… ԵՎ ՈՒՐԵՄՆ ԱԶԳՈՎԻ ԳՆԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
25.08.2009
Եվ այսպես, ս.թ. հուլիսի 10-ին իտալական Ակվիլա քաղաքում Մեծ ութնյակի (G-8) մասնակից երեք երկրների նախագահները` Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Հայտարարության հիմքում դրված էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների կողմից 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նախնական հիմնարար սկզբունքները: Ուշագրավ է, որ նախագահները ընդգծում են, որ այդ փաստաթղթում արտացոլված է 1975 թ. Հելսինկիում Անվտանգության ու Համագործակցության Խորհրդի Եզրափակիչ Ակտում տեղ գտած երեք հիմնարար սկզբունքները. դրանք են` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության պահպանման, հավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Սկզբունքներ, որոնց շրջանակում էլ պետք է գալ խելամիտ փոխզիջումների: Հարկ է նշել, որ նախագահներ Մեդվեդևը, Օբաման, Սարկոզին Մադրիդյան հիմնական սկզբունքներից, ի թիվս այլոց, կարևորել և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ են արել` Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը, Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում, վերջինիս անվտանգությունն ու ինքնակառավարման ապահովում, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի ստեղծում, ԼՂ-ի իրավունքը` իրավաբանական բնույթի կամարտահայտման միջոցով որոշելու իր վերջնական կարգավիճակը, բոլոր փախստականների և բռնի տեղահանվածների` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ենթադրում են խաղաղարար առաքելություններ:
Մեդվեդևի, Օբամայի, Սարկոզիի համատեղ հայտարարության մեջ ասված է նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից Մադրիդյան հիմնական սկզբունքների ընդունումը հնարավորություն կընձեռի պատրաստել համընդհանուր կարգավորման նախագիծ, որը երկու երկրներին և ողջ տարածաշրջանին կապահովի խաղաղ ապագա, կայունություն ու բարգավաճում: Մինչ այս հայտարարությանը գնահատական տալը փորձենք պարզաբանել, թե ինչո՞վ էր դրա ընդունումը պայմանավորված, ի՞նչ էր դա ազդարարում մեր երկրներին, ինչպես նաև մեր հարևաններին` Իրանին, Թուրքիային, Վրաստանին: Եվ, վերջապես, նշված սկզբունքների հիման վրա ընդունված խաղաղության պայմանագիրն աշխարհաքաղաքական հնարավոր ինչպիսի՞ զարգացումներ կարող է առաջացնել Հարավային Կովկասում: Առաջին եզրակացությունը, որն անհրաժեշտ է արձանագրել, այն է, որ ԱՄՆ-ը, Եվրամիությունը և ՌԴ-ը խիստ կարևորում են Հարավային Կովկասի նշանակությունը սեփական երկրների աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից` խնդիր ունենալով ամրապնդվել մեր տարածաշրջանում: Երկրորդ հետևությունը, որը պետք է արվի, այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված Մադրիդյան սկզբունքները փոխզիջումային են ոչ այնքան Հայաստանի ու Ադրբեջանի, որքան հենց նույն համաշխարհային ուժի այդ երեք կենտրոնների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Եվրամիության համար:
Այս ակնհայտ ճշմարտության գիտակցումից ելնելով էլ` Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացում պետք է կառուցի իր ռազմավարությունն ու մարտավարությունը թե՛ բուն բանակցությունների ժամանակ, թե՛ ժողովրդական դիվանագիտություն իրականացնելիս և, որ պակաս կարևոր չէ, երկրի ներսում կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, երիտասարդության, մտավորականության հետ համագործակցելիս` խնդիր ունենալով մշակել միասնական, փոխլրացման սկզբունքի վրա խարսխված քաղաքականություն: Դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդրի շուրջ ցանկացած քաղաքական ուժ, լինի դա իշխանություն, թե ընդդիմություն, հասկանալով հարցի ճակատագրական նշանակությունը մեր պետության համար, պարտադրված է փոխհամաձայնության գալ: Դրանով կբացառվի հակամարտող հակառակ կողմի մոտ գայթակղությունը միջնորդավորված ձևով հովանավորել հայաստանյան այս կամ այն կուսակցությանը, քաղաքական գործչին, գործելու ի վնաս հարցի հայանպաստ լուծումներին, այսինքն` նպատակ ունենալ մեր տարածաշրջանում ապահովել սեփական երկրների շահերը: Շահեր, որոնք շատ դեպքերում կարող են մեզ համար խիստ անընդունելի լինել: ԼՂՀ-ի բանակցային գործընթացի այս ֆոնի վրա արված համառոտ մեկնաբանություններից հետո, կարծում եմ, որ առաջիկայում խնդրո առարկայի վերաբերյալ քննարկումները կդառնան ավելի նպատակային և կներառեն մեր երկրի համար ընդունելի հարցեր: Օրինակ, որո՞նք են ԱՄՆ-ի գերակա խնդիրները Հարավային Կովկասում, արդյո՞ք դրանք պայմանավորված են Կենտրոնական Ասիայի և Կասպից ծովի էներգետիկ պաշարների տեղափոխման այլընտրանքային հնարավորություններո՞վ: Կամ` ինչպիսի՞ հնարավոր զարգացումներ կարող են լինել մեր տարածաշրջանում` պայմանավորված Ամերիկա-Իրան հարաբերությունների հետագա զարգացումներով, ինչպե՞ս են Ամերիկայի Միացյալ Նահանգները պատկերացնում Թուրքիայի դերակատարությունը Հարավային Կովկասում և, վերջապես, այս և այլ հարցերի լույսի ներքո ԱՄՆ-ը ի՞նչ է ակնկալում Հայաստանից ու Ադրբեջանից:
Ինքնին հասկանալի է, որ այս բոլոր հարցերի լուծումներն իրենց ամբողջականության մեջ, անտարակույս, պետք է համահունչ լինեն ԱՄՆ-ի շահերին: Նույնաբովանդակ հարցադրումներ պետք է արվեն` ելնելով ՌԴ-ի և Եվրամիության տեսանկյուններից: Մեր մոտեցումներն ավելի լիարժեք լինելու համար հարկ է վերլուծել, թե որո՞նք են Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի և Վրաստանի կողմից հետապնդվող խնդիրներն ու աշխարհաքաղաքական նախասիրությունները: Հիշատակված հարցերի պատասխաններն ունենալուց հետո անհրաժեշտ է պարզել, թե նախագահներ Մեդվեդևի, Օբամայի ու Սարկոզիի արված համատեղ հայտարարությունում Մադրիդյան որ սկզբունքի կիրառումը ինչ պարագայում և ինչ մեկնաբանությամբ կարող է նպաստել կամ խոչընդոտել համանախագահողների երկրների շահերին մեր տարածաշրջանում: Ահա նման մոտոցումներ որդեգրելու դեպքում կարող ենք պատասխանել, թե այսուհետ ինչպիսի՞ն պետք է լինի մեր դիվանագիտության, ինչպես նաև քաղաքական ուժերի գործունեության տրամաբանությունը: Միայն նման մանրակրկիտ վերլուծության արդյունքում կիրականացնենք գործառույթներ, որով մեր երկիրը հնարավորինս զերծ կպահենք բանակցային գործընթացում ոչ հայանպաստ անակնկալ զարգացումներից: Հակառակ պարագայում այն «բուռն», քննարկումները, որոնք շուրջ մեկ ամիս է ինչ ծավալվել են մեր մամուլում ու հեռուստատեսությամբ, և որտեղ հիմնականում խոսվում ու վերլուծվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարության մեջ ներառված վեց սկզբունքները, բանակցային գործընթացին կարող են պարզապես խանգարել:
Ընթացող քննարկումները, չնչին բացառությամբ, հանգեցնում են ստեղծված իրավիճակի թյուրըմբռնմանը, պարզունականացմանը, ավելին, հնարավորություն են տալիս Մինսկի խմբի համանախագահներին շոշափելու Հայաստանի Հանրապետությունում գերիշխող, երբեմն լավ զարգացումներ չխոստացող տրամադրությունները, որոնք, ավա՜ղ, կրկնում եմ, միշտ չէ, որ լավագույնս կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործին: Ստեղծված պայմաններում, կարծում եմ, շատ կարևոր է գտնել համանախագահող երկրների ղեկավարների հրապարակայնորեն արված այնպիսի հայտարարություններ, նրանց կողմից տրված սկզբունքային այնպիսի գնահատականներ, որոնք մենք կկարողանանք ծառայեցնել ի շահ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հայանպաստ կարգավորման: Թե չէ ստացվում է, որ բազմաթիվ հայ հռետորներ, իրար հերթ չտալով, փորձում են համոզել հանրությանը մեր ընդհանուր գործի արդարացիության մեջ, ասես թե, մրցում են միմյանց հետ, թե ով է ավելի մեծ հայրենասերը: Էլ չեմ խոսում նրանց մասին, ովքեր իշխանություններին խրատաբանական կարծր դիրքորոշումներ են հրամցնում, դիրքորոշումներ, որոնք բացարձակապես և ոչ մի աղերս չունեն բանակցային իրական գործընթացների հետ: Կրկնում եմ, այս գործում մեր խնդիրն է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ղեկավարների հրապարակայնորեն տված գնահատականները, արտահայտած սկզբունքային դիրքորոշումները, մոտեցումները, որոնք արվել են այլ հակամարտությունների վերաբերյալ և հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ, ծառայեցնենք մեր երկրի շահերին: Իսկ նման հնարավորություններ, անշուշտ, կան և դրանք քիչ չեն: Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի թիվ 1 դաշնակիցն է Թուրքիան, որը վերջին տարիներին Հարավային Կովկասում աննախադեպ ակտիվություն է դրսևորում, խնդիր ունենալով շեշտակիորեն բարձրացնել իր դերակատարությունը մեր տարածաշրջանում: Թուրքական կողմի ջանքերը, ի թիվս այլ խնդիրների լուծման, ուղղված են, նախևառաջ, Կենտրոնական Ասիայի և Կասպից ծովի էներգակիրների տեղափոխումը դեպի Եվրոպա իր տարածքով իրականացնելուն: Խոսքը “Nabucco” գազատարի մասին է, որով նախատեսվում է տարեկան կտրվածքով շուրջ 32 մլրդ խորանարդ մետր գազ տեղափոխել Եվրոպա: Հայտնի է, որ այդ խնդրի լուծումը որոշակիորեն կմեղմի Եվրամիության անդամ երկրների էներգետիկական կախվածությունը Ռուսաստանից, ինչպես նաև կբարձրացնի Թուրքիայի դերակատարությունը Եվրոպային էներգակիրներով մատակարարելու գործում, առավել ևս եթե հաշվի առնենք նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան տարեկան 50 մլն տոննա նավթ տեղափոխող նավթատարի գործոնը:
Թուրքական իշխանությունները շատ լավ հասկանում են, որ ձեռք բերելով տնտեսական նման կարևոր լծակներ հնարավորություն կունենան դրանք ծառայեցնել սեփական քաղաքական նպատակների իրագործմանը, որոնցից կարևորագույնն է` հասնել Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: Բնականաբար, 7,5 մլրդ եվրո արժողության “Nabucco” գազատարի շինարարության օգտին է խոսում մեր տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու խնդրի լուծումը: Ասվածի լույսի ներքո խիստ արդիական է դառնում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցը: Կասկածից վեր է, որ Թուրքիան ամեն կերպ կաջակցի այս հարցում իր բարեկամ երկիր Ադրբեջանին, հատկապես հաշվի առնելով վերջինիս որոշիչ նշանակությունը “Nabucco” ծրագրի իրականացման գործում: Հարկ է նշել, որ մեր տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցերը առավել կարևորվեցին 2008 թ. օգոստոսի վրաց-հարավօսական հնգօրյա պատերազմից հետո: Հիշենք, որ պատերազմի ավարտից մի քանի օր անց Թուրքիան, ի դեմս վարչապետ Ռեջեփ Էրդողանի, հանդես եկավ կայունության ու զարգացման հարավկովկասյան պլատֆորմի հռչակումով, որին մասնակից պետք է դառնային (ըստ թուրքական առաջարկի) Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը: Ինքնին հասկանալի է, որ թուրքական առաջարկի ընդունման պայմաններում զգալիորեն կբարձրանար այդ երկրի ներգործությունը Հարավային Կովկասում, ինչն էլ ինքնաբերաբար կհանգեցներ ՆԱՏՕ-ի և, անշուշտ, ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացմանը: Բնական է, որ նման զարգացումներն ամենևին էլ չէին բխում մեր ռազմավարական դաշնակից, բարեկամ Ռուսաստանի Դաշնության շահերից, որովհետև դա զգալիորեն կթուլացներ Ռուսաստանի դերակատարությունը մեր տարածաշրջանում: Անբարենպաստ նման գործառույթների դեպքում Հարավային Կովկասում ՌԴ-ի ազդեցության, թերևս, միակ գործոն կմնար Հայաստանի Հանրապետությունը, որտեղ տեղակայված է ռուսական, տարածաշրջանում այլևս եզակի, ռազմակայանը: Եթե մենք նկատի ունենանք զարգացումների նման տրամաբանությունը, ապա դա կհուշի, որ բանակցային գործընթացում ՀՀ-ն պետք է շարունակի պնդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հայտնի այն 3 սկզբունքների կենսագործման վրա, որոնք մեր իշխանությունների կողմից բազմիցս հայտարարվել են և որոնք տեղ են գտել նաև խնդրո առարկայի շուրջ հուլիսի 10-ին համանախագահող երկրների ղեկավարները վերը նշված համատեղ հայտարարության մեջ:
Այս համատեքստում շատ է արդիականանում հայտարարության մեջ տեղ գտած 6-րդ սկզբունքի այն հատվածը, ուր ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի միջազգային անվտանգության երաշխիքները ենթադրում են խաղաղարար առաքելությունների իրականացում: Հասկանալի է, որ ՌԴ-ը գիտակցում է, որ բացառությամբ ՀԱՊԿ անդամ երկրների զինուժի խաղաղարար ցանկացած այլ ուժի մուտքը մեր տարածաշրջան, եթե անցանկալի կլինի Ռուսաստանի համար, ապա դա միանգամայն անընդունելի կլինի Իրանի համար: Այս հարցում խիստ կկարևորվի Իրանի Իսլամական Հանրապետության դերակատարությունը: Կասկածից վեր է, որ Իրանը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի բացառվի ՌԴ-ից բացի որևէ այլ երկրի, առավել ևս ռազմաքաղաքական որևէ այլ դաշինքի զինուժի տեղակայում հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, հայ-իրանա ու իրանա-ադրբեջանական սահմանի հարյուրից շատ ավելի կիլոմետր երկայնքով: Ահա այս հարցերի համապատկերում էլ վարվող բանակցություններում պետք է կառուցվի հայկական կողմի ռազմավարությունը: Կարծում եմ, հասկանալի է, որ առաջարկված սկզբունքներից հիշատակված 6-րդը` հարցի կարգավորման ամենաառանցքայիններից է: Այդ սկզբունքի կիրառումը հավասարապես կարևոր է ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի համար: Այս իրողությունից շրջահայաց, համակողմանի եզրակացություններ անելու կարևորությունը դժվար է գերագնահատել: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի իրավունքի` իրավաբանական բնույթի կամարտահայտման միջոցով որոշելու իր վերջին կարգավիճակը սկզբունքին, ապա այստեղ անհրաժեշտ է, որ մենք մեր զինանոցում լիարժեքորեն օգտագործենք ՌԴ-ի արտաքին գործերի նախարարար Սերգեյ Լավրովի հրապարակային պնդումները: Պնդումներ, որոնք արվել էին ի հիմնավորում Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչման: Այսպես, 2008 թ. սեպտեմբերի 11-ին լեհական “Gazeta Wiborcza” հեղինակավոր թերթին տված հարցազրույցում Ս.Լավրովը հայտարարել էր. Հարավային Օսեթիան և Աբխազիան համաձայն ԽՍՀՄ 1990 թ. ապրիլի 3-ի օրենքի փաստացի եղել են անկախ պետություններ: Մենք պետք է քարոզչական լուրջ աշխատանք ծավալենք, որպեսզի ինչպես Մինսկի համանախագահող երկրների ղեկավարները, այնպես էլ միջազգային հանրությունը տեղեկացված լինի խնդրո առարկայի մանրամասներին` ՌԴ-ի արտգործնախարարի կողմից հիշատակված այդ օրենքի դրույթներին: Այսպես, 1990 թ. ապրիլի 3-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդն ընդունել է N-1409-I օրենքը «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետությունների դուրս գալու հարցերի կարգի մասին»: Այդ օրենքի հոդված 3-ում նշված է. «Միութենական հանրապետությունում, որն իր կազմում ունի ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար օկրուգներ, հանրաքվեն (ռեֆերենդումը) անցկացվում է առանձին յուրաքանչյուր ինքնավարությունում:
Ինքնավար հանրապետությունների և ինքնավար միավորումների ժողովուրդներին վերապահվում է իրավունք ինքնուրույն լուծել ԽՍՀՄ-ում մնալու կամ կազմից դուրս եկող Հանրապետությունում, ինչպես նաև սեփական պետաիրավական կարգավիճակի հարցադրում անելը»: Այնպես որ հայկական կողմն ամեն հարմար առիթով պետք է հայտնի մեր երկրի համերաշխությունը Սերգեյ Լավրովի նման սկզբունքային դիրքորոշմանը` այն դարձնելով բանակցային գործընթացում մեր դիվանագիտության մեխերից մեկը: Այստեղ կարևոր է նաև հրապարակ հանել 1990 թ. հունվարի 18-ին ԱՄՆ-ի հեղինակավոր սենատորների կոչն ուղղված ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին, որտեղ, մասնավորապես, գրված էր. «Մենք կոչ ենք անում Ձեզ լուծել պրոբլեմը (Լեռնային Ղարաբաղի.- Ա.Գ.), որը բերեց ողբերգական իրադարձությունների, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տալով իրավունք ազատ կատարելու ընտրություն սեփական քաղաքական և մշակութային կապերի համաձայն»: Կոչի տակ իրենց ստորագրություններն էին դրել սենատորներ Պիտեր Ուիլսոնը, Պոլ Սայմոնը, Լուրի Պրեսլերը, Կլեյբորն Պելը, ինչպես նաև ԱՄՆ 2004 թ. նախագահական ընտրություններում Ջորջ Բուշի հիմնական մրցակից, դեմոկրատ Ջոն Կերին: Կարծում եմ, որ մենք պետք է հորդորենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահ Բարաք Օբամային` հարգել իր հեղինակավոր կուսակցի` Ջոն Կերիի և մյուս սենատորների դեռ 1990 թ. հայտնած պաշտոնական այս տեսակետը: Առավել ևս հարգալից վերաբերմունք դրսևորել 1989 թ. հուլիսի 19-ին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների Կոմիտեի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճի խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի աջակցության մասին», բանաձևի պահանջների կատարման նկատմամբ:
Բանաձևում, մասնավորապես, նշված է. «Խորհրդային Միության հետ երկկողմանի քննարկումների ժամանակ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճի արդարացի լուծման օգտին, որն ազնիվ կարտացոլի այդ շրջանի բնակչության կարծիքը»: Այստեղ շատ կարևոր է նշել, որ այդ նույն փաստաթղթի մեկ այլ պարբերության մեջ նշված է, որ « … առաջացրեց դժգոհությունների հետագա աճ (խոսքը ԼՂ-ի Հատուկ Կառավարման Կոմիտեի գործունեության մասին է- Ա.Գ.) այնտեղ բնակվող հայերի շրջանում, որոնք կազմում են տեղի բնակչության ճնշող մեծամասնությունը»: Սենատոր Կլեյբորն Պելի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Սենատի Արտաքին Հարաբերությունների Կոմիտեի կողմից ընդունված այս բանաձևը պետք է նույնպես մեր դիվանագիտության, ինչպես նաև պետական ողջ քարոզչամեքենայի կողմից օգտագործվի` խնդիր ունենալով քաջալերել ԱՄՆ-ի ներկայիս վարչախմբին` հավատարիմ մնալ Սենատի կողմից երկու տասնամյակ առաջ ընդունված բանաձևի ոգուն: Խոսելով ԱՄՆ-ի գործող վարչակազմի մոտեցումների մասին անհրաժետ եմ համարում Մինսկի խմբի համանախագահող եռյակին հայտնել, որ մենք խիստ կարևորում ենք ս.թ. հուլիսի 23-ին Վրաստանի պառլամենտում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի ունեցած ելույթի հետևյալ դրույթները. «Որքան էլ դժվար լինի, կոչ եմ անում Ձեզ (Վրաստանի իշխանություններին- Ա.Գ.) բաց պահել դռները աբխազացիների ու հարավօսեթացիների առջև … Դա տխուր փաստ է, բայց վերամիավորվելու ռազմական ճանապարհ իրապես չկա: Միայն խաղաղ ու ծաղկող Վրաստանը կունենա հեռանկար վերականգնել Ձեր տարածքային ամբողջականությունը, եթե նրանք, ովքեր ապրում են Աբխազիայում և Հարավային Օսեթիայում, տեսնեն, որ Վրաստանի կազմում նրանք կկարողանան լինել ազատ, իսկ իրենց համայնքներն էլ ծաղկող, որտեղ նրանք կօգտվեն ինքնավարությամբ դաշնային իշխանության համակարգի շրջանակում, որտեղ նրանց կյանքը կդառնա զգալի լավ, քան հիմա է»: ԱՄՆ-ի իշխանությունները քանիցս հայտարարել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը միտված իրենց անսասան սկզբունքային մոտեցման մասին, ուստիև Ջոզեֆ Բայդենի թբիլիսյան ելույթում հայտնված այդ մոտեցումը պետք է փորձել հիմնավոր կերպով ամբողջությամբ կիրառելի դարձնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում` առաջարկելով հարգել փոխնախագահ Բայդենի արդարացի այդ բանաձևը և ներառել դա Մադրիդյան սկզբունքների նորացված տեքստում: Առավել ևս այս հարցում մենք պետք է հանդես գանք միասնական համազգային դիրքորոշմամբ, այն է` այս հարցում ցանկացած այլ մոտեցում հղի է պատերազմական գործողությունների վերսկսմամբ:
Ավելին, ԱՄՆ-ի փոխնախագահի թբիլիսյան ելույթում հնչեցված սկզբունքային գնահատականից հետո դրան հակասող ցանկացած գործառույթ, եթե չդատապարտվի, ապա Ադրբեջանը կարող է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու իր հավակնություններին տրված լռելյայն համաձայնություն: Չէ՞ որ մենք ականատեսն ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասես միտումնավոր թե՛ իր երկրի ներսում, թե՛ արտասահմանում (վերջերս Լոնդոնում Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` Chatham House-ում ունեցած ելույթը.- Ա.Գ.) շարունակաբար հանդես է գալիս հայտարարություններով` ռազմական ճանապարհով հասնել ԼՂ-ի հարցի լուծմանը: Եվ դա արվում է այն դեպքում, երբ անցյալ տարվա նոյեմբերի 2-ին նախագահներ Սարգսյանի, Մեդվեդևի և Ալիևի ստորագրությամբ ընդունվել էր Մայենդորֆյան հռչակագիրը, որտեղ վավերացված էր հակամարտող կողմերի պատրաստակամությունը` հարցի լուծմանը հասնել միայն խաղաղ ճանապարհով: Այլ կերպ ասած` Ալիևը հրապարակավ անտեսում է այդ փաստաթղթի դրույթների կատարման երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության նախագահի նշանակությունն ու դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում: Զարմանք առաջացրեց այն, որ վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար աբիևը Բաքվում` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել էր. «Եթե հայ-ադրբեջանական հակամարտությունը չկարգավորվի խաղաղ տարբերակով, ապա ռազմական լուծումն անխուսափելի է»: Ցավոք, այդ ռազմատենչ հայտարարությունը, որը հակասում է ՌԴ նախագահի կողմից վավերացված Մայենդորֆյան հռչակագրի ոգուն, Ռուսաստանի պաշտպանության նախարարի կողմից մնաց անպատասխան: Կարծում եմ, չի կարելի թերագնահատել Մայենդորֆյան հռչակագրի դերն ու նշանակությունը հատկապես Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահողի հետ քննարկումների ժամանակ: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի, իսկ ավելի լայն` Եվրամիության դիրքորոշումներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում, ապա գտնում եմ. տեղին կլիներ, եթե մենք Եվրոպայի մեր գործընկերներին հիշեցնեինք, որ միջազգային կազմակերպությունների և հատկապես Եվրամիության առանցքային երկրների ու ԱՄՆ-ի բոլոր տեսակի միջամտությունները, որոնք բերեցին Կոսովոյի անկախությանը, եթե համեմատելու լինենք Արցախի ժողովրդի անցած ճանապարհի հետ (որը նա անցել է ինքնուրույն, առանց դրսի միջամտության), ապա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը միջազգային իրավունքի տեսակետից շատ ավելի հիմնավոր ու անխոցելի է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացմանն անհրաժեշտ չի եղել ոչ ՄԱԿ-ի Ախտիսաարիի հանձնաժողովի նմանությամբ նորի ստեղծում, ոչ երկնագույն սաղավարտավորների, ոչ էլ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման զինված ուժերի ներգրավման անհրաժեշտություն: Ավելին, չէր խանգարի շրջանառության մեջ դնել ս.թ. մայիսի 22-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի Կոսովոյի պառլամենտում ունեցած ելույթից առանձին դրույթներ:
Այսպես, ԱՄՆ-ի փոխնախագահը որպես անկախ Կոսովոյի նվաճում հիշատակել է այնպիսի ձեռքբերումներ, որոնք դեռ տարիներ առաջ էին իրենց լուծումը գտել Լեռնային Ղարաբաղում: Մասնավորապես, դրվատանքի էր արժանացել այն, որ Կոսովոյի պառլամենտն ընդունել է ավելի քան 50 օրենք: Ելույթում ասվել էր. «Դուք կառուցել եք ճանապարհներ, զրոյից ստեղծել եք նախարարություններ և պետական ծառայություններ, որոնք նախկինում գոյություն չունեին»: Այս ամենը 100%-ով կարելի է ասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: «Ձեր հաջողությունը նվաճված է համառ աշխատանքով,- շարունակել է Ջ.Բայդենը,- դուք ցուցադրեցիք ամբողջ աշխարհին, որ ժողովրդավարությունը և Կոսովոյի անկախությունը հանդիսանում են ուժ, որը նպաստում է տարածաշրջանում կայունության հաստատմանը, և այսպես էլ լինելու է հետո»: Լեռնային Ղարաբաղի հանրապետության կայացման օրինակը, կարծում եմ, շատ ավելի համոզիչ վկայությունն է ի հաստատումն Ջ.Բայդենի այն պնդման, որ միայն ժողովրդավարություն որդեգրած Ղարաբաղի անկախ պետականությունը հնարավոր դարձրեց առանց միջազգային հզոր ուժերի աջակցության դիմակայել 30 անգամ ավելի մեծ թվաքանակով բնակչություն ունեցող, միլիարդավոր նավթային դոլարներ սպառազինության վրա ծախսող Ադրբեջանի ռազմական ոտնձգություններին: Ավելին, այն հարցերը, որոնց լուծմանն ուղղված կոչով է Կոսովոյում հանդես եկել Ջ.Բայդենը, Լեռնային Ղարաբաղում արդեն տարիներ շարունակ դրված են իշխանությունների ամենօրյա աշխատանքի հիմքում և կազմում են դրա բովանդակությունը: Ի մասնավորի, ԱՄՆ-ի փոխնախագահն իր այդ ելույթում ասում է. «Առաջին, մենք կոչ ենք անում Ձեզ, մենք համառորեն խնդրում ենք Ձեզ շարունակել ուժեղ ինստիտուտների շինարարությունը, ուր կմարմնավորվեն արժեքներ, որոնք ամրագրված են Ձեր անկախության հռչակագրում և ձեր Սահմանադրությունում: Այդ ինստիտուտների արդյունավետությունն ու թափանցիկությունը կունենան վճռական նշանակություն Ձեր կառավարության նկատմամբ վստահության ամրապնդման գործում առաջիկա ամիսներին ու տարիներին»:
Լեռնային Ղարաբաղում այդ հարցերի լուծմանն են ուղղված արդեն իսկ տարիներ շարունակ իրականացվող պետական շինարարությանն ուղղված գործնական քայլերը, որոնց արդյունքները ցանկացած անկողմնակալ ուսումնասիրության պարագայում, համոզված եմ, շատ բարձր կգնահատվեն: Բայդենի ելույթից կարելի է այլ հարցադրումներ էլ մեջբերել, սակայն այսքանից էլ կարող ենք եզրակացնել, որ Եվրամիության առանցքային երկրների և ԱՄՆ-ի ջանքերով անկախացած Կոսովոն նոր է սկսում իրագործել այն քայլերը, որոնք Լեռնային Ղարաբաղն արդեն իսկ տարիներ առաջ և ավելի մեծ հաջողությամբ իրագործել է և շարունակում է դա անել: Այսինքն, հաշվի առնելով այս իրողությունները և դրանից հետո պարտադրել Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետությանը այլընտրանքային որևէ կարգավիճակ, մեղմ ասած, կլիներ խիստ անտրամաբանական: Նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի համատեղ հայտարարության մեջ տեղ գտած երկրորդ (ԼՂ-ին ժամանակավոր կարգավիճակի տրամադրում, վերջինիս անվտանգության ու ինքնակառավարման ապահովում) և չորրորդ (ԼՂ-ի իրավունքը` իրավաբանական բնույթի կամարտահայտման միջոցով որոշելու իր վերջնական կարգավիճակը) սկզբունքների շուրջ բանակցելիս դրական ազդեցություն կունենա այն, եթե հայկական կողմը առանձնահատուկ նշի Ջ.Բայդենի մայիսի 22-ին Կոսովոյի պառլամենտում ունեցած սկզբունքային գնահատականների խիստ արդիականությունը նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում: Դրանց հակափաստարկներ բերելը դյուրին գործ չի լինի: Մենք պետք է օգտագործենք նաև այն հանգամանքը, որ մինչև 2009 թ. ավարտը Եվրամիությունում նախագահելու է Շվեդիայի թագավորությունը, և այդ գործում շատ մեծ է լինելու այդ երկրի արտգործանախարար Կարլ Բիլդտի դերակատարությունը, որն որպես ԵՄ-ը նախագահող երկրի պաշտոնյա իր գործունեության առաջնայնություններից համարեց պաշտոնական այցով լինել Վրաստանում, Ադրբեջանում ու Հայաստանում: Եվ դա վերստին շեշտեց կարևորության այն բարձր աստիճանը, որ Եվրամիությունը տալիս է Հարավային Կովկասի երկրներին և մեր տարածաշրջանում ընթացող զարգացումներին: Ինչու եմ առանձնահատուկ հիշատակում Կարլ Բիլդտին, որովհետև ճիշտ և ճիշտ նույն Կարլ Բիլդտն է եղել Եվրամիության ներկայացուցիչը Բալկաններում, երբ այնտեղ կյանքի էր կոչվում Դեյտոնյան համաձայնագիրը` կրակի դադարեցման համաձայնագիր, հակամարտող կողմերի բաժանում և տարածքների առանձնացնում, որով վերջ դրվեց 1992-95 թթ. Բոսնիայի և Հերցեգովինայի քաղաքացիական պատերազմին: Հիշեցնեմ, որ պայմանագրի դրույթները համաձայնեցվել էին ԱՄՆ-ի Դեյտոնի ռազմակայանում (նահանգ Օհայո), պայմանագիրը ստորագրվել էր 1995 թ. դեկտեմբերին Փարիզում:
Լինելով ականատեսը Խորվաթիայի կողմից 1995 թ. ամռանն իրականացվող էթնիկական զտումների, երբ խորվաթական զորքերի կողմից գրավված Սերբսկայա Կրաինայի շուրջ 300 հազար սերբեր դիմեցին փախուստի այն շրջաններից, որտեղ նրանք ապրել են հարյուրամյակներ, Կարլ Բիլդտը Խորվաթիայի նախագահ Ֆրանյո Թուջմանին անվանել էր Ռ.Կարաջիջին հավասար ռազմական հանցագործ: Ավելին, Կարլ Բիլդտը քաջատեղյակ է եղել նաև, որ Խորվաթիայի մայրաքաղաք Սարաևոյում Դեյտոնի համաձայնագրի կնքման պահին բնակվելիս են եղել 120-ից 150 հազար սերբեր, իսկ այսօր այդ քաղաքում սերբեր պրակտիկորեն չեն ապրում: Եվրամիությունում նախագահող երկրի` Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտին անհրաժեշտ է փաստարկված ապացուցներ ներկայացնել, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, Աստված մի արասցե, եթե հանկարծ հայտնվի Ադրբեջանի կազմում, ապա նրա հայ ազգաբնակչությանը սպասվում է Սերբսկայա Կրաինայի, Սարաևոյի սերբերի ճակատագիրը: Իրավիճակ, որը հայկական երկու պետությունները երբեք թույլ չեն տա, որ հնարավոր դառնա: Ավելին, պետք է բազմաթիվ փաստարկված հիմնավորումներով ներկայացվի այն ճշմարտությունը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ելել էր ազատագրական պայքարի գիտակցելով, որ հակառակ պարագայում կարժանանա Նախիջևանի ճակատագրին, այն է` կհայաթափվի, իսկ պատմամշակութային հարստությունը կկողոպտվի ու կոչնչացվի: Անհրաժեշտ է հետևողականորեն պարզաբանել, որ հայկական կողմը ենթարկվելով զանազան ճնշումների, շատ համբերատար գործնականում ապացուցում է իր խորը հակվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գաղափարին: Ասվածի հավաստիությունը ներկայացնելու համար պետք է գործի դրվեն բազում հիմնավորումներ և ապացույցներ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատագրական պայքարն եղել է ոչ այլ ինչ, քան Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացվող էթնիկական զտմանն ուղղված քաղաքականության պատասխանը: Այս առումով բերեմ ուշագրավ մի օրինակ «Բակինսկի ռաբոչի», թերթի 2002 թ. հուլիսի 25-ի համարում «Զանգավածային լրատվական միջոցները պետք է լինեն ճշմարտության ազդարարը…», խորագրի ներքո հրապարակված նյութից:
Հեյդար Ալիևը, Ադրբեջանի այն ժամանակվա նախագահը, ի լուր աշխարհի այդ թերթում հրապարակեց ճշմարտությունը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից վարվող քաղաքականության մասին: «Ես խոսում եմ այն ժամանակաշրջանի մասին,- ասում է Ալիևը,- երբ առաջին քարտուղար էի (նկատի ունի Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի.- Ա.Գ.). այդ ժամանակ շատ եմ օգնել Լեռնային Ղարաբաղի զարգացմանը: Միաժամանակ ջանացել եմ փոխել տեղի ժողովրդագրությունը: Լեռնային Ղարաբաղը հարց էր բարձրացրել ինստիտուտ, ԲՈՒՀ բացել: Մեզանում բոլորը դեմ էին դրան: Ես մտածեցի, որոշեցի բացել: Մերձակա շրջանների ադրբեջանցիներին սովորելու էինք ուղարկում ոչ թե Բաքու, այլ այնտեղ… Հիմնադրեցինք կոշիկի մեծ ֆաբրիկա: Մարզը շրջապատող վայրերից ադրբեջանցիներին ուղարկում էինք այնտեղ: Այս և այլ միջոցներով ես աշխատել եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների թվաքանակը մեծանա, իսկ հայերինը` նվազի»: Ավելի բացահայտ չես ասի: Այդ տարիներին Ադրբեջանում իրականացվող ահա նման պետական քաղաքականության մեջ են թաքնված Ադրբջանի հայաբնակ մի քանի տասնյակ քաղաքներից, գյուղերից ու շրջաններից ավելի քան կես միլիոն հայերի զանգվածային տեղահանման պատճառները: Պատմական հայրենիքից հայ ազգաբնակչությանը դուրս մղելու նման քաղաքականությունն էլ հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ընդվզմանը, համաժողովրդական պայքար սկսելուն` իրենց ազգային ինքնորոշման իրավունքի հաստատման համար: Հաշվի առնելով այն, որ ներկայիս Ադրբեջանում Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի քաղաքականություն է իրականացվում, ապա կասկածից վեր է, որ նրա որդին` Իլհամ Ալիևը, եթե Լեռնային Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, շարունակելու է, այն էլ էլ ավելի կատաղի, իր հոր վարած քաղաքականությունը: Ահա այս բոլոր հարցերը նկատի ունենալով է, որ մենք պնդում ենք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության այլընտրանքը պատերազմն է:
Եվ այս ակնհայտ իրողության պայմաններում հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելը, խնդիր դնելով, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության գաղափարից, դա նույնն է, հավասարազոր է նրան, որ պատասխանատվության վերցնել Հարավային Կովկասում, մեր տարածաշրջանում նոր պատերազմի հրահրման համար: Սա է իրականությունը: Հնարավոր նման զարգացումների գիտակցումն է, որ հրամայական է դարձնում մեր ժողովրդի կոնսոլիդացման խնդիրը: Ցանկացած այլ գործողություն, որքան էլ բարեհունչ խոսքերով պարուրվի, ոչ այլ ինչ է, քան քաղաքական կարճատեսություն, եթե չասվի` տգիտության դրսևորում կամ էլ քողարկված դավաճանություն: Նման քայլերը բոլորս պարտավոր ենք ի սկզբանե բացառել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության պաշտպանությունը, միջազգայնորեն դրա ճանաչումը բոլորիս սրբազան պարտքն է, իսկ ավելի ճիշտ` դա մեր ճակատագիրն է: Եվ ուրեմն ազգովի գնանք Հայաստանի Հանրապետության ճակատագրին ընդառաջ:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային Միաբանություն կուսակցության», նախագահ