«Զինված հարձակման մեջ իրենց մեղքի բաժինն ունեն թե՛ ոստիկանությունը, թե՛ ԱԱԾ-ն». Ներքին գործերի նախկին նախարար

20.07.2016, Առավոտ

Aravot.am-ը Լենինականի նախկին միլպետ, 1990 թվականին ՀԽՍՀ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության անդամ Լևոն Գալստյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հանգուցալուծում է տեսնում ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռերի» ու ոստիկանության միջեւ ծավալվող հակամարտության: Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե իր պրակտիկայում նման դեպք եղե՞լ է ու ինչպե՞ս է կարողացել հարթել այն: «Այո, իմ՝ ներքին գործերի նախարար եղած ժամանակ եղել է նման մի դեպք, ու ես հարցը լուծել եմ բանակցելու միջոցով:

Արտաշատում գործում էր Սամվել Մարգարյանի խումբը կամ ավելի ճիշտ ասած բանդան, որն ահագին հանցագործություններ էր կատարել ու հետախուզվում էր իրավապահ մարմինների կողմից: Սամվել Մարգարյանին ձերբակալելուց հետո նրա խումբը պատանդ վերցրեց միլիցիայի մայոր Սպարտակին ու երկու միլիցիոների: Եվ ինձ առաջարկեցին հանդիպել իրենց հետ: Իմ հետեւից եկավ Ազատ Արշակյանը, եւ ես գնացի բանակցությունների, գնացի մենակ, ինձ հետ էր ծառայության բաժնի պետ Ժորան, մի հոյակապ անձնավորություն էր, մի չքնաղ երիտասարդ սպա: Բանակցությունները վարվում էին Գրողների միության շենքում: Ներքին գործերի նախարարության կողմից մասնակցում էի միայն ես, իսկ մյուս կողմից մասնակցում էին Աշոտ Նավասարդյանը, Ազատ Արշակյանը, Սամսոն Ղազարյանը, Հրանտ Խաչատրյանը, Աշոտ Աղաբաբյանը: Նրանց պահանջն էր՝ ազատել Սամվել Մարգարյանին, ես հակադարձում էի՝ միայն իմ տղաներին հետ վերադարձնելուց հետո կլուծվի Սամվելի հարցը:

Ես ասացի, որ Սամվել Մարգարյանին ես չեմ ազատի, նրան ազատում է դատախազը, քանի որ կալանքի սանկցիան դատախազն է տվել, բայց իմ աշխատողներին դուք պարտավոր եք ազատելու, որովհետեւ ներքին զորքերի նախարարության երկու գունդ ՝տեղակայված Սովետաշենում, այսօր Նուբարաշեն է կոչվում, իմ հրամանին են սպասում: Եվ եթե ես հանկարծ հրաման տայի… Բայց ես հայ էի, նման հրաման չէի տա, ես ասացի, որ եթե հրամանը տամ, մայիսի 28-ը ձեզ համար հուշ կլինի: Ես այս ամենն ասացի՝ խոսքս ուղղելով 40-50 զինյալների, որոնք նստած էին Գրողների միության տան դահլիճում: Երբ ավարտվեցին բանակցությունները, Երեւան քաղաքում սկսվեցին կրակոցներ, ես ասացի, որ պետք է լինեմ իմ տեղում, նույն Ազատ Արշակյանը ինձ տարավ նախարարություն: Նախարարությունը շրջափակված էր տարբեր խմբերով, այդ ժամանակ նրանք ազատամարտիկ չէին կոչվում, մի մասն էլ ասֆալտի ֆիդայիններ էին:

Նրանք բերեցին դատախազին՝ Գեւորգյանին, դատախազը սանկցիայի վրա մակագրեց՝ բաց թողնել Սամվելին երկու հոգու երաշխավորությամբ: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, երաշխավորեցին Աշոտ Նավասարդյանը, մյուսը կամ Հրանտ Խաչատրյանն էր կամ էլ Սամսոն Ղազարյանը: Ես ասացի, որ Սամվել Մարգարյանը շենքից դուրս չի գա, մինչեւ չվերադարձնեն իմ տղաներին, նրանք բերեցին իմ տղաներին, չնայած Սպարտակին սրիկաները ծեծի էին ենթարկել, նրանք սրիկաներ էին, ուրիշ կերպ չի կարելի ասել: Իմ տղաներին բերեցին զենքերով հանդերձ, և ես ասացի՝ բաց թողեք Սամվել Մարգարյանին, նա արդեն հանգուցյալ է, ինչքան որ ես եմ լսել, ողորմի իրեն, ինչպես ասում են: Եվ ավարտվեցին բանակցությունները: Ըստ ՀՀՇ-ի ղեկավարներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Բաբկեն Արարքցյանի, նրանք անմեղ տղաներ էին, բայց հետո այդ նույն ՀՀՇ-ականները այդ անմեղ տղաներին ձերբակալեցին, դատեցին, ուղարկեցին բանտեր, իմ ասած Սամվել Մարգարյանն էլ ՀՀՇ-ի կողմից ձերբակալվեց, դատապարտվեց, տարիներ անց մահացավ»,- պատմեց Լևոն Գալստյանը:

Ներքին գործերի նախկին նախարարի կարծիքով այս դեպքում էլ հարցը պետք է լուծել ճիշտ, խելամիտ բանակցությունների միջոցով ու գալ համաձայնության: «Ոչ մեկին էլ ձեռնտու չէ Հայաստանում իրադրությունն ապակայունացնել, դա ոչ ոքի պետք չէ, դա պետք է միայն թուրքերին ու ադրբեջանցիներին: Ինչքան արյուն թափվեց, հերիք է: Գուցե տղաների մղումներն ազնիվ են, բայց նրանք էլ պիտի հասկանան, որ նման ձևով իշխանափոխություն չի լինում, աշխարհի ոչ մի տեղ չի եղել…Մենք, իհարկե, գերազանցեցինք բոլոր տեսակի նման գործողությունները, որովհետև առաջին անգամ Հայաստանում կատարվեց զինված ստորաբաժանման գրավում, մինչև այդ չէր եղել ոչ մի տեղ, նույնիսկ Չեչնիայում չէր եղել: Ինձ այդ տղաների մեջ ծանոթ մարդիկ էլ կան, Արամն էլ է այնտեղ, գյումրեցի Արամ Հակոբյանը:

Հետաքրքիրը գիտեք ո՞րն է, այդ օրը ցերեկը ես պատահաբար հանդիպեցի Արամին, զրուցեցինք, ասի՝ ո՞ւր ես գնում, «Հիմնադիր խորհրդարան» էր կոչվում չէ՞ իրենցը, ասեց՝ գնում եմ «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակ, հարցրեցի՝ որտե՞ղ է, հետո հարցրեցի, թե ձեզ ո՞վ է ֆինանսավորում, դուք որտեղի՞ց ենք ֆինանսներ գտնում, ասաց՝ ֆինանսավորում չկա: Ու պատմեց, որ գնացել են Ժիրոյի ծնունդը շնորհավորելու, ներս չեն թողել, ես էլ ասի՝ եթե Ժիրոյին կտեսնեք, իմ կողմից էլ բարևեք: Չեմ կարող թաքցնել ու չասել, որ ես ու Ժիրոն մտերիմներ ենք եղել Ղարաբաղյան պատերազմից հետո: Հայրենասերների շարքում Ժիրայր Սեֆիլյանն իր ուրույն տեղն ունի, բայց ես նման ձևին կողմ չեմ, ոչ մի բանով մեղավոր չէր ոստիկանության գնդապետը, որ երեք երեխայի հայր էր: Ճիշտ է՝ ես նրան չեմ ճանաչում, բայց իսկական գնդապետներ այսօր քիչ կան, գուցե և նաև իսկական գեներալներ»:

Մեր ճշտող հարցին, թե ձեր առաջարկն այն է, որ ազատ արձակե՞ն Ժիրայր Սեֆիլյանին, թեկուզև պայմանական, երաշխավորների միջոցով, Լևոն Գալստյանն ասաց. «Ժիրայր Սեֆիլյանին կարող են ազատ արձակել, բայց ես զարմանում եմ, դրա համար պետք է շենք գրավեի՞ն, ստորաբաժանում գրավեի՞ն, ՊՊԾ գրավեի՞ն, որ Ժիրայր Սեֆիլյանին ազատեին, ինձ համար անհասկանալի է Ժիրայր Սեֆիլյանի ազատումն ու զինված ստորաբաժանում գրավելը՝ զոհերով, վիրավորներով:Վիրավորներ իրենց կողմից էլ կան, նրանց կողմից էլ, չնայած կողմեր ասելով՝ հասկանանք, որ երկու կողմն էլ մերն են, հայեր են»: Մեր դիտարկմանը, թե «Սասնա ծռերը» իշխանություններից Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելուց բացի պահանջում են հստակեցնել իրենց դիրքորոշումը Ղարաբաղյան խնդիր շուրջ, Լևոն Գալստյանն ասաց. «Իսկ ո՞վ գիտի, թե է այդ դիրքորոշումն ինչպիսին է, որ հստակեցում են պահանջում, օրինակ ես չգիտեմ՝ ինչպիսին է դիրքորոշումը, որովհետև ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել, իսկ բամբասանքների հիման վրա հենված դիրքորոշումներն ո՞ւմ են պետք»:

Մեր հարցին՝ չե՞ք կարծում, որ երկրում տիրող անարդարություններն են դրդել նման քայլի, նախկին նախարարն ասաց. «Բոլորն էլ գիտեն, որ երկրում լինում են անարդարություններ և՛ իրավապահ մարմինների կողմից, և՛ իրավական համակարգի կողմից, և՛ որոշ իշխանավորների կողմից, բայց էլի եմ կրկնում, սիրելի տղաներ, նման ձևով հարց չեն լուծում»: Լևոն Գալստյանը համաձայն չէ «Սասնա ծռերին» ահաբեկիչ որակավորումը տալուն, ըստ նրա, բնութագիր տալուց պետք է հստակեցնել, համապատասխանեցնել գործողություններին: «Նրանք ի՞նչ է Դուդաև են, չգիտեմ ի՞նչ են, ես համաձայն չեմ, եթե քրեական գործ է հարուցվել, թող պարզաբանեն ի՞նչ հոդվածով, ինչպե՞ս է հարուցվել, հոդվածի վերնագիրն ի՞նչ է, այդ ժամանակ պարզ կլինի՝ նրանց ահաբեկիչներ անվանե՞լ, թե՞ չանվանել: Եվ վերջապես որակավորում տալը թողնենք քննությանը և դատարանին, թե չէ ի՞նչ է ստացվում, գրող, ռեժիսոր, պարող, երգող, ազգագրագետ, քաղաքագետ սկսում են որակավորումներ տալ ու մեկնաբանություններ անել: Հարգելիներս, թողեք բանակցությունները հանգիստ ավարտվեն, ձեր մեկնաբանությունները կտաք այն ժամանակ, երբ տղաները դուրս կգան գնդի տարածքից ողջ և առողջ, դատարանի ու դատավորի դեր մի ստանձնեք»:

Նախկին նախարարը կարծիք հայտնեց, որ ստեղծված իրավիճակում իրենց մեղքի բաժինն ունեն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն: «Այս կառույցները չպիտի թույլ տային, որ հասունանար հարձակումը, իսկ դրա համար իրենք ունեին միջոցներ, պարտավոր էին ունենալ նաև տվյալներ: «Կռազ» մեքենան մի խումբ երիտասարդներով Երևան քաղաքի փողոցներով է անցել և անհասկանալի է՝ եթե քաղաքը քնում է, ոստիկանությո՞ւնն էլ է քնում, ոստիկանության ծառայությո՞ւնն էլ է քնում: Եթե այդ ծառայություններն աշխատում են ի օգուտ Հայաստանի պետականության՝ պարտավոր էին նախապես գիտենալ, ես չգիտեմ թերացան, անփութություն ցուցաբերեցին, թե գիտելիքների պակաս ունեն, արդեն թողնում եմ համապատասխան օրգաններին: Ես խնդրում եմ ակտիվիստներին ոստիկանների մեջ տեսնել իրենց հարազատներին, եղբայրներին, ընկերներին, մեր ժողովուրդը քար քցող ժողովուրդ չէ, դա ապացուցվեց շարժման տարիներին, իսկ ոստիկաններին խնդրում եմ գիտենան, որ իրենք մեր ժողովրդի մասն են, թեկուզ համազգեստով: Իսկ «Սասնա ծռերին» խնդրում են արագացնել բանակցությունների ընթացքը իշխանությունների հետ, գալ փոխադարձ համաձայնության, որպեսզի իջնենք համաշխարհային մամուլի էջերից»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր