«ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԵՂԱՆ ԱՆՑՆԵԼ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ»

12.01.2010թ.

Թիվ 10 ընտրատարածքում «կռիվների» մասին այս կարծիքին է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

- Թիվ 10 ընտրատարածքում ընտրությունների օրը եղան բազմաթիվ կռիվներ, ընտրախախտումներ, քաշքշուկներ, վիրավորներ և այլն: Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքը:

- Մեր թեկնածուն, ըստ նախնական տվյալների, հաղթել է 2 հազար 600 ձայնի առավելությամբ: Եթե փորձենք անկողմնակալ գնահատել ընտրությունների ընթացքը, ապա պետք է նշեմ, որ այս ընտրություններով ՀՀ-ում մեկնարկեց քաղաքական նոր մշակույթի ձևավորումը: Պարզեցնեմ միտքս. թերևս առաջին դեպքն է, երբ իշխանության մաս կազմող կուսակցությունները, ի դեմս հանձնաժողովներում ընդգրկված իրենց ներկայացուցիչների, դրսևորեցին բացառապես անկողմնակալ վերաբերմունք, վեր կանգնեցին ներկուսակցական որևէ շահից և իրենց զսպվածությամբ, պրոֆեսիոնալ գործողություններով հնարավորինս արեցին ամեն ինչ, որ ընտրություններն անցնեն «Ընտրական օրենսգրքի» և ՀՀ Սահմանադրության պահանջներին համահունչ: Օգտվելով առիթից՝ ես շնորհակալությունս եմ հայտնում ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին, անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Մեր բազմաթիվ դիտորդները և վստահված անձինք, գիշերը կուսակցության գրասենյակում ամփոփելով արդյունքները, ասացին, որ պետք էր մեծ քաղաքական գիտակցություն ունենալ, պետք էր մեծ պրոֆեսիոնալիզմ ունենալ՝ դիմադրելու համար այն բազմաթիվ սադրիչ գործողություններին, որոնք փորձում էին իրականացնել ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Վերջիններիս նպատակն ամենևին էլ այն չէր, որ ընտրություններն անցնեն ԸՕ-ի պահանջներին համապատասխան, այլ միակ նպատակն էր բոլոր 34 տեղամասերում սադրիչ գործողություններ հրահրել, անկարգություններ իրականացնել՝ խոչընդոտելով ընտրությունների բնականոն ընթացքը: Եվ պատահական չէր, որ առանձին ընտրողների և վստահված անձանց համբերության բաժակը լցվեց այն աստիճան, որ հարկադրված եղան անցնել ձեռնամարտի: Երբ մանրամասն պատմեցին, թե ինչ պայմաններում է Պետրոս Մակեյանի կողմից հրահրվել բառիս իսկական իմաստով այդ խուլիգանական դրսևորումը, ապա մենք հերթական անգամ համոզվեցինք, որ այդ մարդիկ այդպես էլ դասեր չքաղեցին իրենց սադրիչ գործողություններով հրահրված՝ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգությունից: Երբ մենք գործընկերներով քննարկում էինք այդ հարցը, ականատեսները մանրամասն պատմեցին, թե ինչ վիրավորական հայհոյախոսությամբ է հանդես եկել Պետրոս Մակեյանը հավաքվածների նկատմամբ: Լսելով այդ ամենը՝ յուրաքանչյուրս, անգամ իսկ լինելով պապիկ, եթե լինեինք այնտեղ, ես չեմ բացառում, որ կդիմեինք նույն քայլերին, ինչին հարկադրված դիմել են դեպքի վայրում գտնվողները: Գուցե առանձին գյուղաբնակ վայրերում ընդունված է մարդուն անձնական վիրավորանք հասցնել, հայհոյել, երկրի ղեկավարների հասցեին, ոչ թե վարած քաղաքականությանը, այլ անձերը վիրավորող հայհոյախոսել և մնալ անպատիժ: Սակայն Երևանի կենտրոնում այդ բարքերը չեն անցնում, և վերստին մենք ականատեսը եղանք, թե այդ բարքերը ինչ վախճան են ունենում: Մեկը միտումնավոր, մի քանի անգամ ամենասուր անձնական վիրավորանքի է ենթարկում դիտորդներին, հայհոյախոսում է երկրի երկրորդ և գործող նախագահների հասցեին: Մինչդեռ այնտեղ մարդիկ կային, ովքեր անցել էին Ղարաբաղի ազատամարտի բովով, այդ մարդկանց համար գերագույն գլխավոր հրամանատարը դատարկ խոսք չի, նրանք այդ հայհոյանքը ընդունել էին որպես անձնական վիրավորանք և արել էին այն, ինչի ականատեսը եղանք: Եվ մարդ պետք է տղամարդկություն ունենա՝ խոստովանելու, որ այս անգամ սադրանքը չանցավ, որովհետև գործ ունեին ոչ թե այս կամ այն գյուղի հեռավոր բարքերի հետ, այլ Երևանի կենտրոնի բնակիչների հետ:

- Այնուամենայնիվ, ձեր թեկնածուի նախընտրական շտաբը ոչ մի ընտրակեղծիք և ապօրինություն չի արձանագրել, բոլոր խախտումներն արձանագրված են Նիկոլ Փաշինյանի շտաբի կողմից:

- Մենք հավատարիմ ենք մնացել ՀՀ ԸՕ-ի տառին, ընտրությունների օրը քարոզչությամբ զբաղվելը արգելվում է, իսկ եթե դուք ուշադրությամբ նայեք որոշ էլեկտրոնային լրատվամիջոցների, ապա կտեսնեք, որ դեռ մինչև ընտրությունների ավարտը իրենք ժամերով, րոպեներով տարածում էին այն, ինչը ոչ այլ ինչ էր, քան ուղղակի քարոզչություն հօգուտ Նիկոլ Փաշինյանի: Ավելին, անգամ իսկ ընտրության օրը անձնական բնույթի վիրավորանքներ են տպագրել Արա Սիմոնյանի հասցեին: Վստահ եմ, նրանք պարզապես շատ լավ հասկանում էին, որ հերթական պարտությունը, այս անգամ ԱՄ նախագահության անդամի կողմից, իրենց համար քաղաքական իմաստով ոչ այլ ինչ է, քան քաղաքական ֆիասկո: Ինչ վերաբերում է խախտումներին, ապա մեր կուսակցության վստահված անձինք, մասնավորապես՝ Արա Սիմոնյանը, շուրջ 16 դիմում-բողոքներ են ներկայացրել ԿԸՀ:

- Ընտրությունների փորձ ունեք և գիտեք, որ առանց իշխանության «դաբրոյի», աջակցության որևէ պատահական մարդ չի կարող ընտրվել, ուրեմն ինչո՞վ եք բացատրում, որ ընտրվեց ձեր կուսակցության ներկայացուցիչը: Այսօր արդեն մարդիկ խոսում են, որ հաղթել է Հանրապետականը և ոչ թե ԱՄ ներկայացուցիչը:

- Միանգամայն ճիշտ եք, պատահական մարդիկ այլևս Ազգային ժողովում հայտնվելու շատ քիչ շանսեր ունեն, հատկապես այն մարդիկ, ովքեր անցած երկուսուկես տարիների ընթացքում հիմնականում հայհոյախոսել են, անձնական վիրավորանքների տարափ են տեղացել իրենց քաղաքական բախտախնդրությունը մերկացնողների հասցեին: Ժողովուրդը այդ պայմաններում արդեն կարողացել է թացը չորից տարբերել:

- ԱԺ-ում ինչպե՞ս է ներկայանալու ձեր կուսակցության ներկայացուցիչը, փաստորեն համագործակցելու է Հանրապետակա՞ն խմբակցության հետ:

- Մեր պատգամավորը կհամագործակցի, անշուշտ, ՀՀԿ խմբակցության հետ բոլոր այն հարցերում, որոնք պայմանավորված են ՀՀ նախագահի նախընտրական ծրագրով, եթե ուշադիր եք եղել, մեր նախընտրական ծրագրերը շատ համահունչ կետեր ունեն: Ինչ վերաբերում է կառավարության ծրագրերին, ապա մեր կուսակցությունը լուրջ դիտողություններ և լրջագույն առաջարկություններ ունի: Այդ ամենի մասին, կարծում եմ, Արա Սիմոնյանը կկարողանա խոսել ԱԺ ամբիոնից՝ լինելով շատ կիրթ անձնավորություն:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր