Երախտագիտություն կես դար անց

 

13.03.2013, Հայաստանի Հանրապետություն

Կան մարդիկ, որոնց վախճանը մի ամբողջ դարաշրջանի կորստյան հետ է զուգորդվում, դարաշրջան՝ լեցուն երկրիդ ամենավառ իրադարձություններով։

Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում արտասովոր անձնավորություններ կան, որոնց կյանքի ուղին ասես մի ամբողջ սերնդի ինքնատիպ մարմնավորումը լինի։ Նրանց կորուստը ցավեցնում է սիրտդ ու ապրած տարիների, կորուստների ու ձեռքբերումների, մեր ավագ սերնդի ճակատագրի մասին լուրջ մտորումների տեղիք տալիս, սերունդ, որն անասելի զրկանքների ու հերոսական արարման գնով պահպանեց մեր հայրենիքը եւ բացեց անկախ Հայաստանը XXl դար տանող ճանապարհը։ Կյանքից հեռացավ Միքայել Մկրտչի Մինասյանը, արտասովոր մի անձնավորություն, որն իր կյանքը նվիրել է հայրենիքին ու իր ժողովրդին ծառայելուն։

Երեւան, XX դարի վաթսունական թվականներ, 26 կոմիսարների շրջան։ Այսօր՝ գրեթե 50 տարի անց, հիրավի զարմանում ես, թե որքան շատ բան կարող են անել արարման տենչ ունեցող մարդիկ, մարդը։ Տարեցտարի շրջանում բացվում էին նոր գիտահետազոտական ինստիտուտներ, տառացիորեն բոլորի աչքի առջեւ վեր էին խոյանում գործարանների մասնաշենքեր, կառուցվում էին նոր բնակելի զանգվածներ՝ իրենց ամբողջ ենթակառուցվածքով, բարեկարգվում էին բնակելի միկրոշրջաններն ու փողոցները։ Հիշում եմ, թե ինչպես սեպտեմբերյան օրերին ամբողջ շրջանն ասես շնչում էր ձյունաճերմակ գոգնոցներով դպրոցական համազգեստ հագած աշակերտուհիների, դասերից հետո նույն դպրոցական համազգեստի գրպանների խորքում պիոներական վզկապները թաքցնել շտապող տղաների ուրախ իրարանցմամբ ու աշխույժով։ Երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի աչքն էին շոյում պայծառ գույները, որոնցով ուսանողությունը լցնում էր շրջանի փողոցներն ու պուրակները, շրջան, որի այցեքարտն իրավամբ պատկանում էր Երեւանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի եւ Ն.Օստրովսկու անվան մանկավարժական ուսումնարանի ուսանողուհիներին։

Քանաքեռի ալյումինի գործարանի երիտասարդ բանվորները, ավարտելով աշխատանքային հերթափոխը, բնավ չէին շտապում տուն գնալ։ Ինչպե՞ս տրոլեյբուսով կամ տրամվայով չիջնեին մի երկու կանգառ ու չհիանային գեղեցկատես ուսանողուհիներով։ 26 կոմիսարների շրջանի երիտասարդ գիտնականները հաճախ հավաքվում էին Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ակումբում, այստեղ թեժ վեճեր էին ծավալում եւ ոչ միայն գիտական նորությունների, այլ նաեւ կյանքի, հայ ժողովրդի պատմական ճակատագրի մասին։ Ի՞նչ էր դա։ Տարբեր մասնագիտությունների ու շահերի տեր մարդկանց ինքնաբուխ համախմբո՞ւմ։ Որտե՞ղ փնտրել համախոհ կոլեկտիվների կայացման, միմյանց հանդեպ այդքան բարի վերաբերմունքի ակունքները։ Որտե՞ղ է այդ անսպառ ջերմության աղբյուրը, որով լի էր մեր մայրաքաղաքի այդ շրջանում ապրող տասնյակ հազարավոր մարդկանց առօրյան։ Այս հարցերն այսօր էլ առանձնակի հրատապ հնչեղություն ունեն, երբ արդեն զգում ես խորթության հոտը ոչ միայն նույն կոլեկտիվի անդամների, այլ նաեւ արյունակից—բարեկամների շրջանում։

Խորհելով այս մասին, հիշողությանս մեջ դասդասելով մեր քաղաքի, նրա ավագ սերնդի կյանքի վերջին ժամանակվա պատմությունը՝ ես, ըստ իս, գտա այսօր էլ կարեւորությունը չկորցրած հարցի պատասխանը, այն է. ի՞նչը մեզ չի հերիքում այսօր, որը դեռ մի բան էլ ավելիով կար 60—ականներին։ Պատասխանը մեկն է՝ մեզ չեն հերիքում սրտակցությունը, միմյանց հանդեպ վստահությունը։ Այո, հենց 26 կոմիսարների շրջանի ղեկավար Միքայել Մկրտչի Մինասյանի հանդեպ, նրա համախոհների, արդյունաբերական ձեռնարկությունների, գիտահետազոտական ինստիտուտների, շինարարական կազմակերպությունների ու բուհերի, դպրոցների, նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հանդեպ վստահությունն էր մեկ ընտանիքի պես համախմբել բոլորին։ Այսօր մի տեսակ ընդունված չէ խոսել պատմական չափանիշներով հեռավոր այն օրերի ստեղծարար առօրյայի մասին, բայց չէր խանգարի ըմբռնել դա։ Երեւան քաղաքի այն ժամանակվա յոթ շրջաններից մեկի՝ 26 կոմիսարների շրջանի օրինակով կարելի է պատկերացնել անձի դերն ու նշանակությունը շրջանային կազմակերպության ղեկավարի կոնկրետ օրինակով, ինչն այսօր հատկապես ռելիեֆային դրսեւորում ունի։ Միքայել Մկրտչի Մինասյանը ցանկալի հյուր էր շրջանի ցանկացած կոլեկտիվի համար. մարդիկ անվերապահորեն հավատում էին սուր մտքի տեր ու խորաթափանց այդ մարդուն, որը նկատում էր բարի գործերը եւ սարկազմով մերկացնում սուտն ու կեղծավորությունը՝ մնալով հանդերձ բարյացակամ ու սրտացավ այն ամենի հանդեպ, ինչ պատահում—տեղի էր ունենում շրջանում։ Այո, նրա սերնդի մարդիկ իրար մեջ նրան անվանում էին ոչ այլ կերպ, քան ձյաձյա Միշա՝ այդ բառերի մեջ ներդնելով իրենց հարգանքն ու սերը նրա հանդեպ։

Լսելով Միքայել Մկրտչի Մինասյանի մահվան մասին՝ մտքիս մեջ գլուխ բարձրացրին ուսանողական տարիների ու ոչ հեռավոր անցյալի ամենատարբեր հիշողություններ։ Բայց այդ անզուգական մարդուն բնորոշ մի ինչ—որ ընդհանուր, բնութագրական բան կար։ Նա չպարտադրվող, անճոռոմ բարություն ու հանդարտություն էր ճառագում։ Նրա մասին մտքերս ինձ տեղափոխեցին 1966թ. դեկտեմբերյան օրեր։ Գիշերվա ժամը 11—ին մոտ հայրս՝ Մամիկոն Արտաշեսի Գեղամյանը, զանգահարեց տուն եւ մայրիկիս տեղեկացրեց, որ 10 րոպեից գործընկերների հետ տուն է գալու... թեյ խմելու։ Մայրս՝ Սոնյա Գեղամյանը, իմանալով ամուսնու բնավորությունը, վեհերոտ հետաքրքրվեց, թե քանի հոգի են։ Հայրս, որը հումորի պակասից չէր տառապում, պատասխանեց. հյուրասենյակում բոլորը կտեղավորվեն։ Կուսակցության Երեւանի քաղկոմի բյուրոյի նիստից հետո, որտեղ քննարկվում էին ձմեռվա ջեռուցման սեզոնին Երեւանի պատրաստ լինելու հարցերը, այդ աշխատանքի համար պատասխանատուներից շատերի տրամադրությունը, մեղմ ասած, ընկել էր։ Ես՝ առաջին կուրսեցի ուսանողս, այսօրվա պես հիշում եմ մեր կեսգիշերային հյուրերին, այդ հիանալի մարդկանց, երեւանասեր իսկական երեւանցիներին՝ Լյուդվիգ Ղարիբջանյանին, Գրիգոր Հասրաթյանին, Կարեն Դեմիրճյանին, Մուսայել Քոչարյանին, Միքայել Մինասյանին, Սպարտակ Բաղդասարյանին, Ռուբեն Գալստյանին, Սնայպեր Դավթյանին, Մամիկոն Գեղամյանին... Այդ օրը, ինչպես պարզվեց «թեյախմության» ընթացքում, կուսակցության Երեւանի քաղկոմի բյուրոյում բոլորին «բաժին էր հասել», բացի 26 կոմիսարների շրջանի ղեկավարությունից։ Թվում էր, թե կուսշրջկոմի առաջին քարտուղար Միքայել Մինասյանը պետք է բարձր տրամադրություն ունենար, բայց չէ։ Նա ավելի, քան ներկաներից որեւէ մեկը, իրեն անմեղ մեղավոր էր զգում, որ իր ընկերներին ու գործընկերներին մի լավ հանդիմանել են։ 26 կոմիսարների շրջանն ամենից լավ էր պատրաստվել ձմեռային ջեռուցման սեզոնին։ Եվ այստեղ բանն ամենեւին էլ այն չէր, որ մյուս շրջանների ղեկավարներն այնքան էլ մեծ պատասխանատվությամբ չէին մոտեցել իրենց աշխատանքին։ Բնավ ոչ։ Պարզապես, այդ տարիներին ստեղծված գործելաոճի համաձայն՝ այդ աշխատանքի պատասխանատվությունը դրվում էր շրջանների բնակարանային—կոմունալ ծառայությունների վրա, իսկ 26 կոմիսարների շրջանում յուրաքանչյուր գործարան, յուրաքանչյուր շինարարական կազմակերպություն, անգամ գիտահետազոտական ինստիտուտները, որոնք գոնե ոչ մեծ արտադրական բազա ունեին, պատասխանատու էին դպրոցների, հիվանդանոցների, մանկապարտեզների եւ, իհարկե, բնակելի տների ջեռուցման համար։ Եվ դա դրական ազդեցություն էր ունենում. շրջանի բնակիչներն ու աշխատավորներն ապահովված էին ջերմությամբ։ Թվում էր, թե կուսշրջկոմի առաջին քարտուղար Միքայել Մինասյանն այդ գիշեր պետք է հպարտ լիներ ու լցված ինչ—որ տեղ մարդուն ոչ խորթ ինքնագոհությամբ։ Բայց նրա անկեղծ սրտացավությունն իր գործընկերների հանդեպ նրան տրտմեցրել էր, ինչն էլ անդրադառնում էր ընդհանուր իրադրության վրա։ Մայրս համառորեն հյուրերին հորդորում էր համտեսել հայկական ընտանիքներում ավանդական բոլոր պահածոները՝ պատրաստված Հայաստանի բնության առատ բարիքներից։ Սկզբում նրա հորդորները քաղաքավարի մերժվում էին այն պատճառաբանություններով, թե կուսքաղկոմի բյուրոյից հետո, երբ կուշտ ես քննադատությունից, ընթրիքն աչքիդ չի երեւա։ Լարվածությունը լիցքաթափեց Միքայել Մկրտիչեւիչը. «Լա՛վ, դուք չեք ուտում, բա ինձ ինչո՞ւ եք պատժում՝ ստիպելով, որ քաղցած մնամ»։ Հավաքվածների միահամուռ քրքիջը լիովին փոխեց իրադրությունը։ Մեր քաղաքի ղեկավարները, թվում էր, չափազանց սուր էին զգում անձնական պատասխանատվությունն իրենց վստահված գործի հանդեպ։ 1966—1967թթ. ջեռուցման սեզոնը Երեւանը գերազանց անցկացրեց։

Յուրաքանչյուր մարդու կյանքում բեկումնային պահեր են լինում, դրանք հատկապես դժվար են, երբ հիմքում անարդարություն կա, երբ ղեկավարի պաշտոնում կատարած անձնազոհ աշխատանքիդ օբյեկտիվ գնահատականի փոխարեն փորձ է արվում սեւացնել ամեն բան, միայն թե լա՛վ ներգրվես կուսակցական բարձրագույն ղեկավարության «նոր կուրսում»։ Երբ գնահատականը տրվում է կենտրոնից եկած կուսակցական «քրմերի», ոչ թե այն մարդկանց կողմից, որոնց հետ ազնվորեն ու անմնացորդ ծառայել ես, այլ ոչ թե մեջք ծռել, ընդ որում՝ ո՛չ մեկ տասնամյակ։ Հենց նման կուսակցական խառնակության մեջ հայտնվեց 1973թ. Միքայել Մկրտչի Մինասյանը։ Ավաղ, ունտերբրիշիբեեւների թիրախում հայտնվեց նրա պես սկզբունքային մարդը, որն իր իսկ գործընկերների լռելյայն համաձայնությամբ, որոնք դեռ բոլորովին վերջերս հիանում էին նրա հաջողություններով, ստիպված եղավ կտրուկ փոխել իր աշխատանքային կենսագրությունը։ Այն տարիներին իշխում էր «կուսակցական այն գիծը», երբ քողարկվելով բարի մտադրություններով, հանուն սեփական կայացման, կրկնում եմ, եկվոր կուսակցական ֆունկցիոներները քրտնաջան անում էին ամեն բան՝ ազատվելու անհարմար կուսակցական առաջնորդներից։ Մարդկանցից, որոնք իրենց թիկունքում ունեին բազմաթիվ փառահեղ գործեր տնտեսության բոլոր բնագավառներում, գիտության, մշակույթի, լուսավորության ոլորտներում։ Միքայել Մկրտչի Մինասյանի նման ղեկավարներին չէին սիրում նրանց ինքնուրույնության, սեփական արժանապատվության զգացման, ժողովրդի մեջ անձնազոհ աշխատանքով վաստակած սիրո ու վստահության համար։

1970—ական թթ. կեսերից Միքայել Մկրտիչեւիչն անցավ գիտամանկավարժական գործունեության Երեւանի պետական բժշկական ինստիտուտում։ Հաջողությամբ դոկտորական ատենախոսություն պաշտպանեց եւ ստացավ փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, դարձավ ավելի քան տասը գիտական մենագրությունների, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ։ Կգա ժամանակ, եւ նրա կենսագիրները կգրեն իր երկրի այս զարմանալի քաղաքացու մասին, մարդ, որն ուներ բարձր քաղաքացիականություն, իմաստուն հայր էր, որը դաստիարակել է տաղանդավոր, ազնիվ ու սրտակից զավակներ ու թոռներ։ Զավակներ, որոնք օրեցօր բարության սերմեր շաղ տալով խնամքի ու գթասրտության կարոտ հայկական հողում, մարդկանց կավետեն. Միքայել Մկրտչի Մինասյանին բացակա չդնեք։

Հ. Գ. Կարելի է տասնամյակներ կողք կողքի ապրել հարազատ ու մտերիմ մարդու հետ, բայց չդադարել զարմանալ նրա հոգու խորությամբ, մարդկային երախտագիտության բնածին զգացմամբ, որը գենետիկորեն բնորոշ է հայ ժողովրդին։ Մեր ընտանիքի կրած մեծ կորստյան օրը մեզ ցավակցելու էին եկել հայր եւ որդի Արա եւ Միքայել Մինասյանները։ Երբ ես մորաքրոջս՝ Խորհրդային Հայաստանի վաստակավոր ուսուցչուհի Անժելա Չամանյանին, ներկայացրի Միքայել Մինասյանին՝ ասելով, որ Միքայել Մկրտիչեւիչի թոռն է, Անժելայի աչքերը փայլատակեցին, արցունքների միջից դեմքին ժպիտ հայտնվեց, եւ հորդեցին երախտագիտության խոսքեր Միքայել Մկրտիչեւիչի հասցեին։ Դրանց սրտագին միացավ նաեւ մորաքրոջս ամուսինը՝ Գագիկ Սամվելյանը։ Պարզվում է՝ 26 կոմիսարների կուսշրջկոմի առաջին քարտուղար Միքայել Մկրտիչեւիչը կուսշրջկոմի բյուրոյի ժամանակ պաշտպանել էր միջնակարգ դպրոցի կուսկազմակերպության քարտուղար Անժելա Աբրամովնային առանձին, չկայացած ուսուցիչներից, որոնք փորձել են վտարել նրան դպրոցից։ Հետագայում նա օգնել էր Սամվելյան—Չամանյան երիտասարդ ընտանիքին իրենց մասնագիտության մեջ իբրեւ պրոֆեսիոնալներ կայանալու գործում։ Երախտագիտության խոսքերն ասվեցին Միքայել Մկրտիչեւիչի թոռանը... կես դար անց։

Արտաշես ԳԵՂԱՄՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

 

Ազգային ժողովի պատգամավոր

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր