Ամենաժողովրդավարականը 21 տարվա ընթացքում

Համեմատականներ ՀՀ նախորդ համապետական ընտրությունների միջեւ

23.02.2013, Հայաստանի Հանրապետություն

Փետրվարի 21-22-ը Վիենայում կայացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ ձմեռային նստաշրջանը։ ԵԱՀԿ անդամ տարբեր երկրներից նստաշրջանին ներկա են եղել ավելի քան 240 խորհրդարանականներ, այդ թվում՝ հայկական պատվիրակության անդամներ։ Նստաշրջանի առաջին օրվա քննարկման օրակարգում եղել են ԶԼՄ-ների ազատության, սահմանային համագործակցության եւ անվտանգության խնդիրները։

Նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը, ով, ըստ «Panarama.am»-ի, անդրադարձել է Հայաստանում ԶԼՄ-ների ազատությանը, մասնավորապես՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների համատեքստում։

«Հայաստանում փետրվարի 18-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնք ճանաչվել են ամենաժողովրդավարական ընտրությունները անկախ Հայաստանի 21 տարվա պատմության ընթացքում։ Չնայած նաեւ առկա բացասական գնահատականներին, բոլորը համամիտ են, որ նախագահական ընտրարշավի ժամանակ դրականորեն առանձնացել են ԶԼՄ-ները, ավելին՝ մշտադիտարկումը վեր հանեց շատ հետաքրքիր պատկեր, երբ նախագահի ընդդիմադիր թեկնածուները ունեցել են ավելի շատ եթերային ժամանակ, քան Հայաստանի գործող նախագահը»,–նշել է Ա. Գեղամյանը։

Համեմատականներ անցկացնելով ՀՀ նախորդ տարիների համապետական ընտրությունների միջեւ՝ Ա. Գեղամյանը ընդգծել է, որ դրանք անհամեմատելի են։

 

«Իմ կողքին նստած է հայկական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ստեփան Դեմիրճյանը, ով 2003թ. ինձ հետ միասին եղել է նախագահական մրցապայքարի մասնակից։ Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով Ստեփան Դեմիրճյանը ստացել է 30% քվեներ, իսկ ձեր խոնարհ ծառան՝ 17.5% ձայներ։ Մենք համեմատեցինք 2003 թվականը 2013-ի հետ։ 2003–ին՝ նախագահի ընդդիմադիր թեկնածուների լիակատար մեկուսացում ԶԼՄ-ներից օգտվելուց, նախագահի ընդդիմադիր թեկնածուների վարկաբեկում պետության կողմից վերահսկվող ԶԼՄ-ների կողմից։ 2012–2013թթ. լրիվ հակառակ պատկերն է՝ ԶԼՄ-ներից օգտվելու բացարձակ ազատություն»,–ընդգծել է նա։

Պատգամավորը իր մտահոգությունն է արտահայտել «Freedom House» կազմակերպության զեկուցողի ներկայացրած տվյալների վերաբերյալ, որոնց համաձայն՝ մամուլի ազատության առումով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում 149-րդ տեղը։

«Ծանոթացանք «Freedom House»-ի տվյալներին, որով Հայաստանը 149-րդ տեղում է, եւ տպավորություն ունեցանք, որ օգտվել են կամ հին տվյալներով, կամ ընդհանրապես չեն իրականացվել լուրջ հետազոտություններ, կամ էլ քաղաքական կանխակալություն է ցուցաբերվում»,–հայտարարել է Ա. Գեղամյանը։

Նստաշրջանում մամուլի ազատության վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր քննադատել են սեփական երկրներում ԶԼՄ-ների ազատության վիճակը։ Այս համատեսքտում Ա. Գեղամյանը ակնարկել է. «Չգիտես ինչու՝ տարօրինակ հանգամանքների բերումով, ԶԼՄ-ների ազատության բացասական օրինակների վերաբերյալ այսօր ելույթ ունեցան Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչները, այսինքն՝ այն պետությունների կողմից, որոնք բացառապես կամավոր հիմքերով որոշել են ստեղծել մաքսային միություն, ավելին՝ որը արդյունքում կարող է վերածվել Եվրասիական միության։ Արդյո՞ք քաղաքականապես կանխակալ չէ այսօրվա քննարկումը եւ այն չի՞ հանդիսանում յուրահատուկ քաղաքական մահակ»։

 

Հարցերը լռությամբ շրջանցելն արդարացի չէ

Ա. Գեղամյանը ԵԱՀԿ ԽՎ-ում անդրադարձել է նաեւ հայ-թուրքական եւ ղարաբաղյան հիմնախնդիրներին։ «Անվտանգ հասարակության կառուցումը մերօրյա ամենահրատապ խնդիրն է, որում համոզվում ենք՝ հիշելով այն ամենը, ինչ կատարվում է Մեծ Մերձավոր Արեւելքում։ Անվտանգ հասարակության կառուցումը ենթադրում է ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական անվտանգության ապահովում։ Ցավոք, արդեն 20 տարի Հայաստանը շրջափակման է ենթարկվում, որով խարխլվում են Հայաստանի տնտեսական անվտանգության հիմքերը»,– այս մասին հայտարարել է Արտաշես Գեղամյանը։

Նա անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների ուշադրությունը հրավիրել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման փաստի վրա եւ այդ համատեքստում Հայաստանի ու Թուրքիայի մեջեւ ստորագրված ցյուրիխյան արձանագրություններին։ «Հայաստանը շրջափակման է ենթարկված Թուրքիայի կողմից։ Այդ իրավիճակից դուրս գալու համար ի՞նչ է ձեռնարկել հայկական ղեկավարությունը։ 2009թ. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աննախադեպ քայլի դիմեց, նա հավանություն տվեց Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը, որով ծայրահող դժգոհություն առաջացրեց բազում հայրենակիցների մոտ, ովքեր ճակատագրի բերումով ցրված են ողջ աշխարհում, որն էլ հանդիսանում է Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության հետեւանք։ Ցավոք, այդ արձանագրությունները հետագայում հանվեցին Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի օրակարգից։ Ավելին՝ արձանագրությունների ստորագրումից ուղիղ քսան օր անց «Արդարություն եւ զարգացում» կուսակցության քաղխորհդրի նիստում Թուրքիայի վարչապետը ու այդ կուսակցության առաջնորդն ասաց, որ մենք երբեք արձանագրությունների ստորագրումը չենք կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ Ուզում ենք հավատալ, որ այդ քննարկումները կլինեն յուրահատուկ խթան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գորընթացի համար»,–ասել է Ա. Գեղամյանը։

Միաժամանակ պատգամավորը անդրադարձել է Թուրքիայում հայուհիների սպանության դեպքերին եւ նշել, որ այդ իրողությունները չեն կարող նպաստել հայ-թուրքական հաշտեցման գործընթացին։ Ա. Գեղամյանի այդ հայտարարությանն ի պատասխան՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչն իր ելույթում նշել է, որ նման մասնավոր դեպքերից շոու պետք չէ սարքել, այլ հարկ է կենտրոնանալ անվտանգության լայն խնդիրների վրա։ Թուրքիայի ներկայացուցչի այդ հայտարությանը Ա. Գեղամյանը հակադարձել է. «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ճանապարհին, ցավոք, լինում են քննարկումներ, որոնք տորպեդահարում են այդ գործընթացը, մասնավորապես, երբ տարեց հայուհիների սպանությունները հավասարեցնում են սովորական շոուի։ Դա, իհարկե, չի կարող լավ ծառայություն մատուցել մեր հարաբերությունների կարգավորման գործին։ Չէի ցանկանա մեր հարգարժան գործընկերների ուշադրությունը սրել այդ հարցերի վրա, սակայն կցանկանայի մեջ բերել Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի պատգամավոր, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ եւ Աբդուլա Օջալանի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ բանակցությունների հիմնական միջնորդ Ահմեդ Թյուրքի խոսքերը։ Նա ելույթ է ունեցել եւ ասել, որ թուրքերը նույնպես մեղսակից են Հայոց ցեղասպանության հարցում, ինչպես թուրքերի նախնիներ օսմանները, եւ նրանք միասին պետք է ներողություն խնդրեն հայ ժողովրդից, ասորիներից։ Ես կցանկանայի անպայման կանխել գայթակղությունը՝ առանձին մարդկանց տանջանքերը, ցավն ու սպանությունները հավասարեցնել շոուի։ Դա մեր չամոքված ցավն է»։

Հուլիսին Ստամբուլում տեղի ունենալիք ԵԱՀԿ ԽՎ հաջորդ՝ ամռային նստաշրջանում քննարկվելիք հարցերի վերաբերյալ զեկույցից հետո Ադրբեջանի պատվիրակը հանդես է եկել առաջարկությամբ՝ անվտանգության հարցերի մեջ ներառել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցը, ինչի վերաբերյալ Ա. Գեղամյանը հայտարարել է, որ հրատապ հարցերի փոխարեն Ստեփանակերտի օդանավակայանի հարցի բարձրացումը անտեղի է։

«Բոլորին հայտնի է, թե որքան բարդ հարաբերություններ ունեն Հայաստանն ու Թուրքիան։ Ցավոք, զեկույցում բացարձակապես չեն շոշափվում այն հարցերը, որոնք բացառապես հրատապ են Հայաստանի ու ողջ հայության համար։ Չգիտես ինչու՝ դրա փոխարեն բարձրացվում ու առաջին պլան է մղվում Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության հարցը։ Ի միջի այլոց սա ամբողջությամբ գտնվում է IKAO-ի իրավասությունների ներքո, որը ԵԱՀԿ-ի հետ ոչ մի դեպքում որեւէ ընդհանրություն չունի, ինչի առթիվ տրվել են այդ ոլորտում իրավասու կազմակերպությունների պարզաբանումները։ Հարգելի զեկուցող, ինձ զարմացնում է, որ դուք ձեր մտադրություններում շրջանցել եք բացառիկ կարեւորության հարցեր. նոյեմբերից մինչեւ դեկտեմբերի վերջը եւ հունվարին Թուրքիայում կատարվել են տարեց հայուհիների սպանություններ։ Մասնավորապես, մեկի աչքերն էին հանել, մյուսին սպանել էին՝ մարմնին խաչ պատկերելով։ Այնտեղ շատ բացառիկ բարդ իրավիճակ է հասունանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ կայացան, եւ ես ցանկանում եմ նշել, որ այդ ակցիաներին մասնակցեցին Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավորներ։ Լռությամբ շրջանցել այդ հարցերը արդարացի չի լինի։ Եթե խնդիր է դրված լռեցնել բոլոր խնդիրները եւ Խորհրդարանական վեհաժողովը վերածել ֆիկցիայի, ապա ես կլռեմ»,– հայտարարել է Արտաշես Գեղամյանը։

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր