«Բա մենք թույլ կտայի՞նք, որ օրենքով գողերը քաղաքի գործերին խառնվեին»․ Լենինականի նախկին միլպետ

13.07.2017, Առավոտ


Aravot.am-ը Լենինականի նախկին միլպետ, 1990 թվականին ՀԽՍՀ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Լեւոն Գալստյանից՝ Լյովա պետից (նա այժմ «Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահն է) հետաքրքրվեց, թե ո՞վ է թերանում իր աշխատանքում, որ Գյումրիում այդպես հաճախակիացել են քրեական դեպքերը, նույնիսկ 12 տարեկան երեխայի ներկայությամբ իր քեռուն են դանակահարում, քաղաքի կենտրոնում կրակոցներով հարցեր են լուծում։

 

«Դժվար հարց է, պատասխանն էլ երևի դժվար լինի, չգիտեմ թերացումներն ինչպես են լինում, քաղաքում ոստիկանություն կա, բաժիններ կան, ինչքան գիտեմ, մարզային վարչություն կա, որոնք պետք է զբաղվեն նաև կանխարգելիչ գործունեությամբ։ Էն ժամանակ մենք ասում էինք պրոֆիլակտիկա, հիմա չգիտեմ էդ պրոֆիլակտիկան կա՞, թե՞ չկա։ Իսկ այն, ինչ ներկայացնում է մամուլը, ես ներկա չեմ էդ դեպքերին, բայց ընթերցում եմ, քաղաքում ինչ-որ օրենքով գողեր կան, որոնք թելադրում են իրենց կամքը։ Թե ինչ է պատահել լեննականցիներին, ես չգիտեմ, գյումրեցիներ չգրեք հանկարծ, ես ասում եմ լեննականցիներ, մեր ժամանակ էլ կային օրենքով գողեր և շատ հարգալից մարդիկ էին։ Մնջո Ռաֆն էր, որը երբեք իր մոտ չթողեց անչափահասներին, որն արգելեց նարկոտիկի մուտքը քաղաք, քաղաքին նվիրված հայրենասեր գող էր, Լպուստ Աշիկն էր, որ 27 տարի անցկացնելով բերդերում ու գաղութներում՝ մնացել էր մարդ, ինչ իմաստով, որ իր հայրենի քաղաքում ոչ մի հանցագործություն չկատարեց, նույնը Ասոն, Նիկալը, Իսպիրը, Շուռիկը, Դատոն (Դրաստամատը)։ Ես նրանց իրավունք չէի վերապահել քաղաքում սև գործունեություն ծավալելու․ Խորհրդային Միությունը շատ մեծ էր, եթե ես նրանց նստեցրել եմ օրենքի ուժով․ մենք բաժանվել ենք ժպիտով, ինչպես եղավ Չոքի դեպքում․․․»,-ասաց Լևոն Գալստյանը։

Մեր զրուցակցին՝ որպես Լենինականի 30 տարվա միլպետի մեծ ցավ ու հոգս են պատճառում Գյումրիում տեղի ունեցող դեպքերը։

«Հիմա չգիտեմ ի՞նչն է պատճառը, ոստիկանությունը որ ասեմ թուլացել է, չի թուլացել․ ոստիկանության այսօրվա տեխնիկան, այսօրվա նորամուծությունները, վերափոխումները, որոնք կատարվում են, ոստիկանությունը պետք է ավելի ուժեղ լինի, քան թե խորհրդային միլիցիան էր։ Երանի մենք ունենայինք այն տեխնիկան, կապի միջոցները, ինչ որ ունի հիմիկվա ոստիկանությունը, և ես ձեզ կասեմ, որ չբացահայտված գործերի մասին կարելի էր երազել։ Ես ամեն քայլափոխի տեսնում եմ ոստիկանական ժամանակակից մեքենաներ, պարեկային ծառայություն կատարող ոստիկանների և ոստիկանուհիների, որոնք շրջում են մայրաքաղաքի փողոցներում, սիրով ու գուրգուրանքով նայում եմ նրանց՝ ակամա վերադառնալով նրանց շարքերը։ Հիմա ի՞նչ պատահեց Լենինականում, ինչո՞ւ չկա նույն ծառայությունը, և ի՞նչ, օրենքով գողերին և ապելսիններին՝ այս բառը իրենք լավ կհասկանան, որոնք չեն հարգում իրենց քաղաքը, սարսափ ու աղետ տեսած բնակիչներին, երևի ժամանակն է, որ ոստիկանությունը ցույց տա իրենց տեղը։ Չնայած այսօր ոստիկանությունը ղեկավարում են նաև Խորհրդային Միության բոհով անցած անձնավորություններ։

Լենինականի դեպքերն ինձ ցավ ու հոգս են պատճառում, ես չեմ կարող անտարբեր լինել մի քաղաքում կատարվող դեպքերի նկատմամբ, որին ես տվել եմ իմ կյանքի լավագույն տարիները։ Մի բան կարող եմ ասել, մենք նման բան թույլ չէինք տա, որ քաղաքում իշխի կրիմինալը, ճիշտն ասա,ծ չգիտեմ լրի՞վ է իշխում, թե՞ քիչ է իշխում, բայց համենայնդեպս մենք թույլ չէինք տա։ Եվ խորհուրդ կտամ այսօրվա ոստիկաններին, որ նրանք էլ թույլ չտան։ Նախ իրենք իրենց պահեն այնպես, ինչպես որ օրենքի պահանջն է, և երկրորդը՝ երբեք ու երբեք չխոնարհվեն ինչ-որ հեղինակություններ են ասում, չգիտեմ օրենքով գողեր են ասում, չխոնարհվեն դրանց առջև, որովհետև օրենքով գողերն էլ չեն սիրում նման թույլ օրենքի պաշտպանների»։

Անդրադառնալով Գյումրու Սայաթ-նովա փողոցում հնչած կրակոցներին, որից հրազենային վիրավորում էր ստացել Ախուրյանի վաղամեռիկ դատախազ Հակոբ Հակոբյանի որդին՝ Գեորգի Հակոբյանը, մեր զրուցակիցն ասաց․«Ես իմացա Հակոբ Հակոբյանի տղայի դեպքը, ես տղային չեմ ճանաչում, բայց շատ լավ գիտեմ իր հորը, մի հոյակապ անձնավորություն էր Ախուրյանի դատախազը, թե ինչու է տղան էդ ուղիով գնացել կամ ուզում է գնալ, ինձ համար շատ անհասկանալի է։ Ամենայն ազնվությամբ, նման հորից նման զավակ, ես դժվարանում եմ որևէ եզրահանգման գալ։

Գիտեք, ամեն ինչ սկսվում է վերևից՝ քաղաքի ղեկավարությունից, երբ որ ես նայում եմ, թե մեր քաղաքում ովքեր են լինում պատվավոր գյումրեցիներ, ես զարմանում եմ․ մարդիկ կան, որոնք Գյումրիի համար ոչինչ չեն արել, բացարձակ բան չեն արել, բայց նրանց շնորհում են Գյումրու պատվավոր քաղաքացի միայն այն բանի համար, որ նրանք ծնվել են այդ քաղաքում։ Ծնվածները շատ են, եթե բոլոր ծնվածներին եք շնորհում, էն մյուսն էլ նայում, ասում է՝ էս ի՞նչ եք անում, չհասկացանք, դրա համար էլ օրենքը չի պահպանվում, դրա համար էլ սկսում են իրար վրա կրակել, դանակահարել։

Ինչքան ցավալի էր վերջին վրաերթը, ամուսինների մահը, մայր դարձող կինը․․․ Չգիտեմ, ես զարմանում եմ, չգիտեմ ինչ ասեմ՝ ամենայն ազնվությամբ, ինձ համար դժվար է պատկերացնել այդ բոլորը, շատ դժվար է։ Եթե ես 30-ից ավելի տարիներ ծառայած չլինեի այդ քաղաքում, գուցե հեշտ լիներ մտածել, բայց այսօր ինձ համար շատ ցավալի է, որ էդ քաղաքում, որի համար ես, իմ ընկերները, իմ ընկերներից զոհվեցին այդ քաղաքի համար թե՛ երկրաշարժին, թե՛ երկրաշարժից հետո նռնակի բեկորներից, ավազակների կրակոցներից, բայց մենք պահեցինք քաղաքը։ Միակ քաղաքն էր գուցե աշխարհում, որտեղ երկրաշարժից հետո դիակապտության ոչ մի դեպք տեղի չունեցավ։ Դա, իհարկե, միայն, մեր շնորհքը չէր, դա նաև մեր քաղաքացիների շնորհքն էր, մեր ազգաբնակչության շնորհքն էր, փառք ու պատիվ այդ քաղաքի ազգաբնակչությանը։ Ընդհակառակը մարդիկ էդ մի կտոր հացը բաժանում էին իրար մեջ երկրաշարժից հետո․ չէ՞ որ մենք ականատես ենք եղել այդ դեպքերին։

Եվ այսօր ամոթ եմ զգում, որ այդ ցավը, տառապանքը, տանջանքը տեսած մարդիկ կրակում են իրար վրա, դանակահարում են, ֆայտոնչու թոռին են ծեծում․․․ Ի՞նչ է, ուղեղներն են բթացե՞լ, թե՞ խմիչքը հասցնում է այն աստիճանի, որ մոռանում են իրենք ով են, ինչ են արել էդ քաղաքի համար կամ ինչ կարող են անել, զարմանալի է ու ահավոր է»։

Լևոն Գալստյանի կարծիքով, ոստիկանության մարզային վարչություններն ավելորդ օղակներ են։ Վարչությունները պետք է վերացնել ու դրանց հաշվին ուժեղացնել բաժինները։

Այս մասին ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր