Արտաշես Գեղամյանը՝ տարվա լավագույն քաղաքական գործիչ

01.02.2013, Հայաստանի Հանրապետություն

«Իրավունք» թերթը նախորդ տարվա լավագույն քաղաքական գործիչ է ճանաչել «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին։ Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը, ավանդաբար տրվող այս կոչմանն այս անգամ արժանացել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը՝ ակտիվ պետական դիրքորոշման, միջազգային ասպարեզում հայանպաստ քաղաքական գործունեություն ծավալելու համար։

Թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանն ասաց, որ իրենց այս որոշումը միաձայն եւ միանշանակ էր, քանի որ «իրենց կարծիքով՝ քաղաքական գործիչը պետք է լինի Արտաշես Գեղամյանի նման։ Կա տենդենց, որ քաղաքական գործիչները սկսում են քիչ ներկայանալ եւ ներկայացնել ծրագրեր, հանդես գալ հրապարակային ելույթներով, իսկ Գեղամյանը 2012—ին բազմիցս հանդես է եկել Ազգային ժողովում, ինչպես նաեւ հրապարակախոսական ու ծրագրային հոդվածներով»,–ասաց Բաբուխանյանը՝ ընդգծելով, որ Գեղամյանը նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում է նշանակալի գործունեություն ծավալել։
«Լավագույն քաղաքական գործչի» կոչմանն արժանացած Արտաշես Գեղամյանը շնորհակալություն հայտնեց թերթի խմբագրակազմին եւ ընդգծեց, որ այս պատվոգիրը շատ պարտավորեցնող է։ «Ես վաղուց դուրս եմ եկել այն տարիքից, երբ հրապուրվում են պատվոգրերով, գովասանագրերով ու մեդալներով, բայց երբ «Իրավունք» թերթի նման հեղինակություն ունեցող լրատվամիջոցն է իմ համեստ գործունեությունը նման գնահատականի արժանացնում, դա շատ պարտավորեցնող է»,–ասաց Գեղամյանը։
Ի նշան երախտագիտության՝ Արտաշես Գեղամյանն «Ազդակ» ակումբին հանձնեց 2012 թվականի իր բոլոր հրապարակային ելույթների, հոդվածների ու հարցազրույցների ժողովածուն։

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր