Պետականության ամրապնդումը կենսական անհրաժեշտություն է
11.02.2014, Հայաստանի հանրապետություն
Երեկ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ժողովածուն ներառում է վերջին մեկ տարում Արտաշես Գեղամյանի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները։ Ընթերցող լայն հանրության դատին հանձնված գիրքը, լինելով նախորդ 11 գրքերի տրամաբանական եւ օրգանական շարունակությունը, առանձնանում է նշված ժամանակահատվածում մեր պետության եւ ժողովրդի, ԼՂ-ի կենսական շահերը գիտավերլուծական խորությամբ աշխարհին ներկայացնելու առումով։
Հեղինակը ներկայացնում է իր տեսլականը Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Սիրիայում ընթացող զարգացումների մասին, դիտարկում է մեր երկրի համար անչափ կարեւոր հարցեր, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները, Մաքսային միություն, ձեւավորվող միասնական տնտեսական տարածք եւ դրանց հիմքի վրա ստեղծվող Եվրասիական միություն Հայաստանի մուտք գործելը։ Քննարկում է Հայաստանի էկոնոմիկայի, գյուղատնտեսության առկա վիճակին վերաբերող հարցեր, վերլուծում սոցիալ-տնտեսական ոլորտում տիրող դրությունն ու արտագաղթի պատճառները։ Կարեւորն այն է, որ իր տեսակետներն արտահայտելիս Արտաշես Գեղամյանը հետապնդում է հստակ նպատակ, այն, որ Հայաստանի պետականության ամրապնդումը կենսական անհրաժեշտություն է։
Արտաշես Գեղամյանը, ներկայացնելով գիրքն, ասաց, որ այն յուրատեսակ հաշվետվություն է ինչպես իր ղեկավարած կուսակցության, այնպես էլ Հայաստանի հանրապետական կուսակցության ու նախագահի առջեւ։
«Առանձնահատուկ ոգեւորությամբ ուզում եմ նշել, որ այն բոլոր հարցադրումները, որ տեղ էին գտել իմ նախորդ գրքերում, այսօր իրականություն են դարձել։ Բնականաբար, սա գուշակություն չէ իմ կողմից, պարզապես ես ամենայն ուշադրությամբ հետեւում էի երկրի նախագահի հրապարակային եւ գրավոր խոսքին, ուր Հայաստանի հեռանկարային զարգացումներն էին մատնանշվում հատկապես արտաքին քաղաքական ոլորտում»,–նշեց նա։
Արտաշես Գեղամյանն ընդգծեց, որ ուշադրությամբ հետեւել է Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի նախագահների՝ ՄՄ-ի հետ կապված հրապարակային ելույթներին. «Փորձել եմ վերլուծության ենթարկել Եվրամիության ղեկավարության ելույթները՝ կապված արեւելյան գործընկերության հետ ու համադրել երկրի նախագահի ելույթների հետ եւ արդեն 2-3 տարի առաջ հանգում էի այն եզրակացության, միգուցե այն ժամանակվա համար համարձակ, որ ՀՀ-ի արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը պետք է պայմանավորված լինի Մաքսային միության հետ կապերով, ինչո՞ւ չէ՝ խորացնելով հարաբերությունները ԵՄ-ի հետ»։
«Նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումը պատմական էր ոչ միայն մեր երկրի զարգացման հեռանկարների առումով, այլ նաեւ վերջապես փոխվեցին Եվրամիության պետությունների մոտեցումները մեր հանդեպ։ 3-4 օր առաջ Եվրամիության 13 պետություն, այդ թվում Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, շրջանառության մեջ են դրել նոր փաստաթուղթ՝ Արեւելյան փաթեթ, որում հաշվի են առնվել այն բոլոր հարցադրումները, որոնք կատարել էր նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին»,–եզրափակեց նա։
Մաքսային միությանն անդամակցումը լայնածավալ գործընթաց է, եւ այդ կառույցի վերաբերյալ լուսաբանումները շատ կարեւոր են, առաջին հերթին, հասարակության եւ նրա տեղեկացվածությունը բարձրացնելու համար։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլնիկինը կարեւորեց Գեղամյանի աշխատանքը՝ հավելելով, որ գիրքը կօգնի հասարակության լայն զանգվածներին տեղեկանալու կառույցի գործունեության մասին։
Դեսպանը նշեց, որ հայկական ԶԼՄ-ները տարբեր կերպ են լուսաբանում Մաքսային միությանը Հայաստանի միանալու գործընթացը, իսկ օբյեկտիվ լուսաբանման համար պետք է այդ գործընթացի, ընդհանրապես, Մաքսային միության մասին խոսել շատ եւ մանրամասն ներկայացնել դրույթները։
Երկլեզու գիրքը լույս է տեսել 500 օրինակ տպաքանակով։ Գրքի շնորհանդեսին Ա. Գեղամյանի հրավերով ներկա էին նաեւ երիտասարդ կոմպոզիտոր Նորայր Հարությունյանը եւ նրա եղբայրը՝ նկարիչ Միքայելը։ Վերջինս իր ստեղծագործություններից մեկը նվիրեց երկրի ղեկավարին, իսկ Նորայրը ներկաների համար նվագեց իր գործերից մեկը։
Ա. Գեղամյանին շնորհավորելու էին եկել նաեւ պատգամավորներ, նախարարներ, պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ։
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ