Արտաշես Գեղամյան. «Տվյալ դեպքում, արտաքինիս մի նայեք, Շերոն Սթոունի հոգեվիճակում եմ» (Տեսանյութ)

01.03.2017, Առավոտ


Երեկ «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում վավերագրական կինոյի աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Моя вселенная и единая теория поля» գրքի շնորհանդեսն էր:

Շնորհանդեսին ներկա էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, որը գրքի մասին կարծիք հայտնեց: Նա վստահեցրեց, որ մի ամբողջ գիշեր չի քնել եւ կարդացել է գիրքը, ու զուգահեռ համացանցից չէր կտրվում. «Ճիշտ է, կրթությունս տեխնիկական է, բայց նյութեր կային, որ չէի հասկանում: Հետո առավոտյան կինս կարդաց, նա էլ տեխնիկական կրթություն ունի, տպավորությունը նույնն էր»:

Գեղամյանը վստահեցրեց, որ ինքը դեռ ամիսներ առաջ Փելեշյանին ասել էր՝ ողնուղեղով է զգացել, որ գիրքը հանճարեղ գործ է: Արտաշես Գեղամյանը որպեսզի գրքի մասին իր տպավորություններն արտահայտի, հիշեց «Հիմնական բնազդ» ֆիլմի հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունին:

Գեղամյանը հիշեցրեց այն պատմությունը, երբ տարիներ առաջ դերասանուհի Շերոն Սթոունը ներկա լինելով երջանկահիշատակ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի համերգին, լսելով նրա կատարումը, Սթուոնը լաց է եղել.

«Երբ Ֆլորա Մարտիրոսյանը երգում էր «Դլե Յամանը», զուգահեռ Շերոն Սթոունը հոնգուր-հոնգուր լալիս էր: Համերգից հետո հարցնում են Սթոունին՝ ի՞նչն է պատճառը, ասում է՝ ես ոչ մի բառ չհասկացա, բայց հասկացա, որ սա հանճարեղ երգ է, հանճարեղ երգչուհու կատարմամբ: Արտավազդ Աշոտիչ, տվյալ դեպքում, արտաքինիս մի նայեք, Շերոն Սթոունի հոգեվիճակում եմ»:

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր