Կայուն զարգացման հեռանկարով

21.12.2012, Հայաստանի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կառավարության ընդունելությունների տանը ներկա էր հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսին։ Ժողովածուն ներառում է վերջին մեկ տարում Արտաշես Գեղամյանի հեղինակած հոդվածները, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցներն ու ելույթները։

Շնորհանդեսի ժամանակ «Ազգային միաբանություն» կուսակցությունը պաշտոնապես հայտարարեց, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններում պաշտպանելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

 

«Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական լարված տարածաշրջանում։ Անհանգիստ վիճակ է մեզ շատ մոտ գտնվող հարեւան երկրներում։ Եվ այդ պայմաններում երկրում կայունություն պահպանել կարող է մեծ վարպետություն եւ խոհեմություն ունեցող պետական առաջնորդը, ինչպիսին է Սերժ Սարգսյանը։ Հարգելի Սերժ Ազատի, «Ազգային միաբանությունը» Ձեզ հետ է, Ձեր կողքին։ Մենք վստահ ենք, որ ունենալու ենք հզոր, բարեկեցիկ եւ ապահով Հայաստան։ «Սա Հայաստանն է եւ վերջ»,–հայտարարեց «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը։

Նույն կուսակցության մյուս փոխնախագահ Արա Սիմոնյանն էլ հավելեց, որ ՀՀ նախագահն անցած հինգ տարիներին Հայաստանի համար կայուն զարգացում կարողացավ ապահովել։ Նրա խոսքերով՝ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական վիճակը եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ծանր անդրադարձներ կարող էին ունենալ, բայց հանրապետության ներկայիս նախագահի ղեկավարման շնորհիվ Հայաստանը հաղթահարեց դրանք. «Եվ դա հիմք է հանդիսանում ՀՀ հետագա զարգացման համար։

Շատ կարեւոր է, որ Դուք կարեւորում եք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ինտելեկտուալ աշխատանքային եւ ստեղծագործ կարողությունների բացահայտումը։ Մենք եւս կարեւում ենք դա։ Եվ նաեւ դրա համար ենք պաշտպանում Ձեր թեկնածությունը։ «Առաջ դեպի ապահով Հայաստան»։

 

17 տարվա 9-րդ գիրքը

Լրագրողների հետ զրույցում Արտաշես Գեղամյանը նշեց 17 տարվա ընթացքում լույս տեսած 9-րդ գրքում իր առաջ քաշած գաղափարի երեք հիմնավորում։ Այսպես, անտեսել անմիջական հարեւանությամբ գտնվող այնպիսի մեծ շուկաներ, ինչպիսին են Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի շուկաները, ըստ Ա. Գեղամյանի, կլինի քաղաքական «կարճատեսություն»։ Երկրորդ՝ Հայաստանի անվտանգությունը երաշխավորվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցելով եւ պայմանավորված է դրանով։ Երբ ռազմաքաղաքական դաշինքը զարգացում է ապրում նաեւ տնտեսական հարցերում, դա արդեն խոստանում է անխափան վերընթաց զարգացում։ Եվ երրորդ՝ Հայաստանը կարծես գտնվում է Եվրոպայի եւ Եվրասիայի «սրտում»։

«Այդ պարագայում, մենք կարող ենք ստանձնել մի վիթխարի հայրենանվեր առաքելություն. կամրջել Եվրոպան եւ Եվրասիան։ Շնորհիվ շատ խորաթափանց արտաքին քաղաքականության՝ տարածաշրջանում եզակի երկիր ենք. հավասարապես բարիդրացիական դաշնակցային հարաբերություններ ունենք թե՛ հյուսիսային հարեւանի, թե՛ Եվրամիության հետ, թե՛ ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի հետ։ Այս պարագայում, ինչ խոսք, կամրջելը շատ ավելի դյուրին է մեզ համար՝ հաշվի առնելով նաեւ մեր քաղաքակրթական խոր եւ հարուստ անցյալը»,–նշեց քաղաքական գործիչը։

Գեղամյանի խոսքերով, որոշ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը բովանդակային առումով չի կարող ազդել եվրասիական ինտեգրմանը։ Այդ հարցում նա հատուկ մոտեցումների անհրաժեշտություն է տեսնում։

«Եվրասիական միությունը անկախ ինքնիշխան երկրների միություն է լինելու։ Ճիշտ այնպես, ինչպիսին է Եվրամիությունը։ Բնական է, որ նման կառույցներում երկրներն իրենց ինքնավարության որոշ մասը լիազորում են կենտրոնական կառավարություններին։ Եվրոպայում դա եվրոպական հանձնաժողովն է, իսկ Եվրասիականում այն դեռ ձեւավորման փուլում է»,–նշեց նա՝ հույս հայտնելով, որ Հայաստանը կկարողանա առավելագույնը ստանալ՝ անդամակցելով Եվրասիական միությանը եւ կշարունակի առավել ջերմ հարաբերությունները Եվրամիության հետ։ «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» աշխատությունը լույս է տեսել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ։ Այդ իսկ պատճառով գրքի տպաքանակի մի մասը կտրամադրվի ՌԴ-ի հայաբնակ վայրերի հանրային գրադարաններին։

ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ներկաներին եւս մեկ անգամ հիշեցրեց, որ թեեւ Գեղամյանի նախավերջին գիրքը լույս է տեսել գրեթե վերջերս, բայց նորն արդեն ընթերցողի սեղանին է. «Այսօր հեղինակը ներկայացնում է իր հերթական հետաքրիր աշխատությունը։ Դրանում վերլուծական խոր մտքեր են արտահայտված ներկա իրավիճակի եւ զարգացման հեռանկարների մասին»։

Իսկ «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովն Ա. Գեղամյանին պարգեւատրեց կազմակերպության հուշամեդալով։

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր