«Այ ընկեր գեներալ-գնդապետ, բա դուք ինչի՞ համար էիք, որ տանկերում բենզին չկար»․ նախկին ՆԳ նախարարը՝ Սեյրան Օհանյանին
02.03.2017, Արմենպրեսս
Aravot.am-ը Լենինականի նախկին ոստիկանապետ, 1990 թվականին ՀԽՍՀ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած, «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Լևոն Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքականություն մտնելուն, ինչո՞ւ են կարծիքներ հնչեցնում, թե ափսոս էր գեներալը, մի՞թե զինվորականը չպիտի զբաղվի քաղաքականությամբ։
«Գիտեք, երբեմն գեներալներին նույնիսկ ձերբակալում են։ Ես գեներալի պաշտոն եմ վարել, բայց գեներալի կոչում չեմ ստացել․․․ Հետագայում, երբ որ ես դուրս եկա իշխանության դեմ, ինձ ձերբակալեցին, 21 օր ես անցկացրեցի բանտում։ Իհարկե, ձերբակալեցին Լևոն Տեր-Պետրոսյանի կարգադրությամբ, և մինչև վերջ էլ իմ պահանջներին, թե ախր ինձ ինչո՞ւ եք ձերբակալել, պատասխան տվեք, պատասխան տվող չեղավ։ Մինչև հիմա էլ ես չգիտեմ՝ քաղբանտարկյա՞լ էի, հանցագո՞րծ բանտարկյալ էի․, թե ինչ էի, չգիտեմ․․․
Իսկ ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, պատերազմի բոհով անցած, խրամատներում եղած, կրակել գիտեցող, ղեկավարել գիտեցող և իշխանությանն անվանում է հանցագործ, որի հիմնական սյուներից մեկն ինքն է եղել․․․։ Այ ընկեր գեներալ- գնդապետ, բա դու որտե՞ղ էիր, որ էդ բոլորը կատարվում էր։ Դուք որտե՞ղ էինք, որ ժողովուրդը վատ էր ապրում, դուք որտե՞ղ էինք, որ տանկերում բենզին չկար, բա դուք ինչի՞ համար էիք․․․
Եվ ես գտնում եմ, որ էս բոլորը ինչ-որ խաղ է, օրինակ՝ այսօր կարդում եմ A1plus.am-ով ասում են՝ եթե Օհանյանը գիտենար, որ ինքը Ծառուկյանին չի միանալու, նա քաղաքական դաշտ չէր մտնի։ Նրան առաջարկել են պաշտոններ, իհարկե, հանրապետության նախագահն էնքան բարի է, էնքան վեհանձն է, որ երբեք թույլ չի տվել պաշտպանության նախարարին էդպես վերցնել ու փողոց շպրտել։ Առաջարկել են պաշտոններ, հրաժարվել է և պետք է մտնի քաղաքականություն, էն էլ ում հետ, Մեղրին ծախող, կոնսենսուս Վարդան Օսկանյանի հետ։ Պարտք գույքի դիմաց տվող համաձայնագրի կողմնակիցներից մեկի՝ Վարդան Օսկանյանի հետ։
Զարմանալի է, էնտեղ էլ կա Րաֆֆի Հովհաննիսյանը, որին շատ ճիշտ բնորոշում է ժողովուրդը․ Վլադիմիր Գասպարյանը ձեռքը բռնեց, գնացին երկուսով աղոթելու։ Էդպես էլ աղոթելով մնաց ինքը, մինչև հիմա էլ աղոթում է, թե ինչ է աղոթում, ես չգիտեմ, իրեն հարցրեք։ Գիտեք Ալեքսանդր 3-րդը՝ ռուս ցարն ասում էր՝ մեր հիմնական դաշնակիցը բանակը ու նավատորմն է, իսկ այսօր Ռուսաստանն ավելացնում է՝ բանակը, նավատորմը և օդային տիեզերական ուժերն են։ Հիմա մեր հիմնական դաշնակիցն էսօր Հայաստանում բանակն է, հետո ոստիկանությունն է։ Ժողովուրդն ինքն իրենով է համալրում ոստիկանությունը և բանակը, էդ ժողովրդի զավակներն են գնում, 104 տղաները էդ ժողովրդի զավակներն էին՝ իմ, ձեր, մյուսի․․ Բայց դուք լինելով էդ հենասյուներից մեկն ՝ ասում եք՝ էս է եղել, էն է եղել, ախր դուք որտե՞ղ էիք, չհասկացանք խուլ ու համր եք խաղացել, ի՞նչ եք արել։ Խոսում են շքեղ առանձնատներից։ Գիտեք ինչ կա, ես մի բան էլ ասեմ՝ բարձրացեք Գառնի գնացող ճանապարհը, և աջի վրա նայեք գեներալների առանձնատները։ Եթե իրենց սովորական աշխատավարձով է, հալալ լինի իրենց։ Ամբողջ ժողովրդի խնդրանքը միայն մի բան է , ու նաև իմ՝ որպես այդ ժողովրդի մասնիկի՝ բանակից մի կերեք։ Եվ դրա համար էլ հանրապետության նախագահի արած վճռական քայլերը դուրները չի գալիս, ո՞նց կարելի է, բա ո՞նց չի կարելի․․․ Վիգեն Սարգսյանը գնացել է նոր նախարար պաշտպանության, ազգ-բանակ գաղափարախոսությունն է առաջ տանում, իսկ ի՞նչ է, վա՞տ է, երիտասարդ է, կրթված, անցել է տարբեր ճանապարհներով, թողեք թող աշխատի, ի՞նչ է եղել և շատ լավ էլ աշխատում է։ Հենց առաջին աշխատանքային օրերին այց կատարեց արտասահմանյան տարբեր երկրներ, տարբեր համաձայնագրեր կնքեց։
Իսկ ինչ վերաբերում է Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան- Վարդան Օսկանյան դաշինքին, Րաֆֆին փախավ արդեն։ Այնտեղ Արմենն Մարտիրոսյանն է, վատ տղա չէ, լավ տղա է, բայց գիտեք ինչ կա, մեր ժողովուրդը շուտ խաբվող ժողովուրդ չէ, գիտի ում ձայն կտա ու ինչի կտա։ Արժանի՞ են նրանք ապագա Ազգային ժողովում լինելու, կտա, եթե ոչ, ուզում եք կաշառք տվեք կամ մի տվեք, եթե վերցնի էլ կքվեարկի նրա օգտին, ով կարող է հանրապետությունը մի քիչ վերև հանել և՛ տնտեսական, և՛ ռազմական առումով։ Ես զարմանում եմ, ախր, Սեյրան Օհանյանը սպա է, էսօր ամեն օր զոհվում են մեր երեխաները, երեկ էլ զոհ տվեցինք։ Ախր նրանք մերն են, նրանց մեջ կան ապագա ակադեմիկոսներ, դոկտորներ, գիտության թեկնածուներ, երաժիշտներ, կոմպոզիտորներ և այլն․․.
Եկեք պահպանենք, ոչ թե գզռտենք էս երկիրը, առանց էն էլ գզռտված է, բզկտենք էս երկիրը՝ առանց էն էլ բզկտված է։ Եթե մի երկրում կա 70-ից ավելի կուսակցություն, 1000-ից ավել հասարակական կազմակերպություն, որոնք չգիտես ինչով են զբաղվում, մեծ մասն էլ բամբասանքով, միավորենք, հասկանաք՝ ինչ ենք ուզում, ում ենք ուզում և ինչու ենք ուզում։ Եկեք արժանիին գտնենք, թե ով այս երկիրը կարող է այս վիճակից հանել»։
Դիտարկմանը՝ թե ձեր խոսքից ստացվում է, որ գեներալ Օհանյանը չի կարո՞ղ պայքարել արատավոր երևույթների դեմ, ինչպես որ հայտարարում է ինքը, մեր զրուցակիցն ասաց․«Արատավոր երևույթների ամենամեծ մասնակիցը, եթե դրանք եղել են, ինքն է եղել»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ