում է իրենց համար, ուզում է, որ իրենք ընտանիք ունենան, իրենց ծնողները՝ ձեռքերը ճակատին դրած, չսպասեն իրենց վերադարձին, եթե երեխաներ ունեն, այդ երեխաներին չանվանարկեն՝ գողի տղա, գողի որդի և այլն, և այլն», -ասաց մեր զրուցակիցը։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր